«Դիմադրություն» շարժման բողոքի երթը ընդդեմ քաղաքական բռնաճնշումների
11 Հունիս 2022
Այսօր, հունիսի 11-ին Ֆրանսիայի հրապարակից ընդդեմ քաղաքական բռնաճնշումների բողոքի երթ մեկնարկեց: Այն նախաձեռնել էին երիտասարդները՝ ի աջակցություն պայքարի ընթացքում ձերբակալվածների և կալանավորվածների։
Իշխանությունը բռնաճնշումներով չի կարողանալու կասեցնել պայքարը, այն անպայման հասնելու է իր նպատակին: Այս իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանա. ասում էին երթի մասնակիցները:
Երեւանի կենտրոնական փողոցներով երթը շարժվեց դեպի Գլխավոր դատախազություն:
Մասնակիցների ձեռքին կային՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», «Բանտը դավաճանների տեղն է» եւ այլ գրություններով պաստառներ։
Նրանք վանկարկում էին «Միություն, Պայքար, Հաղթանակ», «Առանց Նիկոլ Հայաստան». հնչում էին հայրենասիրական երգեր:
Հայաստանում շուրջ 5 տասնյակ քաղաքական բանտարկյալներ կան. Դատախազության շենքի դիմաց հայտարարեց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը:
«Հայաստանում հարյուրավոր քաղաքական հալածյալներ կան, որոնց վրա բազմաթիվ քրեական գործերով այս իշխանությունը փարձում է լռեցնել, թույլ չտալ, որ քաղաքական տարակարծություն լինի Հայաստանում։ Մենք ասում ենք՝ այս իշխանությունը, որ եկել էր ժողովրդավարության, արդարադատության, հավասարության լոզունգներով՝ շեղվել է իր բոլոր սկզբունքներից և լոզունգներից»,-ասաց նա։
Ակցիայի մասնակիցները ձեռքներին ձեռնաշղթաներ էին հագցրել` ի նշան բողոքի ընդդեմ քաղաքական բռնաճնշումների:
Վերջիններս դրանք թողեցին Դատախազության շենքի մոտ՝ հայտարարելով. «Մենք չենք վախենում ձեռնաշղթաներից, սրանք թողնում ենք, որ տանեք երկրի դեմ դուրս եկած իրական թշնամիներին, իրական հանցագործներին»:
Բողոքի գործողության ավարտին երթը վերադարձավ Ֆրանսիայի հրապարակ:
https://youtu.be/F0mH3DfltK4