«Տնտեսական աճը», սնանկացման եզրին կանգնած գործարարներն ու սովյալ ժողովուրդը․ ի՞նչ անել սոցիալական ու տնտեսական փլուզումը կանխելու համար
29 Հունիս 2022
Որքան էլ Փաշինյանն ու նրա թիմն անտեսեն երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերները և փոխարենն «աննախադեպ» հաջողություններ երկնեն, փաստը մնում է փաստ՝ Հայաստանի տնտեսությունը ծանր օրեր է ապրում։
2020-2021 թթ․ Հայաստանի տնտեսության կատարողականն անհամեմատ ավելի վատն էր, քան համաշխարհային և համադրելի երկրների տնտեսությունների կատարողականները (տե՛ս Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակվող՝ համաշխարհային տնտեսության կանխատեսումները (World Economic Outlook))։ Կարելի էր ենթադրել, որ «փոքր բազայի» շնորհիվ ՀՀ տնտեսության աճը 2022 թ․ ավելի մեծ կլիներ, քան միջին համաշխարհայինը, սակայն այդպես չէ։ Ավելին՝ մեր տնտեսության աճը հիմնականում ապահովում են ծառայություններն ու առևտուրը ինչպես նաև շինարարությունը։ Ցավով պետք է արձանագրենք, որ ծառայությունների մեջ էական կշիռ ունեն առցանց շահումով խաղերն ու այդ խաղերի ծրագրային ապահովումը։ Այնպես որ՝ ծառայությունների աճն «անիծված օրհնանք է», քանի որ ցույց է տալիս, որ խաղամոլությունը Հայաստանում գնալով աճում է։
Առևտուրն ու շինարարությունը տնտեսության արտահանելի ճյուղեր չեն։ Առևտրի աճը պայմանավորված է գների աճով և հարկային վարչարարության բարելավումով։ Վարչարարության բարելավումն, իհարկե, լավ բան է, բայց եկեք համաձայնենք, որ աճ չէ։ Շինարարության աճի զգալի մասը կարճաժամկետ է և պայմանավորված է եկամտահարկի վերադարձի գալիք չեղարկմամբ։ Արդյունաբերության աճը չնչին է, իսկ գյուղատնտեսությունը շարունակում է նվազել։
Ամփոփելով՝ պետք է փաստենք, որ Հայաստանի տնտեսությունն աճում է դանդաղ, իսկ «տնտեսական աճի որակը» ցույց է տալիս, թե ինչ խորքային պրոբլեմների առջև է կանգնած մեր տնտեսությունը։
Այս ամենին պետք է ավելացնենք վերջին 25 տարիների երևի ամենամեծ գնաճը, որը խժռում է քաղաքացիների աղքատիկ խնայողությունները, մեծացնում աղքատության մակարդակը՝ նվազեցնելով կյանքի որակը։ Ծանր, «թանկ ու կրակ» կյանքից բողոքում են համարյա բոլորը։ Վարվող տնտեսական քաղաքականությունից արդեն ավելի բարձր ու բացահայտ են բողոքում ոչ միայն իշխանությունից կաշկանդվածություն չունեցող «այթիշնիկները», այլև իշխանությունների վերաբերյալ ավանդաբար առավելապես դրական կամ շատ զգույշ արտահայտվող արդյունաբերողներն ու արտահանողները։
Նույնիսկ իշխանության ներսում արդեն նկատվում են մեղավորներ փնտրելու նշաններ։ Վերջերս էկոնոմիկայի նախարարը մտահոգություն հայտնեց, որ թանկացող դրամը խոչընդոտում է տնտեսական աճին ու արտահանումներին՝ փաստորեն, քննադատելով Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը։ Կենտրոնական բանկն, իր հերթին, զգուշացրեց դրամի արհեստական արժեզրկման վտանգների մասին և կոչ արեց բիզնեսներին՝ լինել ավելի կրեատիվ ու օրիգինալ։ Ակնհայտ է, որ կա շահերի բախում։ Կենտրոնական բանկը, որի հիմնական առաքելությունը գների կայունությունն է, գիտակցում է, որ թանկացող դրամը, կարճաժամկետ կտրվածքով, զսպող ազդեցություն է գործում գնաճի վրա, թեկուզև կործանարար է տնտեսության համար։ Կենտրոնական բանկի այս մոտեցումը լիովին համընկնում է Փաշինյանի տնտեսական քաղաքականության հետ՝ «հիմա պարտք անենք, հետոյի հերն էլ անիծած»։
Երբ կառավարության ուշադրությունը փորձում ես հրավիրել Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, հնչում է մեկ պատասխան՝ մեղավոր է համաշխարհային տնտեսությունը։ Համաշխարհային տնտեսությունն, իրոք, վերելքի չի ապրում։ Հունիսի սկզբին Համաշխարհային բանկը նվազեցրեց աշխարհում տնտեսական աճի կանխատեսումը՝ զգուշացնելով, որ ամենացավալի հարվածը կստանան անցումային փուլում գտնվող տնտեսությունները։ Տնտեսագետները զգուշացնում են ստագֆլյացիա վտանգի մասին, երբ, ցածր տնտեսական աճի ֆոնին, աճում են ապրանքների ու ծառայությունների գները։ Գլոբալ տնտեսական անկման ախտը համակել է ազգային տնտեսությունները։ Երկրները փորձում են լուծումներ գտնել։ Այս տարի մայիսին Ռուսաստանի Դաշնությունը 10 տոկոսով բարձրացրեց կենսաթոշակները, աշխատանքի վարձատրության նվազագույն չափը և սոցիալական վճարները։ Մեծ Բրիտանիան 8,4 միլիոն կարիքավոր ընտանիքների 2022 թվականի հուլիսին կվճարի 650 ֆունտ ստերլինգ՝ դիմագրավելու համար բարձր գնաճի հետևանքները, և 400 ֆունտ ստերլինգի չափով կփոխհատուցի բոլոր բրիտանացիների էլեկտրաէներգիայի վարձը։ Այլ երկրներ նույնպես ձեռքերը ծալած նստած չեն։ Գերմանիայում հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին կարելի կլինի ամսական 9 եվրոյով անսահմանափակ երթևեկել գնացքով։
Ի՞նչ է արվում Հայաստանում։ Ոչինչ։ Մեր իշխանությունները մեղքը գցում են համաշխարհային տնտեսական ճգնաժաի վրա և ձեռքերը լվանում որևէ պատասխանատվությունից։ Խորապես համոզված եմ, որ նրանք նույնիսկ ուրախ են, որ, նախկիններից, Քովիդից, ռուս-ուկրաինական պատերազմից, գլոբալ տաքացումից և բազմաթիվ այլ պատճառներից բացի, հայտնվեց ևս մի հնարավոր պատճառ, որի վրա կարելի է «դուրս գրել» բոլոր ձախողումները։ Հայաստանում ոչինչ չեն անում, միայն արդարանում են։ Ավելին՝ բավական չէ՝ ոչինչ չեն անում մարդկանց ու բիզնեսի հոգսերը թեթևացնելու համար, դեռ մի բան էլ պատասխանատվությունը դնում են քաղաքացու վրա։ Հիշո՞ւմ եք Նիկոլի տնտեսական հեղափոխության գաղտնիքը։ Սոված մարդկանց հայտարարեց, թե աղքատությունը գլխներում է։ Վերջերս էլ Կենտրոնական բանկի նախագահը դոլարի էժանացումից տուժող բիզնեսներին կոչ արեց ավելի օրիգինալ ու կրեատիվ լինել։ Իրենք առանց այդ էլ քաջ են, օրիգինալ ու կրեատիվ, որ այս պայմաններում կարողանում են գոյատևել։ Նրանց խորհուրդ տալու փոխարեն ճիշտ կլինի մի բանով աջակցեք։ Իսկ աջակցել հնարավոր է և պետք է։ Ուրեմն ի՞նչ անել։
1․ Գնաճը, տնտեսական հնարավորությունների (հետևաբար՝ աշխատանքի հնարավորությունների) սահմանափակումն ամենացավոտը հարվածում են սոցիալապես խոցելի խավերին։ Թեև էկոնոմիկայի նախարարը 8,5 տոկոսանոց գնաճը համարեց «ֆանտաստիկ արդյունք», ակնհայտ է, որ հայաստանցիների բացարձակ մեծամասնությունն իրենց քսակի վրա շատ ավելի ծանրություն են զգում։ 8,5 տոկոս գնաճը հաշվարկվել է՝ հետևելով 425 անուն ապրանք ու ծառայություն ներառող «զամբյուղի» գների շարժին։ Մինչդեռ իրական կյանքում մեր հայրենակիցների զգալի մասն իրենց «աղքատավարձը» ծախսում է պարենամթերքի, կոմունալ ծախսերի ու առաջին անհրաժեշտության ապրանքների վրա։ Պարենը, մանավանդ՝ ամենօրյա սննդամթերքը՝ հաց, ձեթ, նպարեղեն, կաթնամթերք, շաքարավազ, թանկացել է անհամեմատ ավելի, շատ քան 8,5 տոկոսը։ Ուստի անհրաժեշտ է օրենսդրորեն ինդեքսավորել (բարձրացնել) նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները, սոցիալական նպաստները, երբ պարենային զամբյուղի կամ նվազագույն սպառողական զամբյուղի գնաճը հատում է որոշակի շեմը, օրինակ՝ 10 տոկոսը։
2․ Դոլարը 1 տոկոսով թանկանում էր, ապրանքները շատ ավելի էին թանկանում։ Տարվա սկզբի համեմատ՝ դոլարը 15 տոկոսից ավելի էժանացավ, բայց ապրանքների գները շարունակում են աճել։ Հետևաբար, խնդրի մի զգալի մասը ոչ թե արտաքին շուկաներն են, այլ ներքին շուկայի անկատարությունը։ Ներմուծող ընկերությունների գնային մրցակցային և գնային քաղաքականությունը պետք է վերահսկվի պետության կողմից։ Չի արվում։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններին և իրար հետ հակամրցակցային համաձայնության մեջ մտնելու կասկած հարուցող ընկերություններին վերահսկելու համար։
3․ Թանկ դրամը կարող է կործանել տեղական արտադրողին ու արտահանողին։ Խոսքը հավասարապես վերաբերում է թե՛ ապրանք (օրինակ՝ գինի, պահածո, սարքավորումներ, տեքստի), թե՛ ծառայություն (օրինակ՝ համակարգչային ծրագրեր, բջջային հավելվածներ) արտահանողներին։ Շատերն իրենց արտահանվող ապրանքի գինը պայմանագրերով ֆիքսել էին դեռ անցյալ տարի, երբ դոլարը 500 դրամի կարգի էր։ Դոլարի՝ 20 տոկոսով էժանացումը, ընկերություններին զրկում է ակնկալված շահույթից, իսկ կարող է նաև ուղղակի ֆինանսական կորուստների հանգեցնել, եթե վաճառքի գինը՝ դրամային արտահայտությամբ, ավելի ցածր լինի, քան ինքնարժեքը։ Նրանց փոխարեն ներմուծողները կշահեն։ Ի դեպ, ներմուծողները կշահեն նաև հայ-թուրքական սահմանի բացումից։ Եթե զարմանում եք, թե ինչու են իշխանություններն արտահանումը խթանելու փոխարեն աջակցում ներմուծողներին, նայեք, թե իշխանության սրտի օլիգարխներն ինչ բիզնեսների մեջ են։ Փոխարժեքի տատանումներից վնասի մի մասը պետությունը պետք է իր վրա վերցնի, այլապես կկորցնենք մեր արդյունաբերությունը, կքայքայենք մեր տնտեսական պոտենցիալը։ Ավելի լավ է արտահանողներին թիրախային օգնություն տան, քան կասկածելի տնտեսական ազդեցություն ունեցող շինարարական ծրագրեր ֆինանսավորեն։
4․ Լարսի հետ կապված խնդիրները չեն լուծվում։ Լարսով անցումը թանկանալու է 75 տոկոսով։ Շատ արտահանողների համար սա նույնպես կարող է կործանարար լինել։ Քանի արմատական լուծում չի գտնվել, լրացուցիչ ծախսի մի մասը պետությունը պետք է վերցնի իր վրա։ Փող որտեղի՞ց։ Թող իշխանություններն իրենց ու ոստիկաններին քիչ պարգևավճար տան։ Նմանապես պետք է քայլեր ձեռնարկեն Լարսին այլընտրանք գտնելու համար։ Արդեն մի քանի տարի խոսվում է լաստանավի մասին, բայց որևէ բան դեռ չի արվել։
5․ Պետք է մշակվի ու ներդրվի արտահանման խրախուսման և ներմուծման փոխարինման ծրագիր։ Շուկայի անտեսանելի ձեռքը խեղված է, պետական միջամտություն է անհրաժեշտ։ Պետք է հստակ պրոտեկցիոնիստական քաղաքականություն վարվի։ Մասնավորապես՝ պետական պետական գնումներում առավելությունը պետք է տրվի հայաստանյան և արցախյան ընկերություններին։
6․ Փաշինյանին ու նրա նախարարներին 4 տարի է՝ փորձում ենք հասկացնել, որ գյուղատնտեսությունը բիզնես չէ, որ գյուղատնտեսությունն ամուր գյուղ ու ամուր սահման է, որ գյուղատնտեսությունը պարենային անվտանգություն է։ Հիշում եմ, թե ինչպես էին կառավարությունում իմ նախկին «գործընկերները» հաշվարկում հացահատիկի «եկամտաբերությունը» ու հայտարարում, որ այդքան բարձր եկամտաբերություն ապահովող գյուղացիներին պետք չէ սուբսիդավորել։ Արցախի հացահատիկի արտերը թուրքին հանձնելուց հետո Քովիդով ու «սլավոնական պատերազմով» պայմանավորված պարենային տագնապի ռիսկերը նոր են հասկանում։ Նոր են հասկանում կամ գոնե ձև են տալիս, թե հասկանում են։ Գյուղատնտեսության զարգացման համար պետությունը միջոց չպետք է խնայի։ Պետք է մշակվեն թիրախային աջակցության ծրագրեր, որոնցից կշահեն գյուղմթերք արտադրողն ու սպառողը, այլ ոչ թե ֆինանսական ինստիտուտը։
Սա այն մինիմալն է, որ պետք է արվի։ Պետք է գործ անել, այլ ոչ թե «նախկիններին», Քովիդը, ռուս-ուկրաինական պատերազմն ու գլոբալ տաքացումն ամեն ինչի համար մեղավոր կարգել։ Կկարողանա՞ն անել։ Կասկածում եմ։ Ուրեմն մնում է մի ճանապարհ՝ սրանց տուն ուղարկել․․․
Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր