Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային դիրքորոշումները
28 Հուլիս 2022
2020 թ. 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Հայաստանն ու Ադրբեջանը վերսկսել են բանակցային գործընթացը, որը կողմերի փոփոխական ակտիվությամբ շարունակվում է մինչ օրս։ Ժամանակ առ ժամանակ հակամարտող կողմերի ղեկավարները կամ միջնորդի դերակատարում ստանձնած երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հանրությանը տեղեկացնում են, որ այս կամ այն հարցի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Եղել են նաև համատեղ հայտարարություններ, կատարվել որոշ պայմանավորվածություններ և այլն։ Այսինքն` ամեն ինչ վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացն իրական է, բուռն, իսկ հաճախ` նաև արդյունավետ… Համենայնդեպս՝ ադրբեջանական կողմի համար։
Այս լույսի ներքո արդիական է այն հարցը, թե բանակցային ինչ օրակարգեր ունեն հակամարտող կողմերը, և որքանով են Հայաստանի ու Ադրբեջանի հռչակած ծրագրերը տարբերվում իրենց իրական նպատակադրումներից։
Սկսենք թերևս ամենասկզբից։ Ինչպես հայտնի է (տե՛ս «Դրօշակ»-ի 2022 թ. 6-րդ համարում տպագրված իմ հոդվածը), 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվել են բանակցային երկու հարթակներ՝ մոսկովյան և բրյուսելյան։ Երկու հարթակներում էլ բանակցող կողմերի օրակարգային հիմնական խնդիրներն են տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների իրականացումը։ Այս երկու գլխավոր խնդիրներին զուգընթաց քննարկվում են դրանց ստորադասված այլ հարցեր, որոնք հիմնականում ունեն հումանիտար բնույթ՝ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձ, ականապատված տարածքների ականազերծում, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանություն, անվտանգային խնդիրներ և այլն։
Թե՛ Մոսկվայում և թե՛ Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի միջև ժամանակ առ ժամանակ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, որոնք հաճախ նաև կյանքի են կոչվում։ Սա նշանակում է, որ երկու ձևաչափերն էլ՝ իրենց ընդհանրություններով ու տարբերություններով հանդերձ, ամեն դեպքում աշխատող են։ Սակայն կա մի կարևոր խնդիր, այն է՝ երկու պարագայում էլ օրակարգ թելադրողը ոչ թե հակամարտող կողմերն են, այլ միջնորդները, այսինքն՝ Ռուսաստանն ու Արևմուտքը, որոնք, ի դեպ, պատմական այս ժամանակաշրջանում բավական լուրջ տարաձայնություններ ունեն միմյանց հետ։
Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված են շատ հարցերում տեղի տալ Մոսկվայի և Բրյուսելի պահանջներին՝ հընթացս փորձելով նաև՝ ա) խուսանավել աշխարհաքաղաքական երկու կենտրոնների միջև և բ) ամեն դեպքում որոշակի շահաբաժիններ քաղել իրենց պարտադրված բանակցային օրակարգից։ Բայց և այնպես, թե՛ Երևանը և թե՛ Բաքուն սեփական ծրագրերն ու երազանքներն ունեն, որոնք կարծես քննարկվում են բացառապես երկկողմ շփումների ընթացքում, այսինքն՝ առանց միջնորդների։ Իսկ սա նշանակում է, որ փաստացի կայանում է նաև հայ-ադրբեջանական բանակցությունների երրորդ՝ ուղիղ շփումների ձևաչափը։ Թե որքանով են ազդում աշխարհաքաղաքական կենտրոնները Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների վրա այդ ձևաչափում, ներկա պահին դժվար է հստակ ասել։ Բայց որ նման ազդեցություն կա, կասկած չկա։
Ինչպես հայտնի է, 2022 թ. մարտին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանրայնացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր 5 սկզբունքները, որոնք են՝
– ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
– միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
– զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը, քաղաքական անկախությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին հակասող այլ գործողություններից,
– սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
– տրանսպորտային և այլ հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Ուշադիր ընթերցողը, իհարկե, հեշտությամբ կարող է նկատել, որ ադրբեջանական կողմի ներկայացրած 5 առաջարկ-բանաձևումները իրականում լուծում են Ադրբեջանի համար երկու կարևոր խնդիր՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության (ներառյալ Արցախը) ճանաչում ու ՀՀ ինքնիշխան տարածքներին անխոչընդոտ հասանելիություն: Այս կետերը որոշակի առնչություն ունեն Մոսկվայում և Բրյուսելում քննարկվող բանակցային օրակարգերի հետ, բայց հիմքում ադրբեջանական կողմը դնում է հենց վերոնշյալ երկու խնդիրները, որոնք ուղիղ հակասության մեջ են Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումների հետ։ Աշխարհաքաղաքական երկու կենտրոններն էլ մերժում են թե՛ Արցախի խնդրի վերջնական լուծման և թե՛ ՀՀ տարածքով թուրք-ադրբեջանական այլոց կողմից չվերահսկվող միջանցք ստեղծելու հնարավորությունը։
Չնայած դրան՝ ադրբեջանական կողմը պայքարում է վերոնշյալ 5 կետերի կենսագործման համար, որոնք էլ, ըստ էության, արտացոլում են պաշտոնական Բաքվի բանակցային դիրքորոշումը։
Իսկ ի՞նչ է հակադրում սրան հայկական կողմը։ Ցավոք, այս հարցի պատասխանը բավական մշուշոտ է։ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից իրենց բանակցային դիրքորոշման հրապարակումից անմիջապես հետո ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է.
ա) Երկու երկրները, դեռևս 1991 թ. դեկտեմբերի 8-ին ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ… Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների:
բ) 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և 2021 թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեքորեն կյանքի կոչվեն, և մենք շարունակում ենք հետևողական լինել այդ հարցում։
Այսպիսով՝ պաշտոնական Երևանի պատասխանի առաջին կետով փաստացի համաձայնություն է տրվել Ադրբեջանի օրակարգի զգալի մասին, իսկ երկրորդ կետով՝ փորձ արվել բանակցային գործընթացն ամեն դեպքում պահելու մոսկովյան ձևաչափում։
Հանրային ճնշումներից հետո հայկական կողմը հայտարարեց, որ, ի պատասխան Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկ-պայմանների, Երևանում մշակվել են 6 կետեր, որոնց համադրմամբ ՀՀ իշխանությունները հույս ունեին որոշակի փոխզիջումների հասնելու Ադրբեջանի հետ։
2022 թ. մայիսի 13-ին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հյուրընկալել է Հանրային հեռուստաընկերությանը և հայտնել, որ պաշտոնական Երևանի առաջարկների առաջին կետում նշվում է, որ հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական կողմի՝ փետրվարի 21-ով թվագրված նամակին, որը հայկական կողմին է փոխանցվել մարտի 11-ին։
Երկրորդ կետով հայկական կողմը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
Երրորդ կետում հայկական կողմը նշում է, որ իր համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության երաշխավորման, նրա իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման հարցերը։
Չորրորդ կետում հայկական կողմը կարևորում է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և 2021 թ. նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։
Հինգերորդ կետում նշվում է, որ հայկական կողմը պատրաստ է բանակցություններ սկսելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի» և հելսինկյան եզրափակիչ ակտի վրա։
Վեցերորդ կետում հայկական կողմը հայտնում է, որ համապատասխան բանակցությունների համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Այս ամենը պաշտոնական Երևանի կողմից մինչ օրս ներկայացվում է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում Հայաստանի բանակցային դիրքորոշում։ Համաձայնեք՝ ներկայացված «կետերից» հատկապես առաջինը ոչ մի կերպ չի կարելի բանակցությունների քննարկման առաջարկ համարել։ Երկրորդ «կետով» Հայաստանն ընդունում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։ Երրորդ կետով նշվում է, որ իր համար հիմնարար է Արցախի կարգավիճակի վերջնական որոշման հարցը, բայց որևէ ակնարկ չի արվում այն մասին, որ հայկական երկրորդ պետությունը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Չորրորդ և հինգերորդ «կետերը» կրկին հղում են արդեն իսկ գոյություն ունեցող, մասամբ նաև կյանքի կոչված փաստաթղթերին։ Իսկ վեցերորդ «կետը» պարզապես տեղեկացնում է այն մասին, որ Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խնդրելով միջնորդ լինել Ադրբեջանի հետ բանակցություններում։ Վերջ։
Թե ինչ խնդիր կարող է լուծել հայկական դիվանագիտությունն այսպիսի «բանակցային դիրքորոշմամբ», դժվար է ասել։ Նկատենք, որ կողմերը լուրջ հակասություններ ունեն նաև սեփական օրակարգով բանակցություններ վարելու հարթակի ընտրության հարցում։ Ինչպես տեսանք, հայկական կողմը ցանկանում է կրկին ասպարեզ բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ինստիտուտը։ Նույնն անում է հավաքական Արևմուտքը։ Ադրբեջանն ու Ռուսաստանը մերժում են եռանախագահության դերակատարումը, և ներկա պահին այս հարցում կարծես առավել հաջողակ են հենց վերջիններս։
Որպես քաղաքական վերջնանպատակ Հայաստանի իշխանությունները խոսում էին նաև, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի բացման մասին։ Սակայն այս հարցում էլ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները կարծես հիասթափվել են։ Համենայնդեպս, ՀՀ գործող վարչապետն այլևս բաց հայտարարում է այն մասին, որ Ադրբեջանը նոր պատերազմ սկսելու հիմքեր է նախապատրաստում, և Հայաստանի ու Արցախի գլխին կրկին ամպեր են կուտակվում։ Այս ամենը նշանակում է, որ պաշտոնական Երևանն ինքն էլ չի վստահում իր մարտավարությանն ու դրանից բխող բանակցային դիրքորոշմանը։ Սակայն, չնայած դրան, բանակցություններն Ադրբեջանի հետ չեն դադարում։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ բանակցային սեղանին Բաքվի մշակած օրակարգն է՝ հայկական կողմի համար դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ…
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար