«Հայաստան» դաշինքի հայտարարությունը
03 Օգոստոս 2022
Օգոստոսի 3-ին ողջ աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գազանաբար սպանված հազարավոր եզդիների հիշատակին: Հայաստանաբնակ եզդի մեր քույրերի եւ եղբայրների հետ հիշատակում ենք մարդկային մեծագույն այդ ողբերգության 8-րդ տարելիցը:
1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության օրերին նույն ճակատագրին արժանացած եզդի ժողովուրդը ենթարկվեց բազում զրկանքների ու փորձությունների, բայց կարողացավ համառորեն պահպանել իր ինքնությունն ու մշակույթը: Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներ շարունակ բարեկեցիկ կյանքով, պաշտպանված կրթական, մշակութային համակարգով եզդի մեծաթիվ համայնքը չէր կարող անտարբեր մնալ իր ազգակիցների նկատմամբ գործադրված նոր ոճրագործության հանդեպ:
Վերքերը դեռ չեն սպիացել, վտանգը չի վերացել: Տակավին հարկ է դրսևորել կամք, վճռականություն, միասնականություն՝ ազգային ինքնության պահպանման ու վերընձյուղման համար:
«Հայաստան» դաշինք
3-ը օգոստոսի 2022թ․