Հայկական Արցախ լինելու է. «Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում
02 Սեպտեմբեր 2022
Այսօր, սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակին:
Հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության օրհներգներով։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր խոնարհումն արտահայտեց մեկուկես տարում միասնական լինելու և «Դիմադրություն» շարժման այս ողջ նախաձեռնության ընթացքում քաղաքացիների ակտիվության համար:
Նա շեշտեց՝ այսօր էլ պետք է վճառականությամբ լցվել ու միասնականություն ցուցաբերել, քրտնաջան աշխատանքով հասնել հաջողությունների՝ հանուն Հայաստանի և Արցախի պայքարում։
«Այսօր մենք իրավունք չունենք Արցախի ժողովրդին, Արցախը միայնակ թողնելու, պարտավոր ենք մեր պայքարի հաղթական ոգով Արցախի ժողովրդի կողքին կանգնել»,- ասաց նա։
Սեյրան Օհանյանը հավելեց՝ պայքարը վերջնական փուլ է մտնում, վճռականությամբ լցված՝ հեռացնելու են գործող իշխանություններին։
«Ավարտելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ աջակցել Արցախին՝ վանկարկելով Ար-ցախ»,-ասաց նա։
Մենք հիասթափվելու իրավունք չունենք, հիասթափությունը Նիկոլ Փաշինյանից մեծ վտանգ է. իր խոսքւմ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Մարդիկ մոտենում են, ասում են՝ դե ինչ անեմ, թողնեմ գնամ։ Մենք չպիտի գնանք։ Ինքը պիտի գնա»,– հայտարարեց նա։
Մամիջանյանը նշեց, որ Բրյուսելի վերջին հանդիպումներից հետո հրապարակված տեքստերում հիշատակում չկա ո՛չ Լեռնային Ղարաբաղի մասին, ո՛չ գերիների, ո՛չ էլ Արցախի սուբյեկտայնության մասին։
«Վերջնականապես Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները զատվել են ղարաբաղյան հակամարտությունից։ Դա նշանում է, որ պաշտոնական Երևանը ձեռքերը լվանում է Արցախից։ Ու մենք դա թույլ տալ չենք կարող»,– ասաց նա։
Պատգամավորը դիմեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեռ չեն միացել ընդդիմությանը՝ նշելով, որ առանց նրանց ընդդիմությունը չի կարող հաղթանակի հասնել և այս իշխանություններին հեռացնել։ «Մենք հիասթափվելու տարբերակ չունենք, մենք գնալու տեղ չունենք, մենք կորցնելու հայրենիք չունենք»,– ասաց նա։
«31 տարի առաջ այս օրը Ստեփանակերում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային պատգամավորների և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նիստը, որտեղ Արցախը հռչակվեց անկախ»,-իր ելույթում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Արցախի անկախությունը հայ ժողովուրդը ձեռք է բերել իր զավակների արյան գնով։ Արցախը հայ ժողովրդի արժանապատվությունն է։ Արցախը մեր անցյալն է, մեր ներկան ու ապագան։ Արցախը մեր հողն ու ջուրն է, մեր ժառանգությունը։ Բոլոր նրանք, ովքեր ասում են, եկեք հայրենիքի մի մասը զիջենք, որ մյուս մասը պահենք, գլուխները պատին են տալիս։ Մենք զիջելով՝ կորցնելու ենք նաև Հայաստանի Հանրապետությունն ու պետականությունը։ Եվ հենց այս պատասխանատու օրը ես ասում եմ՝ Հայաստանը Արցախ է, և վերջ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց՝ Արցախի գլխին կախված աղետը աղետ է նաև Հայաստանի համար, Արցախւ հայ ժողովրդի համար գոյաբանական խնդիր է, այն մեր ուժն է, անվտանգությունը, մեր արժանապատվությունը։
«Այն երբեք ու երբեք սակարկման առարկա չէ։ Արցախն այսօր կանգնած է աղետի առջև՝ հայաթափման ու էթնիկ զտման առաջ։ Պետք է բացառվի որևէ լուծում, որով Արցախը կարող է լինել ԱԴրբեջանի կազմում։ Պետք է բացառվի Արցախի անկլավային վիճակը, Արցախի ու Հայաստանի հանրապետությունների միջև պետք է լինի կայուն ու հուսալի կապ, պետք է բացառվի Արցախի ապառազմականացումը, այսինքն, Հայաստանի Հանրապետությունն իր զինված ուժերով պետք է ստեղծի միասնական անվտանգային համակարգ։ Այս երեք պահանջների կատարումն է, որ կանխելու է Արցախի հայաթափումը։ Սրանք կարմիր գծերն են»,-ասաց նա՝ նշելով, որ երեք ուղղություններով էլ հայկական կողմը խնդիր ունի։
Իր ելույթում նա խոսքն ուղղեց իրավապահ մարմինների ղեկավարներին՝ ասելով, որ նրանք են Նիկոլ Փաշինյանի հենարանը, նրա իշխանության միակ պահապանը։
«Դուք անձամբ պատասախանատվություն եք կրում ամեն պահ ու ամեն ժամ մեր հայրենիքի կորուստների համար։ Դուք եք այն մարդիկ, որոնք խոչընդոտում են «Դիմադրություն» շարժման ընդլայնումը հետապնդումներով, բանտարկություններով։ Պահելով Նիկոլի իշխանությանը՝ նպաստում եք մեր հայրենիքի կորստին։ Դուք չեք կարող ասել. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը», դուք ծառայում եք մի դավաճան խելագարի»,-ասաց նա։
Հանրահավաքն ավարտվեց օրվա խորհրդին համահունչ համերգով:
https://youtu.be/vWu9T6UUQIY