Այս իշխանություններին հեռացնելու համար կա երկու ճանապարհ…
02 Սեպտեմբեր 2022
«31 տարի առաջ այս օրը Ստեփանակերում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային պատգամավորների և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նիստը, որտեղ Արցախը հռչակվեց անկախ»,- սեպտեմբերի 2-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Արցախի անկախությունը հայ ժողովուրդը ձեռք է բերել իր զավակների արյան գնով։ Արցախը հայ ժողովրդի արժանապատվությունն է։ Արցախը մեր անցյալն է, մեր ներկան ու ապագան։ Արցախը մեր հողն ու ջուրն է, մեր ժառանգությունը։ Բոլոր նրանք, ովքեր ասում են, եկեք հայրենիքի մի մասը զիջենք, որ մյուս մասը պահենք, գլուխները պատին են տալիս։ Մենք զիջելով՝ կորցնելու ենք նաև Հայաստանի Հանրապետությունն ու պետականությունը։ Եվ հենց այս պատասխանատու օրը ես ասում եմ՝ Հայաստանը Արցախ է և վերջ», – հայտարարեց Սաղաթելյանը։
Նա ասաց՝ Արցախի գլխին կախված աղետը աղետ է նաև Հայաստանի համար, Արցախի հայ ժողովրդի համար գոյաբանական խնդիր է, այն մեր ուժն է, անվտանգությունը, մեր արժանապատվությունը։
Սաղաթելյանն ասաց, որ կա երեք կարեւոր սկզբունքային պահանջ, որը պետք է ապահովվի. «Այն երբեք ու երբեք սակարկման առարկա չէ։ Արցախն այսօր կանգնած է աղետի առջև՝ հայաթափման ու էթնիկ զտման առաջ։
Առաջինը՝ պետք է բացառվի որեւէ լուծում, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում,
երկրորդ՝ պետք է բացառվի Արցախի անկլավային վիճակը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ պետք է լինի կայուն, հուսալի ցամաքային կապ,
երրորդ՝ պետք է բացառվի Արցախի ապառազմականացումը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն իր Զինված ուժերով պետք է ստեղծվի միասնական անվտանգային համակարգ։
Ցավոք, Հայաստանում չկա որեւէ սուբյեկտ, որը պաշտպանում է Արցախի, Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը, ընդ որում այդ սուբյեկտը չկա ոչ Արցախում, ոչ Հայաստանում, ոչ էլ սփյուռքում. այսօր միակ սուբյեկտն իր լավ ու վատ կողմերով հանդերձ «Դիմադրություն» շարժումն է եւ այս հրապարակը։ Միակ սուբյեկտը, որն այս օրերին պաշտպանում է Արցախի եւ հայ ժողովրդի շահերը՝ այս հրապարակն է եւ դուք եք։ Բոլոր նրանք, ովքեր իրենց գործողություններով փորձում են պառակտել շարժումը, փորձում են խոչընդոտել շարժման ընդլայնմանը, ջուր են լցնում Նիկոլի եւ Ալիեւի ջրաղացին»։
Իշխան Սաղաթելյանը նաեւ անդրադարձավ ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարներին գործելաոճին. «ԱԱԾ պետ Արմեն Աբազյան, Ոստիկանության պետ Վահե Ղազարյան, Քննչական կոմիտեի պետ Արգիշտի Քյարամյան, Հակակոռուպցիոն կոմիտեի պետ Սասուն Խաչատրյան, գլխավոր դատախազ Արթուր Դավթյան՝ դուք այսօր Նիկոլի իշխանության միակ պահապանը եւ հենարանն եք, դուք անձամբ պատասխանատվություն եք կրում ամեն օր ու ժամ մեր հայրենիքի կորուստների համար, դուք եք այն մարդիկ, ովքեր հետեւողական խոչընդոտել եւ խոչընդոտում են «Դիմադրություն» շարժման ընդլայնումը՝ ձեր բռնաճնշումներով, բանտարկություններով, հետապնդումներով։ Ամեն օր փորձում եք ճնշել մարդկանց՝ պահելով Նիկոլի իշխանությունը։ Դուք չեք կարող ասել՝ ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, դուք ծառայում եք մի դավաճան խելագարի։ Ամոթ է, վերջ տվեք այդ ճնշումներին, հավատարիմ եղեք ձեր ուսադիրներին, ձեզ մի դասեք այդ վերջացած ուսապարկերի շարքին»։
Այս իշխանություններին հեռացնելու համար կա երկու ճանապարհ՝ հրաժարական և պաշտոնանկություն խորհրդարանի միջոցով, և այս ճանապարհով հաջողության կարող ենք հասնել բացառությամբ մի դեպքում համաժողովրդական լայն ճնշման միջոցով. շեշտեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ որպեսզի ԱԺ–ում վարչապետի հրաժարականի գործընթացը մտնի շրջանառության մեջ անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի քվեն՝ 36 ստորագրություն։ Երկու ընդդիմադիր խմբակցությունները դե ֆակտո ունեն 35 մանդատ։ Խորհրդարանում բուն պաշտոնանկության համար անհրաժեշտ է 50+1% ձայն, այսինքն՝ 54 պատգամավորի ձայն։
Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ պաշտոնանկության համար անհրաժեշտ է Սահմանադրությամբ նախատեսված երկու պայման՝ իրավաքաղաքական հիմքեր և վարչապետի թեկնածու։ «Իրավաքաղաքական հիմքերը ակնհայտ են»,–ասաց նա՝ հավելելով, որ ցանկացած նորմալ երկրում այս հիմքերը բավարար կլինեին վարչապետի պաշտոնանկության համար։ Սաղաթելյանն ասաց, որ վարչապետի պաշտոնանկության գործընթացը պետք է սկսել հնարավորինս շուտ, բայց ճիշտ ժամանակին, որպեսզի արդյունավետ լինի։
«Երբ մենք 36 ստորագրությունն ապահովենք, գործընթացը տևելու է 48-72 ժամ։ Այդ 72 ժամում մեզ անհրաժեշտ են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ 24-ժամյա ռեժիմով։ Ընդամենը 72 ժամ։ Եվ մենք այդ երեք օրվա ընթացքում ժողովրդի կամքը թելադրելով, ժողովրդի թեկնածուին ներկայացնելով միասին հեռացնելու ենք այս իշխանությանը»,– ասաց նա և հավելեց, որ գործընթացը չեն սկսելու զուտ սկսելու համար, քանի որ եթե հաջողության չհասնեն, ապա այդ գործիքակազմից օգտվել կկարողանան վեց ամիս հետո միայն։
Վաղն առավոտվանից սկսում ենք նախաձեռնություն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, վերլուծաբաններին, փորձագետներին, մտավորականներին, բոլոր կարող մարդկանց հետ սկսում ենք խորհրդակցություններ՝ 2 հիմնական ուղղությամբ՝ «Հայաստանը Նիկոլից հետո» զարգացման ծրագիր և շարժումն ավելի ընդլայնելու ուժ տալու իմաստով։
https://youtu.be/gPFl-zeQ76w