Մենք ամուր կանգնած ենք Հայաստանի եւ Արցախի կողքին
16 Նոյեմբեր 2022
Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է, այն կոչ է անում ի նպաստ Հայաստանի անվտանգության քաղաքականություն վարել, կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը եւ դատապարտում է Ադրբեջանի գործողությունները՝ պահանջելով սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ, որովհետեւ Ադրբեջանը պատերազմ է պարտադրում Արցախին եւ Հայաստանին,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւին։
Նա շեշտեց, որ որոշումն ընդունվել է գրեթե միաձայն, ինչը փաստում է Ֆրանսիայի պրոհայկական եւ պրոարցախյան քաղաքականությունը։ Մուրադ Փափազյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 28-ին, Ֆրանսիայի Ազգային Ժողովի ստորին պալատում կներկայացվի որոշումը։ Փափազյանն ակնկալում է , որ Ֆրանսիայի օրենսդիր մարմնի երկու պալատների դիրքորոշումը հստակ կլինի՝ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի։
«Այս աշխատանքը մենք կարողացանք տանել, որովհետեւ տասնյակ տարիներ փորձել ենք պաշտպանել Հայաստանը եւ Արցախի անկախությունը,Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Սա արդյունք է նաեւ ֆրանսիահայության միասնականության, որը համախմբված է CCAF-ի շուրջ ։ Դժբախտաբար, 4 տարի շարունակ, Հայաստանի կառավարությունը փորձում է պառակտել ֆրանսիահայությանը, փորձում է պառակտել մեր միասնականությունը, փորձում է պառակտել Սփյուռքը։ Բարեբախտաբար, դա նրանց չի հաջողվում եւ այս որոշումը դրա հաստատումն է։ Մենք ամուր ենք Հայաստանի կողքին եւ Արցախի կողքին, նույնիսկ, եթե իշխանությունները մեր դեմ պայքար տանեն, մենք միշտ Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին կմնանք։ Դա մեր առաքելությունն է»,-ընդգծեց Մուրադ Փափազյանը՝ շեշտելով, որ իշխանությունները ժամանակավոր են։
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք իրատեսական է ակնկալել Ֆրանսիայի կառավարությունից պատժամիջոցներ՝ ուղղված Ադրբեջանի դեմ՝ հաշվի առնելով Եվրոպայում էներգետիկ խնդիրները, Մուրադ Փափազյանն ասաց, որ Ֆրանսիան Ադրբեջանից գազ չի գնում։ Նա նշեց, որ Ֆրանսիայի կառավարության եւ նախագահի նկատմամբ ճնշում է գործադրվում , որպեսզի նա նաեւ եվրոպական այլ երկրներին համոզի, որ Ֆրանսիայի քայլը ճիշտ է եւ Եվրոպան պետք է զորակցի Հայաստանին եւ Արցախին։
«Միջազգային ընտանիքը այսօր չի կարող ընդունել, որ Ադրբեջանը այդպիսի պատերազմ է սանձազերծել Արցախի ու Հայաստանի դեմ, որի սահմանները ճանաչված են միջազգային ընտանիքի՝ ՄԱԿ-ի կողմից, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը։ Մենք պետք է բողոքենք եւ ամենալավ բողոքը դա Ֆրանսիայում նման բանաձեւի ընդունումն է։ Վստահ եմ , որ նախագահ Մակրոնը անտարբեր չէ սենատորների նման կեցվածքին»-ընդգծեց Մուրադ Փափազյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե աշխարհում չկա մի երկիր, որը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմից դուրս եւ ի հակառակ այս պնդման, Ֆրանսիայի Սենատը նման բանաձեւ է ընդունում, Մուրադ Փափազյանն ասաց․«Դա բոլորովին սխալ հայտարարություն է, կան երկրներ, որոնք պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը։ Բոլոր երկրների ղեկավարները գիտեն, որ Արցախը հայկական աշխարհի մաս է եւ բոլորը նաեւ գիտեն, որ Արցախի ժողովուրդը չի կարող Ադրբեջանի լծի տակ ապրել։ Նիկոլ Փաշինյանը միակ հայտն է, որը կարող է երեւակայել, որ արցախցիները կարող են ապրել Ադրբեջանի լծի տակ։ Թերեւս, նա պատմությանը ծանոթ չէ, մենք տեսանք, թե Արցախի ու նրա ժողովրդի ճակատագրի վրա ինչ հետեւանք ունեցավ, երբ Արցախը Ադրբեջանի մաս էր համարվում։ Ինչպե՞ս կարող է իբրեւ հայ մարդ եւ Հայաստանի վարչապետ նման թեզեր պաշտպանել։ Ես ամաչում եմ, ամաչում եմ, երբ հարաբերվում եմ Ֆրանսիայի քաղաքական ներկայացուցիչների հետ, որովհետեւ իրենք եւ առաջին հերթին Մակրոնը, չի հասկանում, թե ինչու է Սփյուռքն այսքան պահանջատեր, իսկ Հյաստանի ղեկավարությունն այդքան թույլ , այդքան ծնկած Ադրբեջանի եւ Թուրքիայի առջեւ։ Երբ մենք Ֆրանսիայից պահանջում ենք, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, մեզ ասում են, որ Հայաստանն ինքը դա չի ցանկանում, ինքը չի ճանաչում եւ այդ պահանջը չի դնում մեր առջեւ։ Սա իսկապես խայտառակություն է»։
Փափազյանը նաեւ ընդգծեց, քանի դեռ Հայաստանն ունի այդպիսի իշխանություն, վտանգված է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը, որը եւս պաշտպանված չէ այս իշխանությունների կողմից։