Լաչինի միջանցքը փակ է այս իշխանությունների գործունեության արդյունքում
22 Դեկտեմբեր 2022
Այսօր Լաչինի միջանցքը փակ է այս իշխանությունների գործունեության արդյունքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«11 օր է ճանապարհը փակ է, Արցախը կանգնած է հումանիտար աղետի եւ ցեղասպանության առջեւ, ՀՀ իշխանությունները ուղիղ հայտարարում են, որ դա ռուս խաղաղապահների ազդեցության գոտին է եւ իրենք այդտեղ անելիք չունեն: Նույն հաջողությամբ երբ թշնամու զորքերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք, հասան մինչեւ Վարդենիս ու Ջերմուկ, այդ ժամանակ էլ ասացին՝ ՀԱՊԿ-ն է մեղավոր, ՀԱՊԿ-ը չօգնեց: Այսինքն օրվա իշխանությունը, որ ունի թիվ մեկ պատասխանատվությունը երկրի տարածքային ամբողջականությունն ապահովելու, իր քաղաքացիների անվտանգությունն ու պաշտպանությունը կազմակերպելու համար, հրաժարվում է իր թիվ մեկ պատասխանատվությունից: Անընդհատ այդ մեղքը բարդում է մեկ ռուսների վրա, մեկ ղարաբաղիցների, մեկ ընդդիմության, նախկինների: Այսինքն բոլորը մեղավոր են այս շղթայի մեջ, բացի գլխավոր պատասխանատուից, ով ստանձնել է իշխանություն եւ այս ամենի համար պատասխանատու է»,-ասաց Սաղաթելյանը:
Նրա խոսքով, երբեմն հասարակության մեջ ուղղորդված քարոզչությամբ փորձում են տպավորություն ստեղծել, թե ելք չկա, հնարավորություն չկա, այն, ինչ կա, այդպես էլ պետք է լինի, մենք ինչ կարողանում անում ենք:
«Եթե իրենք ինչ կարողանում անում են եւ արդյունքում ունենք այն, ինչը կա, ուրեմն րոպե առաջ պետք է հեռանան, որովհետեւ իրենց գործունեության արդյունքում մենք շարունակում ենք ունենալ նոր կորուստներ, նոր զոհեր»:
Անդրադառնալով ռուս խաղաղապահներին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Իհարկե, ռուս խաղաղապահները պետք է ամբողջությամբ իրականացնեն իրենց առաքելությունը. «Բայց այստեղ պետք է հստակ արձանագրենք, որ Փաշինյան-Էրդողան-Ալիեւ բանակցությունները որեւէ կերպ չեն կանխում Հայաստանի նկատմամբ որեւէ ագրեսիան: Ընդհակառակը, խաղաղության պայմանագրի շուրջ կոչված բանակցությունները բերում են նոր պատերազմ, նոր զոհեր: Հետեւաբար, պետք է այդ բանակցություններն առկախել, բանակցությունների միակ արդյունավետ ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատն է, որտեղ կան միջազգային երաշխիքներ, այդ ֆորմատը արդյունավետ աշխատելն է»,-ընդգծեց նա:
Ինչ պետք է անի ընդդիմությունն այս իրավիճակում, որ չի անում. նշեց Իշխան Սաղաթելյանը:
«Նախ ուզում եմ հիշեցնել, որ մենք երեք ուղղությամբ շատ հստակ եւ հետեւողական աշխատանք ենք անում: Այն գործիքները, այն հնարավորությունը, որն ունի ընդդիմությունը փորձում է լիարժեք իրականացնել: Ընդդիմությունից չես կարող պահանջել, որ կազմակերպի երկրի պաշտպանությունը, որովհետեւ ընդդիմությունը չունի բանակ, լիազորված չի պետության անունից արտաքին քաղաքականություն վարելու: Այսինքն այն մեղադրանքը՝ բա ընդդիմությունն ինչի՞ չի անում, պետք է հասկանանք, որ ընդդիմությունը չունի այդ հնարավորությունը, իսկ ցանկությունը բավարար չէ:
Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը եւ ինչ կարող է անել: Նախ, հանդես եկանք ԱԺ արտահերթ նիստով, շատ կրեւորելով հրատապությունը եւ փորձելով ամբողջ աշխարհին Հայաստանի միասնական տեսակետ ներկայացնել: Տապալեցին: Երկրորդ ուղղությունը, որ գիշեր-ցերեկ աշխատում ենք, միջազգային կազմակերպություններն են, խորհրդարանական, բարեկամական երկրներն են, դրանք մեր բոլոր հնարավորություններն են արտաքին ճակտում պահելու Արցախի ու Հայաստանի շահերը: Այստեղ հատկապես ՀՅԴ-ն իր համահայկական կառույցով, Հայ դատի գրասենյակներով 24 ժամվա ռեժիմով գիշեր-ցերեկ, Կիպրոսից մինչեւ Կանադա, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Իրանում, Ռուսաստանում երեք տիպի աշխատանք են տանում: Մենք ունենք այդ կարողությունները, լոբբիստական գրասենյակները: Տարբեր երկրներում իրականացնում ենք բողոքի ակցիաներ, հարցը հանրայնացնելու, ներկայացնելու տարբեր երկրների կառավարություններին: Երկրորդը դիվանագիտական եւ լոբբիստական աշխատանքն է:Դուք տեսել եք բազմաթիվ դատապարտող հայտարարություններ խորհրդարանների, պետական գործիչների, կոնգրեսականների կողմից: Դրանց մեծ մասը եղել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակների շնորհիվ»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ունեն մի գաղափար, որ արդեն ներկայացրել են Արցախի գործընկերներին, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում պետք է ստեղծվի օպերատիվ շտաբ Հայաստանի եւ Արցախի աշխատանքները համադրելու, այն համահայկական մակարդակի դարձնելու. «Այսինքն պետության բացակայության պայմաններում պետք է լինի մի կենտրոնմ, որտեղից հնարավոր կլինի մեր բոլոր աշխատանքները համադրելու, ուղղորդելու, հունավորելու եւ ավելի մեծ համահայկական բնույթ տալու համար: Հույս ունեմ՝ առաջիկա օրերին դա մի ու արյուն կստանա»:
Հարցին, թե ինչու ընդդիմությունը փողոցային ակցիաներ չի անում, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Ինչ-որ շրջանակներ տպավորություն էին ստեղծել, թե ազգը եռում է, բոլորը պատրաստ են դուրս գալ փողոց, նաեւ դաշտում կան բազմաթիվ պատրաստի առաջնորդներ, փրկիչներ, գործիչներ ու կա ինչ-որ մի խումբ ի դեմս ինձ եւ իմ մի քանի գործընկերների, որ խանգարում են իրենց: Սենց վատ վիճակ չի եղել վերջին
Երկու տարվա ընթացքում, բոլորի համար պարարտ հող կար դրոշը վերցնելու, ինչ-որ մի բան անելու: Սա լավ հնարավորություն էր բոլորին, որ փորձեին ու տեսնեին՝ ով է խոսքից գործի անցնում, ով է փորձում»:
Նրա խոսքով, կրկին պետք է կազմակերպել ժողովրդին, չհամակերպվել այս իրավիճակի հետ, շարունակել պայքարը. «Ես չեմ գտնում, որ ռեսուրսները սպռված են եւ այլեւս ոչինչ անել հնարավոր չէ: Հայ ժողովուրդն ունի այդ ներուժը»: