«Մեկ Հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ՝ պայքար». Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք
23 Ապրիլ 2023
Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի նախօրեին, Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնած ավանդական ջահերով երթը:
Ջահերով երթն այս տարի կրում էր «Մեկ Հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ՝ պայքար» խորագիրը:
Երթի մեկնարկից առաջ ելույթ ունեցան ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսյանը։
«Մեզ ստիպում են հրաժարվել հայկական հարցից, մեր անցյալից՝ որպեսզի գողանան մեր ապագան», – իր ելույթում նշեց Իշխան Սաղաթելյանը:
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում անելիքը մեկն է՝ դիմադրություն եւ պայքար:
Դիմելով արցախահայությանը՝ Իշխան Սաղաթելյանը ներողություն խնդրեց, որ նրանց եւ Հայաստանի ճակատագիրը որոշում են «թրքահպատակ դավաճանները»:
Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները, ապա «Պայքար, պայքար, պայքար» վանկարկումներով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Երթի առջեւից քայլում էր հոգեւոր դասը ս.Խաչի առաջնորդությամբ: Մասնակիցներն իրենց հետ տանում էին այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նրանք մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի ավելի քան 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Անմար կրակի մոտ խոնարհվեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները: Երթի մասնակիցները ծաղիկներ զետեղեցին անմար կրակի շուրջ, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ: