Պատրանքներից հրաժարվելու ժամանակը
03 Օգոստոս 2023
2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայի դեմ՝ լրջագույն մարտահրավեր նետելով 1991 թվականից հաստատված աշխարհակարգին: Վստահաբար ուկրաինական ճգնաժամի այս նոր շրջափուլը մեծ ազդեցություն է ունենալու նաև մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների վրա: Այդ առումով կարևոր է հասկանալ, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ռուս-ուկրաինական պատերազմը Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի ու Արցախի համար: Դժվար է կանխատեսել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը, սակայն գուցե այն առաջիկայում վերածվի սառը պատերազմի: Հնարավոր է՝ ամռան վերջին սկսվեն ոչ ֆորմալ բանակցություններ, և լինեն կուլիսային պայմանավորվածություններ։
Արձանագրենք, որ ՌԴ-ի դեմ մերժողական վերաբերմունքի ծավալն այլևս այնքան ուժեղ չէ, որքան պատերազմի սկզբին։ Հիմա Բայդենը պատրաստվում է 2024-ի նախագահական ընտրություններին, Եվրոպան հոգնել է պատերազմից։ Շատ եվրոպական երկրներ մեծ վնասներ են կրում, օրինակ՝ Գերմանիայի տնտեսությունը չափից շատ կորուստներ է կրել։ Կարելի է ենթադրել, որ այս ամենով պայմանավորված, կլինեն կուլիսային բանակցություններ, և ինչ-որ կերպ պատերազմը կսառի: Պատերազմից առաջին հերթին տուժում է Ուկրաինան, երկրորդը՝ ՌԴ-ն, երրորդը՝ Եվրոպան, և շահում է ԱՄՆ-ը։ Ռուսաստանը Ուկրաինայի արևելքի ինքնահռչակ հանրապետություններին ճանաչելով՝ սկզբունքորեն որևէ պարզություն չմտցրեց իր հետագա դիտավորությունների առումով: Նկատի ունենալով Ռուսաստանի նախագահի գործողությունների անկանխատեսելիությունը՝ այնուամենայնիվ պարզ չդարձավ՝ հատուկ ռազմական գործողությունը Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման գործընթացի հիմնավորումն էր, թե՞ ընդհակառակը, ճանաչումն ուներ ներխուժելու և Կիևի ռեժիմը փոխելու նպատակ: Բնականաբար, ամենակարևոր տարածաշրջանային խնդիրը, որը լուծում է Ռուսաստանը, Ուկրաինայի դաշնայնացումն է և Արևմուտքից հեռացնելը:
Գլոբալ առումով Վլադիմիր Պուտինը լուծում է անձամբ իր համար կարևորագույն խնդիր. սառը պատերազմում պարտություն կրած Ռուսաստանի կարգավիճակը պետք է փոխվի: Ռուսաստանի նախագահը տրամաբանական է համարում, որ եթե Ռուսաստանն ի վիճակի է Արևմուտքի հետ նման ճգնաժամի պայմաններում գոյատևմանը, ապա Ռուսաստանը ևս մեկ անգամ արձանագրում է գերտերության իր կարգավիճակը: Անդրադառնալով ՀՀ-ի վրա այս պատերազմի բացասական հետևանքներին՝ նշենք Հայաստանի և արցախահայության կախվածությունը Ռուսաստանի հաջողությունից կամ հակառակը:
Եթե ՌԴ-ն այս պատերազմում որոշակի հաջողություններ ունենար, ապա Ալիևը չէր կարող նման քայլերի գնալ։ Ռուսաստանի պարտության դեպքում ռուս խաղաղապահ ուժերը մեծ ճնշումներ կկրեն Արցախում: Աստիճանաբար փոխվելու է նաև Արևմուտքի վերաբերմունքը Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ առաքելության հանդեպ: Մինչև ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը Արևմուտքի առանցքային դերակատարների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահների նկատմամբ բավականին կառուցողական էր: Բոլորը հասկանում էին, որ նրանք կարևոր ու դրական դերակատարություն ունեն հակամարտության գոտում հարաբերական խաղաղության պահպանման, ինչպես նաև Արցախի հայ բնակչությանը էթնիկ զտումներից պաշտպանելու հարցում: Այնուամենայնիվ, Ռուսաստանի նկատմամբ մեկուսացման այս նոր քաղաքականության որդեգրման հետևանքով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների նկատմամբ վերաբերմունքը համապատասխանելու է Ռուսաստանի հետ դիմակայության տրամաբանությանը: Անկախ արդյունքներից և հետևանքներից՝ այս պատերազմը արդեն իսկ փոխել է ռուս-արևմտյան hարաբերությունների ողջ բնույթը:
Եթե նախկինում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև գոյություն ունեին հարցեր, որոնց շուրջ հնարավոր էր համագործակցություն, ապա փետրվարի 24-ից հետո հավաքական Արևմուտքը սկսել է վարել Ռուսաստանի տոտալ մեկուսացման քաղաքականություն բոլոր ոլորտներում: Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը ու դրա հետևանքով Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի որդեգրած նոր ռազմավարությունը, ինչը նպատակ է հետապնդում մեկուսացնելու Ռուսաստանին բոլոր ուղղություններով, գրեթե բացառում է այս երկու հակադիր բևեռների համագործակցությունը ղարաբաղյան համատեքստում: Էլ ավելի մշուշոտ է դառնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագան, որի դերակատարությունը առանց այդ էլ սառեցվել էր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո:
Ռուսաստանը այս պատերազմից հետո վստահաբար փորձելու է ամրապնդել իր մենաշնորհային դերը մեր տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր գործընթացներում և մասնավորապես՝ հայ-ադրբեջանական համատեքստում: Ուկրաինական պատերազմը ի ցույց դրեց մեկ այլ իրողություն ևս, որը Հայաստանում մինչև վերջերս անտեսվում էր: Մոսկվան հետխորհրդային երկրները համարում է իր ազդեցության գոտի և պատրաստ է դիմել արմատական քայլերի սեփական վերահսկողությունը այդ տարածքում պահպանելու համար: Այդ առումով բավականին միամիտ են հայ քաղաքական ու վերլուծական դաշտի որոշ ներկայացուցիչների այն հույսերը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կամ Ադրբեջանի հետ հաշտեցումը հնարավորություն են ընձեռելու Հայաստանին դուրս գալու Ռուսաստանի ազդեցության գոտուց: Ռուսաստանի շահերին հակասող քաղաքականություն վարելու դեպքում Հայաստանի պետականությանը սպառնացող հիմնական վտանգը բխելու է Մոսկվայից, այլ ոչ թե Բաքվից կամ Անկարայից: Այսինքն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու հայ-ադրբեջանական հնարավոր հաշտեցումը չեն կարող էական ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների բնույթի ու էության վրա: Ռուս-ուկրաինական պատերազմը կարող է նաև արագացնել Ռուսաստանի ինտեգրացիոն գործընթացները մեր տարածաշրջանում:
Արևմուտքի կողմից մեկուսացման մեջ հայտնված Ռուսաստանը փորձելու է մեծացնել իր ազդեցությունը այն տարածաշրջաններում, որոնց նկատմամբ դեռևս վերահսկողություն ունի: Սա զգալիորեն նվազեցնելու է Հայաստանի ինքնիշխանությունը և սահմանափակելու է արտաքին քաղաքական դաշտում Երևանի մանևրելու հնարավորությունը: Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված հաջորդ հավանական վտանգը կապված է երկարաժամկետ կտրվածքով Ռուսաստանում քաղաքական կայունության խնդրի հետ: Վերջին օրերին Արևմուտքը Մոսկվայի նկատմամբ սահմանել է ծանրագույն պատժամիջոցներ, որոնք լրջագույն վնաս են հասցնելու Ռուսաստանի տնտեսությանը: Եթե որպես այս պատերազմի հետևանք Ռուսաստանն ու Արևմուտքը չկարողանան փոխզիջումների հիման վրա որոշակի համաձայնության գալ, որը թեկուզ մասնակի կվերականգնի մինչպատերազմական ստատուս-քվոն, ապա մոտակա տարիներին Ռուսաստանը տնտեսական լուրջ խնդիրների առջև է հայտնվելու, որոնք կարող են նախադրյալներ դառնալ այդ երկրում քաղաքական ապակայունացման համար: Իսկ Ռուսաստանում քաղաքական ապակայունացումը կարող է վտանգներ ստեղծել նաև Ղարաբաղյան հակամարտության գոտում: Անկասկած է, որ Ուկրաինայում պատերազի բռնկումը Հայաստանի համար իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարն էր: Այն լրջագույն ռիսկեր է ստեղծել մեր տարածաշրջանում՝ բարդացնելով Հայաստանի առանց այդ էլ ծանր աշխարհաքաղաքական վիճակը:
Վերը նշված չոր փաստերը փորձենք բերել տեսական դաշտ և հասկանանք, թե Հայաստանի ազգային անվտանգության ապահովման խնդրում ի՞նչ ենք սպասում հիմնական խաղացողներից և առաջին հերթին մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից: Եվ ո՞ր Ռուսաստանից:
Գերմանացի հայտնի սոցիոլոգ Մաքս Վեբերի դիտարկմամբ. «…կայուն քաղաքականության հիմնական նախադրյալներն են ազդեցիկ խորհրդարանը և պատասխանատու քաղաքական կուսակցությունները»: Ռուսաստանի դեպքում, որպես քաղաքական կուսակցության ատրիբուտներ կրող ուժեր, կարելի է ավելացնել նախագահի շուրջ ձևավորված 5 խիստ ֆրագմենտավորված և նախագահի վրա ազդեցությունը պահելու կամ ձեռք բերելու նպատակով մշտապես մրցակցող վերնախավային խմբերը, և արձանագրենք, որ ներկա Ռուսաստանը գործում է կայուն քաղաքականության, այդ թվում՝ արտաքին քաղաքականության լուրջ դեֆիցիտի պայմաններում: Ի ՞նչ մարտահրավերներ է դիմագրավում Ռուսաստանը՝ նկատի ունենալով նաև անցյալի փորձը, և որքանով է ներկա Հայաստանը տեղավորվում Ռուսաստանի աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական առաջնահերթությունների շրջանակում:
Իրականությունն այն է, որ առաջիկա տասնամյակներում Ռուսաստանն իր արևմտյան սահմաններին կունենա վտանգավոր և անկայուն իրավիճակ, ինչը միշտ էլ հղի կլինի ռազմական բախման հավանականությամբ: Հարավային և հարավարևելյան ուղղությունները Մոսկվայի լուրջ մտահոգությունը չեն հարուցում: Չինաստանի հետ բարեկամական, Իրանի հետ գործընկերային, իսկ Թուրքիայի հետ գործնական հարաբերությունները երաշխիք են, որ մոտ ապագայում Կենտրոնական Ասիայի և Այսրկովկասի երկրներից որևէ մեկը լուրջ վտանգ չի ներկայացնի Ռուսաստանի համար: Դրան նպաստում է նաև օտարերկրյա զինուժի բացակայությունը Աֆղանստանում:
Մոսկվան շարունակում է հավատարիմ մնալ իր վերջին 30-ամյակի քաղաքականությանը: Ռուսական զորքերը մշտապես տեղակայված են Հայաստանում և Տաջիկստանում, ռազմական ենթակառուցվածքներ կան Ղրղզստանում և ներկայություն Ադրբեջանում, ինչը, ի դեպ, կարող է և ժամանակավոր բնույթ կրել, եթե դա ցանկանա ինքը՝ Ռուսաստանը: Ուրիշ ոչ մի պարագայում խաղաղապահները չեն լքի Արցախը:
Ինչպես և ցանկացած խոշոր տերության, Ռուսաստանի համար էլ անընդհատ օրակարգում կլինի ռուսական ազդեցության բնական սահմանների համարյա վերջնական պատասխան չունեցող հարցը: Նույնիսկ Արևմտյան Եվրոպայի նախկին գաղութատիրական երկրների ազդեցության կրճատումը միջազգային հարաբերությունների վրա (Պորտուգալիա, Իսպանիա) համարյա չկրճատեց նրանց ազդեցությունը այն երկրների վրա, որոնք գոյացան իրենց նախկին գաղութների տեղում: Ի դեպ, Ռուսաստանը այս կամ այն պատճառով չհետևեց Եվրոպայի երկրների օրինակին և պահպանեց և՛ իր տարածքները, և՛ ռազմական ներուժը, և՛ գերտերության կարգավիճակը: Ընդ որում, Ռուսաստանի համար բավականին հարթ անցավ գերտերության կարգավիճակի պահպանման համար գործադրվող ջանքերի գերլարման գործընթացը: Պետք է նաև հաշվի առնենք, որ Ռուսաստանի հետխորհրդային հարևանները եվրոպական կայսերապաշտական մոտեցումների իմաստով չեն եղել նրա գաղութները, այլ մաս են կազմել ռուսական նահանգային վարչական բաժանմանը՝ ոչնչով չտարբերվելով Վելիկոռոսիայի կամ Մալոռոսիայի նահանգների կարգավիճակից: Միակ բացառությունը Բուխարայի էմիրությունն էր: Էլ չասած, որ ռուսական մշակութային ազդեցությունը հետխորհրդային տարածքում շատ ու շատ ավելի մեծ է, քան, ասենք, ֆրանսիական մշակույթի ազեցությունը, օրինակ, Չադում կամ Մալիում: Այդ պատճառով էլ Ռուսաստանի համար շատ բարդ է Այսրկովկասի կամ Կենտրոնական Ասիայի նորանկախ երկրները դիտարկել որպես արտասահմանյան պետություններ, որոնց ճակատագրերին կարելի է վերաբերվել՝ ելնելով զուտ ռացիոնալ հաշվարկից: Ռուսաստանի քաղաքակրթական սահմանների ճշգրտումը, ի տարբերություն եվրոպացիների, Աֆրիկայի կամ Մերձավոր Արևելքի առումով, շատ բարդ խնդիր է:
Բացառությամբ Կովկասյան լեռների՝ դրա համար չկա որևէ այլ ակնհայտ քարտեզագրական հիմք: Այս գործոնները պետք է հաշվի առնի և՛ Հայաստանի ղեկավարությունը, և՛ աշխարհասփյուռ հայությունը: Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը այս պահին հաշտված է որոշակի անհարմարավետ վիճակի հետ, որովհետև դեռևս գտնում է, որ ինքը պետք է մնա Հարավային Կովկասում որպես գործոն, որոշ դեպքերում՝ նաև անվտանգության երաշխավոր: Բայց պետք է նաև հասկանալ, որ վաղը Ռուսաստանը, առանց լուրջ բարդույթների, կարող է հրաժարվել այդ դերակատարությունից: Ռուսաստանում գտնում են, որ կարող են մնալ հեռավոր սահմանների պահապանի դերում՝ առանց լուրջ ջանքեր գործադրելու: Հարավային ուղղության նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը կարելի է որակել որպես եղած հնարավորությունների պասիվ պահպանում, այն հաշվարկով, որ պոտենցիալ թնջուկները ձեռք չեն բերի իր անվտանգության համար դրամատիկ բնույթ, իսկ Ռուսաստանի ազդեցությունը կպահպանվի՝ առանց լուրջ ճիգերի գործադրման: Առնվազն այս պահին Ռուսաստանը հետխորհրդային տարածքում իր դիրքերը պահում է՝ գործադրելով հարյուրապատիկ ավելի քիչ ջանքեր, քան ԱՄՆ-ը, Չինաստանը կամ Թուրքիան՝ դրանք ձեռք բերելու համար: Ռուսաստանում վստահ են, որ Այսրկովկասը կամ Կենտրոնական Ասիան երբեք չեն դառնա պլացդարմ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների կամ միությունների լուրջ ներթափանցման համար:
Մոսկվայում վստահ են, որ դրան խոչընդոտում է առաջին հերթին հետխորհրդային երկրների աշխարհաքաղաքական դիրքը: Սակայն, եթե ընդունում ենք, որ հարավից Ռուսաստանին սպառնացող վտանգները և մարտահրավերները անհամեմատելի են Արևմուտքից եկող մասշտաբային վտանգներին, դրանից, այնուամենայնիվ, նրանք չեն դադարում գոյություն ունենալ: Ռուսաստանում, այդ թվում՝ քաղաքագիտական շրջանակներում գիտակցում են, որ Ռուսաստանի ազդեցությունը վերոնշյալ տարածաշրջաններում թուլանալու միտում ունի, և այդ ազդեցությունը ռուսական արտաքին քաղաքական «ակտիվից» վերածվում է «պասիվի»: Այս վիճակը փոխելու լուրջ քայլերի այսօրվա Ռուսաստանը պատրաստ չէ, որովհետև իր համար անվտանգային խնդիրներ չի տեսնում: Սակայն, եթե դու մի բան չես ուզում տեսնել, դա չի նշանակում, որ դա գոյություն չունի: Սրընթաց, ինչ- որ տեղ արհեստական ռուս-չինական մերձեցումը ԱՄՆ-ին և Եվրոպային դրդում է լարվածություն ստեղծել Ռուսաստանի ամբողջ հարավային շրջագծով։ Հայաստանի դեպքում այժմեական է դառնում հավաքական Արևմուտքի կողմից Կենտրոնական Ասիայի և Այսրկովկասի երկրների պետականության կազմաքանդման քաղաքականությունը։ Նպատակն է այդ երկրների կամ տարածքների (ինչն ավելի ցանկալի է) հետ անդրսահմանային համագործակցությունը՝ առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու: Ընդ որում, սա արդեն ոչ միայն հակառուսական, այլև հակաչինական պայքարի լուրջ գործոն է դառնում։ Որքան ավելի Չինաստանը ամրապնդի իր «թիկունքը» Եվրասիայում, այնքան Արևմուտքը, օգտվելով Ռուսաստանի կրավորական դիրքից, դրանց հետևողականորեն կհարվածի՝ կասկածի տակ դնելով նաև Ռուսաստանի նոր «խաղալիքները», Իրանին կապող Հյուսիս -Հարավ տրանսպորտային միջանցքը, Չինաստանի անդրկասպիական նախագծերը, որոնք, չնայած շրջանցում են Ռուսաստանը, սակայն նպաստում են Չինաստանի՝ Արևմուտքից անկախ տրանսպորտային մայրուղիների դիվերսիկացմանը, կենսունակությունը։ Անկեղծ լինենք. ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Լոնդոնը չեն ծրագրում Ղազախստանը կամ Հայաստանը Ռուսաստանի համար վերածել «երկրորդ Ուկրաինայի»:
Սակայն «երկրորդ Աֆղանստանի» սցենարը ոչ ոք չի բացառում։ Ռուսաստանը կարողացավ զերծ մնալ ղազախական իրադարձություններից հետո այդ երկրում այս կամ այն պատրվակով իր զորամիավորումները թողնելու գայթակղությունից: Չնայած բացառել, որ «գունավոր հեղափոխության» հերթական նման մի փորձ Արևմուտքը չի նախաձեռնի, որից հետո Ռուսաստանը նման քայլի կարող է և գնալ, չի կարելի: ԱՊՀ-ի հարավում Ռուսաստանի դիրքորոշման երկակիությունը, Հայաստանի հանդեպ ստանձնած անվտանգային պարտավորություններից հրաժարումը լուրջ խնդիրներ են հարուցում առաջին հերթին Իրանի համար, որն, ունենալով խնդիրներ համարյա մնացած բոլոր ճակատներում, ստիպված է նաև լցնել անվտանգային այն վակուումը, որը Ռուսաստանի անպատասխանատու կեցվածքի արդյունքն է։ Իրանը ինչ-որ առումով պետք է կարողանար հույս դնել Ռուսաստանի վրա։ Առիթ ենք ունեցել զրուցելու Մոսկվա ժամանած Իրանի քաղաքագիտական լուրջ կենտրոններ ներկայացնող մասնագետների հետ։ Չգիտես, թե Ռուսաստանի ո՞ր կաբինետներում են որոշել, որ Հայաստանի պետականության կորուստը իրենց համար լուրջ խնդիրներ չի հարուցի։
Զարմանալիորեն Ռուսաստանի քաղաքական վերնախավի մոտ չարախնդալը և ԱԳՆ-ի խոսնակի սարկազմը դարձել են Հայաստանի հանդեպ արտաքին քաղաքականության ուղեգծի տարրեր։ Ռուսական մենթալիտետին բնորոշ «сам дурак»-«ինքդ ես հիմար» արտահայտության ոգուն շատ հարիր։ Ռուսաստանյան որոշ «վայ քաղաքագետներ» բազմիցս փորձել են տողերիս հեղինակին համոզել, թե միևնույն է, Ռուսաստանը իր անվտանգային պաշտպանական գծերը կկառուցի Կովկասյան լեռնաշղթայի գծով, թե՞ Արաքս գետով։ Եվ ոչինչ, որ բարեկամ Իրանի հետ կոմունիկացիաները հայտնվում են լուրջ սպառնալիքի տակ։ Նույն կրավորական արտաքին քաղաքական ուղեգիծը որդեգրվել է նաև Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ։ Ընդ որում, ամենախոցելիներն են աշխարհագրորեն ամենամոտ Ղազախստանը և Ղրղզստանը։ «Տափաստանային ճակատ» չբացելու խոստում ոչ ոք Ռուսաստանին չի տվել։ Առաջիկա 10-15 տարում այս տարածաշրջանում Ռուսաստանը լուրջ խնդիրներ կունենա։ Ազդանշանները մենք տեսնում ենք ազգայնական տրամադրություններ ունեցող ռուս որոշ քաղաքական գործիչների հայտարարություններում, որոնք արագ լռեցվում են: Ո՛չ Իրանը, ո՛չ էլ Չինաստանը որևէ ձևով ի վիճակի չեն լցնելու «հոգնածության» տարրեր դրսևորող Ռուսաստանի դերակատարության բացը։ Ռուսաստանի քաղաքագիտական շրջանակների սթափ ներկայացուցիչների մոտ կա համոզմունք, որ ներկա պայմաններում Ռուսաստանը ոչ միայն չպետք է նվազեցնի իր ներկայությունը ԱՊՀ «հարավային գոտում», «փափուկ փորատակում», այլև պետք է ավելացնի։ Անվտանգության ռազմական երաշխիքները պետք է լրացվեն քաղաքական երկխոսության ինտենսիվացմամբ, եթե կուզեք, այդ երկրների ներքաղաքական կյանքին ավելի ակտիվ միջամտությամբ։ Ռուսաստանի կեցվածքն արդեն ստեղծել է տպավորություն, որ Մոսկվան անտարբեր է դարձել իր գերակայությունը (պատրոնաժը) ընդունող երկրների խնդիրների նկատմամբ։ Սրա համար հետո շատ թանկ գին է վճարվելու։
Ռուսաստանը, իհարկե, ձերբազատվում է Խորհրդային Միությունը վերականգնելու գայթակղությունից։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որպեսզի Խորհրդային Միության փլուզում կոչվող աղետը չընկալվի որպես Ռուսաստանի ուժային հնարավորությունների ներքին և արտաքին գնահատման չափորոշիչ։ Պետք է խոստովանել, որ Ռուսաստանը եզակի է հենց նրանով, որ 19-րդ դարում գոյություն ունեցած եվրոպական կայսրություններից միակն է, որ 21-րդ դարում համարյա անփոփոխ պահպանել է իր ներուժը, առաջին հերթին՝ նյութական ռեսուրսները և ուժային լծակները։ 1991-ի աշխարհաքաղաքական աղետը Ռուսաստանի ֆիզիկական չափերը նվազեցրել է, սակայն չի զրկել գերտերության կարևորագույն ատրիբուտներից, ինչպես դա տեղի է ունեցել մյուսների հետ։ Ինչպես նկատել է Ռուսաստանի և ԽՍՀՄ պատմության խոշորագույն մասնագետ, բրիտանացի պատմաբան Դոմինիկ Լիվենը, խորհրդային կայսրության արտաքին կոնտուրից (ուրվագծից) ձերբազատումը, ինչը, ի դեպ, Լիվենը համարում է, որ ավելի շուտ բեռ էր, քան առավելություն, ոչ մի չափով չնվազեցրեց Ռուսաստանի ռեսուրսային պաշարները և ուժային հնարավորությունները։
Այս առանձնահատկությունները շարունակում են որոշիչ մնալ Ռուսաստանի արտաքին քաղաքական ուղեգծի համար նաև այսօր։ Ինչպես և 50 տարի առաջ, Ռուսաստանը նվազագույն չափով ունի միջազգային կարգուկանոնի շրջանակներին ենթարկվելու կարիքը և ինչպես նախկինում, պատրաստ է պատասխանատվություն կրել միայն այն տարածքների համար, որոնք իր անմիջական պատասխանատվության գոտին են համարվում, և որպես այդպիսիք, ընդունվում աշխարհի բոլոր խոշոր խաղացողների կողմից։ Ավանդաբար Ռուսաստանը (իմա. ԽՍՀՄ-ը) դուրս է եկել իր շրջանակներից և հայտնվել, ասենք, Լատինական Ամերիկայում (Կուբա, Նիկարագուա) կամ Աֆրիկայում (Եթովպիա, Անգոլա, Մոզամբիկ, Կոնգո) միայն ի պատասխան արևմտյան երկրների ագրեսիվ ոտնձգությունների և դա օգտագործել է որպես իր տարածքից անկոչ եկվորներին դուրս մղելու գործիքակազմ: Այդ առումով Չինաստանի կամ Հնդկաստանի հետ հույս կապող հայ հասարակական–քաղաքական շրջանակները պետք է պարզ գիտակցեն, որ երկու երկրներն էլ նախկին բրիտանական գաղութներ են և ոչ միայն չեն հաղթահարել գաղութային երկիր լինելու բարդույթը, այլև շատ երկար ժամանակ կմնան իրենց համար անգլոսաքսոնների գծած շրջագծի սահմաններից ներս։
Վերադառնանք հետխորհրդային տարածք: Հայաստանի համար ճակատագրական 2020 թվականը հետխորհրդային տարածքում բերեց աշխարհաքաղաքական մի քանի հանգրվանների: Առաջին՝ ավարտվեց բելոռուսական պետության զարգացման մի կարևոր շրջափուլ: Երկրորդ՝ ռազմական ճանապարհով փորձ կատարվեց լուծել արցախյան խնդիրը: Երրորդ՝ Ղրղզստանում փոխվեց քաղաքական համակարգը։ Կարևոր է հասկանալ, որ ներկա պատմական փուլում Ռուսաստանի արձագանքը այս իրադարձություններին շատ դեպքերում պայմանավորված է ոչ թե նրանով, թե մարտահրավերները որքանով են վտանգավոր ոչ իր հովանավորության տակ գտնվող աշխարհաքաղաքական համակարգի օբյեկտների համար, այլ որքանով են դրանք հարվածում կոնկրետ Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ Դաշնակիցների նկատմամբ կրավորական, երբեմն քամահրական վերաբերմունքն էլ շատ դեպքերում պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը իր ռազմական ներուժով, առավել ևս լինելով հզոր միջուկային տերություն, ի վիճակի է իրեն նետված մարտահրավերները դիմագրավել միայնակ։
Ակնհայտ է, որ Հայաստանը և Բելառուսը Ռուսաստանի համար ոչ միայն ՀԱՊԿ-ի շրջանակների ձևական դաշնակիցներ են: Այս երկու երկրների առանձնահատուկ լինելու հանգամանքը բազմիցս շեշտվել է Ռուսաստանում՝ բոլոր մակարդակներով: Երկու երկրներն էլ այսօր գտնվում են միջազգային զարգացումների և իրադարձությունների կիզակետում՝ ցայտուն արտահայտված միջազգային ենթատեքստով և ամենատարբեր ակտորների ակտիվ ներգրավվածությամբ, ի տարբերություն, ասենք, ղրղզական իրադարձությունների, որոնք միջազգային ներգգրավվածության նման տարրեր չէին պարունակում։ Հետխորհրդային ամբողջ շրջանում երկու երկրներն էլ եղել են Ռուսաստանի ռազմական դաշնակիցները և Մոսկվայի համար լուրջ խնդիրներ չեն հարուցել։ Բայց այսօր և՛ Հայաստանի, և՛ Բելառուսի ներքին կայունությունը, և՛ միջազգային դրությունը լուրջ հարցականի տակ են։ Փոխվում է դեռևս 1990-ականների երկրորդ կեսին ձևավորված և Ռուսաստանի համար շատ հարմարավետ ստատուսը, երբ Ռուսաստանն առանց լուրջ ջանքերի լուծում էր իր խնդիրները և՛ Մինսկում, և՛ Երևանում: Նոր իրավիճակին Ռուսատանը շատ ցավոտ և ինչ-որ չափով անպատրաստ է արձագանքում: Որքան էլ Ռուսաստանում չնկատելու տան Հայաստանի և Բելառուսի կարգավիճակի ցանկացած փոփոխություն, դիտորդների կողմից երևույթը դիտարկվում է որպես Ռուսաստանի ազդեցության թուլացման ցուցիչ։ Երկու դեպքում էլ Ռուսաստանի ազդեցության գոտիներ ներթափանցման փորձ անող երկրները՝ Լեհաստանը և Թուրքիան, ֆուտբոլային տերմինաբանությամբ՝ երկրորդ դիվիզիոնի խաղացողներ են, որոնք Ռուսաստանին զիջում են բոլոր ակնհայտ չափորոշիչներով և, թերևս, այդ պատճառով է, որ այս դաշտում քաղաքական բանավեճը ավելի շուտ զգացմունքային է, քան թե քաղաքական կամ ռազմական հակամարտության բնույթ է կրում։ Տարօրինակ տրամաբանությամբ Ռուսաստանի, ավելի ստույգ՝ պերիֆերիայի նկատմամբ միջազգային քաղաքականությունը վերադառնում է 17-18- րդ դարերի աշխարհաքաղաքական իրականությանը, երբ Ուկրաինան մասնատված էր, իսկ լիարժեք չուժեղացած Ռուսաստանը դիմակայում էր Լեհաստանին և Օսմանյան կայսրությանը։
Հիշենք, սակայն, որ արդեն 18-րդ դարավերջին Լեհաստանը կորցրեց իր անկախությունը, իսկ Օսմանյան կայսրությունը միջազգային քաղաքականության մեջ դարձավ ոչնչություն (Եվրոպայի հիվանդ մարդ՝ ըստ Մարքսի): Այսօր հիշյալ երկու երկրների գիշատիչ պահվածքը պայմանավորված է Ռուսաստանի երևակայական թուլությամբ։ Թուլություն, որն առնվազն չի համապատասխանում Ռուսաստանի ղեկավարության հավակնություններին գլոբալ քաղաքականության լուրջ դերակատար լինելու առումով, էլ չասած, որ «թույլ» Ռուսաստանն իր դերակատարությունը որոշիչ է համարում եվրասիական տարածաշրջանում Լիսաբոնից մինչև Տոկիո իր հանգուցային դիրքի առումով։ Ի՞նչ թուլության մասին է խոսքը: Հիմա փորձենք հասկանալ Ռուսաստանի մոտեցումների տարբերությունը բելառուսական և արցախյան իրադարձություններին, ինչը առաջին հերթին պայմանավորված է Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնացող հանգամանքներով։
Առաջին դեպքում Ռուսաստանը չի կարող թույլ տալ իր արևմտյան սահմաններին հերթական ՆԱՏՕ-ական ամրակետի (ֆորպոստի) ձևավորումը և հանուն դրա պատրաստ է գնալ վճռական գործողությունների, այդ թվում՝ միջուկային զենքի տեղակայմանը։ Այո՛, իր հայտարարություններով և գործողություններով Լուկաշենկոն բազմաթիվ առիթներ է տվել, որպեսզի Ռուսաստանը բավական հաճախ կասկածի տակ դնի նրա լոյալությունը։ Չնայած, խոստովանենք, որ Բելառուսի նախագահը երբեք լուրջ մարտահրավեր չի նետել իր արևելյան դաշնակից-ազգակցին։ Հայ-ադրբեջանական թնջուկի դեպքում իրավիճակը այդքան էլ ակնհայտ չէ։ Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանում համարժեքորեն ընկալվում են որպես բարեկամ երկրներ։ Երկու ժողովուրդներն էլ Ռուսաստանում ներկայացված են բազմաքանակ համայնքներով։ Մոսկվայում ապրած և սովորած Ալիևը ևս ընկալվում է որպես «մեր մարդ» (наш человек): Գաղտնիք չէ, որ Հայաստանի ներկա ղեկավարության մի շարք որոշումներ Մոսկվայում արժանացել են, մեղմ ասած, ոչ միանշանակ արձագանքի։ Որակապես տարբերվում է նաև թնջուկների միջազգային ենթատեքստը։ Ադրբեջանի հարձակումը դիվանագիտական և ռազմական դաշտերում միանշանակ սպասելի պաշտպանեց Թուրքիան։ Լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր՝ Թուրքիան իր հարուցած խնդիրներով, ամբիցիաներով հաստատ չի տեղավորվում Եվրոպայում ԱՄՆ-ի «նորմալ» դաշնակիցների շարքում։ Եվրոպական համարյա բոլոր երկրների հետ Թուրքիան ունի խնդիրներ, իսկ ԱՄՆ-ից հետո արևմտյան երկրորդ խոշոր միջուկային տերության՝ Ֆրանսիայի հետ հարաբերությունները գրեթե թշնամական են։ Թուրքիայի հետ ռազմական բախում Մոսկվայում հաստատ չեն ենթադրում, իսկ պարբերաբար մանր-մունր բախումները Սիրիայում միշտ էլ ավարտվել են դիվանագիտական այմանավորվածություններով: Ռուսաստանի համար Արցախի հարցը ո՛չ անվտանգային է, ո՛չ էլ՝ գոյաբանական։ Այն ավելի շուտ դիվանագիտական համագործակցության, խաղերի և, ներողություն, մանրադրամի դաշտում է։ Առավել ևս, որ Մինսկի խումբը Ռուսաստանում միշտ էլ ընկալվել է որպես իր ազդեցության գոտի արևմտյան ներթափանցման գործիք։
Միջազգային այդ ձևաչափը գոյություն ունի 1992 թվականից և Ռուսաստանում ասոցացվում է որպես իր նորագույն պատմության ամենաթույլ շրջանի դիվանագիտական մնացուկ (արտեֆակտ)։
Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը կատարում է արտաքին մարտահրավերների իր դասակարգումը։ Արցախյան խնդիրը Ռուսաստանի դեպքում պարունակում է ընդամենը դիվանագիտական խաղի տարրեր։ Բելառուսական խնդրի հանգուցալուծման ճանապարհին Ռուսաստանը արտաքին ակտորների կարիք չէր զգում, քանի որ հասկանում էր, որ դրսից ցանկացած միջամտություն կբերի իր համար բալանսի անբարենպաստ փոփոխության։ Իսկ արցախյան խնդրում Թուրքիայի հետ համագործակցությունը, ռուսների կարծիքով, ընդհակառակը, բերեց նրան, որ սառեցվեց ԱՄՆ-ի և Եվրոպայի՝ հետխորհրդային տարածքի վրա ազդեցության կարևորագույն լծակներից մեկը։ Հրաժարվելով արցախյան խնդրում պատասխանատվությունից՝ Ռուսաստանը ավելի շատ շահում է, քան կորցնում: Ժամանակակից պայմաններում դժվար է ակնկալել, որ Ռուսաստանը կշարունակի նույն կայսերապաշտական քաղաքականություը, ինչպես նախորդ դարաշրջաններում։ Ռուսաստանը, ի տարբերություն Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի կամ Ֆրանսիայի այսպես, թե այնպես պահպանեց ակտիվ զավթողականության շրջանի իր գլխավոր ձեռքբերումը՝ Ուրալից մինչև Խաղաղ օվկիանոս ընկած հսկայական տարածությունը։ Ռուսները գտնում են, որ այդ տարածքները Ռուսաստանի միակ ձեռքբերումն են, ինչը ռուսներին օգուտ է բերել, ոչ թե կորուստներ, ինչը չի կարելի ասել Մերձբալթիկայից մինչ Պամիր ընկած տարածքների մասին: Հայաստանում պետք է հասկանան, որ իրենց խնդիրների լուծմանը ռուսական շահագրգիռ մասնակցություն կարող են ակնկալել միայն Ռուսաստանի անվտանգության համար ծայրահեղ կարևորություն ներկայացնող երկրները: Հետխորհրդային տարածքում կա ընդամենը երկու այդպիսի երկիր՝ Ղազախստանը և Բելառուսը։
Տողերիս հեղինակը արդեն առիթ ունեցել է անդրադառնալու գերտերությունների կողմից իրենց դաշնակցային պարտավորությունների կատարման կամ դրանցից հրաժարվելու ֆենոմենին։ Քաղաքագիտության մեջ այժմեական է դառնում հարցը, թե ինչո՞ւ գերտերությունը պետք է փնտրի դաշնակիցների, եթե ինքնուրույն լուծում է իր անվտանգային, ինչն էլ նշանակում է, նաև իր անվտանգ զարգացման խնդիրները։ Չի կարելի չնկատել, որ միջազգային անվտանգային ինստիտուտները խոր ճգնաժամի մեջ են, և որքան ավելի հաճախ մեծ տերությունները խնայեն իրենց ուժերը՝ կապված միայն իրենց համար կոնկրետ առանձնացված առաջնահերթությունների հետ, այնքան քիչ է հույսը, որ առաջացող մարտահրավերներին ընդհանուր ուժերով դիմագրավելու կամք կդրսևորվի։
Որքան էլ երրորդ աշխարհի երկրները դժգոհեն, միջուկային ակումբի առաջատար 5 երկրները չեն կարող ունենալ դաշնակիցներ՝ ապրիորի։ Նրանց վերաբերմունքը մյուս երկրների նկատմամբ միշտ էլ կձևավորվի ռազմական առավելության անմրցելի դիրքերից։ Ինչը Ջորջ Օրուելի (անգլիացի գրող Էրիկ Բլեր) խոսքերով՝ ստեղծում է պերմանենտ «սառը պատերազմի» նախադրյալներ նրանց և աշխարհի մնացյալ երկրների միջև։ ԱՄՆ-ի դաշինքը Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի իր մյուս դաշնակիցների հետ հիմնված է այդ երկրի բացարձակ ռազմական գերակայության վրա և հենց այդ պատճառով է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում կենտրոնական հարցը ստեղծման օրվանից ի վեր մեկն է՝ որքանով է Վաշինգտոնը պատրաստ իր վրա վերցնել այն ռիսկերը, որոնք նպաստելու են մնացած մասնակիցների շահերի իրացմանը։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 1956 թվականին, Ֆրանսիան Ալժիրում և Հնդկաչինում գաղութային պատերազմների ընթացքում, Անգլիան Ֆոլկլենդյան կղզիների համար Արգենտինայի հետ պատերազմում ամբողջ ծավալով գիտակցեցին, որ իրենց գլխավոր դաշնակիցը իրենց կաջակցի միայն այն դեպքերում, երբ դա 100 տոկոսով կհամապատասխանի իր ազգային շահերին։ Տրամաբանական հարց է, թե Հայաստանը, որպես կրտսեր դաշնակից, կարո՞ղ է ակնկալել Ռուսաստանի աջակցությունը այս դժվար օրերին։ Այո՛, իհարկե։ Բայց ընդամենը մեկ դեպքում։ Եթե միջազգային ենթատեքստը ձևավորվի հօգուտ Հայաստանի, և կոնկրետ մեր տարածաշրջանում Ռուսաստանի շահերը գերակա լինեն, և Հայաստանին օգնելը նպաստի իր ազգային անվտանգային համակարգի էլ ավելի ուժեղացմանը։
Հետևություն. ռուսական ռազմական ներկայությունը Արցախում պայմանավորված կլինի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվելիք համաձայնություններով։ Ուրիշ որևէ գործոն չի աշխատելու:
Մենք իրավունք չունենք բացարձակացնել Արցախում ռազմական ստորաբաժանում պահելու ռուսական ցանկությունը։ Պետք է արձանագրենք, որ նկատելի է մեծ տերությունների միտումը իրենց սահմաններից դուրս ռազմական ստորաբաժանումների կրճատման առումով։ Ռուսաստանը բացառություն չէ: Մենք չենք կարող նշել որևէ չորրորդ երկիր, որի հետ միությունը կարող է ունենալ կենսական նշանակություն Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Չինաստանի համար: Ավելին, աշխարհն այսօր արդեն կախված չէ ինստիտուցիոնալ համակարգերից: Ավելի շատ դերակատարություն է ձեռք բերում ռազմական լուծումների կործանարարության գիտակցումը:
Ձևական դաշնակիցների առկայությունը կամ բացակայությունը նույնպես փոխում է այս իրավիճակի բնույթը:
2020 թվականի աշնանը հայկական ամենամեծ պատրանքն այն էր, որ Ռուսաստանը պետք է պայքարի Հայաստանի շահերի համար, սակայն ճշմարտությունն այն է, որ Հայաստանը պետք է պայքարի տարածաշրջանում Ռուսաստանի շահերը պաշտպանելու համար: Երկիրը միայն սեփական հնարավորություններին ռացիոնալ գնահատական տալու դեպքում կարող է ճիշտ գնահատել իր տեղը գերտերության շահերի համակարգում, որպեսզի հասնի նրան, որ սուբյեկտիվ ինքնագնահատականը ձգտի օբյեկտիվ իրականության գոնե արտացոլմանը: Արդեն ասվել է, որ իրավիճակային (սիտուատիվ) դաշնակիցների առկայությունը կարող է ավելի շատ նպաստել նույն Ռուսաստանի ազգային անվտանգության խնդիրների լուծմանն այն դեպքում, երբ ինստիտուցիոնալ դաշնակիցները այդ առումով խնդիրներ հարուցեն: Հետխորհրդային տարածքում Ռուսատանի անցումը նոր քաղաքականության հանկարծակի տեղի չունեցավ: 2014-2015 թվականների դրամատիկ իրադարձությունները չդարձան Խորհրդային Միության վերականգնման սկիզբը: Այն ժամանակ չկար գիտակցումը, որ Ռուսաստանը, լուծելով Ղրիմի հարցը, լուծում է ընդամենը սեփական անվտանգության խնդիրը, ոչ թե ստեղծում է անվտանգային գոտի բոլորի համար: Ե՛վ այն ժամանակ, և՛ այսօր Ռուսաստանը չի մտահոգվել և չի մտահոգվելու ուկրաինական ժողովրդի ճակատագրով: Ժամանակն է հասկանալ, որ մարդկության պատմության ամբողջ ընթացքում ոչ մի գերտերություն իր առջև չի դրել և չի լուծել ալտրուիստական (այլասիրական) խնդիրներ: Համարյա միաժամանակ Ռուսաստանը ընկալեց, որ Չինաստանի ուշադրությունը դեպի Կենտրոնական Ասիա իրեն ոչնչով չի սպառնում: Դրանով կարելի է բացատրել Ռուսաստանի բարյացակամ վերաբերմունքը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը: 2020 թվականին Թուրքիան հսկայական դերակատարություն ունեցավ Այսրկովկասում ուժերի հարաբերակցության փոփոխության գործում: Մենք պետք է գիտակցենք, որ արցախյան հարցի լուծման ներկա ընթացքը, ստեղծված միջազգային պայմանները շատ ավելի հարմարավետ են Ռուսաստանի համար, քան մինչև 2020 թվականի սեպտեմբերը: Հիմա Ռուսաստանը այստեղ տեղակայել է իր խաղաղապահներին և ստանձնել Բիսմարկի խոսքերով՝ «արդար մակլերի» դերը:
Ցանկանում է դա Էրդողանը, թե ոչ, սակայն իր ղեկավարած Թուրքիան, մնալով ՆԱՏՕ-ի անդամ, ներքաշվել է իր եսասիրական շահերը հետապնդող Ռուսաստանի ուժային քաղաքականության ուղեծրի մեջ:
Պատրանքներից պետք է հրաժարվել: Հարավային Կովկասը շարունակում է մնալ միջազգային փոխազդեցության գոտի, որտեղ մասնակիցների քանակը սահմանափակված է ռուսական շահերի նկատմամբ իրենց մտադրություններով կամ դիտավորություններով: Մերձդնեստրը Ռուսաստանի համար նշանակություն ունի միայն ՆԱՏՕ-ում Ռումինիայի դերի ռազմական պլանավորման առումով: Կենտրոնական Ասիան Ռուսաստանի համար Չինաստանի հետ համագործակցության տարածք է, ինչը բացառում է Արևմուտքի ակտիվ ներթափանցումը և իսլամ արմատականների ակտիվացումը: Ռուսաստանի շուրջ գտնվող կամ նրա ազդեցության ենթակա երկրների քաղաքական ռեժիմները, Ռուսաստանի հետ հարաբերությունների ինստիտուցիոնալ ձևաչափը Մոսկվայի համար որևէ նշանակություն չունեն, ամեն ինչ որոշվում է, եթե այդպես կարելի է ասել, կոնտենտ վերլուծությամբ: Օրինակ՝ Ղրղզստանում պետական յուրաքանչյուր հեղաշրջում ուղեկցվում է նոր իշխանությունների կողմից ռուսական առաջնահերթությունների և շահերի անսասանելիության վերաբերյալ սրտաճմլիկ երդումներով: Ընդ որում, բնավ չպետք է հուսալ, որ Ռուսաստանի հրաժարումը որևէ մեկին հովանավորելուց կամ որևէ մեկի հետ «հատուկ հարաբերություններ» զարգացնելուց չմիջամտելու երաշխիք է այն իրավիճակներում, որոնք վտանգ կներկայացնեն ռուսական շահերի տեսանկյունից: Հայաստանի դեպքում, եթե Փաշինյանը նույնիսկ կես ժամը մեկ հայտարարի իր նվիրվածությունը ռուսական գերակա շահերին, «կոնտենտ վերլուծության» ձևաչափում ինքը քննությունը չի անցել հենց առաջին իսկ պահից:
Պատրանք է, որ Թուրքիան, էլ չասած՝ խղճուկ Ադրբեջանը, ի զորու են առանց Ռուսաստանի գիտության և թողտվության հատել այն կարմիր գծերը, որոնք նախանշել է Ռուսաստանը Հարավային Կովկասում: Հայաստանի խնդիրն է ոչ թե փորձել արևմտյան ներգրավվածության ավելացնելով հարուցել Ռուսաստանի ավելի լուրջ դժգոհությունը, այլ ստիպել, որպեսզի և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը հատեն կարմիր գծերը: Մաթեմատիկայի լեզվով ասած՝ դրա համար անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայմանն այն է, որ պետք է դադարել Ռուսաստանի հետ խոսել վերջնագրերի լեզվով, ինչը պարբերաբար անում է Հայաստանի ԱԽՔ-ը, չփորձել անընդհատ կասկածի տակ դնել Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ստեղծված ինտեգրացիոն կառույցները, բանակի և ուժի նկատմամբ միշտ արտակարգ հարգանք դրսևորող Ռուսաստանի աչքի առաջ առիթ-անառիթ չմրոտել իրենց իսկ բանակի նմանակին՝ Հայոց բանակին և հնարավորինս քիչ նվնվալ՝ սեփական անզորությունը բարդելով ուրիշների վզին: Հայերս պետք է մեր ականջին օղ անենք մի պարզ ճշմարտություն. «ռնգեղջյուրը վատ տեսողություն ունի, սակայն դա նախևառաջ ոչ թե ռնգեղջյուրի խնդիրն է, այլ շրջապատի»:
Սարգիս Սարգսյան