Առաջին Հանրապետության հետախուզական ծառայության կարկառուն դեմքերը. Լևոն Բաշինջաղյան
09 Օգոստոս 2023
Առաջին հանրապետությունը կազմակերպված պետություն էր, և ինչպես ամեն մի պետություն որոշակի ջանքեր գործադրեց՝ ունենալու ինչպես կառավարման պետական մարմիններ, խորհրդարան, այնպես էլ բանակ, միլիցիա և ներքին գործերի մարմիններ, նաև առ այսօր պատմաբանների հետազոտման դաշտից դուրս մնացած հատուկ ծառայություններ՝ հետախուզական և հակահետախուզական կառույցներ, որտեղ աշխատում էին հիրավի նվիրյալներ: ՀՀ գլխավոր շտաբի հետախուզական և հակահետախուզական բաժանմունքի պետը նրա ստեղծման իսկ պահից Սարդարապատի ճակատամարտի հերոս, բազմահմուտ փոխգնդապետ Ա. Կ. Շնեուրն էր: 1919 թ. սեպտեմբերից սկսած մինչև 1920 թ. ապրիլը այդ բաժանմունքի պետն է եղել կապիտան Վ. Գ. Մուրադյանը, որն անկուսակցական էր: 1920 թ. ապրիլից մինչև հունիսի վերջը հետախուզական բաժանմունքի գործունեությունը ղեկավարել է Տ. Թ. Դևոյանցը, որը ՀՅԴ անդամ էր, Դրոյի դասընկերը, հենց որի գլխավորությամբ էլ 1919 թ. կեսերին Թուրքիայի սրտում՝ Կ. Պոլսում, գաղտնի ձևավորվեց և մինչև 1920 թ. սկիզբը գործեց հայկական հետախուզական խումբը, որը Հայաստան էր առաքում միանգամայն արժեքավոր հետախուզական տեղեկություններ Թուրքիայի, Անդրկովկասի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, հայկական սահմանի ողջ երկայնքով թուրքական զորքերի տեղաշարժերի մասին և այլն, իսկ արդեն 1920 թ. հուլիսից մինչև Հա-յաստանի խորհրդայնացումը՝ դեկտեմբերի 2-ը, այդ կառույցը գլխավորել է Մ. Ն. Դոդոխյանը:
Հետախուզության բաժանմունքում և նրա ենթաճյուղերում աշխատում էր պոդպորուչիկ Լևոն Գևորգի Բաշինջաղյանը (հանձնարարութ-յունների գծով սպա, այնուհետև` հետախուզության ռեզիդենտ Վրաս-տանում): Լևոն Գևորգի Բաշինջաղյանը (կեղծանունը՝ Լևոն Բաշ) հանրաճանաչ հայ նկարիչ և բանաստեղծ Գևորգ Զաքարի Բաշինջաղյանի չորս որդիներից ավագն էր, որի մասին խորհրդային հայտնի հետախույզ Կարեն Արմենի Խաչատուրովը չափազանց մեծ դրվատան-քով է արտահայտվում:
Նա ծնվել է Թիֆլիսում [04.01.1884/93 – 11.10.1938] հայտնի նկարչի ու մտավորականի ընտանիքում և վախճանվել 1938 թվականին: Դատելով ժամանակակիցների մի շարք արժանահիշատակ վկայություն-ներից՝ Լևոն Բաշինջաղյանը ևս տաղանդավոր նկարիչ էր ու ինքնատիպ բանաստեղծ: Պահպանվել է Լ. Բաշինջաղյանի շատ հետաքրքիր և տպավորություններով լի «Կովկասյան օրագիրը», որը վե-րաբերում է Առաջին աշխարհամարտի 1918 թ. իրադարձություններին:
Ավագ եղբայրը՝ կովկասագետ, ազգագրագետ-երկրագետ Արմեն Գևորգի Բաշինջաղյանը (1903-17․10․1938) ևս գրեթե նույն ճակատագիրն է ունեցել։ Արմեն Բաշինջաղյանը 1930 թ․ մարտից եղել է ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի կովկասյան կաբինետի գիտատեխնիկական աշխատակից, այնուհետև՝ կաբինետի քարտուղարը, այնուհետև՝ նյութական մշակույթի պատմության պետական ակադեմիայի (վերանվանվել է 1926 թ․, մինչ այդ եղել է նյութական մշակույթի պատմության ռուսաստանյան ակադեմիա) ասպիրանտ (1930-1935 թթ․), որտեղ «Ֆեոդալիզմը Հայաստանում և Մանանդյանի պատմական կոնցեպցիան» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն․ եղբոր նման ինքն էլ է եղել ակադեմիկոս Նիկողայոս Մառի լեզվաբանական-ազգարական-հնագիտական գիտախմբի և դպրոցի համակիր և մասնակից։ Սակայն ինչպես և իր տաղանդավոր եղբայրը՝ հետախույզ-գիտնական Լևոն Բաշինջաղյանը, 1938 թ․ փետրվարի 4-ին անհիմն ձերբակալվել է և ստալինյան ԽՍՀՄ ՆԳԺԿ հատուկ եռյակի որոշմամբ դատապարտվել պատժի բարձրագուն ձևին՝ մահապատժի, որն ի կատար է ածվել 1938 թ․ հոկտեմբերի 17-ին Լենինգրադում։
Լևոն Բաշինջաղյանի՝ որպես հասուն մարդու կայացման առաջին իսկ քայլերը եղել են հստակ և անպաճույճ: Դեռևս 20-րդ դարասկզբին` 1903-1912 թթ., Լևոն Բաշինջաղյանն ավարտել է Թիֆլիսյան 3-րդ գիմնազիան, իսկ 1913-1916 թթ. եղել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ուսանող:
Այնուհետև նա դարձել է հայտնի Պավլովյան յունկերական ուսում-նարանի սան: Առաջին աշխարհամարտը նոր և անակնկալներով, ինչպես նաև փորձություններով հագեցած էջ է բացում նրա ճա-կատագրում․ Լևոն Բաշինջաղյանը զորակոչվում է ցարական բանակ: Արդեն 1917 թ. փետրվարից դառնում է ռուսական կովկասյան բանակի մարտական սպա:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո Լևոն Բաշինջաղյանը դառնում է նոր ոտքի կանգնող և կայացման ձգտող հայկական պետության պետական անվտանգության համակարգի` հետախուզական ծառայության կարկառուն դեմքերից և նոր պետականության համար կենսականորեն կարևոր, գործնականում խիստ անհրաժեշտ ուժային կառույցների ձևավորման մասնակիցներից և հիրավի երդվյալ նվիրյալներից մեկը: Այդ կապակցությամբ պրոֆեսոր Կարեն Խաչատուրովը ջերմությամբ անդրադառնալով Լևոն Բաշինջաղյանի կերպարին և հիշատակումներ անելով նրա «Կովկասյան ձեռագիր» օրագրի մասին՝ հաստատում է, որ դրանում հետաքրքիր փաստեր կան 1918 թ. գարնանից մինչև 1920 թ. հունվար ամիսը տեղի ունեցած պատմաքաղաքական իրադարձությունների մասին` Առաջին հանրապետության հռչակումից մինչև ՀՀ դե ֆակտո ճանաչումը դաշ-նակիցների կողմից: Եվ ինչպես ակնհայտ է դառնում Հայկական դիվիզիայի գծով ՀՀ զինվորական նախարարի 1918 թ. օգոստոսի 26-ի հրա-մանագրից, Հայաստանի Հանրապետության հակահետախուզության պետ Բաշինջաղյանը վերագործուղվել էր գլխավոր շտաբ՝ հատուկ հանձնարարությունների համար:
Բավականաչափ հետաքրքիր է գլխավոր շտաբի հետախուզական մի ամփոփագիր (N 8), որը վերաբերում է մինչև 1919 թ. հունվարի 5-ը ընկած ժամանակահատվածում Կարսի մարզում ծավալված իրադար-ձություններին ու զանազան անցքերին: Ամփոփագրի հեղինակը` հանձնարարությունների գծով սպա Լ. Բաշինջաղյանը, անդրադառնում է Կարսի մարզի որոշ զորամասերում իշխող կարգուկանոնին՝ շեշտելով, որ չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ դասալքությունը շարունակվում է՝ զուգահեռաբար անդրադառնալով նաև մնացած ոչ մեծա-թիվ թուրքական զորամասերում իշխող իրավիճակին, թուրք սպաների լայն քարոզչության մասին Կարսի մարզի բնակչության և մասնավորապես քրդերի մեջ` ընդդեմ հայերի: Տեղեկագրում նշվում էր, որ մարզի թուրքական բնակչությունը լավ զինված է՝ փաստելով, որ Կաղզվանի օկրուգի Նախիջևանի շրջանում, Դիգորում և այլ գյուղերում, ինչպես նաև Կիզիլ-Չախչախ (կամ Ղըզըլ-Չախչախ) կայարանում թուրքերի կողմից մթերքի մեծ պաշարներ են կուտակվել: Վերջնամասում նշվում էր Շահթախթիի թաթարների ակտիվության, ինչպես նաև քրդերի եռանդուն կուտակումների մասին Արալիխի շրջանում՝ Բաշքենդ, Օրթաքենդ, Շախլեր և այլ գյուղերում:
Բաշինջաղյանը կատարելով գլխավոր շտաբի հանձնարարականները՝ հայտնվում էր Հայաստանի թեժ կետերում՝ ադրբեջանահայկական հակամարտության գոտում: Նախիջևանում հակառակորդի հակահայկական գործողությունների, գործակալական ցանցի մասին հետաքրքիր փաստեր են պարունակվում հատուկ բաժնի պետի 1919 թ. մարտի 13-ի զեկուցագրում (N 136), որի տակ ստորագրել է հանձնարարությունների գծով սպա, պոդպորուչիկ Բաշինջաղյանը: Փաստեր էին բերվում «Նախիջևանյան Հանրապետության» մասին՝ նշե-լով, որ այդ նպատակով Թիֆլիս-Ելիզավետպոլ-Բաքու է ուղարկվել Բագրամ խանը՝ ընդգծելով, որ անգլիացիները նրան շատ սիրալիր են ընդունել՝ սկզբունքորեն ընդունելով նախիջևանյան այդ կառավարու-թյան նպատակները: Ասվում էր, որ Բագրամ խանը արժանացել է ընդունելության Վրաստանի վարչապետի և արտաքին գործերի նախարարի կողմից, որոնք շնորհավորել են վերջինիս նախիջևանյան կառա-վարության հաջողությունների կապակցությամբ՝ Հայաստանի դեմ պայքարում՝ խնդրելով ողջունել փառապանծ թաթարական զորքերին: Նշվում էր, որ Բագրամ խանի նպատակներից մեկն էլ Ելիզավետպոլից և Բաքվից օգնության ձեռքբերումն է փողով և զենք ու զինամթերքով, որ խռովարարներն ունեն Պարսկաստանից բերված մեծ քանակությամբ փամփուշտներ, զինվորական հրահանգավորումը անցկացվում է թուր-քական և ադրբեջանական սպաների կողմից, որոնց ղեկավարում էր Խալիլ բեյը: Այդ կապակցությամբ նաև նշվում էր, որ ձերբակալվել է նախիջևանյան կառավարության հրահանգով Երևան ժամանած Հաջի Ռիզա Քասումբեկովը` լրտեսության մեղադրանքով, որից պահանջվել է վճարել 100 հազար ռուբլի տուգանք և հեռանալ Թավրիզ՝ նշելով, որ Նախիջևանի և Բաքվի միջև պահպանվում է կայուն հեռագրակապ՝ Թավրիզ-Թեհրան գծով:
Տեղեկատվության մեջ նշվում էր նաև, որ ապս-տամբների համար անհրաժեշտ հաղորդակցությունն իրականացվում է Մակու-Բայազետ-Ղարաքիլիսա գծով:
Արտաքին գործերի նախարարին հասցեագրված 1919 թ. ապրիլի 5-ի (N 91) գրությունում գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Դո-լուխանյանը և բաժանմունքի պետի պաշտոնակատար պոդպորուչիկ Բաշինջաղյանը տեղեկացնում էին, որ Արալիխի շրջանում (Բաշքենդ) կենտրոնացած են 3000 թաթարներ ու քրդեր, որոնցից 1000-ը ոչ վաղուց եկել են Մակուից:
Զինվորական գերատեսչության գծով մի այլ փաստաթղթում՝ թվագրված 1919 թ. հուլիսի 25-ի դրությամբ, արձանագրվում է, որ գեներալ Հ. Քիշմիշյանից ստացված հուլիսի 18-ի գրությամբ (No 1220) պարզ է դարձել, որ ինքն արդեն անցել է իր նոր պարտականությունների կատարմանը: Զինվորական գերատեսչության գծով 1919 թ. հոկտեմբերի 20-ի (N 271) հրամանի համաձայն՝ Բաթումի մարզում զինվորական կցորդ է նշանակվում պորուչիկ Անիևը, Բորչալուի գավառի չեզոք գոտու նահանգապետին առընթեր պորուչիկ Լ. Բաշինջաղյանը:
Ինչպես տեսնում ենք, ՀՀ հռչակման պահից սկսած՝ պոդպորուչիկ Լևոն Գեորգիի Բաշինջաղյանը գլխավոր շտաբի հետախուզական և հակահետախուզական բաժանմունքի կազմում էր, նրա տարբեր ենթա-ճյուղերում: Եվ եթե Լ. Բաշինջաղյանը 1918-1919 թթ. հանձնարարութ-յունների գծով սպա էր, ապա 1920 թվականի սկզբին՝ ՀՀ զինվորական դատարանի քարտուղարի օգնական, իսկ այնուհետև` հետախուզության ռեզիդենտ Վրաստանում, որտեղ հետախուզական ծառայությունը փաստացի ղեկավարում էր գեներալ-մայոր Հովսեփ Արտեմի Քիշմիշյանը, որը համակողմանի պատրաստված կիրթ անձնավորություն էր, տիրապետում էր ֆրանսերենին և մի շարք այլ լեզուների, ինչը կարևոր էր այլ երկրների ռազմաքաղաքական ներկայացուցչությունների հետ հարաբերվելու տեսանկյունից:
1920 թ. ապրիլի 5-ի N 108 զեկուցագրում Հ. Քիշմիշյանը հայտնում էր այն մասին, որ զինվորական գործի գլուխ կանգնած անձանց հերթա-փոխության խնդիրը իրեն մղում է անհապաղ զեկուցելու, որ զինվորական գործակալի վրա դրված գլխավոր խնդիրներից մեկը հետախուզության կազմակերպումն է՝ ընդգծելով, որ այդ նպատակով իր կողմից գրվել է մանրամասն հրահանգ, որն այնուհետև հաստատվել է զինվորական նախարարի կողմից: Սակայն Քիշմիշյանը դժգոհում էր, որ ո՛չ նյութական միջոցները, ո՛չ էլ այդ բնագավառում իրավասու անձինք իր մոտ չեն ուղարկվել, եթե նկատի չառնվի պոդպորուչիկ Բաշինջաղյանի գործուղումը (ի դեպ, դիվանագիտական հավատարմատարին կից զինվորական վարչության ղեկավարի կարգադրության տակ գտնվող պոդպորուչիկ Լևոն Գեորգիի Բաշինջաղյանը որոշ ժամանակ անց նշանակվում է Բորչալուի գավառի «Չեզոք» գոտու ղեկավարությունը իրականացնող ամերիկյան սպային կից կապերի գծով սպա, ինչի մասին հաղորդվում էր ՀՀ զինվորական գերատեսչության 1920 թ. նոյեմբերի 13-ի հրամանում (N 467)՝ հիմք ընդունելով զինվորական կցորդի N 284 զեկուցագիրը): Քիշմիշյանը սակայն հայտնում է վերջինիս, որ, ժամանելով նոյեմբերհունվարին, պոդպորուչիկ Բաշինջաղյանը հեռացել է անհայտ հասցեով` ո՛չ մեկին տեղյակ չպահելով (ակնհայտ է, որ այս հանգամանքը նյարդային վիճակի մեջ էր գցել գեներալ Քիշմիշյանին, ինքնին հասկանալի է, որ նա չէր էլ կարող ամեն ինչի մասին տեղյակ լինել, և բոլոր օղակները չեն, որ պետք է ենթարկվեին իրեն, վերջին հաշվով, դա հատուկ ծառայություն էր, և ամեն մեկն ուներ իր իրավասությունների շրջանակը՝ գումարած այն հանգամանքը, որ հայկական հետախուզության կառուցվածքը նոր-նոր էր ձևավորվում և շատ բան դեռ հստակ չէր – Վ. Վ.):
Վերոհիշյալ հանգամանքը հաստատում է նաև հենց Քիշմիշյանը՝ Բաշինջաղյանի վարքագծից եզրահանգելով, որ վերջինս գործուղվել է ինքնուրույն գործառություններով: Այդ մասին գեներալ Քիշմիշյանը կարող էր տեղյակ չլինել, քանզի Լ. Գ. Բաշինջաղյանը Թիֆլիս էր գործուղվել դեռևս նախկին դիվանագիտական հավատարմատար Լ. Գ. Եվանգուլյանի ժամանակ: Այդ մասին մենք տեղեկանում ենք Սաշա (Ալեքսանդր) Խա-տիսյանի 1919 թ. հուլիսի 14-ի հեռագրից` ուղղված Լեոյին (Լևոնին՝ Լ. Եվանգուլյանին), որով խնդրվում էր հիշատակվող գրությամբ ներկայացող Լ. Գ. Բաշինջաղյանին լիովին վստահել մեր քաղաքականութ-յան բոլոր գաղտնիքները՝ ընդգծելով, որ նա գլխավոր շտաբի հետախուզական բաժանմունքից է: Ալ. Խատիսյանը սույն գրությամբ խնդրում էր Լ. Բաշինջաղյանին հնարավորություն տալ հարաբերությունների մեջ մտնելու բոլոր այն անձանց հետ, որոնց հետ ինքը նպատակահարմար կգտնի` նրան հետաքրքրող ցանկացած հարցի վերաբերյալ՝ նաև տեղեկացնելով, որ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մեջ են եղել կամավորական բանակի մտադրությունները, անգլիացիների բռնած դիրքորոշումը և այլ խնդիրներ:
Հենց այդ հանգամանքն էլ առաջ էր բերում գեներալ Հ. Քիշմիշյանի դժգոհությունը, որը ցանկանում էր ըմբռնել իրավիճակի բոլոր նրբե-րանգները, տնօրինել կադրուժը: Այդպես շարունակվում է նրա գործու-նեությունը: 1920 թ. մարտի 22-ին (N Po 180) ՀՀ զինվորական նախարարության գլխավոր շտաբի հետախուզական բաժանմունքի պետ, կապիտան Տ. Դևոյանցը կառավարությանն առընթեր հատուկ հանձ-նարարությունների գծով սպային ուղղված գաղտնի հեռագրում հայտնում էր, որ զորքերի հրամանատարը համաձայն է գործուղել պոդպորուչիկ Լևոն Բաշինջաղյանին զբաղեցված պաշտոնից ազատվելու պայմանով: Իսկ արդեն գլխավոր շտաբի պետին հասցեագրված 1920 թ. մարտի 24-ի (N 2518) հեռագրում ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը՝ ի պատասխան N 5495 տեսչական գրության և նկատի ունենալով պորուչիկ Բաշինջաղյանի զբաղեցրած պաշտոնում որպես ԱԳ նախարարի անձնական քարտուղար մնալու ծայրահեղ անհրաժեշտությունը և նախարարության ծառայողների կադրային փոքր թվաքանակը՝ խնդրում էր համապատասխան զեկույցը ներկայացնել զինվորական նախարարին՝ Բաշինջաղյանին բանակի պահեստազոր տեղափոխելու մասին դրան հաջորդող հրամանագրի արձակմամբ:
Գլխավոր շտաբի պետին ուղղված 1920 թ. մարտի 25-ի (N 1881) գաղտնի հեռագրում ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հիմք ընդունելով հետախուզական բաժանմունքի պետի դիմումագիրը՝ տեղեկացնում էր, որ արտգործնախարարությանը փոխանցելով զորքերի հրամանատարի գրությունը Բաշինջաղյանի գործուղման մասին՝ միաժամանակ խնդրում է զեկուցել զինվորական նախարարին՝ տեղափոխման օրինականացման համար զինվորական գերատես-չության և արտգործնախարարության գծով հրամանագրեր արձակե-լով: 1920 թ. ապրիլի 24-ին (N 6829) գլխավոր շտաբի տեսչական բաժնի պետը ԱԳ նախարարություն ուղարկված պաշտոնագրում հաղորդում էր, որ ինքը շտաբի պետի հրամանով իրազեկում էր, որ պորուչիկ Բաշինջաղյանը կարող է ընդհանուր հիմունքների հիման վրա բանակից արձակվել պահեստազոր, այսինքն՝ եթե զինվորական հոսպիտալի բժշկական հանձնաժողովի հիմնավորմամբ պարզվի, որ նա առողջական վիճակով պիտանի չէ զինվորական ծառայության համար: Իսկ արդեն ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարի 1920 թ. մայիսի 5-ի (N 2779) գրությունից պարզվում է, որ պոդպորուչիկ Լևոն Գեորգիի Բաշինջաղյանը իրոք ՀՀ արտաքին գործերի նախարարության անձնական քարտուղար է: Այդ մասին կա նաև Ալ. Խատիսյանի համապատասխան միջամտության վերաբերյալ մայիսի 26-ի (N 2764) հավաստումը, որով Մանասյանի հետ ունեցած զրույցից հետո Լ. Բաշինջաղյանը ետ է կանչվում Դիլիջանից:
Լ. Բաշինջաղյանի հետախուզականզինվորական կենսագրությունում բեկումնային են դառնում 1920 թ. նոյեմբեր-դեկտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանգեցնում են խորհրդային կարգերի հաստատմանը: Այդ ժամանակաշրջանը բարդ էր և խճճված, ինչը անդրադառնում է նաև Լ. Բաշինջաղյանի կյանքի և հետախուզա-կան կենսագրության հետագա ընթացքի վրա:
Խորհրդային կարգերի հաստատման և արդեն տիրապետության ընթացքում նա անցնում է կյանքի մեծ բովով՝ դառնալով ականավոր կովկասագետ և արևելագետ-լեզվաբան, պրոֆեսոր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի լեզվի և մտածողության ինստիտուտի գիտքարտուղար: Լ. Բաշինջաղյանը Ն. Յ. Մառի մերձավորներից էր:
1920 թ. դեկտեմբերին -1921 թ. փետրվարին եղել է Երևանի լուսժողկոմի արվեստի բաժնի քարտուղարը: Սակայն մինչև ՀԽՍՀ լուսժողկոմի տրամադրության տակ անցնելը նա հայտնվում է խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվածների ցուցակում, որպես նախկին՝ դաշնակցական կառավարության ռազմական «կոնտր-ռազվեդկայի» պետերից մեկը, որն անբարեհույս էր համարվում և հայտնի էր իր սկզբունքային առումով ինքնատիպ և առողջ դիրքորոշմամբ ՀՀ կառավարության ռազմավարության հիմնախնդիրներում: Սակայն այս գործի ընթացքին վճռական և համարձակ միջամտություն է ցուցաբերում ՀՀ լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանը, որը 1921 թ. հունվարի 26-ի գրությամբ՝ ուղղված Հայհեղկոմի նախագահ Ս. Կասյանին, խնդրում էր լուսժողկոմի արվեստի բաժնի քարտուղար, նախ-կին սպա Լևոն Բաշինջաղյանին՝ իբրև անփոխարինելի և անհրաժեշտ աշխատակցի, դուրս բերել Ռուսաստան ուղարկվող նախկին սպաների ցուցակից և իր երաշխավորությամբ թողնել իր տրամադրության տակ:
Այնուհետև Լ. Բաշինջաղյանը 1921 -1923 թթ. թղթակցել է լուսժող-կոմի «Пламя» ամսագրին, եղել նրա առավել գործունյա թղթակիցներից մեկը:
1921 թ. մայիսից մինչև 1922 թ. նոյեմբերը աշխատել է Թավրիզում, գեղարվեստական ստուդիայում՝ որպես ռուսաց լեզվի դասախոս:
1922 թ. դեկտեմբերից Լ. Բաշինջաղյանը, Թիֆլիսում աշխատելով Վրաստանի լուսժողկոմատում, զբաղվել է նաև գրական գործունեու-թյամբ: 1923-1926 թթ. սովորել է Լենինգրադի պետական համալսարանի հասարակագիտական գիտությունների ֆակուլտետի հին աշխարհի բաժանմունքում՝ հաբեթական թեքման գծով (հայագիտություն և ընդհանուր լեզվաբանություն):
1926 թ. Լ. Բաշինջաղյանը դառնում է ԽՍՀՄ-ի բնակչության ցեղա-յին կազմի ուսումնասիրման գծով հանձնաժողովի պրակտիկանտ, 1927 թ․ հունվարի 9-ից Ն․ Մառը հաբեթական ինստիտուտին ուղղված նամակում առաջարկ է ներկայացնում՝ սեպագրերով և կացավայրերի տերմիններով զբաղվող գիտական խմբի մեջ ներգրավվել նաև պրակտիկանտ Լ․ Բաշինջաղյանին: 1927 թ․ Լ․ Բաշինջաղյանը գործուղվել է Արևմտյան Վրաստան՝ Լեչխումայի և Ռաչի շրջանում լեզվաբանական և տեղագրական հետազոտություններ իրականացնելու և նյութեր հավաքելու։ Իսկ արդեն 1929 թ. մարտին նա տեղափոխվում է ԳԱ հաբեթական ինստիտուտ և հաջողությամբ գլխավորում արտադրական տերմինների խումբը, իսկ Ն․ Մառի 1929 թ․ մարտի 9-ի նամակում արված առաջարկով ընտրվում է 2-դ կատեգորիայի գիտաշխատող, 1929 թ․ հոկտեմբերի 9-ից Ն․ Մառի առաջարկով դառնում է հաբեթական ինստիտուտի գիտական քարտուղարի պաշտոնակատար, 1930 թ․ հունվարից՝ գիտքարտուղարը։
Այդ ընթացքում՝ 1929 թ․ հուլիսի 11-ին, Ն․ Մառի գլխավորությամբ Բաշինջաղյանը (արշավախմբի ղեկավարի տեղակալ) Բալկարա-Կարաչաևսկյան արշվախմբի անդամներ Ա․ Ն․ Ակուլյանցի, Ռ․ Մ․ Շահումյանի, Ա․ Կ․ Բորովկովայի հետ մեկնեց Նալչիկ՝ շրջանի լեզվաբանական հետազոտության համար։ Այստեղ մնում են երկու ամիս՝ մինչև օգոստոսի 24-ը՝ լիովին կատարելով Մառի կողմից խմբի առջև դրված հանձնարարականները՝ լեզվի, տեղանքի գծով, ինչը կարևոր էր Կաբարդինո-Բալկարիայի շրջանի մասին պատկերացում կազմելու համար։
1930 թ․ դեկտեմբերի 23-ին Լևոն Բաշինջաղյանը ԳԱ գործերի կառավարչին նամակով տեղեկացնում է 1930 թ․ Մեգրելիայում Մ․ Գ․ Տիխոյ-Ծերեթելու կողմից հայտնաբերված մեգրելական ձեռագիր բառարանների մասին, որ դրանք արդեն ձեռք են բերվել իրենց ինստիտուտի կողմից և գրանցվել՝ խնդրելով բավարարել ֆինանսական ծախսերը։ 1930 թ․ դեկտեմբերի 1-ի հաբեթական ինստիտուտի հաշվետվության թեզիսներից տեղեկանում ենք, որ Լ․ Բաշինջաղյանը 1929 թ․ գործուղված է եղել Ադրբեջանի և Վրաստանի Խորհրդային հանրապետություններ՝ Բաքվում և Թիֆլիսում ունենալով 3 գիտական զեկույց։
Անցնելով այս ուղով՝ նա հռչակվում է որպես հայտնի կովկասագետ-լեզվաբան՝ դառնալով Ն․ Մառի մոտ համախոհներից, որը հասարակական գիտությունների բաժանմունքի 1931 թ․ հոկտեմբերի 4-ի նիստում միաձայն ընտրվել էր լեզվի և մտածողության ինստիտուտի դիրեկտոր։ Իսկ արդեն 1929-1937 թթ. ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի (ԽՍՀՄ ԳԱ, մինչև 1934 թ․ գտնվել է Լենինգրադում, ապա տեղափոխվել Մոսկվա-Վ․Վ․) hաբեթական լեզվի և մտածողության ինստիտուտը, և այդ նպատակի իրագործման համար մեկնում է Անդրկովկաս՝ լեզվագիտական բնույթի նյութեր հավաքելու և դասախոսություններ կարդալու համար: Իր իսկ սաների վկայությամբ՝ մասնավորապես Տ. Ա. Շումովսկու հաստատմամբ՝ Լևոն Բաշինջաղյանը եղել է շատ հարգված և հեղինակություն վայելող դասախոս, փայլուն հռետոր, որին համեմատել են նույնիսկ նշանավոր պատմաբան Ե. Վ. Տառլեի հետ, որը տիրապետում էր հղկված և տարո-ղունակ դարձվածքների, որոնք դասդասվում էին մի հրաշալի և ավար-տուն ամբողջության մեջ: Ա. Կրասնով-Լիտվինը ևս իր «Հիշողութ-յուններ» գրքում Լ. Բաշինջաղյանի մասին գրում է որպես փայլուն «էրուդիտի» մասին, որը եղանակ է ստեղծել լեզվաբանության մեջ: Լևոն Բաշինջաղյանի մասին ջերմությամբ է արտահայտվում հայտնի խոր-հրդային դերասան, գրող Գեորգի Ժժենովը:
Լ․ Բաշինջաղյանը զբաղվել է կադրերի պատրաստմամբ, 1933-1934 թթ․ լեզվի և մտածողության ինստիտուտում կազմակերպել է ասպիրանտների ընդունելություն, ինչպես նաև հատուկ սեմինարներ՝ լեզվաբանական հետազոտությունների գծով։
Այդ ընթացքում նա եղել է նաև Ղազախստանի պատմահնագի-տական ինստիտուտի արտահաստիքային թղթակիցը: Այդ նույն ժամանակահատվածում Լ. Բաշինջաղյանը ստանում է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1934 թ. նրան շնորհվում է պրոֆեսորի գիտական կոչում: 1929-1936 թթ. նա որպես պրոֆեսոր դասավանդել է Լենինգրադի պետական համալսարանում, իսկ արդեն 1930 թ. սեպտեմբերից նաև գրականության և պատմության ինստիտուտի դոցենտ էր:
1933 թ․ օգոստոսի 16-ին պրոֆեսոր Լ․ Բաշինջաղյանն իր մասնագիտությամբ հետագա որակավորման բարձրացման նպատակով արտասահմանյան գիտական գործուղման հայտ է ներկայացնում 1934 թ․ համար՝ նշելով, որ կցանկանար այն անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և Բորդոյում, որպեսզի ծանոթանա հնդեվրոպական լեզվագիտության վերջին նվաճումներին, ինստիտուտներում և բարձրագույն կրթական հաստատություններում լեզվի և մտածողության հետազոտման դրվածքին։
1935 թ. մայիսին Լ. Բաշինջաղյանը ժամանակավորապես ազատ-վում է հաբեթական ինստիտուտի գիտքարտուղարի պարտականու-թյուններից (մինչև 1936 թ.)՝ «Խոսքի պալեոնտոլոգիայի փորձ բալկա-րա-կարաչեևյան լեքսիկայի հիման վրա» դոկտորական ատենախո-սության վրա աշխատելու համար:
1937 թ. հաբեթական ինստիտուտի պլանի համաձայն՝ նա աշխատել է «Կրճատված բառեր (բառակազմության եղանակների հարցի շուրջ)» աշխատասիրության վրա:
1937 թ. նա դառնում է ԽՍՀՄ լեզվի և ժողովուրդների գրերի կենտրոնական ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի դիրեկտոր, իսկ 1937 թ. նոյեմբերի 20-ից սեփական դիմումի համաձայն՝ ազատ-վում է այդ պաշտոնից: Լևոն Բաշինջաղյանը եղել է Ն. Մառի առավել եռանդուն համախոհներից մեկը, որոնց թվում էին նաև Վ. Բ. Ապտեկարը և Ս. Ն. Բիկովսկին:
Սակայն Լևոն Բաշինջաղյանի կյանքը կարճատև էր: Ինչքան սրընթաց և փոթորկուն է լինում նրա վերելքը, նույնչափ էլ՝ անկումը: Շուտով նա դառնում է ստալինյան համակարգի անմեղ զոհերից մեկը: Ըստ մի վարկածի՝ 1938 թ. ապրիլի 1-ին նա անհիմն ձերբակալվում է և գնդակահարվում 1938 թ. հոկտեմբերի 11-ին կամ 15-ին, եղբայրը՝ Արմենը, գրեթե նույն ժամանակ՝ հոկտեմբերի 22-ին: Մեկ այլ վարկածի համաձայն՝ Լևոն Բաշինջաղյանը ամենևին էլ չի գնդակահարվել, այլ զոհվել է 1948 թ. ԳՈՒԼԱԳ-ում՝ մագադանյան ճամբարներից մեկում, ինչը դեռ պետք է ճշտել: Ահա այսպիսի սրընթաց ավարտ է ունենում Առաջին Հանրապետության հետախուզական ծառայության կայացման ակունքներում կանգնած լավագույն հետախույզներից մեկի` Լևոն Բաշինջաղյանի բազմաբեղուն կյանքը, մարդ, որը խորհրդային կարգերի ժամանակ դառնում է խորհրդային լեզվաբանության, հաբեթագիտության խոշորագույն դեմքերից մեկը և որի մասին ջերմ դրվա-տանքով են արտահայտվել ժամանակակիցները:
_____________________________
Օգտագործված գրականություն
1. Տե՛ս Դէոյեանց Տ, Հետախոյզի մը յուշերը (Պատասխան իմ քննադատներուն), «ՎԷՄ» (Փարիզ), 1938, ՅունւարՄայիս, թիւ 2, էջ 49:
2. Տե՛ս Սարգսյան Ա. Ե., Հետախուզություն և հակահետախուզություն. Հայկական հետք, կենսագրական ակնարկներ հետախույզների և հակահետախույզների մասին, Եր., «Ամարաս», ¬2005, էջ 194-195:
3. Տե՛ս «Независимая газета», Москва, 1994, 8 мая. Решетов А. М., Материалы к биобиблиографическому словарю российских этнографов и антропологов. XX век, СПб.: Наука, 2012, с. 92-93: https://russia-armenia.info/node/40600/ 27.02.2021 г.:
4. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 204, ց. 1, գ. 42, թ. 52 -55, 75:
5. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 92, թ. 60:
6. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 204, ց. 1, գ. 132, թ. 104:
7. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 204, ց. 1, գ. 131, թ. 24, ֆ. 27, ց. , գ. 75, թ. 35, գ. 26, թ. 203:
8. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 204, ց. 1, գ. 132, թ. 185, գ. 131, թ. 24:
9. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 204, ց. 1, գ. 116, թ. 69:
10. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 252, թ. 47:
11. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 483, թ. 63 հակ.-64, 110, 126, 18:
12. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 483, թ. 161:
13. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 113, ց. 3, գ. 3, թ. 40:
14. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 113, ց. 3, գ. 3, թ. 53:
15. Տե՛ս Шумовский Т. А., У моря арабистики: По страницам памяти и неизданных до¬ку¬мен¬тов, М., 1975. стр. 296.
16. Краснов-Литвин А., Лихие годы. Воспоминания, Париж, Имка-Пресс, 1977, стр. 319:
17. Жженов Г. С., Саночки: Раcсказы и повесть / предисл. Ленинград, Филатова, М., 1997, стр. 203:
18. Репрессированное востоковедение, сост. Я. В. Васильков и др.: «Народы Азии и Африки». История, Экономика, Культура, 1990, N 4, стр. 117:
19. Репрессированное востоковедение։ Востоковеды, подвергшиеся репрессиям в 20-50-е годы։ http://www.ihst.ru/projects/sohist/repress/ 113-124.pdf, с. 117։
20. Пиотровский Б. Б., Страницы моей жизни, 2-е изд., испр. и доп. / отв. ред. Ю. Ю. Пиот¬ровский, Л., Издательский дом «Руда и металлы», 2009, стр. 44, 76, 149: Տե՛ս նաև Дьяконов И. М., Книга воспоминаний, Санкт-Петербург, 1995, стр. 261, 309, 316, 745:
21. ACTA LINGUISTICA PETROPOLITANA. Труды Института лингвистических исследований РАН / Отв. ред. Н. Н. Казанский. Т. IX. Ч. 1. Материалы к истории ИЛИ РАН (1921–1934) / Составитель А. Н. Анфертьева. СПб.: Изд-во «Наука», 2013, с. 18, 175, 177, 180, 186, 189, 192, 193, 194 215, 221–223, 233–245, 248, 250, 255, 256, 258, 260, 261, 268, 270, 272, 274–276, 279– 282, 286, 289, 313–316, 318, 322, 331, 336, 337, 340, 345– 347, 357–359, 364, 379, 395, 398։
22. Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов — жертв политического террора в советский период (1917-1991) / Сост.: Я. В. Васильков и М. Ю. Сорокина СПб.: Петербургское востоковедение, 2003. с. 59-60։
23. ru.hayazg.info/ Башинджагян_ Армен_Георгиевич։
24. https://visz.nlr.ru/person/book/t11/2/60։
Վանիկ Վիրաբյան
Պատմ. գիտ. դոկտոր, Խ.Աբովյանի անվ․ հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր