Հանուն ՀՀ արժանապատվության՝ ես ուզում եմ շահել այս դատավարությունը և վերականգնել վերադառնալու իմ իրավունքը
22 Օգոստոս 2023
Երեվանի Դատարանը Հայաստանի Անվտանգության Ծառայություններին (ԱԱԾ) երկու շաբաթ ժամանակ է տվել՝ ներկայացնելու այն պատճառները, որոնց հիման վրա արգելվել է իմ մուտքը Հայրենիք:
Օգոստոսի 21-ի նիստին մեծ հույզերով էի սպասում։ Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստան մուտքի իմ արգելքը ահավոր տխրությունով ապրեցի։ Գիտեմ, որ այս որոշումը կայացրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով չի կարող տանել, որ մի սփյուռքահայ անձնավորություն կարող է վիճարկել իր վարած քաղաքականությունն այսօր։ Ես մի քանի անգամ արտահայտվել եմ՝ ընդգծելով մեր տարաձայնությունները՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու և Թուրքիային բացվելու վերաբերյալ։ Ես խիստ դատապարտեցի Նիկոլ Փաշինյանի կողմից իր բարձր հանձնակատարի միջոցով սփյուռքը թուլացնելու նպատակով իրականացվող խառնակիչ աշխատանքը: Այն սփյուռքը, որը ղեկավարել և ղեկավարում է պայքարը հանուն ցեղասպանության միջազգային ճանաչման, հանուն Հայաստանի անվտանգության և Արցախի անկախության։ Ո՞ւմ է ձեռնտու այս քաղաքականությունը:
Ես նաև եղել և մնում եմ մեր ազգային պայքարի նվիրված հանձնառու գործիչ:
Փաշինյանը եկավ իշխանության՝ ծածանելով ազատության և ժողովրդավարության դրոշները, բայց փաստորեն ոտնահարեց նրանց արժեքները և դրսևորեց ավտորիտարիզմ՝ պարտադրելով այս որոշումը։
Նիստում դատավորը հաստատեց, որ Անվտանգության Ծառայությունները (ԱԱԾ) չեն ներկայացրել իրենց եզրակացությունները, որ իմ հեռացման պատճառը չի փոխանցվել դատարան: Վերջինս Անվտանգության Ծառայություններին երկու շաբաթ ժամանակ է տվել՝ ներկայացնելու և պատճառաբանելու համար իմ արգելքը:
Մենք մեկ տարի է բացատրություն ենք պահանջում, բայց նրանք ընկան անհասկանալի հակասությունների մեջ։ Իհարկե պատճառ չկա: Ոչ մի պատճառ: Ոչինչ, բացի քաղաքական տարաձայնություններից, ինչ որ անընդունելի է ժողովրդավարական երկրում:
Իմ փափագն էր անձամբ ներկայանալ դատարան՝ պաշտպանվելու համար։ Փաստաբաններս միջնորդություն ներկայացրին այս իմաստով, սակայն դատավորը մերժեց՝ համարելով, որ իմ անվտանգությունը երաշխավորված չէ։
Իմ ապահովությո՞ւնը: Այո, ճիշտ է, իմ անվտանգությունը Թուրքիայում և Ադրբեջանում երաշխավորված չէ։ Բայց Հայաստանում ո՞վ է խաթարելու Հայաստանն ու Արցախը պաշտպանող մարդու անվտանգությունը։ Մարդ, ով պաշտպանում է Հայաստանը, բայց քննադատում է ռեժիմը. Ուրեմն ես Հայաստանում այնքան վտանգի մե՞ջ եմ, որ դատավորը համարի, որ պետությունն ի վիճակի չէ ապահովել իմ անվտանգությունը… Ուստի դատավորը որոշեց, որ ես կարող եմ մասնակցել դատական նիստին տեսազրույցի միջոցով։
Երկու շաբաթից մենք կունենանք դատավարության թվականը։ Հանուն Հայաստանի արժանապատվության, ես ուզում եմ շահել այս դատավարությունը և վերականգնել վերադառնալու իմ իրավունքը։ Բայց եթե ականատես լինենք արդարադատության պարոդիայի, ապա չեմ վարանի իշխանություններին տանել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Կհանդիպենք երկու շաբաթից:
Մուրադ Փափազյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ
Ստորեւ արեւմտահայերէն տարբերակը
Յանուն Հայաստանի արժանապատուութեան, ես կ‘ուզեմ շահիլ այս դատավարութիւնը եւ վերականգնել վերադառնալու իմ իրավունքս
Երեւանի Դատարանը Հայաստանի Անվտանգութեան Ծառայություններուն (ԱԱԾ) երկու շաբաթ ժամանակ տուած է՝ ներկայացնելու այն պատճառները, որոնց հիման վրայ մուտքս արգիլուած է Հայրենիք:
21 Օգոստոսի նիստը կը սպասէի անձկութեամբ: 13-14 Յուլիսի լուսցող գիշերը Հայաստան մուտքի արգելքս ահաւոր ցնցեց զիս եւ անսահման տխրութիւն ապրեցայ: Գիտեմ, որ այս որոշումը կայացուցած է անձամբ Նիկոլ Փաշինյանը, որ չի կրնար ընդունիլ, որ սփիւռքահայ անձնաւորութիւն մը կրնայ քննադատել իր վարած քաղաքականութիւնը այսօր։ Ես քանի մը անգամ ուղղակի ու բարձրաձայն արտայայտուած եմ՝ ընդգծելով մեր տարակարծութիւնները՝ Արցախը Ատրպէյճանին յանձնելու եւ դէպի Թուրքիա բացուելու գծով: Ես խստիւ դատապարտեցի Նիկոլ Փաշինեանի կողմէ իր յանձնակատարի ճամբով Սփիւռքը տկարացնելու միտող քայլերը: Այն սփիւռքը, որ ղեկավարած է եւ կը շարունակէ ղեկավարել յանուն Ցեղասպանութեան միջազգային ճանաչման պայքարը, յանուն Հայաստանի անվտանգութեան եւ Արցախի անկախութեան։ Որու՞ ձեռնտու է այս քաղաքականութիւնը:
Ես նաեւ եղած եմ եւ կը մնամ մեր ազգային պայքարին նուիրուած յանձնառու գործիչ:
Փաշինեան իշխանութեան հասաւ՝ ծածանելով ազատութեան եւ ժողովրդավարութեան դրօշները, բայց փաստօրէն ոտնահարեց անոնց արժէքները եւ դրսեւորեց բռնակալութիւն՝ պարտադրելով այս որոշումը։
Նիստին, դատաւորը հաստատեց, որ Անվտանգութեան Ծառայութիււնները (ԱԱԾ) չեն ներկայացուցած իրենց եզրակացութիւնները, որ իմ հեռացման պատճառս չէ փոխանցուած դատարան: Վերջինս Անվտանգության Ծառայութիւններուն երկու շաբաթ ժամանակ տուած է՝ ներկայացնելու եւ պարզաբանելու համար իմ արգելքս:
Մենք մէկ տարի է բացատրութիւն կը պահանջենք, բայց իրենք յայտնուեցան անհասկնալի հակասութիւններու մէջ։ Անշուշտ՝ պատճառ չկայ: Ոչ մէկպատճառ: Ոչինչ, բացի քաղաքական տարակարծութենէն, ինչ որ անընդունելի է ժողովրդավարութեան համար:
Փափաքս էր անձամբ ներկայանալ դատարան՝ ինքնապաշտպանութեան համար։ Փաստաբաններս միջնորդութիւն ներկայացուցին այս գծով, սակայն դատաւորը մերժեց՝ համարելով, որ իմ անվտանգութիւնս երաշխաւորուած չէ։
Իմ ապահովութի՞ւնս: Այո, ճիշդ է, իմ անվտանգութիւնս Թուրքիոյ եւ Ատրպէյճանի մէջ երաշխաւորուած չէ։ Բայց Հայաստանի մէջ ո՞վ պիտի խաթարէ Հայաստանն ու Արցախը պաշտպանող մարդուն անվտանգութիւնը։ Մարդ, որ կը պաշտպանէ Հայաստանը, բայց կը քննադատէ ռեժիմը: Ուրեմն ես Հայաստանի մէջ այնքան վտանգի մե՞ջ եմ, որ դատաւորը համարէ, որ պետութիւնը ի վիճակի չէ ապահովելու անվտանգութիւնս… Առ այդ, դատաւորը որոշեց, որ ես կրնամ մասնակցիլ դատական նիստին՝ տեսազրոյցի միջոցով։
Երկու շաբաթէն մենք կ‘ունենանք դատավարութեան թուականը։ Յանուն Հայաստանի արժանապատուութեան, ես կ‘ուզեմ շահիլ այս դատավարութիւնը եւ վերականգնել վերադառնալու իմ իրավունքս։ Բայց եթէ յանկարծ ականատես ըլլանք արդարադատութեան խախտումի, ապա չեմ վարանիր իշխանութիւններուն դէմ բողոքելու Մարդու իրաւունքներու եւրոպական դատարանին:
Կը հանդիպինք երկու շաբաթէն:
Մուրատ Փափազեան
ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ Ֆրանսահայ Կազմակերպութիւններու Համակարգող Խորհուրդի համանախագահ