Խոսելու ժամանակը վերջացել է, պետք է սկսել գործողություն
21 Սեպտեմբեր 2023
Խոսելու ժամանակը վերջացել է, պետք է սկսել գործողություն, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
Այսօր Արցախն արնաքամ է լինում, ոչ մի պաշտպան չունի, ընդգծեց նա։
«Ցանկացած երկիր իր քաղաքացու՝ մի հոգու համար ինքնաթիռ է ուղարկում։ Արցախում երեխաներ են զոհվում, մայրեր, տղամարդիկ մինչև վերջ պայքարում են։ Մինչև հիմա դեռ որոշ տեղերում պայքարը գնում է։ Ո՞նց կարող է այսպիսի իշխանություն լինի Հայաստանում։ Այս իշխանությունը գոյություն չունի, դու՛ք եք իշխանությունը»,- դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա շեշտեց՝ Երևանում սկսվում են զանգվածային ակցիաներ, որոնք պետք է հասնեն սպասված հանգրվանին, իսկ ՀՀ իշխանությունը սխալվում է՝ կարծելով, թե մի քանի օր անց հանրահավաքները կավարտվեն։
«Ո՛չ։ Այն ցեղասպանությունը, որը ՀՀ գործող իշխանության պատճառով և մեղքով տեղի է ունենում Արցախում, մտնելու է Հայաստան։ Մեք սկսում ենք զանգվածայյին անհնազանդության ակցիաները։ Դրանց պետք է միանա ոչ միայն Երևանի բնակչությունը, շրջաններից էլ պետք է գան Երևան՝ մասնակցելու»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
«Մենք 5 հոգով կազմեցինք Ազգային կոմիտե, որի կազմում է Հայկ Մամիջանյանը, Ավետիք Չալաբյանը, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և ես: Մենք պետք է հարցի լուծում տանք հնարավորինս լեգիտիմ կերպով և մեզ համար մեծ նշանակություն ունեն այն գործընկերները, որոնք գտնվում են ԱԺ-ում, բայց հնարավորինս շուտ պետք է սկսել անհնազանդության ակցիաները: Վաղը՝ 11:00-ին այստեղ կայանալու է Կառավարության նիստ, բայց մենք ժամը 10:00-ին շրջափակելու ենք Կառավարության շենքը»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը:
Երևանում տեղի ունեցած կարճ հանրահավաքից հետո բազմությունը տարբեր ուղղություններով դուրս եկավ հրապարակից՝ անհնազանդության ակցիաներ իրականացնելու:
Նշենք, որ հանրավաքի կազմակերպիչները ժողովրդին կոչ են արել վաղը՝ սեպտեմբերի 22-ին, առավոտ 7։30-ից դուրս գալ փողոցներ, եւ փակելով դրանք, կաթվածահար անել երթեւեկությունը: