Ոտքի կանգնե՛ք, գաղթական ենք դառնալու, միակ ելքը պայքարն է
25 Սեպտեմբեր 2023
Պահը օրհասական է, մենք գտնվում ենք դժոխքի մեջ, այնտեղ փնտրում ենք հույս և ակնկալում, որ ինչ որ մեկը մեզ համար այն պետք է վառի. սեպտեմբերի 25-ին, Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազտամարտիկ Տարոն Տոնոյանը և հավելեց. «Միայն մենք կարող ենք մեր հարցերը լուծել, մեզ դավաճանել են ոչ միայն արտաքին այլ ներքին դաշտում»:
Ըստ Տարոն Տոնոյանի քաղաքացիները տանը նստելով հարց չեն լուծի, հետևաբար պետք է դուրս գան պայքարի:
«Ես ձեզ խնդրում եմ՝ ամեն օր մի զարթնեք, որպես Նապոլեոն Բոնապարտներ, այլ զարթնեք որպես զինվորներ, վստահեք այս հարթակին, քանի որ վերջին երեք տարում չի եղել այլ հարթակ, որ միանաք դրան»,- ասաց նա:
Նա հիշեցրեց վարչապետ Փաշինյանի խոսքերը. «Պետության այն ղեկավարը, որ 20 թվին եկավ իշխանության սիրո եւ հանդուրժողականության քարոզով, ո՞ւր է այդ սերն ու հանդուրժողականությունը՝ չկա: 21 թվին ստոր ու տականք ձեւով խաբեց ժողովրդին, ասեց՝ «անջատում՝ հանուն փրկության» կլինի, սուտ գաղափարով կորզեց մեր ժողովրդի քվեն, ասեց՝ խաղաղություն եմ բերելու, ընտրվեց, դարձրեց իր մանդատը երկաթյա, պատերազմներ է շարում, Արցախն էլ տվեց:
Ասում է՝ ինձ համար կարմիր գիծ է Զանգեզուրի միջանցքը, սո՛ւտ է ասում, պայմանավորվել է արդեն, հերթական կեղծ պատերազմը պիտի սարքի, Եռաբլուրը պիտի եռապատկի, նոր հանգստանա: Վերջում պիտի ասի՝ կռիվ արեցինք, որ մնացածին փրկենք, Հայաստանի մյուս մասը փրկեինք: Ժողովուրդ, հիշեք, Տավուշի 8 գյուղերն էլ է տալու, որ մենք դեպի Վրաստան ճանապարհ չունենանք, ադրբեջանցի փախստականներին սպասեք Երեւանի Կոնդում, Մասիսում, սա է մեզ սպասում»:
«Հայ ժողովուրդ, այստեղ հավաքվածներին չեմ դիմում, այլ տանը նստած մեր հայրենակիցներին: Ոտքի կանգնե՛ք, գաղթական ենք դառնալու, միակ ելքը պայքարն է: Այս մարդը, Նիկոլն այլ ճար չունի, գնալու է: Ես ոչ թե ձեզ ոգևորելու համար եմ ասում, ես կյանքիս մեջ այսքան հոսահատված չեմ եղել, այլ միանշանակ ինքը գնալու, այլ ելք չկա, իսկ մենք հաղթելու ենք ու Հայաստանն էլ ոտքի է կանգնելու»,-ասաց Տարոն Տոնոյանը: