Այս իշխանության վարած քաղաքականությունն ավելի աղետաբեր հետևանքներ է ունենալու
03 Հոկտեմբեր 2023
«Հայ ժողովուրդն այսօր ապրում է իր պատմության ամենաողբերգական ժամանակներից մեկը. Արցախը հայաթափված է, իսկ Հայաստանը բռնել է թուրքացման ճանապարհը»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց, որ թուրք-ազերիական հրոսակաները հերթական անգամ աշխարհի անտարբեր հայացքի ներքո, բայց այս անգամ արդեն Հայաստան պետության աչքի առաջ, իրակագործեցին հայերի նոր ցեղասպանություն։
«Հիմա, փոխանակ պատասխան տան, թե ինչու ցեղասպանվող և արյունահոսող Արցախի ժողովրդին թողեցին միայնակ իրենցից բազմակի գերազանցող ազերի հրոսակների դեմ- հանդիման, փորձում են Արցախում իշխանության օր-օրի ծանրացող բեռից փախուստի դիմածներին փոխարինման եկածներին և ժողովրդին անտերության չմատնելու համար այդ բեռի տակ մտածներին մեղավոր կարգել։ Չի ստացվի, քանի որ Արցախի ժողովուրդը լավ գիտի՝ ով, ով է, նա է միայն դատավորը, ոչ թե դուք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ըստ նրա, այս իշխանության վարած քաղաքականությունն ավելի աղետաբեր հետևանքներ է ունենալու և դա դեռ առջևում է։
««Տանք Արցախը, որ փրկենք Հայաստանը» թեզով Արցախը հայաթափեցիք, հերթը հասավ Հայաստանի թուրքացմանը։ Արցախը հանձնվեց և Հայաստանը ոչ միայն չի փրկվել, այլեւ հայտնվել է Ադրբեջանի դրած մյուս վերջնագրերի կատարման պահանջի առջև։ Դրանք կան և առավել հստակ կդրսևորվեն առաջիկայում և որոնք կներկայացվեն Հայաստանին հիմնականում հետևյալ ուղղություններով՝
-Ադրբեջանի պայմաններով սահմանազատում և սահմանագծում, որով կորոշվեն, թե ինչքան տարածք է մեզ հասնում,
-անկլավների վերադարձ, որով կվերահսկեն մեր միջպետական գլխավոր ճանապարհները,
-մեր ինքնիշխանության էական սահամանափակումներով կապ Նախիջևանի հետ,
-ազերի փախստականների վերադարձ մինչև 1988 թվականը իրենց կողմից զբաղեցրած բնակավայրեր։ Իհարկե, ոչ հավասարության սկզբունքով, այլ այս ընթացքում նրանց բնական աճն նկատի ունենալով,
-Հայաստանին ներկայացվող առնվազն 100 միլիարդ դոլարի ռեպառացիայի պահանջ՝ փոխհատուցելու Ադրբեջանի, այսպես կոչված կորուստները սկսած 1988 թվականից։
Սրանք առաջացանելու են լրջագույն սպառնալիքներ ուղղված մեր ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությունը և որ չափազանց կարևոր է դեմոգրաֆիական անվտանգութանը»,- ասաց Ռուստամյանը։
Նա ընդգծեց, որ այս վարչախումբը սա ներկայացնելու է որպես մեր կադաստրի թուղթը և որպես կատարյալ խաղաղություն և անվտանգություն, սակայն որի երաշխավորը, ցավոք, լինելու են ոչ թե մենք, այլ Ադրբեջանը։
«1988 թվականի սումգայիթյան ցեղասպանությունը մեր ավագ սերնդին սթափեցրեց և մղեց մեզ համախմբվելու և պաշտպանվելու, և մենք հաղթեցիքն այդ նույն թշնամուն։ Հիմա, այս նոր ցեղասպանությունը, որ ավելի մասշտաբային էր, եթե մեզ չսթափեցնի, կկորցնենք ամեն ինչ»,- ասաց Արմեն Ռուստամյանը։