Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է, հայ համայնքի շրջանում տուժածներ չկան
07 Հոկտեմբեր 2023
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների հետևանքով Երուսաղեմի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, իսկ իրավիճակը Երուսաղեմում հանդարտ է. տեղեկացրել է Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի անդամ Հակոբ Սևանը:
«Այս պահին Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է: Բախումները տեղի են ունենում հիմնականում Իսրայելի հարավում, իսկ Երուսաղեմը այդ կենտրոններից բավականին հեռու է: Առավոտյան միայն պայթյունների ձայներ է լսվել, փորձ արվել է ռմբակոծել Երուսաղեմը, սակայն չի հաջողվել: Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է, և հայ համայնքի շրջանում տուժածներ չկան»,- նշել է Հակոբ Սևանը:
Նշենք, որ Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի անդամը ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ասել էր. «Հայկական եկեղեցու վրա հարձակումները, քրիստոնյաների վրա թքելը վերջին շրջանում ծայրահեղ հրեաների հարձակումների շղթայի մի մասն է: Այս հարձակումները հատկապես քաջալերվում են Նեթհանյահուի կառավարության գալուց հետո, ոչ միայն հայկական եկեղեցու, այլ քրիստոնեական այլ կառույցների վրա նույնպես»,-ասաց նա՝ նշելով, որ այսօրվա միջադեպից մանրամասների չի տիրապետում»:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելին պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։