Եվրոպայի երիտասարդ սոցիալիստները դատապարտում են Արցախի բնակչության էթնիկ զտումները Ադրբեջանի կողմից
23 Հոկտեմբեր 2023
Երևան, 23 հոկտեմբեր 2023- ՀՅ Դաշնակցության անդամ, Ընկերվար երիտասարդների միջազգային միության (IUSY) փոխանախագահ Սարինե Աբրահամյանը հոկտեմբերի 20-22-ը Բարսելոնայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդ սոցիալիստների (Young European Socialists) ընդհանուր ժողովին: Վերջինս այդ կազմակերպության բարձրագույն ժողովն է, որտեղ ներկայացվում է հաշվետվություն կատարած աշխատանքի վերաբերյալ, ընդունվում են կազմակերպության քաղաքականությունը որոշող նոր բանաձևեր, ընտրվում է նոր նախագահություն:
Ժողովի ընթացքում, Ֆրանսիայի Երիտասարդ Սոցիալիստների կազմակերպության նախաձեռնությամբ և Գերմանիայի սոցիալիսատական երիտասարդական կազմակերպության աջակցությամբ առաջարկվել է բանաձևի նախագիծ, որով Եվրոպայի երիտասարդ սոցիալիստները դատապարտում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության նկատմամբ, կոչ անում միջազգային դատական ատյաններում պատերազմական հանցագործությունների համար քննել բոլոր պատասխանատուներին և նրանց խիստ պատիժների ենթարկել: Ավելին, Եվրոպական միության ղեկավարությանը կոչ է արվում վերանայել իր հարաբերությունները բռնապետ Ադբերջանի հետ: Կոչ է արվում ավելի արագ և անրդյունավետ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի փախստականներին: Եվրամիությանը և եվրամիության անդամ պետություններին հորդորում է աջակցել Հայաստանին պաշտպանելու իր սահմանները, որոնք վտանգված են Ադրբեջանի կողմից: Եվրոպայի երիտասարդ սոցիալիստները իրենց մտահոգությունն են հայտնում նաև վտանգի տակ ենթարկված Արցախի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ և նաև պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի և իր հայրենիքում արժանապատիվ ու ապահով ապրելու իրավունքը: Ամբողջական բանաձևը կգտնեք այստեղ:
Բանաձևը միաձայնորեն ընդունվեց և եվրոպացի պատվիրարկությունները արտահայտեցին իրենց բարձր աջակցությունը:
ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը լիագումար նիստի ընթացքում նույնպես անդրադարձավ բանաձևին` շնորհակալություն հայտնելով Ֆրանսիացի և գերմանացի գործընկերներին իրենց հանձնառության համար: Աբրահամյանը խոսել է Եվրոպական միության ղեկավարության, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բացթողումների մասին Արցախի հիմնախնդրի վերաբերյալ և կոչ արել գնալ լուծման կոնկրետ քայլերի, որոնք են Արցախահայության հայրենիք վերադառնալու իրավունքը և Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Բացի այդ, ՀՅԴ ներկայացուցիչը նշել է, որ հայկական կողմը չի կարող միայն մեղադրել միջազգային հանրությանը, այլ պետք է ձգտել ունենալ ուժեղ ղեկավարություն: Փաշինյանն իր դեմ արտահայտվողներին ձեռբակալում է և այլակարծությունը պատժում, իսկ նույն ժամանակ ԵՄ-ն օրինականացնում է նրա մանիպուլացիոն ամբոխավարությունը և հակաժողովրդավարական գործողությունները:
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակ
Արեւմտահայերեն տարբերակը՝ ստորեւ
Եւրոպայի երիտասարդ Ընկերվարները կը դատապարտեն Արցախի բնակչութեան էթնիկ զտումները Ազրպէյճանի կողմէ
Երեւան, 23 Հոկտեմբեր 2023- Հ.Յ. Դաշնակցութեան անդամ, Ընկերվար երիտասարդներու միջազգային միութեան (IUSY) փոխանախագահ Սարինէ Աբրահամեանը Հոկտեմբերի 20-22-ը Պարսելոնայի մէջ մասնակցեցաւ Եւրոպայի երիտասարդ ընկերվարներու (Young European Socialists) ընդհանուր ժողովին: Վերջինս այդ կազմակերպութեան բարձրագոյն ժողովն է, ուր կը ներկայացուի հաշուետուութիւն կատարած աշխատանքին մասին, կ’ընդունուին կազմակերպութեան քաղաքականութիւնը որոշող նոր բանաձեւեր, եւ կ’ընտրուի նոր նախագահութիւն:
Ժողովի ընթացքին, Ֆրանսայի Երիտասարդ ընկերվարներու կազմակերպութեան նախաձեռնութեամբ եւ Գերմանիայի ընկերվարական երիտասարդական կազմակերպութեան աջակցութեամբ առաջարկուած է բանաձեւի նախագիծ, որով Եւրոպայի երիտասարդ ընկերվարները կը դատապարտեն Ազրպէյճանի կողմէ էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղի մէջ հայ բնակչութեան նկատմամբ, կոչ կ’ընեն միջազգային դատական ատեաններուն մէջ պատերազմական յանցագործութիւններու համար քննել բոլոր պատասխանատուներուն եւ անոնց խիստ պատիժներու ենթարկել: Աւելին, կը դիմեն Եւրոպական միութեան ղեկավարութեանը վերանայելու իր յարաբերութիւնները բռնապետ Ազրպէյճանին հետ: Կոչ կ’ընեն աւելի արագ եւ անրդիւնաւէտ մարդասիրական օգնութիւն տրամադրել Արցախէն տեղահանուածներուն: Եւրամիութեանը եւ եւրամիութեան անդամ պետութիււններուն կը յորդորեն աջակցիլ Հայաստանին պաշտպանելու իր սահմանները, որոնք վտանգուած են Ազրպէյճանի կողմէ: Եւրոպայի երիտասարդ ընկերվարները իրենց մտահոգութիւնը կը յայտնեն նաեւ վտանգի տակ ենթարկուած Արցախի պատմամշակութային ժառանգութեան վերաբերեալ եւ կը պաշտպանեն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդի վերադարձի եւ իր հայրենիքին մէջ արժանապատիւ ու ապահով ապրելու իրաւունքը: Ամբողջական բանաձեւը կը գտնէք այստեղ:
Բանաձեւը միաձայնօրէն ընդունուեցաւ եւ եւրոպացի պատուիրարկութիւնները արտայայտեցին իրենց բարձր աջակցութիւնը:
Հ.Յ.Դ. անդամ Սարինէ Աբրահամեանը լիագումար նիստին ընթացքին նոյնպէս անդրադարձաւ բանաձեւին` շնորհակալութիւն յայտնելով Ֆրանսացի եւ գերմանացի գործընկերներուն իրենց յանձնառութեան համար: Աբրահամեանը խօսեցաւ Եւրոպական միութեան ղեկավարութեան, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բացթողումներուն մասին Արցախի հիմնախնդրին վերաբերեալ եւ կոչ ըրաւ որդեգրել լուծման յստակ քայլեր, որոնք են Արցախահայութեան հայրենիք վերադառնալու իրաւունքը եւ Արցախի ինքնորոշման իրաւունքի ճանաչումը։ Բացի այդ, Հ.Յ.Դ. ներկայացուցիչը նշեց, որ հայկական կողմը չի կրնար միայն մեղադրել միջազգային հանրութեան, այլ պէտք է ձգտիլ ունենալ ուժեղ ղեկավարութիւն: Փաշինեանը իր դէմ արտայայտուողներուն կը ձեռբակալէ եւ այլակարծութիւնը կը պատժէ, իսկ նոյն ժամանակ ԵՄ-ն կ’օրինականացնէ անոր ձեռնավարական ամբոխավարութիւնը եւ հակաժողովրդավարական գործողութիւնները:
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ