Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը
17 Նոյեմբեր 2023
Այսօր՝ նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Արթուր Խաչատրյանը հանդես եկան մամուլի ասուլիսով։
Նրանք ամփոփեցին անցած քառօրյայի աշխատանքները և պատասխանեցին լրագրողների հարցերին:
«Մերժելի է այդ մոտեցումը, ավելին՝ սա շարունակությունն է այն ազգակործան քաղաքականության, որ գործող իշխանությունն իրականացնում է»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կամ զարգացումը սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։
«Ակնհայտ և միանշանակ է, որ պետական մի շարք ինստիտուտներ, առաջին հերթին ժողովրդի սուբյեկտայնությունը մատնանշող և նրա ներկայացուցչական բարձրագույն մարմինն ու այն ներկայացնող ԱԺ նախագահը, արտաքին քաղաքականությունը ներկայացնող գերատեսչությունը, բազմաթիվ այլ պետական հաստատություններ, իհարկե, պետք է գործեն, այս մարմինները պետք է կարողանան իրենց հավաքական, անհատական բազմաթիվ հարցեր, խնդիրներ հավուր պատշաճի ներկայացնեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Արթուր Խաչատրյանի խոսքով, ցանկացած գործողություն բխում է նպատակներից. «Այս իշխանությունների նպատակն է Արցախի հարցը փակել վերջնականապես։ Փաշինյանը հրապարակեց քարտեզ և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Արցախը որևէ կերպ այդ քարտեզի վրա նշված չէր։ Դա իրենց նպատակն է»։
Ըստ նրա, այս իշխանությունները շատ լավ հասկանում են, որ եթե Արցախի ժողովուրդն այստեղ կոմպակտ ապրի, քաղաքական ներկայացվածությունը պահի, Արցախի հարցը կմնա օրակարգում, հետևաբար ամեն ինչ անելու են, որպեսզի դա տեղի չունենա, ներառյալ պետական ինստուտուների՝ ՀՀ-ում գործելու համար ոչ բարենպաստ միջավայր ստեղծելը։
«Հայաստանի իշխանությունների համար Արցախի իշխանությունների կամ Արցախի ժողովրդի ներկայացուցիչների գործունեությունը ՀՀ-ում ռիսկ է, վտանգ է, բայց որ ադրբեջանցիները գրավել են Հայաստանի ինքիշխան տարածքից 250 քառակուսի կիլոմետր և զվռնում են ՀՀ տարածքում, առնվազն այդ 250 քառակուսի կիլոմետրի վերի վրա, մահ ու ավեր են սփռում, իրենց համար ազգային անվտանգության վտանգ չէ։ Դրան նորմալ են վերաբերում, եթե նորմալ չվերաբերեին, որևէ քայլ կձեռնարկեին։ Իսկ ներկայացվածությունը շատ կարևոր է»,- ասաց Ա. Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում