Հայաստան-Իրան-Ռուսաստան հարաբերությունների ընդհանուր բնութագիրը 2023 թ. ընթացքում տեղի ունեցած գործընթացների համատեքստում
11 Հունվար 2024
Հայաստանը, Իրանը և Ռուսաստանը տարածաշրջանում պատմականորեն բազմաշերտ ու բազմատեսակ կապեր են ունեցել, որոնք վերջին տարիներին խորացել, զարգացել կամ ինչ-որ առումով հետընթաց են ապրել։ 2020 թ. 44-օրյա պատերազմից և հատկապես 2023 թ. սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած հայերի էթնիկ զտումից հետո հարավկովկասյան տարածաշրջանում ձևավորվել է նոր քաղաքական իրադրություն, որի համատեքստում զգալի փոփոխություններ են գրանցվել նաև այս երեք երկրներից երկուսի արտաքին քաղաքական, իսկ Հայաստանի դեպքում՝ նաև ներքաղաքական օրակարգերում: Հոդվածում քննության են առնվելու վերջին շրջանում Հայաստան-Իրան-Ռուսաստան հարաբերություններում տեղի ունեցած առանցքային զարգացումներն ինչպես եռակողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Իրան ձևաչափերով:
Տնտեսական համագործակցություն. 2023 թ. Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը զգալի աճ է գրանցել։ Հայաստանն ու Իրանը ակտիվացրել են երկկողմ առևտրային հարաբերությունները՝ կենտրոնանալով ներդրումների ամրապնդման, գործընկերության խորացման և առևտրի ծավալների ընդլայնման վրա։ Համատեղ տնտեսական կոմիտեների ստեղծումը նպաստել է առանցքային հարցերի շուրջ երկխոսությանը: 2023 թ. ընթացքում Հայաստանն ու Իրանը համագործակցել են տարբեր տարածաշրջանային հարթակներում՝ ներառյալ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՏՀԿ) և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը: Սրանք նպաստել են տարածաշրջանային մարտահրավերների վերաբերյալ քննարկումներին, խթանել երկխոսությունը և բացահայտել համագործակցության հնարավորությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, էներգետիկան և տրանսպորտը:
Հայաստանի համար, որը մեծապես կախված է էներգիայի ներմուծումից, կարևոր է էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցությունը: Երկու երկրների միջև մասնավորապես էլեկտրահաղորդման գծի կառուցումը խթանել է միջսահմանային էներգետիկ առևտուրը և ամրապնդել էներգետիկ անվտանգությունը:
Հայաստանի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի մշակումը դրական ազդեցություն է ունեցել երկու երկրների տնտեսությունների վրա, ինչն էլ իր հերթին հանգեցրել է առևտրի և ներդրումների հոսքերի ավելացմանը: Երկու երկրներն էլ ակտիվորեն աշխատել են առևտրային խոչընդոտները վերացնելու ուղղությամբ՝ պարզեցնելով մաքսային ընթացակարգերը և միջսահմանային փոխադրումները։ Համատեղ առևտրի պալատների ստեղծումը նաև հարթակ է ստեղծել բիզնեսին կապվելու և համագործակցության նոր ուղիներ ուսումնասիրելու համար:
Բացի այդ՝ «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք» ծրագրի շուրջ համագործակցությունը միտում ունի ընդլայնելու տարածաշրջանային կապը և տնտեսական ինտեգրումը, ինչը, մեր դիտարկմամբ, շատ ավելի արդյունավետ և շահեկան կլիներ Արցախում հայկական բնակչության և հայկական Արցախի առկայության պայմաններում (գաղտնիք չէ, որ ոչ պաշտոնապես Արցախի Հանրապետությունը տնտեսական կապեր է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ):
2023 թ. ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր նախաձեռնություններ են մեկնարկել, ինչպիսիք են էներգետիկան, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և տեխնոլոգիաները: Հայաստանի ՏՏ ոլորտում աճ է գրանցվել, որը մասամբ նպաստում էր նաև ռուսական ներդրումներին: Բացի այդ՝ խորացել էին առևտրային կապերը՝ երկկողմ առևտրի և ներդրումների ավելացման տեսքով:
Քաղաքական համագործակցություն. 2023 թ. Հայաստանը և Իրանը, ի տարբերություն Հայաստանի և Ռուսաստանի, շարունակել են ամրապնդել իրենց քաղաքական համագործակցությունը։ Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև կանոնավոր բարձր մակարդակի հանդիպումներն ու երկխոսությունները խթանել են փոխադարձ վստահությունն ու փոխըմբռնումը։ Ի հակադրություն սրա՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում զգալի բացեր են առաջացել, ինչի հիմնական պատճառներից մեկը Հայաստանի գործող իշխանության հակառուսական քաղաքական գիծն ու դեպի Արևմուտք արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն էր:
Միևնույն ժամանակ պետք է փաստել, որ եռակողմ գործընկերության ընդլայնումը, ինչպիսին է Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), պահպանել և ամրապնդել է երեք երկրների միջև քաղաքական կապը։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հարթակ է ստեղծել Ռուսաստանի և Իրանի հետ ավելի սերտ համակարգման, տնտեսական ինտեգրման բարելավման և բիզնեսի հեշտացման համար։
Ավելին, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը տարբեր միջազգային ֆորումներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), դրական են ազդել նրանց համատեղ աշխատանքի արդյունքների վրա:
Սակայն Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները անուղղակիորեն փոխկապակցված են, և դրա համատեքստում Հայաստանի գործող իշխանության անհեռատես քաղաքականությունը ի վնաս Հայաստանի է աշխատում: Կրկնելով պատմության սխալները՝ Հայաստանի գործող վարչապետը փորձում է շրջվել դեպի Արևմուտք՝ հավատալով, որ հարմար պահին Արևմուտքը կօգնի Հայաստանին վերագտնել իր երբեմնի փառքը կամ առնվազն պաշտպանել ադրբեջանաթուրքական ագրեսիվ նկրտումներից ու հնարավոր ռազմական ագրեսիայից։ Թուրքիայում ղեկավարությունն ակտիվորեն պայքարում է քրդերի դեմ, իսկ Իրանը կանգնած է Իսրայելի հետ պատերազմի շեմին։ Բացի այդ՝ հաշվի առնելով հարավկովկասյան տարածաշրջանի և հարավային Կասպից ծովի խնդիրները՝ չի կարելի բացառել, որ հակաիրանական ուժերը կփորձեն այստեղ առանձին հակաիրանական դաշինք ձևավորել՝ Ադրբեջանի ներգրավմամբ:
Ինքնորոշման, կրոնի և ամենակարևորը՝ տարածքի համար պայքարում ժողովուրդներին և ազգություններին միմյանց դեմ հանելով՝ արևմտյան դերակատարները հետապնդում են իրենց նպատակը՝ ներքաշելու տարածաշրջանը քաղաքացիական պատերազմի մեջ: Ինչ վերաբերում է տարածաշրջանի առանձին պետությունների, օրինակ՝ Հայաստանի շահերին, ապա դժվար թե Վաշինգտոնն իր «խաղում» հաշվի առնի դրանք։ Ելնելով վերջին շրջանի իրադարձություններից՝ Երևանը կդառնա ԱՄՆ-ի ևս մեկ գործիքը Ռուսաստանի դեմ պրոքսի պատերազմում, եթե, իհարկե, չվերանայի իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները։
Մշակութային փոխանակումներ. 2023 թ. Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև մշակութային փոխգործակցությունը զարգացել է, քանի որ երկրները շեշտը դրել են ժողովրդական դիվանագիտության վրա: Գեղարվեստական ներկայացումներով փոխադարձաբար հանդես գալը, ակադեմիական համագործակցությունները և ուսանողների փոխանակման ծրագրերը խթանել են միջմշակութային փոխըմբռնումը և մշակութային դիվանագիտության խորացումը:
Ավելին, պատմամշակութային ժառանգության պահպանումն այս ընթացքում մեծ նշանակություն է ձեռք բերել։ Հայաստանը, Իրանը և Ռուսաստանը համագործակցել են համատեղ ծրագրերի շուրջ, որոնք ուղղված են եղել իրենց տարածքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների պաշտպանությանն ու քարոզմանը: Այս մշակութային համագործակցությունը ոչ միայն մեծացրել է զբոսաշրջությունը, այլ նաև խթանել ընդհանուր ինքնության զգացումը և գնահատանքը տարածաշրջանի հարուստ պատմության նկատմամբ:
Ընդհանուր առմամբ, եթե 2023 թ. Հայաստան-Իրան-Ռուսաստան հարաբերությունների հնարավորությունները լիարժեքորեն իրացվեին, ապա ոչ միայն զգալի տնտեսական, քաղաքական և ֆինանսական օգուտներ կբերեին երեք երկրներին, այլև կնպաստեին տարածաշրջանային բարգավաճմանը և հարաբերությունների ընդլայնմանը ավելի լայն միջազգային համատեքստում: Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև շարունակական համագործակցությունը դրական հետագիծ է ստեղծում հետագա առաջընթացի համար և ճանապարհ է հարթում համագործակցության, խաղաղության և փոխադարձ շահերի ընդհանուր ապագայի համար։
Տնտեսական կապերի, քաղաքական փոխըմբռնման և մշակութային փոխանակումների ամրապնդումը հիմք է ստեղծում ապագայում խորացված տարածաշրջանային ինտեգրման, ընդհանուր բարգավաճման և փոխադարձ օգուտների համար:
Եթե նման դաշինքը խորանա և ամրապնդվի 2024 թ., ապա ոչ միայն շոշափելի առավելություններ կբերի ներգրավված երկրներին, այլև կնպաստի գլոբալ կայունության, խաղաղության և համագործակցության ավելի լայն նպատակների իրացմանը։ Երկխոսության, փոխըմբռնման և համագործակցության խթանմանն ուղղված դիվանագիտական ջանքերը մնում են էական փոխկապակցված և ներդաշնակ տարածաշրջանային միջավայր ձևավորելու հարցում:
Հետամուտ լինելով ավելի սերտ կապերին և աշխատելով ընդհանուր շահերի ուղղությամբ՝ Հայաստանը, Իրանը և Ռուսաստանը փոխկապակցված և ներդաշնակ աշխարհ ստեղծելու ներուժ ունեն: Նման ցանկալի հեռանկարի հասնելու համար, սակայն, կրկին ու կրկին գլխավոր հարցը մնում է այն հանգամանքը, թե ում շահերով կպայմանավորվի Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը:
Լիանա Պետրոսյան