«Հայ երիտասարդությունը խորացող մարտահրավերներին ընդառաջ» խորագրով կլոր սեղան-քննարկում
07 Մարտ 2024
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ «Արամ Մանուկյան» Երիտասարդական կենտրոնում Մարտի 7-ին տեղի ունեցավ «Հայ երիտասարդությունը խորացող մարտահրավերներին ընդառաջ» թեմայով կլոր սեղան-քննարկում՝ մասնակցությամբ շուրջ 20 տարբեր ՈւՀ ուսանողների։ Քննարկման խոսնակներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը և ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Արմենուհի Կյուրեղյանը անդրադարձավ կրթության ոլորտում ծառացած մարտահրավերներին, ի թիվս այլնի, օրինակ, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին. «Պրոֆեսորադասախոսական կազմում նկատում ենք ակնհայտ ծերացում: Այսօրվա վարած քաղաքականության արդյունքում երիտասարդները գրեթե չեն ձգտում մտնել բուհական համակարգ, որովհետեւ այդ համակարգն իրենց համար հետաքրքրիր չէ նախ եւ առաջ ֆինանսական առումով: Բուհական համակարգում պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը մեղմ ասած ծիծաղելի է: Երեւանում միջինում պրոֆեսորի աշխատավարձը 180 հազար դրամ է, իսկ Գյումրիում, Վանաձորում՝ 150 հազար դրամի կարգի, դոցենտինը՝ 130-140 հազարի կարգի, դրա համար էլ երիտասարդը չի ուզում այդ ոլորտ մտնել: Արդյունքում՝ ստացվում է, որ վաղը-մյուս օրը չենք ունենալու այն պրոֆեսորադասախոսական կազմը, որը կապահովի արժանապատիվ եւ որակյալ կրթություն մեր բուհերում: Այս կառավարության առջեւ պետք է նման հարցադրումներ դնել: Աշխատավարձի բարձրացումը շատ կարեւոր է: Նաեւ բուհերը երիտասարդին հետաքրքիր չեն, որովհետեւ մեր բուհերն ավելի շատ ակադեմիական բնույթի են, հետազոտական մասը մի քիչ պակասում է»: Արմենուհի Կյուրեղյանը խոսեց նաեւ բուհական համակարգում կառավարման խնդիրներից:
Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան Բաղումյանն իր խոսքում նշեց, որ երիտասարդները ոչ միայն մեր երկրի, Եկեղեցու ապագան են, այլև՝ ներկան։
«2021թվականի փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունը հաստատեց հանրակրթության պետական չափորոշիչը․ գրվեցին ձեռնարկներ, դասագրքեր։ Քաղաքականությունը հետևյալն է՝ ինչ տեսակ մարդ ենք ուզում պատրաստել, բայց որևէ խոսք չկա մարդու ինքնության ամրապնդման ու զորացման մասին։ Մայր աթոռն ասում էր, որ նախագիծը պետք է վերանայվի, ստեղծվի չափորոշիչ, որը պետք է դաստիարակի մի հայ ,որն ամբողջովին պետք է կապված լինի իր հող ու ջրին․․․ Որ դասարանում մտնում է կրթության չափորոշիչը, այդ դասարանից դուրս է գալիս Հայոց եկեղեցու պատմությունը»,-ցավով արձանագրում է․ Զաքարիա Ծ. վարդապետ Բաղումյանը։
«Հայ Եկեղեցին նաև ազգային կառույց է, որ մեր ժողովրդի կյանքի բոլոր փուլերում դերակատարություն է ունցել»,-այս մասին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունում կազմակերպված կլոր սեղան֊քննարկմանն ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
«Եկեղեցին, եթե պաշտոնապես իր մտահոգություններն է արտահայտում տարբեր խնդիրների վերաբերալ, և եթե սա ընկալվում քաղաքականությամբ զբաղվել, ուրեմն մենք քաղաքականությամբ զբաղվում ենք․ Եկեղեցին չի կարող չխոսել Արցախի խնդրի մասին, չի կարող չհիշեցնել մեր վանքերի, արցախցու իրավունքների մասին, Եկեղեցին պիտի լինի բարոյականության պահապանը, քարոզողը»,-ասաց Հայր Սուրբը՝ նշելով․ «Կարծես կորցրել ենք վտանգի զգացողությունը․․․ Պետք է հայրենասիրական ճառերից անցնենք գործնական հայրենասիրության»։
Տեսանյութն՝ այստեղ