«Դրօշակ»-ի Առաջնորդող. Ոտատակ ընկած Նիկոլ, ոտատակ եղող Հայաստան
04 Ապրիլ 2024
2024 թ. փետրվարի 16-18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ»։ Իսկ փետրվարի 22-ին «France 24» լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում Փաշինյանն ասել է. «Փաստացի Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին»: Նույն այդ օրերին շրջանառվում են խոսակցություններ, իսկ շաբաթներ անց հայտնի է դառնում, որ Հայաստանը Ռուսաստանի սահմանապահ ծառայությանը պաշտոնական նամակով տեղյակ է պահել սույն թվականի օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում վերջիններիս ծառայությունը դադարեցնելու մասին: Միաժամանակ տարածվում է այն տեղեկատվությունը, թե սպասվում է Զելենսկու այցը Հայաստան (այս վերջինը տեղի չունեցավ․ գուցե առայժմ): Հարց է ծագումՙ ինչն է ստիպել Հայաստանի իշխանություններին կատարելու կտրուկ և ամբողջական դիմաշրջում դեպի Արևմուտքՙ ուղիղ համեմատությամբ սրելով հարաբերությունները Ռուսաստանի հետ: Գուցե սա յուրատեսակ հաշվետվություն-հավաստիացո՞ւմ է Արևմուտքին, որն այդ հստակությունն է պահանջում քաղաքական ճարպկությունների սովոր Հայաստանի վարչապետից: Գուցեև Արևմուտքն է շտապում հակառուսականության նոր ճակատ բացել Անդրկովկասում, երբ Ուկրաինան ակնհայտորեն տանուլ է տալիս պատերազմում: Եվ արդյո՞ք Հայաստանի անվտանգության, եթե չասենք, գոյության հաշվին խաղարկվող այդ սցենարի մասին չի վկայում Միացյալ Թագավորության ռազմական նախարար Ջեյմս Հիպիի հայտարարությունը, թե Լոնդոնը «կաշխատի եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դեպքում» (https://alikonline.ir/political/16115): :
Ինչպես ասում են․ «Աչքներս լույս»: Միացյալ Թագավորության նախաձեռնությամբ եվրաատլանտյան դաշնակիցները կաջակցեն Հայաստանին Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելու դեպքում: Իսկ այդ հավանականությունը ենթադրվո՞ւմ է, թե հրահրվում․ որևէ պարագայում այն նույն մահացու հեռանկարն է Հայաստանի համար: Շատ ծանոթ բան չի՞ հիշեցնում այս ընթացքը: Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց 1 ամիս անց՝ 2022 թ. մարտին, թուրքական միջնորդությամբ Անթալիայում տեղի ունեցան ռուս-ուկրաինական բանակցություններ, ձեռք բերվեցին որոշակի համաձայնություններ, որոնք հանգեցին նախաստորագրման հանգրվանի, բայց քանի դեռ կողմերը չէին հասցրել վավերացնել փաստաթուղթը, Կիև թռավ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը և խոստանալով ամենայն աջակցություն՝ դրդեց հրաժարվելու հաշտության պայմանագրի կնքումից և շարունակել պատերազմը: Հիշեցնե՞նք Հայաստանի իշխանություններին, թե ինչ վիճակում է այսօր Ուկրաինան: Պարզապես արձանագրենք, որ այս երկիրն արդեն կորցրել է մոտ չորս այսօրվա Հայաստանի չափ տարածք, 45 միլիոնանոց երկրի բնակչության թվաքանակը մոտավորապես կիսվել է (Ռուսաստանի քաղաքացի դառնալով, փախչելով երկրից և մոտ կես միլիոն զոհ տալով), ավերվել է երկրի տնտեսական-էներգետիկ համակարգի մեծ մասը, Ուկրաինային սպառնում է տարածքների հետագա մասնատումը նաև եվրոպացի հարևանների միջև: Ըստ լուրջ կանխատեսումների՝ Եվրոպայի ամենամեծ երկրին սպառնում է պետականության կորուստն ու կազմալուծումը: Իհարկե, նույն այս ճանապարհին՝ Զելենսկուն, իսկ հաջորդ հանգրվանում Սահակաշվիլուն հերթափոխելու ճանապարհին գտնվող Փաշինյանին արդեն հաջողվել է հայկական իշխանության ներքո գտնվող երկրի 30 տոկոսից ավելին տանուլ տալ, այնուամենայնիվ սա սթափեցնելու և համարժեք հետևությունների տանող եզրակացության չի մղել նրան և նրա խամաճիկային թիմին: 2018 թվականից Հայաստանին պարտադրված քաղաքականությունը շարունակվում է: Որպես այս սցենարը ամբողջացնող սյուժետային ծանոթ գիծ դրսևորվում է Եվրոպայի և եվրոպական կառույցների առաջնորդների հիացմունքը Հայաստանի իշխանությունների ժողովրդավարական բարեփոխումների կուրսի հանդեպ: Եվրամիությունն ասում է, թե ՀՀ-Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան խորն ու ամուր չեն եղել:
Մնում է կանխագուշակել, թե ինչպես են արտահայտվում այդ «խորն ու ամուրը»՝ բացի ՀՀ իշխանությունների ամբողջովին Արևմուտք թեքվելուց և Ռուսաստանին հակադրվելուց։ Միաժամանակ հրավեր է հնչում հերթ կանգնելու Եվրամիության անդամի թեկնածու դառնալու համար թեկնածուների երկար շարքում:
Նիկոլ Փաշինյան քաղաքական թյուրիմացությանը ծնած ՀՀՇ-ի իշխանությունից հետո Հայաստանը զգուշավոր քայլերով զարգացնում էր հարաբերությունները Արևմուտքի հետ և անգամ մասնակցում էր ՆԱՏՕ-ի ինչ-ինչ ծրագրերի: Փոխլրացնող (կոմպլեմենտար) այս քաղաքականությունը ջղագրգռություն չէր առաջացնում Հայաստանի դաշնակիցների և մյուս գործակիցների մոտ, որովհետև Հայաստանն իր քաղաքականությունն իրականացնում էր բաց՝ առանց կողմերի շահերի վրա հակադրություններ սարքելու գավառական պարզունակ ճարպկության, հստակորեն ցուցադրում էր քաղաքական առաջնահերթություններին հավատարմությունը, իսկ, որ ամենակարևորն է, այդ հարաբերությունները չէր կառուցում ի հաշիվ և ընդդեմ տարբեր կողմերի: Քաղաքական կապերը դիվերսիֆիկացնող այս քաղաքականությունը վտանգավոր մարտահրավերներ չէր ստեղծում Հայաստանի համար:
Ներկայիս ճակատագրական պատմափուլում, երբ անփորձ իշխանությունը ունակ չէ թշնամական սպառնալիքները հաղթահարելու, 180 աստիճանի շրջադարձ կատարելով, գործիք է դարձել Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նպատակը հետապնդող ուժերի ձեռքին, այսպես ասած, «եվրոպամետ քաղաքականությունը» փորձում է ներկայացնել որպես անկախ Հայաստանի անցած ճանապարհի համար չտեսնված ու շատ առաջադիմական մի բան:
Թերևս կարելի է չզարմանալ՝ ընդունելով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր արկածախնդրական թիմը ցանկության դեպքում անգամ այլևս այլ բան չեն կարող անել, որովհետև խորանում է կախումը արտաքին հովանավորներից և երկիրը հոշոտել ցանկացող թշնամիներից:
Այլապես մի՞թե Նիկոլ Փաշինյանից լավ որևէ մեկը գիտի, թե ինչ հետևանքներ են ենթադրում Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը և աշխարհաքաղաքական բախման պայմաններում այլոց կռվի մեջ ոտատակ ընկնելը:
Փաշինյանը լավ գիտի, որ Ռուսաստանին թշնամության մղելը Հայաստանին սպառնում է ամեն տարի մոտ մեկուկես միլիարդ տրանսֆերտային գումարների կորստով, որոնք այդ երկրում աշխատող հայերն ուղարկում են իրենց հարազատներին՝ հսկայական սոցիալ-տնտեսական խնդիր լուծելով Հայաստանում: Դա նշանակում է ատոմակայանի հումքի, ադամանդի, էժան նավթամթերքի, հացահատիկի և այլ ապրանքի հոսքի դադարեցում կամ մեծ տոկոսով թանկացում, նշանակում է հայկական՝ հիմնականում գյուղատնտեսական արտադրանքի առջև այս մատչելի և առայժմ անայլընտրանք շուկայի դռների փակումը, Ռուսաստանում աշխատող մի քանի հարյուր հազար հայերի վտարումը և այլն: Այս շարքը կարելի է շատ երկարացնել՝ չանդրադառնալով անգամ ամենակարևորՙ անվտանգային խնդիրներին: Փաշինյանը և իր բախտախնդիրների թայֆան իշխանության գալուց առաջ և գալու առաջին օրվանից իրականացրել են հայ ժողովրդի մեջ հակառուսական տրամադրություններ բորբոքելու, հայ-ռուսական հարաբերությունները խզման տանելու քաղաքականություն: Եթե Նիկոլ Փաշինյանը այս նպատակը չունենար և փոքր-ինչ ազնիվ լիներ, կխոստովաներ, օրինակ, որ 2020 թ. պատերազմի կեսին ստիպված էր լինելու ամբողջական պարտություն ընդունել, եթե ամեն օր ինքնաթիռները Ռուսաստանից զինամթերք չհասցնեին Հայաստան: Եթե նա ազնիվ լիներ, կհիշեր, որ հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահն առաջարկեց դադարեցնել պատերազմը առկա դիրքերում, որ Ալիևին համոզել է համաձայնել դրա հետ, և եթե ինքը չմերժեր, այսօր Արցախը պահպանված կլիներ, և 2000-ից ավելի հայ զինվորի կյանքը կփրկվեր:
Փաշինյանը չի հիշի այն մասին, որ ռուսներն առաջարկում էին Արցախի հարցի լուծումը սառեցնել՝ կարգավիճակի խնդիրը թողնելով ապագային, և այս առաջարկի հետ եթե ինքը համաձայներ, այսօր Արցախը լինելու էր պահպանված և պաշտպանվածՙ ապագայում կարգավիճակի լուծման հեռանկարով: Նիկոլ Փաշինյանը, սակայն, պետք է մերժեր այս բոլորը և շարունակեր քայքայել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ հստակ առաջնորդվելով այն նպատակներով, որոնք իրականացնելու համար ստանձնել էր իշխանությունը: Նիկոլ Փաշինյանը ռուս սահմանապահներին դուրս է հանում օդանավակայանից, իսկ մոտ ապագայում նա ընդհանրապես հրաժարվելու է ռուսական ռազմուժի, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանի պաշտպանությունն իրականացնող սահմանապահ զորքի ներկայությունից մեր երկրում:
Հայաստանի իշխանությունն իր առաջնորդի գլխավորությամբ հրաշալի հասկանում է, որ ՀԱՊԿ-ի հետ կապերը խզելուց և ռուսական զինված ուժը մեր երկրից դուրս բերելուց հետո Հայաստանը դառնալու է ամբողջովին բաց թուրքական ներխուժման համար, հետևաբար այդ ներխուժման անհրաժեշտությունը չի էլ լինելու, առանց դրա էլ Հայաստանն ընկնելու է թուրքական ազդեցության տակ: Որպես Արևմուտքի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ՝ հենց Թուրքիան է մտնելու Հայաստան՝ իհարկե, նախևառաջ հետապնդելով Անդրկովկասում Ռուսաստանին փոխարինելու, Զանգեզուրի միջանցքը իր անվերահսկելի հսկողության տակ վերցնելու և պանթուրանիզմի ճանապարհը գործարկելու նպատակները: Գուցե հենց այդ հաշվարկով էլ այժմվանից Հայաստանի իշխանությունը կատարում է զիջումներ, որոնք կպահանջվի, երբ երկիրը փաստացի կվերածվի թուրքական կամ թուրք-ադրբեջանական գաղութի: Այլապես հասկանալով, թե հասարակության մեջ ինչ դժգոհություն է բորբոքվում՝ ինչի համար են իշխանությունները կանխավ տարածքները հանձնում և, ըստ թուրք պաշտոնյաների հայտարարությունների, համաձայնում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ թուրքական պահանջներին, խոսում նոր Սահմանադրության մասին, թուրքական գաղափարախոսություններին համապատասխան փոփոխում հայագիտության հիմնարար գաղափարները, տվյալ ճյուղերի կարգավիճակը կրթական համակարգում։ Անգամ հասնելով սրբապղծության՝ պատերազմի հերոսների նկարները հանում են փառքի անկյուններից: Ալիևը իր գրպանում համարելով Հայաստանի ութ գյուղերը ստանալու հարցը՝ խոսում է այժմ արդեն «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ գործած» հայաստանցիներին հանձնելու պահանջի մասին: Հայտարարելով, թե ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետն է՝ Փաշինյանն ամբողջովին հրաժարվում է և՛ հայոց պատմական անցյալից, և՛ հիշողությունից, և՛ հայ դատից, և՛ այն ազգային արժեքներից, որոնք առնչվում են այդ ամենի հետ:
Ինչ վերաբերում է նրան, թե Արևմուտքը մեզ կպաշտպանի, այդ հեքիաթին իշխանությունն անգամ չի հավատում: Նախ արևմտյան ղեկավարներն են հայտարարել, որ Հայաստանը պաշտպանելու համար զինվոր չեն ուղարկի տարածաշրջան, մյուս կողմից էլ, երբ իշխանությունը ժողովրդին շանտաժի է ենթարկում Ադրբեջանի հնարավոր հարձակման սպառնալիքով, հաստատում է այն տեսակետը, որ ինքն իսկ չի հավատում Արևմուտքի միջամտությանն ու աջակցությանը: Ի դեպ, այդ նույն Արևմուտքը փոխլրացնող ամուր տնտեսաքաղաքական կապերի մեջ է Ադրբեջանի և նրա հովանավոր Թուրքիայի հետ և անգամ շրջափակման երկար ամիսներին ոչ միայն օգնության ձեռք չմեկնեց հայությանը, այլև որոշ երկրների ներկայացուցիչներ իրենց հերթին էին պահանջում արցախցիներից լքելու իրենց բնօրրանը՝ սպառնալով հնարավոր ցեղասպանությամբ: Ակնառու փաստ է, որ եվրոպական ղեկավարների ու կառույցների՝ Ադրբեջանին ուղղված բոլոր հայտարարություններին և ընդունած որոշումներին հակառակ՝ Ալիևը անխռով շարունակում է իր սպառնալիքներն ու հակահայ քայլերը՝ դրանով փաստելով ոչ միայն արևմտյան բոլոր որոշումների, այլև նիկոլական իշխանության հույսերի սնանկությունը:
Պետք է հստակ լինի նաև, որ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականության մեջ քաղաքական հիմքեր փնտրելը անիմաստ էՙ այդ քաղաքականությունը ամբողջովին պայմանավորված է այն ազդեցություններով և կախումներով, որոնք այս խառնախմբի համար գոյություն են ունեցել դեռևս իշխանության գալուց առաջ և արտահայտվել են շատ հստակորեն, երբ նա դեռ ջուր էր պղտորում ընդդիմադիր դաշտում: Չունենալով արտաքին քաղաքականություն իրականացնելու փորձառություն, խորթ լինելով ազգային մտածողությանն ու ազգային ռազմավարական շահերին, չհասկանալով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային առանձնահատկություններով պայմանավորված անկախ Հայաստանի որդեգրած քաղաքական ուղեգծերը՝ վերջապես, որպես զիվորական պարտադիր ծառայությունից խույս տված դասալիք, Փաշինյանն իր օտարասուն համախոհների հետ հավատաց արտաքին հովանավորների խոստումներին ու նետվեց դաժան գործընթացների հորձանուտի մեջ:
Լողալ չիմանալով՝ այդ ալեկոծումների մեջ կործանեց Արցախը, կործանման շեմին կանգնեցրեց Հայաստանը՝ մեր երկիրը դարձնելով մեծ շահերի բախման և անվերջանալի ցնցումների ներուժ պարունակող փորձադաշտ: Ոտատակ ընկնելով մեծ խաղերի մեջ՝ նա այստեղ ներքաշեց նաև երբեմնի կայուն, հեղինակություն ու հարգանք ներշնչող երկիրը: Նիկոլ Փաշինյանը խուսափելով ուղիղ հնչող հարցերից՝ չունի հիմքեր և չի կարողանում որևէ երաշխիք ներկայացնել, որ ինքը կարող է երկիրը դուրս բերել անվերջանալի անկումների այս ընթացքից: Չունենալով երկիրը փրկելու հույս և հասկանալով, որ երկրի ու ժողովրդի առաջ այսչափ հանցագործություններ կատարած մեկը չի կարող չկանգնել անխուսափելի պատասխանատվության առջև՝ նրա և իր թիմի համար ինքնանպատակ իշխանությունը դարձել է ինքնապաշտպանության զրահ, որի գոյատևումն էլ կախված է հովանավորների և իր դավաճանական իշխանության երկարաձգման մեջ շահագրգիռ թշնամիների բարեհաճությունից: Այդ պատճառով էլ նա իր քաղաքական գործունեությունը պայմանավորում է թվարկված ուժերի կամակատարությամբ, իսկ թշնամիներ է համարում նրանց, որոնց համարում է վտանգ իր իշխանության համար, մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդին, արցախցիներին ու նաև ռուսներին:
Այս իշխանությունը կարծում է, որ եթե ռուսներին մերժի և ջայլամի պես գլուխը մտցնի ավազի մեջ, Ռուսաստանը կանհետանա, այնինչ այս երկիրը եղել է, կա և, ուզենք, թե չուզենք, տեսանելի ապագայում մնալու է հիմնական դերակատար այս տարածաշրջանում և անկախ յուրաքանչյուրի նախասիրությունից՝ այս իրողության նկատմամբ քամահրանքը շատ ծանր կարող է նստել մեզ վրա: Կհաջողվի՞ Հայաստանը դուրս բերել ոտատակ ընկածների այս խաղաբեմից: Այլ ելք չկա, մնում է, որ հրաբխի պես պայթյունի պատրաստ ժողովուրդը կարողանա տեսնել և ընդունել պայքարը հաջողությամբ ավարտելու ունակ իր առաջնորդներին: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թե՛ քաղաքականապես և թե՛ բարոյապես պարտության հոգեվարքի մեջ է, բայց այս վիճակը անվերջանալիորեն կարող է ձգվել, քանի դեռ հրապարակում չի հայտնվել այդ հոգեվարքին վերջ դնող ուժը: