Առանց հանրաքվեի և ժողովրդի կամքի արտահայտման նոր տարածքներ թշնամուն հանձնելը պետական դավաճանություն է
23 Ապրիլ 2024
Փաշինյանը շարունակում է հանձնել Հայաստանի տարածքները և ոչ թե գնում է խաղաղության, այլ նոր ականներ է դնում մեր պետականության տակ։ Այս մասին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Տավուշում սահմանազատման գործնական փուլի մեկնակին և սպասվող տարածքային զիջումներին։
«Առանց հանրաքվեի և ժողովրդի կամքի արտահայտման նոր տարածքներ թշնամուն հանձնելը պետական դավաճանություն է»,- նշեց նա։
Ըստ Սաղաթելյանի՝ հետագա զիջումներն ու կորուստները կանխելու միայն մեկ տարբերակ կա՝ համահայաստանյան ընդվզումը։
«Հակազդեցություն կա, բայց դրա բավարար մակարդակը դեռ չենք կարողացել ստանալ, որպեսզի կանխենք այս շղթան, հույս ունենք՝ այն, ինչը տեղի է ունենում Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համաժողովրդական։ Այս ամենը կանխելու տարբերակը մեկն է՝ համահայաստանյան և համահայկական դիմադրություն լինի միակողմանի զիջումներին և վերածվի դավաճան ու հակահայ իշխանություններից ազատվելու գործընթացի։ Երկու տարի առաջ այս նույն օրը բոլոր վտանգների մասին ասել ենք, դուրս ենք եկել պայքարկ, ցավոք, այո, չենք կարողացել դարձնել համաժողովրդական, բայց դեռ ուշ չէ՝ Նիկոլի հանձնումների շղթան սրանով չի սկսվել և սրանով չի ավարտվելու։ Երկիրը փրկելու շանս կա՝ սրանց հեռացնելով»,- ասաց Սաղաթելյանը։