«Զա՛րկ, երբ հալածում են քեզ». Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք
23 Ապրիլ 2024
Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի նախօրեին, Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և Նիկոլ Աղբալյան Ուսանողական միությունների նախաձեռնած ավանդական ջահերով երթը:
Ջահերով երթն այս տարի կրում էր «Զա՛րկ, երբ հալածում են քեզ» խորագիրը:
Երթի մեկնարկից առաջ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը ընթերցեց Ավետիս Ահարոնյանի՝ հայ ժողովրդին ուղղված «Հարգա՜նք Քեզ» ձոնը:
Ելույթներ ունեցան սոցիոլոգ, իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սարգիս Մկրտչյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը եւ ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսյանը։
Սարգիս Մկրտչյանի խոսքով, Հայաստանը շատ բարդ իրավիճակում է, այս իրավիճակից դուրս գալու համար պետք է հասկանանք, որ թշնամու ցանկությունն է, որ հիասթափվենք, կոտրվենք, բայց մենք պետք է պատրաստվենք երկարատեւ պայքարի հանուն ազատագրական պայքարում ընկածների, Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի. «Շարունակելու ենք պայքարը մեր արդար իրավունքների ձեռք բերման համար, հզոր ու զարգացած պետություն ունենալու համար, արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար»:
Մենակ չթողնեք տավուշցուն, Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. իր խոսքում ասաց Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ Տավուշում ստեղծվել է Հայրենիքի պաշտպանության ճակատ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ ու տավուշցին կանգնել է պաշտպանելու իր հողը։
Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները, ապա «Պայքար, պայքար, պայքար» վանկարկումներով, հայրենասիրական երգերով ու պահանջատիրական կոչերով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Երթը առաջնորդում էր հոգեւոր դասը: Մասնակիցներն իրենց հետ տանում էին այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Ծիծեռնակաբերդում իր խոսքն ուղղեց ներկաներին ու հայ ժողովրդին, ասելով. «Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ, ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես»:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի ավելի քան 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Անմար կրակի մոտ խոնարհվեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները: Երթի մասնակիցները ծաղիկներ զետեղեցին անմար կրակի շուրջ: Տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ: