Թուրքական առասպելական հայրենիքի գաղափարն ու հայոց իրական հայրենիքը հայությունից օտարելու փաշինյանական «ուսմունքը»
28 Ապրիլ 2024
Նորից ապրիլն է, և հայությունը կրկին ապրիլի 24-ին ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Ցեղասպանության, դրա պատճառների ու հետևանքների մասին շատ է խոսվել․ խոսել ենք նաև Հայոց ցեղասպանության գլխավոր պատճառներից մեկի` պանթյուրքիզմի մասին, սակայն պանթյուրքիզմը ծնող գաղափարախոսություններից մեկի` թուրքերի առասպելական հայրենիք համարվող Էրգենեկոնի և Բաքվից մինչև Հնդկաստան ու Չինաստան ձգվող «Մեծ Թուրանի» միջոցով այնտեղ վերադարձի մասին գրեթե չի խոսվել:
Էրգենեկոնը, ինչպես ասացինք, համարվում է թուրքերի առասպելական հայրենիքը:
Իրականում, սակայն, Էրգենեկոն կամ Էրգենեքոն կոչված առասպելական վայրը թուրքերի հետ այդքան էլ կապ չունի, բայց սեփական ծագման փնտրտուքների մեջ գտնվող քոչվորներն ի վերջո ինչ-որ տեղից պետք է բխեցնեին իրենց ծագումը և չնայած թուրքական պետության և, այսպես կոչված, գիտնականների համառ ջանքերին` թուրքերի ծագումը Փոքր Ասիայից բխեցնելը համոզիչ ու արժանահավատ չէ նախևառաջ այս տարածաշրջանում թուրք ժողովրդի արմատներ ու հիմք չունենալու պատճառով: Հետևաբար պետք էր ընտրել ավելի հարմար «ազգային գաղափարախոսություն»՝ Էրգենեկոնի մասին էպոսի քարոզչությունը, ինչն էլ ակտիվ կերպով սկսեցին անել հատկապես երիտթուրքական իշխանությունները և նրանց հաջորդները:
Այժմ մի փոքր պատմական ակնարկ Էրգենեկոնի և դրա վերաբերյալ առասպելի մասին:
Էրգենեկոն վայրի մասին առաջին անգամ հիշատակվում է պարսիկ տարեգիր Ռաշիդ ադ-Դինի «Տարեգրությունների ժողովածու» («Cami at-Tavarih») աշխատության մեջ, որտեղ նշվում է հետևյալը.
«Մոնղոլական ցեղերը թյուրքական ցեղերի ընդհանուր խմբից էին սերում: Նրանց վրանները տեղակայված էին ույղուրների երկրից մինչև Խիթայ և Ջուջե բնակավայրերն ընկած տարածքում, այն տարածքում, որը հիմա կոչվում է Մոգուլիստան…Սրանից մոտ 2000 տարի առաջ մոնղոլ կոչվող ցեղը ընդհարվում է մյուս թյուրքական ցեղերի հետ, և նրանց միջև պատերազմ է սկսվում… Կա պատմություն, ըստ որի՝ վստահելի անձանց հավաստմամբ՝ մոնղոլները ենթարկվում են ջարդերի, և նրանցից կենդանի են մնում միայն երկու տղամարդ և երկու կին: Նրանք փախչում են դժվարամատչելի մի վայր, որն ամբողջությամբ շրջապատված էր լեռներով ու անտառներով: Դեպի այս վայրը տանող միայն մի արահետ կար, որով շատ դժվար էր անցնել: Այս լեռների միջև կար մի տափաստան: Այդ վայրը կոչվեց «Էրգունե-կուն», ինչը նշանակում էր շեղ իջվածք: Իսկ մարդկանց անուններն էին Նուքուզ և Կիյան: Նրանց սերունդները երկար ժամանակ մնացին Էրգունե-կունում: Երբ այս տեղը շատ նեղ դարձավ, նրանք խորհուրդ հավաքեցին և որոշեցին դուրս գալ այդտեղից: Լեռան մեջ մի հատված գտան, որը մետաղ էր պարունակում: Անտառներից հավաքեցին փայտ և յոթանասուն խարույկ վառեցին: Այդպես հալեցրին լեռը և դուրս եկան այնտեղից»1:
Էրգենեկոնի մասին պատմությունը հիշատակվում է նաև 17-րդ դարի Հիվայի խան Աբուլ-գազի Բահադըր խանի գրած «Թյուրքերի տոհմածառ» («Şeçere- i Türk») աշխատության մեջ2:
Էրգենեկոն էպոսի նախատիպերը հանդիպում են չինական ավանդությունում՝ Աշինայի տոհմի մասին պատմությունների տեսքով:
Սակայն ըստ որոշ ուսումնասիրողների. «Չնայած որոշ նմանություններին (ժողովրդի վերածնվելը, շրջակա աշխարհից թաքնված վայրում պատսպարվելն ու մի քանի հարյուրամյակ հետո այնտեղից դուրս գալը)՝ չինական ու միջնադարյան աղբյուրներում տեղ գտած պատմությունները էականորեն տարբերվում են միմյանցից: Առաջին և ամենաէական տարբերությունն այն է, որ մի դեպքում խոսվում է Աշինայի ցեղի, մյուս դեպքում՝ օղուզների կամ մոնղոլների վերածնվելու մասին: Մասնավորապես հին չինական աղբյուրների համաձայն՝ խուների վերածնվելը կապված է առաջին հերթին նրանց արքայազնին սնող էգ գայլի հետ: Հաջորդ կարևոր տարբերությունն այն է, որ չինական աղբյուրներում չի հիշատակվում այն վայրի անվանումը, որտեղ պատսպարվում է գայլը, և որտեղ հետագայում ապրում է Աշինայի տոհմը: Միայն ավելի ուշ աղբյուրներում է հիշատակվում նաև վայրը՝ Իրգանա-Խուն կամ Էրքոնե-Քոն տեղանունը: Որոշ թուրք հետազոտողներ գտնում են, որ «Էրգենեկոնը» կարելի է դիտարկել որպես, այսպես կոչված, «մեծ թյուրքական էպոսի» մաս՝ դրան միացնելով նաև Աշինայի և Բոզքուրթի մասին էպոսները: Ըստ նրանց՝ «Էրգենեկոնը» սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է «Բոզքուրթ» էպոսը: Նշենք, որ վերջինս պատմում է թյուրքական ժողովուրդների՝ գայլից սերած լինելու մասին»3:
Իսկ ի՞նչ է նշանակում Էրգենեկոն կամ Էրգենեքոն: Ըստ Դ. Յըլդըրըմի՝ «Էրգենե» բառը թուրքերեն «erk» բառից առաջացած «erkin» բառի մոնղոլական արտասանությունն է: Իսկ «քոն»-ը, ըստ նրա, «քուն», այսինքն` «günօր» բառի հնչյունափոխված տարբերակն է: Այսպիսով` ստացվում է էրքին՝ քուն, ինչը կարելի է մեկնաբանել որպես պատսպարան, անկախություն ստեղծելու վայր»4:
Ինչպես հայտնի է, «Էրգենեկոն» էպոսի լայնածավալ քարոզչությունը Թուրքիայում և հատկապես թուրքական գրականության մեջ սկսվում է քեմալական շարժման տարիներին, սակայն հասարակության մեջ «Էրգենեկոնի»՝ որպես բուն թյուրքական էպոսի սերմանումը սկսվել է դեռևս երիտթուրքերի կառավարության շրջանում: Երիտթուրքական կուսակցությունն իշխանության գալուց ի վեր բավականին մեծ ուշադրություն էր դարձնում ազգայնականության և թյուրքականության գաղափարների տարածմանը: Նոր գաղափարախոսության տարածմանը նպաստող կարևոր քայլերից մեկն էլ, այսպես կոչված, «բուն թյուրքականի» արմատավորումն էր: Բուն թյուրքական էր նաև Էրգենեկոնի մասին պատմող էպոսը և հենց Էրգենեկոն երևույթը: Եվ քանի որ Օսմանյան կայսրության տարածքում ապրող ժողովրդի համար միանգամայն խորթ էր «բուն թյուրքական» «Էրգենեկոն» էպոսը, անհրաժեշտ էր թե՛ անվանումը, թե՛ երևույթն ինքնին հասանելի դարձնել ժողովրդական լայն զանգվածներին: Այդ նպատակով թուրքական իշխանությունների ընտրած տարբերակը թերևս ամենաազդեցիկը եղավ. Էրգենեկոնը՝ որպես թուրքական տոն, տոնական օրացույց մտավ, և նրա մասին սկսեցին ակտիվորեն խոսել: Մի քանի տարի Էրգենեկոն-Նովրուզը նշվեց որպես մեկ ընդհանուր տոն: Այս տոնը նշվել է նաև Քասթամոնու նահանգում, սակայն 1914-1915 թթ. նահանգի «Քյորօղլու» թերթի տվյալներով՝ տոնվել է՝ որպես Էրգենեկոն-Նովրուզ: Նահանգային այս թերթի 1914 թ. մարտի 27-ի համարում նշվում էր, որ Քասթամոնուի «Թուրքական ուժ» («Türk Gücü») կազմակերպությունը կնշի ազգային մի տոն»5:
Իսկ այդ «ազգային տոնը» նկարագրվում էր հետևյալ կերպ. «Այսօր թուրքերի ամենահին տոնն է: Սեփական հայրենիքից բաժանված մի բուռ թուրքեր չորս հարյուր տարի աշխարհի ամենահեռավոր վայրում այսօր՝ մարտի 27-ին, հնարավորություն ունեցան թեթևացնել իրենց սրտերը, որոնք վառվում էին Ալթայի լեռների կրակով և այդ օրվանից, ցրվելով աշխարհի չորս կողմերով, ցույց տվեցին իրենց քաջությունը և ամբողջ աշխարհին ստիպեցին ճանաչել իրենց»6: Առաջարկում ենք հատուկ ուշադրություն դարձնել այս պարբերության վրա, որովհետև, ինչպես քիչ հետո կտեսնենք, «Ալթայի լեռների կրակով վառվող» թուրքերի համար խիստ մտահոգված` Հայաստանի վարչապետը հրաժարվեց հայ ժողովրդի ոչ թե առասպելական, այլ իրական հայրենիք Արևմտյան Հայաստանից ու Արցախից:
«Էրգենեկոն» էպոսի հետագա քարոզչությունն արդեն կապված էր քեմալական շարժման հետ: Էրգենեկոնի՝ որպես թյուրքական ժողովուրդների նախահայրենիքի մասին առաջին անգամ խոսեցին պանթյուրքիզմի գաղափարախոսներ Զիա Գյոքալփը և Օմեր Սեյֆեդդինը:
Իսկ պանթյուրքիզմը, ինչպես բազմիցս խոսել ենք այդ մասին, ծայրահեղ ազգայնամոլական գաղափարախոսություն էր, որն իրենից ենթադրում էր, որ Թուրքիայի տիրապետությունը պետք է տարածվեր Բաքվից «մինչև թուրքերի նախահայր Էրթուղրուլի ծննդավայրը, մինչև գորշ գայլի հայրենիքը՝ Սինցզյանի անապատները»7:
Ահա այսպես «Էրգենեկոն» էպոսը և թուրքական առասպելական հայրենիքի մասին քարոզչությունը ծնունդ տվեցին Հայոց ցեղասպանության գլխավոր պատճառներից մեկին` պանթյուրքիզմի քաղաքականությանը, որն էլ շարունակվում է մինչև օրս:
Ժամանակակից Թուրքիայում «Էրգենեկոն» էպոսը, որը սկսեց նույնացվել մայր գայլի (կամ Բոզքուրթի) մասին առասպելի հետ, Թուրքիայում ստացավ համակողմանի պետական աջակցություն: Գորշ գայլի պատկերը հայտնվեց պետական դրամի` լիրայի, դրոշմանիշների և տարբեր խորհրդանշանների վրա: Ներկայում «Էրգենեկոն» անվանումն է կրում նաև Ստամբուլի Շիշլի թաղամասի համայնքներից մեկը, ինչպես նաև նույն անվամբ թաղամասեր կան Անկարայում, Մանիսայում, Յենիշեհիրում, Մերսինում և այլ քաղաքներում: Արդեն 20-րդ դարի կեսին էպոսի քարոզչությունը գրական շրջանակներից տեղափոխվեց նաև քաղաքական ոլորտ:
21-րդ դարի սկզբին Էրգենեկոն անվանումն էլ ավելի ճանաչելի դարձավ Թուրքիայում գործող «Էրգենեկոն» ծայրահեղ-ազգայնական գաղտնի կազմակերպության գործունեության ու նրա անդամների դատավարությունից հետո»8:
Ինչպես ասացինք, «Էրգենեկոնի» մասին էպոսը դարձավ պանթյուրքիզմի հիմքերից մեկը, հետևաբար «Էրգենեկոն» ծայրահեղ-ազգայնական, ահաբեկչական կազմակերպությունը չէր կարող հակահայկական բնույթ չունենալ:
«Հայտնի է, որ «Էրգենեկոնին» կից գործող «Թալեաթ փաշա» կազմակերպությունը գլխավորապես զբաղվում էր եվրոպական երկրներում հակահայկական գործունեությամբ: Այս ընկերության ջանքերով Լոզանում (2005 և 2007 թթ.) և Բեռլինում (2006 և 2007 թթ.) մի քանի անգամ կազմակերպվեցին հակահայկական ցույցեր»9:
«Էրգենեկոն» էպոսը թեև թուրք հասարակությանը հայտնի դարձավ բավականին ուշ, բայց լավ կազմակերպված քարոզչության և պետական քաղաքականության հետևանքով շատ արագ դարձավ և այսօր էլ մնում է ժամանակակից Թուրքիայի և թուրքական ազգայնամոլության գլխավոր խորհրդանիշներից մեկը:
Իսկ ի՞նչ են հակադրում այս ամենին Հայաստանում․ բացարձակապես ոչինչ:
Հակառակը` վերջին տարիներին փաշինյանական իշխանությունը իր համերաշխությունն է հայտնել թուրքական ծայրահեղ ազգայնամոլական պանթյուրքիստական ծրագրին:
Ի տարբերություն թուրքերի առասպելական հայրենիք վերադառնալու Էրդողանի պանթյուրքիստական ծրագրերին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայ ազգի իրական հայրենիքը` «պատմական» Հայաստանը, վտանգ է համարում մերօրյա Հայաստանի Հանրապետության համար10, այլ կերպ ասած` պետական մակարդակով հրաժարվում է Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից, հայ ժողովրդին զրկում ազգային նպատակից` պատմականորեն իրեն պատկանող Արևմտյան Հայաստանն ու Արցախը Հայաստանի Հանրապետությանը միացնելու` Անկախ և Միացյալ Հայաստանի գաղափարախոսությունից, ազգային երազանքի համար կռիվ տալու ու հաղթելու պատրաստ ազգից` պանթյուրքիզմի ճանապարհին մորթվող հլու ստրուկ կերտելու աննահանջ համառությամբ:
Մինչդեռ նախկիններից, Ռուսաստանից, ՀԱՊԿ-ից հետո իր ձախողումներում հիմա էլ պատմական Հայաստանին մեղադրող Փաշինյանը չի ուզում խոստովանել, որ իրական Հայաստանը (որը խորհրդային որևէ հանրագիտարանում Փաշինյանի գտած 29,743 կմ-ը չէ, այլ նվազագույնը 316.000 քառ կմ տարածք ունեցող բուն հայկական պետության հազարամյակների տարածքը) չէ մեղավոր իր կողմից նախ՝ Արցախը հանձնելու, այնուհետև՝ Արցախից առհասարակ հրաժարվելու, հետո էլ՝ Գորիս-Կապան ճանապարհը, Գեղարքունիքի ու Տավուշի գյուղերը, Տիգրանաշենը «ադրբեջանական հող» հայտարարելու և Հայաստանի ինքնիշխանության ու անկախության մակարդակը մի քանի անգամ կրճատելու մեջ: Փաշինյանը, որը ի տարբերություն Էրդողանի, ազգային գաղափարախոսության մասին պատկերացում չունի և հայրենիքը տեսնում է միայն կառավարական առանձնատան պատուհանից, չի ուզում հասկանալ, որ «պետությունը զարգացնելու համար պարտադիր չէ պատմական Հայաստանը հակադրել Հայաստանի Հանրապետությանը կամ հայտարարել, թե հայրենիքը միայն Հայաստանի Հանրապետության տարածքն է։ Պետությունը նյութական է, իսկ հայրենիքը՝ հոգևոր․ այն խոր և լուրջ հասկացություն է։
Պատմական Հայաստանին պետք չէ մեղադրել մեր դժբախտությունների մեջ»11 կամ էլ (ինչն ավելի հավանական է) շատ լավ հասկանում է և կանխամտածված կործանման է տանում Հայաստանի Հանրապետությունը` հանուն «թուրքական հայրենիքի միավորման» և Մեծ Թուրանի ստեղծման, որպեսզի «Ալթայի լեռների կրակով վառվող» թուրքերի «ազգային» նպատակը անկատար չմնա, իսկ թե ի՞նչ կլինի Հայաստանի ու հայերի հետ, փաշինյանական վարչակազմին առանձնապես չի հետաքրքրում, որովհետև նրանց խոստացած «Ապագա կա»-ն Հայաստանի Հանրապետության ապագային չէր վերաբերում:
Հակառակ սրան՝ Հայաստանում կան ազգային նպատակ ունեցող քաղաքական ուժեր, որոնք երկու անգամ` 1918-ին և 1988-1994-ին կարողացել են վիժեցնել «Ալթայի լեռների կրակով վառվող» թուրքերի պանթյուրքիստական ծրագրերը և կարող են երրորդ անգամ ևս վիժեցնել այդ ծրագիրը, բայց մինչ այդ պետք է հնարավորինս արագ և կազմակերպված ձևով Հայաստանի վարչապետի պաշտոնից հեռացնել «թուրքական երազանքի» աննահանջ պաշտպանին և Հայաստանի ճակատագրի պատասխանատվությունը հանձնել հայկակական ազգային երազանքի անխոնջ մարտիկներին, որոնք ոչ թե կյուրացնեն ինչ-որ «Էրգենեկոն» էպոս թուրքերի համար առասպելական հայրենիք ստեղծելու նպատակով, այլ պետական քաղաքականության վեմ կդարձնեն Մեծ և Միացյալ Հայաստանի վերականգնումը:
Անի Մելքոնյան
_________________________________
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Рашид-ад-Дин, Сборник Летописей, Москва-Ленинград, 1952, стр. 153-154։
2. Այվազյան Հռ., «Էրգենեքոն» էպոսն ու դրա քարոզչությունը Թուրքիայում., Արևելագիտության հարցեր IX., Եր., 2015., էջ 334։
3. Նույնը., էջ 335։
4. Kaya M., Ergenenkon Destanından yararlanan eserler üzerine bir değerlendirme http://muharremkayamsgsu.tr.gg/Ergenekon-Destan %26% 23305%3B. htm։
5. Այվազյան Հռ., «Էրգենեքոն» էպոսն ու դրա քարոզչությունը Թուրքիայում., էջ 337-338։
6. Yılmaz M.S., Kastamonuda Ergenekon Bayramı/Novruz, 1914-1915, Bilge Dergisi, 2004, s. 13-40։
7. Կիրակոսյան Ջ., Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ., հատ., Ա., Եր., 1982., էջ 344։
8. Այվազյան Հռ., «Էրգենեքոն» էպոսն ու դրա քարոզչությունը Թուրքիայում., էջ 343։
9. Նույնը., էջ 344։
10. https://iravaban.net/471041.html։
11. https://yerkir.am/hy/article/2024/04/11/28329։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
ա) Գրականություն
1. Կիրակոսյան Ջ., Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ., հատ., Ա., Եր., 1982
բ) Մամուլ
1. Այվազյան Հռ., «Էրգենեքոն» էպոսն ու դրա քարոզչությունը Թուրքիայում., Արևելագիտության հարցեր IX., Եր., 2015
2. Рашид-ад-Дин, Сборник Летописей, Москва-Ленинград, 1952
3. Yılmaz M.S., Kastamonuda Ergenekon Bayramı/Novruz, 1914-1915, Bilge Dergisi, 2004
գ) Համացանցի նյութեր
1. Kaya M., Ergenenkon Destanından yararlanan eserler üzerine bir değerlendirme http://muharremkayamsgsu.tr.gg/Ergenekon-Destan %26% 23305%3B. htm
2. https://iravaban.net/471041.html
3. https://yerkir.am/hy/article/2024/04/11/28329