Քրդերին հայոց բնաջնջմանը մասնակից դարձնելու համիդյան և երիտթուրքական քաղաքականությունը
28 Ապրիլ 2024
Պատմական ճշմարտությունները չպետք է քողարկել, այլ բացահայտել ողջ խորությամբ ու մերկությամբ: Քողարկել պատմական ճշմարտությունը, նշանակում է ջուր լցնել պատմության կեղծարարների ջրաղացին և նպաստել ոճրագործների արդարացմանը:
Քրդերին Հայոց ցեղասպանության իրականացման մեջ ներքաշելու սուլթան Աբդուլ Համիդի և երիտթուրքերի քաղաքական դիրքորոշումների մեջ որևէ էական տարբերություններ չկան, ավելին՝ նրանց մոտեցումները գրեթե նույնությամբ կրկնվում են կամ համընկնում: Այնպես որ, կեղծիք են այն պնդումները, թե երիտթուրքերի քաղաքականությունը Հայկական հարցի հանդեպ այլ է եղել և տարբերվել աբդուլհամիդյան արյունարբու քաղաքական ուղուց: Ավելին, քրդերը, քուրդ բեկերն ու ռազմական հրամանատարները ոչ միայն կույր գործիք են եղել համիդյան և երիտթուրքական իշխանությունների ձեռքին, այլև հեշտությամբ և գրեթե կամովին ներքաշվել են թուրքական այդ իշխանությունների հակահայկական հիստերիայի, բռնությունների ու կամայականությունների ընդհանուր գործընթացի մեջ:
Այո´, չնչին բացառություններով, քուրդ ցեղապետերը, «Համիդիե» զորագնդերը ոչ միայն չեն հակադարձել, այլև կամովին ու ջերմորեն ներգրավվել են թուրքական իշխանությունների հակահայ ջարդարարական գործողությունների մեջ:
Սա է պատմական ճշմարտությունը, և այն ապացուցվում է պատմական իրականության ողջ ընթացքով, այդ իրականությունը ի հայտ բերող և բացահայտող բազմապիսի ու բազմաթիվ փաստերով և տրամաբանությամբ:
Չասե´լ այդ ճշմարտությունը, նշանակում է օգնել պատմության կեղծարարներին:
Սկսենք Աբդուլ Համիդից, որը թուրքական պետական մեքենան գործի էր դրել հայրենիքում՝ Արևմտահայաստանում, հայության արմատական բնաջնջման քաղաքականությունը իրագործելու համար: Ըստ գերմանացի հետազոտող Ի. Ֆիրբյուխերի դիպուկ արտահայտության՝ սուլթան Համիդը՝ պատմության ամենից մութ անձնավորություններից մեկը, քաջ գիտակցում էր, որ քրդական սեպով մահացու հարված կհասցնի հայությանը:
Թալա´ն, ահա այն սիստեմը, որը սկզբնավորվեց սուլթանի բարեհաճությամբ և զուլում դարձավ հայության համար: Քրդերին վերևից «պետականորեն» արտոնված էր թալանել իրենց հարևան, դրկից հայերին:
1890-ական թթ. սկզբներին քաղաքական, հոգեբանական և բարոյական իրավիճակը արևմտահայկական գավառներում հասել էր ծայրաստիճան շիկացման, իսկ հայ-քրդական հարաբերությունները ընդունել էին արյունալի բնույթ:
Ռուս և եվրոպացի բազմաթիվ գործիչներ և հետազոտողներ, որոնք 19-րդ դարավերջին եղել էին արևմտահայկական գավառներում, վերջնականորեն համոզված էին, որ քրդերը սկսեցին առավել դաժանորեն և անխնա ճնշել, հալածել և սպանել հայերին՝ իրենց թիկունքին զգալով թուրքական կառավարության բացահայտ հանդուրժողական քաղաքականությունը:
Հայը համարվում էր ռայա: Քրդի մոտ հայը լրիվ իրավազուրկ էր. «Ան պետք է պահէր աշիրէթները, թոռունները, տերեպէյները: Հայը… իրաւազուրկ էր, զայն իր քիւրտ տէրը կրնար սպաննել, աշխատցնել, ծախել. եթէ ուրիշ աշիրեթէ քիրտ մը ձեռք տար այդ հայուն, քիւրտ աղան կը պաշտպանէր զայն, ինչպէս որ մեծ եռանդով կը պաշտպանէ իր ձին, իր հօտը» :
1977-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, գոտեպնդված թուրքական պետական պաշտոնական քարոզչությամբ, քրդական աշիրեթները Բիթլիսի, Վանի, Տիգրանակերտի շրջաններում չտեսնված ավերածություններ գործեցին, հրի և սրի մատնեցին հայկական տասնյակ ու տասնյակ բնակավայրեր: Իրենց վայրագությամբ հատկապես աչքի ընկան քրդական հայտնի ավազակապետեր Քյոռ Հուսեին փաշան և Ջալալեդդինը: Պատերազմից հետո քրդերը էլ ավելի սաստկացրին իրենց բռնություններն ու հալածանքները հայերի հանդեպ: Հայ ժողովրդի ջարդարար Հուսեին փաշային սուլթանը հրավիրեց Կ. Պոլիս, գեներալի կոչում և բարձր աշխատավարձ նշանակելով՝ հետ ուղարկեց գավառ՝ շարունակելու իր գործը: Հուսեին փաշան՝ «որպէս համիդեական աւազակային հրոսակախմբի հրամանակալ փաշա, որպէս սրի ուժով գաւառների տիրող… մի անկախ ու ինքնիշխան բռնակալ էր դարձել երկրի համար: Ինչ որ Համիդն էր ամբողջ Թուրքիայի համար, նոյն էլ Հիւսէյնն էր Էրզրումի, Վանի եւ Բիթլիսի նահանգների համար» :
Միաժամանակ սուլթանական իշխանությունը քրդերի հանդեպ այնպիսի քաղաքական ուղեգիծ էր որդեգրել, որով չպիտի թույլ տար քրդական որևէ աշիրեթի բացարձակ հզորացումը, այլ մշտապես ներքին երկպառակություն սերմաներ և նրանց պահեր բաժան-բաժան վիճակում: Վերոնշյալ նպատակադրումով իշխանությունները զգալի կորուստներ պատճառեցին Պետիրխան բեյի, Խան Մահմուտի ու Թահր փաշայի աշիրեթական հզոր տոհմերին: Բայց նրանց փոխարեն սուլթանը հզորացրեց իրեն հնազանդ այլ ցեղապետերի, ինչպես օրինակ, Շաքիր աղային, որպեսզի նրանց միջոցով ճնշի հայերի և ասորիների ծավալվող ազգային շարժումները:
Քրդերին զինվորական կազմակերպված ձևով հայության դեմ տրամադրելու առաքելությամբ 1879 թ. Վան գործուղվեց սուլթանական բարձրաստիճան մի պաշտոնյա՝ Բեքիր Սամի բեյը, որի առջև խնդիր էր դրված՝ «հայոց ազգութիւնը ճնշելու… մի նոր հնարագետ, արտաքուստ չը երեւացող եւ արագ գործադրելի նախագիծ մշակելու եւ իսկոյն գործի դնելու» : Սամի փաշան կարողացավ արդյունավետորեն կատարել սուլթանի մշակած նենգ ու ստոր դավադրության ծրագիրը:
Այդ ծրագրի առանցքում էր համիդեական գնդերի կազմավորումը, ինչն, ըստ էության, ստեղծվում էր հայության բնաջնջման գործընթացը անխափան ապահովելու համար:
Ֆրանսիացի հետազոտող Ֆրեդերիկ Մակլերը, անդրադառնալով «Համիդիե» գնդերի ստեղծմանը, կարևորում է այն հանգամանքը, որ դրանով սուլթանական վարչակարգը ջանում էր խափանել Առաջավոր Ասիայի երկու տեղաբնիկ ժողովուրդների՝ հայերի և քրդերի մերձեցման բնականոն գործընթացը:
Համիդեական գնդերի կազմավորումով քուրդը կարգապահական առումով էլ չդաստիարակվեց, բնավ կարգապահության չվարժվեց, զինվոր չդարձավ, բայց կառավարչական զենքը մնաց նրա ձեռքում և «…. շատ շուտ իջեցնում էր ուսից այդ զենքը, պարպում, երբ նրա քեֆը գալիս էր, երբ նա մեկին ուզում էր կողոպտել» :
Երկրի անհանգիստ ու վայրագ տարրին սուլթանը այսպիսի հեռատեսությամբ հանձնում էր «խաղաղության» գործը: Այն քրդին, որը «…մարդ սպանելիս շատ անգամ ցոյց չի տար վրդովմունքի առանձին նշաններ իսկ» :
19-րդ դարի վերջերին քրդական ցեղերի մեծ մասը, շնորհիվ օսմանյան իշխանությունների թափած ջանքերի, արդեն ծանոթ էր կատարելագործված զենքերին և դրանց գործածությանը: Համիդեական գնդերի հրամանատարներ նշանակվեցին ամենասանձարձակ քուրդ բեյերն ու անխիղճ ավազակները, որոնք գտնվում էին սուլթանի անմիջական հովանավորության ներքո: Այդ ժամանակ արևմտահայկական գավառներում հայության նկատմամբ անօրինակ բարբարոսությամբ հռչակված էր քուրդ ավազակապետ Մուսա բեկը, որը ևս բացահայտ հովանավորվում էր Բարձր դռան կողմից: Նա մշտապես իր տրամադրության ներքո ուներ չորս հազար զինված քուրդ, որոնք անարգել կողոպտում էին հայկական բնակավայրերը: Չնայած եվրոպական դեսպանների ճնշման ներքո Մուսա բեկը տարվեց Կ. Պոլիս և դատի տրվեց, սակայն սուլթանի հրահանգով վերջինս արդարացվեց: Ուշագրավ է, որ դատական ֆարսի ընթացքում ավազակապետը սպառնացել էր Բարձր դռանը, որ եթե ինքը դատապարտվի, ապա այնժամ կհրապարակեն այն բոլոր նամակները, որոնցով Վանի, Բաղեշի և Կարինի նահանգապետ-փաշաները նրան դրդել են մղել այդ արշավանքները հայերի դեմ: Այդ օրերին եվրոպական հասարակական կարծիքը պարզորոշ հասկացավ, որ Մուսա բեկի գործակիցը ինքը՝ թուրք կառավարությունն է, որը «… չիմանալ եւ չտեսնել կը ձեւանա» :
Քրդերի զինված ոտնձգությունները Վանի, Էրզրումի, Բիթլիսի վիլայեթների հայկական բնակավայրերի նկատմամբ 19-րդ դարավերջին ընդունեցին սիստեմատիկ և համատարած բնույթ՝ ձեռք բերելով առօրյա ու ամենօրյա կենցաղային երևույթի նշանակություն: Կարծես արտասովոր ու զարմանալի այլևս ոչինչ չկար:
Քրդերը ոտքից գլուխ զինված էին, իսկ հայը իրավունք չուներ զենք կրելու, ուստի մնում էր որպես ռայա և իր կյանքի գեթ փոքր-ինչ ապահովության համար ընկնում էր այս կամ այն քրդի հովանավորության տակ կամ էլ պիտի գներ իր ապահովությունը այս կամ այն վարձատրությամբ և ծառայությամբ:
«Համիդիե» գնդերի զինվորներին ու հրամանատարներին քաղաքացիական դատարանները դատելու իրավունք չունեին: Ամեն ինչ արվում էր՝ քրդերին ներշնչելու այն միտքը, որ իրենք լիովին անպատիժ կմնան հայկական բնակավայրերն ավերելու և հայերի ունեցվածքը թալանելու բոլոր տեսակի գործողությունների համար: Բարձր դռանը հաջողվեց քաղաքականապես տհաս քրդական զինյալ ու անզեն ամբոխին մինչև ուղն ու ծուծը ներարկել հակահայկական թունոտ հիստերիայով: Միայն Վասպուրականում քրդերից կազմեցին 14 համիդեական գնդեր: Անգամ օտարերկրյա (անգլիական) թերթերը գրեցին, որ քրդերն արդեն զինված էին «Մարտին» տիպի նոր հրացաններով:
1890-ական թթ. սկզբին քաղաքական լարվածությունը արևմտահայկական գավառներում հասել էր ծայրաստիճան շիկացման, իսկ հայ-քրդական հարաբերությունները ընդունել էին անդառնալի արյունալի բնույթ: Իրադարձություններին քաջատեղյակ Ռոլեն Ժոկմենը ժամանակին այն համոզմունքը հայտնեց, որ Թուրքիայում իրագործվում է մահմեդականների օգտին քրիստոնյաներին ոչնչացնելու պլան: Մթնոլորտը օրեցօր շիկանում էր, տագնապը սաստկանում: 1894 թ. թշնամու անարգ լծի դեմ ընդվզեց հերոսական Սասունը: Նույն թվականին ու նույն ժամանակ Անատոլիական 4-րդ բանակի զորամիավորումները պաշարեցին Սասունը: Սկսվեց հայության արյունոտ գողգոթան: Սասունում կատարած արյունալի գազանությունների համար Զեքի փաշան և քրդական ավազակապետերը սուլթանի կողմից պարգևատրվեցին շքանշաններով ու մետաքսյա դրոշներով: Ապստամբության ճնշումից հետո սուլթանը ամբողջ մեղքը փորձեց բարդել քրդերի վրա, և ուշագրավ է այն փաստը, որ սասունցիներից գրաված ոչխարների խմբաքանակի մի մասը թուրք պաշտոնյաների միջոցով փորձեցին բաժանել հայ ընտանիքներին: Կառավարությունը նպատակ ուներ ցույց տալու, որ ինքն անմեղ է և անմասնակից Սասնո ջարդերին: Սա ևս մեկ անգամ աներկբա վկայում է, որ սուլթանական իշխանությունը քուն ու դադար չուներ հայ-քրդական հակամարտությունը անընդհատ ու անվերջ խորացնելու և բորբոքելու համար: Հայ-քրդական հակամարտությունը սուլթանը մշտական բորբոք վիճակում պահեց մինչև իր տխրահռչակ գահակալության՝ «զուլումի թագավորության» ավարտը: Եվ երբ սուլթան Համիդը 1912 թ. գահընկեց եղած վերադառնում էր Կ. Պոլիս, նավի վրա չթաքցնելով իր դժգոհությունը Բալկանյան պատերազմից և երիտթուրքերի գործելակերպից, բացականչել է. «Երիտասարդ թուրքեր ինչպէ՞ս արգելք չեղան եւ թոյլ տուին, որ յոյն եւ պուլկար իրարու հետ բարեկամանան» :
Ահա այսպես էր դատում Օսմանյան կայսրության ժողովուրդներին իրար դեմ գրգռելու և իրար դեմ հանելու մեծ «վարպետն» ու մեծ մարդասպանը:
Հայկական հարցում և հայ-քրդական հարաբերություններում սուլթանի որդեգրած ռազմավարությունը էապես ոչնչով չփոխվեց երիտթուրքերի կառավարման տարիներին: Երիտթուրքերը շատ կարճ ժամանակում ապացուցեցին, որ իրենք ավելի չարժեն, քան հին թուրքերը: Այդ առումով անչափ բնորոշ է ռուս արևելագետ Անդրեյ Մանդելշտամի այն դիտարկումը, թե հին ու նոր թուրքական կարգերը միավորվում էին միևնույն ատելության մեջ հայերի նկատմամբ:
Երիտթուրքերը հավատարիմ մնացին սուլթան Համիդի ավանդույթներին: Նրանք շարունակեցին սիրաշահել և հովանավորել քրդական ավազակախմբերին, «համիդիե» զորախմբերին̀ ընդդեմ խաղաղ ու անպաշտպան հայ ժողովրդի:
1909-1912 թթ. հայկական պարբերականները գուժում էին, որ Արևմտյան Հայաստանի գավառներում նոր ուժով շարունակվում ու սաստկանում են քրդական ասպատակություններն ու հարստահարումները:
1908 թ. աշնանն արդեն «Արմենիա» պարբերականում տագնապալից լուրեր էին հրապարակվում հայոց նոր կոտորածների իրական վտանգի մասին: Նույն թվականի հոկտեմբերի 28-ին «Կոտորածի լուրեր Հայաստանէն» խորագրի ներքո հաղորդվում էր, որ «լուրեր սկսած են պըտըտիլ, թէ Տիգրանակերտի, Վանի, Բաղէշի կողմեր քիրտեր եւ հին դրութեան կուսակից թիւրքեր սկսած են կոտորածներ ընել» : Անհերքելի էր համարվում, որ Թուրքիայի ներքին գավառներում հին բռնակալության ներկայացուցիչները սկսել են հակառակվել նոր վարչակարգի դեմ՝ հայերի ազատությունն ու հավասարությունը իրենց շահերին հակառակ համարելով: Տագնապով ասվում է, որ Վանից եկած վերջին տեղեկությունների համաձայն՝ այն հարստահարիչ քուրդ բեկերն ու փաշաները, որոնք քաղաք «…. բերուած էին իբր թէ դատւելու համար, քիչ մը կաշառք խաղացնելէ յետոյ արձակւէր, վերադարձուեր են իրենց տեղեր, ուր վերըսկսեր են իրենց հարստահարութիւններ» :
Նյու Յորքից հրապարակագիր օրիորդ Նազլուն «Արմենիայի» էջերում գրում էր, որ ակնկալ-անակնկալներից անդրանիկը եղավ Թուրքիայի՝ սահմանադրական տերության վերածվելը: Եվ ով գիտի, թե հետագա հինգ «տարուայ միջոցին քանի՜-քանի՜ այդպիսի անակնկալ առիթներ պիտի կրկնուին, եւ որոնք մեզ կրկին անպատրաստ գտնեն» :
Անակնկալներ չեղան: Թուրքական իշխանությունները վաղուց էին ծրագրում հայ ժողովրդի ամբողջական բնաջնջումը: Աբդուլ Համիդի և նզովյալ երիտթուրքերի ոճրապարտ ուղեղներում արմատավորվել էր, որ Հայկական հարցը մեջտեղից կվերանա, եթե չլինի այն կրող տարրը՝ հայ ժողովուրդը:
Եվ իրավ, ճշմարտացի է այն դիտարկումը, որ վայրագ ու խորամանկ գազանը՝ նախ սուլթանական և ապա երիտթուրքական Թուրքիան, «ոչ թե գրգռվելու պատճառով էր հայերի վրա գայլային հարձակումներ գործում, այլ իրականացնում էր կանխապես մտածված ցեղասպանության հրեշավոր ծրագիր» :
Շուտով, շատ շուտով երիտթուրքական ոհմակը սկսեց արագացնել հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացման գործընթացը:
Քրդական վայրենաբարո ցեղերն ու ցեղապետերը, «համիդիե» խաժամուժը ակտիվորեն ներգրավվեցին վերոնշյալ գործընթացի մեջ, քանզի տասնամյակներ շարունակ թունավորված էին հակահայկական մոլի տրամադրություններով և համոզված էին, որ անպատիժ կմնան ցանկացած բարբարոսության դեպքում:
Սրանք են պատմական իրողությունները, և ոչ միայն թուրքերը, այլև քրդերը, նրանց ներկայիս ու հետագա ժառանգները պարտավոր են հաշվի նստել վերոնշյալ իրողությունների հետ:
Արմեն Կարապետյան