Ահարոն Սաչակլյան. «Նեմեսիս» գործողության նորահայտ մասնակիցը
29 Ապրիլ 2024
1964 թ․ սեպտեմբերի 29-ին «Հայրենիք» թերթի առաջին էջի խմբագրականում Ահարոն Սաչակլյանի մահվան կապակցությամբ մասնավորապես գրված էր․ «Իր յատկանշական լրջութեամբ մը կը մօտենար հանրային, կուսակցական հարցերուն եւ ամրօրէն հաւատարիմ էր սկզբունքներու։ Առաքինութիւն մը, որ հետզհետէ կը պակասի մեր ազգային կեանքի շարք մը աւանդութիւններուն հետ։ Ահարոն Սաչագլեան հեռացաւ մեզմէ՝ ձգելով յիշատակը խղճամիտ, պարկեշտ նկարագրով հաւատաւոր դաշնակցականի մը, մեկը անոնցմէ, որոնք մեր կուսակցութեան անխախտ սիւներէն եղան ի կենդանութեան եւ իրենց փայլուն յիշատակովն իսկ կը մղեն մեզ գործի եւ պարտականութեանց իրենց եւ մեր հաւատացած իտէալներու իրագործման համար» ։
1990 թ. ԱՄՆ-ում հայտնաբերվեց «Նեմեսիս» գործողության («Հատուկ գործի») անհայտ մասնակիցներից մեկի՝ Ահարոն Սաչակլյանի նամակների, լուսանկարների, փաստաթղթերի արխիվը վերջինիս մահվանից 26 տարի անց միայն: Հետաքրքրականն այն է, որ Ահարոն Սաչակլյանի ընտանիքի անդամները երբևէ չեն էլ ենթադրել, որ իրենց հարազատը որևէ դերակատարություն է ունեցել «Նեմեսիս» գործողության մեջ, քանի որ վերջինս ոչ միայն չի բարձրաձայնել իր կենսագրության ուշագրավ ու պատմական այս դրվագի մասին, այլև խնամքով թաքցրել է կողմնակի անձանցից:
2015 թ. Մարիան Մեսրոբյան-Մաքքըրդին հայտնաբերված հարուստ փաստավավերագրական նյութերի հիման վրա հրատարակեց «Սրբազան արդարադատություն. հայկական «Նեմեսիս» գործողության ձայներն ու ժառանգությունը» գիրքը (անգլերեն)՝ դրանում ներկայացնելով նաև իր մորական պապի՝ Ահարոն Սաչակլյանի գործունեությունը, հատկապես՝ նրա մասնակցությունը «Նեմեսիս» գործողությանը:
Ո՞վ էր Ահարոն Սաչակլյանը և ի՞նչ կապ ուներ «Նեմեսիս» գործողության հետ
«Հատուկ գործը» («Նեմեսիս» գործողությունը) խիստ գաղտնի գործողություն էր, ուստի երկար տարիներ գաղտնազերծված չէին նրա կազմակերպիչները, անդամները և գործին առնչվող ցանկացած տեղեկություն: Այդ պատճառով այսօր էլ գործի որոշ մասնակիցների անուններ անհայտ են կամ նորովի են բացահայտվում: 1919 թ. աշնանը (սեպտեմբեր 28 – նոյեմբեր 2) առաջին անգամ նորանկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում՝ Երևանում, գումարվեց ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովը ։ Համաժողովում, երկրի արտաքին ու ներքին քաղաքականության բազում հարցերից ու խնդիրներից զատ, հանրապետության հիմնական կառավարող ՀՅԴ կուսակցությունը խիստ գաղտնիության պայմաններում որոշեց մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին, որոնք տարբեր պատճառներով խուսափել էին թուրքական ռազմական դատարանի դատավճռից: Ընդհանուր ժողովի կողմից հավանության արժանացած այդ գործողությունը կոչվեց «Հատուկ գործ», որն ավելի հայտնի է «Նեմեսիս» ծածկանունով: Այն վստահվեց ՀՅԴ հատուկ կամ պատասխանատու մարմնին: Ընդհանուր ժողովի գաղտնի որոշման ընդունումից հետո սկսվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ պատժիչ գործողությունների մանրազնին նախապատրաստությունը: Դրա ծրագրման ու կենսագործման անմիջական պատասխանատվությունը և վերահսկողությունը դրվեցին ՀՅԴ գործիչներ Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաճյան) և Շահան Նաթալիի (Հակոբ Տեր-Հակոբյան) վրա: Հատուկ մարմնի կազմում ներգրավվեցին Հայոց ցեղասպանությունը վերապրած երիտասարդներ, որոնք ունեին մարտական հարուստ փորձառություն՝ Սողոմոն Թեհլիրյանը, Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանը, Միսաք Թորլաքյանը և ուրիշներ:
«Նեմեսիս» գործողության կազմակերպչական ընդհատակյա կենտրոններն էին Բոստոնում՝ «Հայրենիք», իսկ Կ. Պոլսում` «Ճակատամարտ» թերթերի խմբագրատները: Հրաչ Փափազյանի գլխավորած խումբը պետք է տեղեկություններ հայթայթեր երիտթուրքերի հանցավոր պարագլուխների գտնվելու վայրի մասին :
«Հատուկ գործի» կազմակերպման և նյութական միջոցների ապահովման կենտրոնակայանը Բոստոնում հրատարակվող «Հայրենիք» թերթի խբագրատունն էր, որի աշխատակիցն էր նաև Ահարոն Սաչակլյանը:
Նա ծնվել է 1879 թ. սեպտեմբերի 9-ին Մալաթիայում (Օսմանյան կայսրություն): Հայրը՝ Հարություն Սաչակլյանը, հայտնի ճարտարապետ էր Օսմանյան կայսրությունում։ Նա մահացել է, երբ Ահարոնը ընդամենը երեք ամսական էր ։ Ահարոնն ուներ ավագ երկու եղբայր՝ Ստեփան և Հակոբ։ 16-ամյա Ստեփանը 1890 թ․ լքում է հայրենի Մալաթիան և հաստատվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նրան շուտով հետևում է կրտսեր եղբայրը՝ 16-ամյա Ահարոնը, որը 1895 թ.՝ նախքան ծննդավայրում համիդյան կոտորածների սկսվելը, իր մի քանի հայրենակիցների հետ Կ. Պոլսից նավով տեղափոխվում է Մարսել, որտեղ ծանոթանում է Արմենակյան կուսակցության հիմնադիր Մկրտիչ Փորթուգալյանի հետ: Այս հանդիպումը ճակատագրական է լինում պատանի Ահարոնի համար․ Փորթուգալյանը նրան ասում է․ «Տեսնում եմ, որ պայծառ ապագա ես ունենալու, որովհետեւ դու բարեկիրթ ես ու խելացի: Որդի՛ս, անպայման, կրթություն կստանաս: Այս երկրները ձուլում են օտարներին, թույլ չտա՛ս, որ քեզ հետ էլ դա պատահի: Երբեք չմոռանաս ազգությունդ ու կրոնդ: Գնա՛, Աստված քեզ հետ: Կրկնում եմ, չմոռանաս քո լեզուն» : Այս պատգամը ուղեկցեց Ահարոնին ողջ կյանքի ընթացքում։ Նա Մարսելում մնում է վեց ամիս ֆինանսների սղության պատճառով։ Ապա 1896 թ. հաստատվում է Հարթֆորդում (ԱՄՆ)՝ եղբոր տանը, սովորում անգլերեն և Հանթսինգերի բիզնես քոլեջում ուսանում հաշվապահություն (ավարտել է 1898 թ․): 1902 թ․ նա մի խումբ համախոհների հետ հիմնում է ՀՅԴ Բոստոնի կոմիտեն։ 1907-1909 թթ․ Ա․ Սաչակլյանը աշխատում է Մանիլայում (Ֆիլիպիններ)՝ գեներալ-նահանգապետի գրասենյակում՝ իբրև հաշվապահ։
Երիտթուրքական հեղաշրջումից կարճ ժամանակ անց՝ 1909 թ., Ահարոնը ճանապարհվում է դեպի Դյորթ-Յոլ (Չորքմարզպան) ՝ հանդիպելու մորը և եղբորը՝ Հակոբին , որոնց չէր տեսել ավելի քան 14 տարի: Այս ընթացքում նա նամակագրություն է սկսում ՀՅԴ անդամ, Օսմանյան պառլամենտի երեսփոխան Արշակ Վռամյանի (Օննիկ Դերձակյան) հետ: 1909 թ. ապրիլի սկզբին, երբ Ահարոնը արդեն գտնվում էր Դյորթ-Յոլում, տեղի հայությունը, ինչպես Կիլիկիայի այլ հայկական բնակավայրերի բնակչությունը, դիմել էր ինքնապաշտպանության՝ կենաց ու մահու կռիվ մղելով թուրքական մի քանի անգամ գերակշռող ուժերի դեմ: Հայերի, հիրավի, հերոսական ինքնապաշպանությունը Դյորթ-Յոլում ղեկավարում էր Միհրան Մելքոնյանը , որն, ի դեպ, Ահարոնի կնոջ՝ Էլիզայի եղբայրն էր: Դյորթ-Յոլի թուրքական պաշարումը դադարեցվում է 13 օր անց միայն՝ հայերի հերոսական պայքարի և օտարերկրյա հյուպատոսների միջամտության շնորհիվ, որոնց ինքնապաշտպանության օրերին բազմաթիվ խնդրագրեր էր ուղարկել նաև Ահարոնը: Նա եղբոր՝ Հակոբի հետ Դյորթ-Յոլի սովյալ հայության համար կազմակերպում է ԱՄՆ-ից պարենի և հագուստի տրամադրումը:
Վերադառնալով ԱՄՆ՝ նա մի կարճ ժամանակահատված աշխատում է ավագ եղբոր՝ Ստեփանի արևելյան գորգերի խանութում՝ Հարթֆորդում, որից հետո՝ Բոստոնի «Հայրենիք» թերթում:
1915 թ., երբ Օսմանյան կայսրությունում սկսվեցին հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները, Ահարոն Սաչակլյանը, օգտագործելով ամերիկյան Կարմիր խաչի և միսիոներների հետ իր կապերը, փորձում էր աջակցել իր հայրենակիցներին:
«Հատուկ գործին» կամ «Նեմեսիս» գործողությանը նրա անդամակցությունը սկսվել է դեռ 1919 թ.: Այս ժամանակահատվածում Ահարոնը սերտ նամակագրություն է ունեցել Շահան Նաթալիի, Վահան Զաքարյանցի , ԱՄՆ-ում ապահովագրական գործակալ Համո Բարաղամյանի (Համոյի մասին իր հուշերոմ նաև Ս. Թեհլիրյանն է գրում) և քիմիկոս Զավեն Նալբանդյանի հետ: Հետաքրքրական է այն, որ բացի կարևոր պատմական տեղեկություններ պարունակող այս նամակներից՝ Ա. Սաչակլյանի արխիվում պահպանվել է նաև հայերի տեղահանությունն ու կոտորածները կազմակերպած 100 թուրք ոճրագործների ձեռագիր անվանացուցակը: Բացի այդ՝ արխիվում գտնվել են ցուցակում նշված որոշ գործիչների լուսանկարներ կամ ժամանակի թերթերից կտրված նրանց դիմապատկերներով թերթոններ:
Ահարոն Սաչակլյանը ղեկավարում էր «Հատուկ գործի» ֆինանսավորման հարցերը՝ նյութական միջոցների հայթայթումը և անհրաժեշտ ծախսերի ծրագրումը, օգտագործումը: 1920 թ. հուլիսին Բոստոնում տեղի ունեցավ ՀՅԴ ԱՄՆ 27-րդ շրջանային ժողովը, որը, հիմնվելով Երևանում կայացած ընդհանուր ժողովի որոշումների վրա, գործողությունն իրագործելու նպատակով որոշեց ստեղծել ֆինանսական միջոցներն ապահովող հատուկ գումարը («Հատուկ ֆոնդը») , որը Շահան Նաթալին անվանում էր «Վրեժի ֆոնդ» ։ Ահարոն Սաչակլյանը ֆոնդի շրջանակներում իրականացնում է դրամահավաքներ, կազմակերպում տարբեր երկրներում գործող հետախուզական խմբերի լոգիստիկ ապահովումը։ Ս. Թեհլիրյանի դատավարությունը դարձավ «Հատուկ գործի» ամենահնչեղ էջը։ Անհրաժեշտ էին զգալի նյութական միջոցներ՝ Գերմանիայի լավագույն դատապաշտպաններին վարձելու և Թեհլիրյանի պաշտպանական գործը պատշաճ կազմակերպելու համար: Այդ միջոցները հայթայթվում էին «Հատուկ գումարի» ֆոնդից։ Ա. Սաչակլյանի անձնական արխիվում «Հատուկ գումարի» վերաբերյալ հանդիպում ենք ինչպես դրամական նվիրատվությունների մասին նշումների, այնպես էլ կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների՝ Ս․ Թեհլիրյանի, Արմին Վեգների, Յո․ Լեփսիուսի և այլոց անունով։ Իրեն հատուկ բծախնդրությամբ նա այդ ամենը թաքցրել էր անգամ ընտանիքի անդամներից․․․
1920 թ. Էլիզա և Ահարոն Սաչակլյանները իրենց երեք երեխաների հետ վերջնականապես հաստատվեցին Սիրակուզում (ԱՄՆ)՝ ակտիվ մասնակցություն ունենալով հայկական համայնքի կյանքում, նաև տեղի հայկական եկեղեցու հիմնադրման գործում:
Ահարոն Սաչակլյանը մինչև 1933 թվականը ԱՄՆ ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ էր, իսկ մինչև մահը՝ ՀՅԴ անդամ: Նա մահացել է 1964 թ. օգոստոսի 5-ին, 85 տարեկան հասակում:
Կնոջն ասված նրա վերջին խոսքերն էին. «Ես կարող էի անել ավելին…»։
Կնոջ՝ Էլիզի հետ ամուսնությունից ուներ երեք զավակ՝ Աստղիկ, Արփինե և Հարություն, որին անվանակոչել էր հոր պատվին։
Սաչակլյանի մահվան 10-ամյա տարելիցի կապակցությամբ «Հայրենիք» թերթում նրա կուսակցական ընկեր Ս․ Տարտունին գրեց․ «Լուրջ մարդ էր, պարկեշտ և ուղղամիտ, բարի՝ բառին լայն առումով։
Լուռ, սակաւախօս, տեղին միայն խօսող եւ՝ քանի մը բառով միայն։ Այո՛, իսկապէս հոյակապ ընկերը 62 տարիներ ծառայեց մեր կազմակերպութեան՝ առանց փառք եւ պատիւ փնտռելու, առանց նիւթական վարձատրութեան ակնկալութեան»։
Գոհար Խանումյան