Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու
29 Ապրիլ 2024
Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հանձնումը ավելացրել է անվտանգության ոլորտի մարտահրավերները, Ադրբեջանը Հայաստանը կներկայացնի որպես ագրեսոր, նույնը վերաբերում է Տավուշի գյուղերին, եւ փոխանակ Երեւանը էթնիկական զտումների մեջ մեղադրի Բաքվին, դեռ հայկական կողմին կմեղադրեն դրանում։
Նրա խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որ բանը հասնի անշրջելիության կետին, իսկ դրա համար պետք է ձեւավորվի հանրային համախմբում, ամրապնդվի անվտանգության ոլորտը եւ վարվի ակտիվ դիվանագիտություն։
Ռուստամյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից բացի հարձակումներ են կատարվում Հայաստանի երկու այլ օբյեկտների վրա, որոնցով նա հետաքրքիր է արտաքին աշխարհին, խոսքը Սյունիքի եւ Հայկական ԱԷԿ-ի մասին է։
«Ամենագլխավոր հարցը. կարո՞ղ ենք արդյոք պահպանել մեր ինքնությունը։ Ժողովրդի մեջ քարոզչություն է իրականացվում, որպեսզի ապացուցվի մեր իբր անզորությունը։ Թուրքիան եւ Ադրբեջանը խնդիր են դրել զրկել մեզ ուժի արտաքին աղբյուրներից, իսկ Հայաստանի իշխանությունները չորացնում են այդ աղբյուրները ներսից։ Հենց դրանով է պայմանավորված անվերջ զիջումների շղթան։ Իշխանությունների կրածիքով՝ Հայաստանի անվտանգության համակարգի երաշխավորներն են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ժողովուրդն ընդունո՞ւմ է, որ այդ դերում պետք է լինեն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Նման ապագա նա պատկերացնո՞ւմ է»,- ընդգծել է պատգամավորը։
Նրա կարծիքով՝ եկել է ճշմարտության պատմական պահը, որպեսզի հայ ժողովուրդը ապացուցի իր կենսունակությունը։
https://youtu.be/yIo_syW4m1U