Երթ եւ ակցիաներ՝ ի աջակցություն Տավուշի
02 Մայիս 2024
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի՝ այսօր իրազեկման երթ է անցկացրել. այն մեկնարկել է Վիկտոր Համբարձումյանի արձանին հարող տարածքից` ուսանողական այգուց։
Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ միակողմանի զիջումների, սահմանազատման ու սահմանագծման ապօրինի գործընթացի դեմ և աջակցություն հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:
«Դեմ ենք միակողմանի զիջումներին, սահմանազատման ու սահմանագծման ապօրինի գործընթացին և մեր աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Մի եղեք անտարբեր, միացեք»,–հայտարարում էին նրանք:
Երտասարդներն իրենց ձեռքում պաստառներ ունեին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ծաղրանկարներով։
«Ոտքի կանգնեք, քանի դեռ ուշ չէ», «Մեր կռիվը միայն Տավուշում չէ», «Հաջորդը Գեղարքունիքը, Սյունիքն է լինելու, համախմբվեք: Լռությունը հավասարազոր է դավաճանության»,–վանկարկում էին երիտասարդները։
Նրանցից մի քանիսը մուտք են գործել Երևանի պետական համալսարան եւ թռուցիկներ բաժանել:
«Մեր ուղերձները հասարակության ողջ շերտերին ենք ուզում հասանելի դարձնել։ Այն, ինչ Ադրբեջանը ՀՀ-ից վերցրել է ուժի սպառնալիքով, այս գործընթացով օրինականացվելու է և վախենալու է պատկերացնել, թե Տավուշի տարածքներից բացի, էլ ի՞նչ են մեզանից պոկելու և օրինականացնելու։ Շատ ժամանակ չունենք․ պետք է կազմակերպվել և զանգվածային բողոքի միջոցով իշխանություններին հեռացնել»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը։
Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն այսօր փակել են փողոցներ, անհնազանդության ակցիներ իրականացրել:
Նշենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին ի պատասխան ոստիկանական բիրտ և ապօրինի գործողությունների ՀՀ բոլոր մարզերում և բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները և դրանով իրենց աջակցությունն ու զորակցություն հայտնել սեփական հայրենիքի և սեփական տան համար արդար պայքարի դուրս եկած մեր հայրենակիցներին: