Որտե՞ղ են ապրում հակազգային և հակապետական մանրէները
11 Հունիս 2024
Կենսաբաններն ասում են, որ ցանկացած կենդանի օրգանիզմում ամեն ակնթարթ տեղի է ունենում «դրական և բացասական» մանրէների պատերազմ: Այս երկու տիպի մանրէներն էլ խիստ անհրաժեշտ են օրգանիզմին, ունեն իրենց հույժ կենսական գործառույթները:
Դա օրգանիզմի ապրելու կերպն է: Մանրէաբանները, ինչպես ցույց տվեց «կորոնավիրուսի մղձավանջային դարաշրջանը», ցավալիորեն շատ հարցերի պատասխաններ չունեն: Բնությունը գիտի՝ ինչպես հավասարակշռել և ապա օգտագործել դրական և ոչ դրական մանրէները ի շահ օրգանիզմի: Հասարակության և ազգի կյանքում այդպես չէ, դրանց դրսևորվելու, զարգանալու օրինաչափությունները այլ են:
Միամտություն է կարծել, թե մեր ու մեր շրջապատի մարդկանց վարքագծերը պատահական կամ տարերային բաներ են: Ո՛չ, ամենևին էլ՝ ոչ:
Այդ վարքագծերը ունեն իրենց ծագումը, ինչպես նաև տարբեր ձևերով ներդրված, այսպես կոչված, «մտածողության և վարքային անտեսանելի ծրագրերը»: Միջավայրը, ընտանիքը, հանրությունը, դպրոցը, համալսարանը, աշխատավայրը այս կամ այն կերպ ստեղծում ու զարգացնում են այդ լավ կամ վատ «ծրագիրը»: Օրինակ՝ ընտանիքում երեխաներից մեկը նրբանկատ, հասկացող, հոգատար զավակ է, մյուսը՝ էգոիստ, քմահաճ ու դաժան երեխա: Ծնողները ուզում են հասկանալ, թե դա ինչպե՞ս է տեղի ունեցել: Խնամքը նույնն է եղել, դաստիարակությունը՝ ևս, բայց ինչո՞ւ են արդյունքները այդքան տարբեր: Սա դժվար վերծանելի բան է: Իզուր չէր գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերն ասում․ «Գտնվելով նույնանման հանգամանքներում՝ մարդիկ միևնույն է, ապրում են տարբեր աշխարհներում»: Մեր միտքը ևս, ասես, խցանվում է, երբ տեսնում ենք, թե ինչպես հասարակության մի ստվար զանգված, ազգի, պետության համար այսքան օրհասական պահի դրսևորում է անպատասխանատու և ողորմելի վարքագիծ, քաղաքական կուրություն: Գանք փոքր-ինչ հեռվից. դավաճանների ու դավաճանության նկարագրությունների հարցում մարդիկ սովորաբար ունեն գրքերից ու ֆիլմերից փոխանցված կաղապարված պատկերացումներ:
«Տվյալ սրիկան վախից կամ անձնական շահից ելնելով՝ վաճառեց իրեն, իր խիղճը և սկսեց ծառայել թշնամուն կամ էլ մի շատ վատ նպատակի»: Իրական կյանքում դավաճանության և ուրացումի ձևերը անասելի շատ են, բազմազան: Դրանք երբեմն տեսանելի են, երբեմն էլ արտահայտվում են խիստ խաբուսիկ ձևերով: Առանձնապես հարկ չկա խոսելու այն մասին, թե ինչ հոգեբանական ծանր ցնցում ապրեց մեր հանրությունը պատերազմում պարտվելուց հետո: Ե՛վ անձի, և՛ հասարակության կյանքում այդ ցնցումը բերեց բարոյահոգեբանական խոր տեղատվությունների ̀ բոլոր առումներով: Անկարելի բան է, որ անհատի հոգեկերտվածքում ոչնչից կամ, ինչպես ասում են, ոչ մի տեղից ժամերի և օրերի ընթացքում արմատական փոփոխություններ ի հայտ գան, ուղղակի սա այն դեպքն է, երբ ակտիվանում են հատկապես այն որակները, այն մանրէները, որոնց սաղմերը արդեն կային մարդու ներաշխարհում: Բժիշկները կվկայեն՝ հիվանդության մանրէները մինչև դրսևորվելը արդեն ապրում են օրգանիզմում, դրանց արտահայտման միջավայրը բավարար չափով պարարտ չէ: Դրա վառ օրինակը քաղցկեղն է:
Հասարակության կյանքում սրանք նույնիսկ կարող են պատմական արմատներ ունենալ: Մեր դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո համազգային նիհիլիզմը լայն ճակատով սկսեց իր գրոհը, սոցիալական ու մարդկային այն խմբերը, որոնք թույլ ու վախկոտ էին, արագ ընկրկեցին պարտության դեմ: Պարտված ու նոր աղետներին դեմ առած առողջ և նորմալ անհատը սովորաբար սկսում է հասկանալ ու գիտակցել կատարվածի պատճառները, իր և այլոց մեղքի բաժինը և փորձում է նախանշել իր առաջիկա քայլերն արդեն նոր իրադրության պայմաններում:
Իսկ թույլ և վախկոտ տեսակը անում է ճիշտ սրա հակառակը: Նա մեղադրում է ուրիշներն, նույնիսկ «վեհացնում» իր թշնամուն: Սա այն է, ինչ անում են մեր երկրի գլխավոր խամաճիկը և ՔՊ-ի պնակալեզները: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է սկսել ոգով և ազգային ինքնության զգացողությամբ տկար մարդկային խմբերի զորաշարժ: Այս խմբերը ակամայից դառնում են «բարիկադներ» սեփական ստորությունները քողարկելու, վերաբաշխելու համար: Ուշադիր լինելու դեպքում կնկատենք այն ընդհանրությունը, որն առկա է պարտվողականության և դավաճանության հակում ունեցող մարդկանց մոտ: Դրանց միանգամից դավաճանություն չենք անվանում, բայց հենց դրանք են երևույթի մանրէները: Նախ՝ այս տեսակը առանձնանում է ցածր ինտելեկտով, վախկոտությամբ և ծախվելու բացահայտ և քողարկված ձգտումներով: Գերմանացի մեծ հոգեբան Էրիխ Ֆրոմը առանձնացրեց «բացասական կողմնորոշում» ունեցող մի քանի տեսակ և տվեց դրանց ճշգրիտ նկարագիրը: Առաջին տեսակը խնամակալություն և ուժեղ ձեռքի կարոտ տեսակն է: Սա ասում է․ «Ես ոչինչ որոշող չեմ, տվեք իմ կերը և ինձ տիրություն արեք…»: Մեզանում սրա հետևորդը շատ ստվար զանգված է:
Հաջորդը «շահագործողների» բավականին ուժեղ և ցինիկ տեսակն է: Սա ինքնուրույն ոչինչ չի ստեղծում, առանձնանում է ուրիշներին շահագործելու, նրանց հաշվին հարստանալու և բարգավաճելու գիշատչական հմտությամբ, կարողանում է ջրի երեսին մնալ բոլոր իշխանությունների օրոք: Թվով սրանք շատ չեն, բայց ազդեցիկ են իրենց գործնական ու ֆինանսական հնարավորություններով: Բացասական կողմնորոշմամբ մարդկանց երրորդ խումբը, ըստ Ֆրոմի, «շուկայական» տեսակն է: Սրա փիլիսոփայությունն էլ այն է, որ «Աշխարհում ամեն բան ենթակա է վաճառքի: Ես կգնեմ ամեն ինչ և կվաճառվեմ ինքս, եթե լավ գին տան…»: Վերջինն էլ «կուտակող» տեսակն է: Մեծ տարածում ունեցող այս տեսակն էլ ասում է․ «Քոնը՝ քեզ, իմը՝ ինձ», ինչպես ասում են ռուսները․ «Моя хата с краю» (Իմ խրճիթը կողք է ընկած): Մարդկային այս խումբը սևեռված է զուտ իր անձնական շահի վրա: Նրա անձից առանձնահատուկ ստորություններ չպետք է սպասել, բայց և նա պատրաստ չէ որևէ զոհաբերության: Կրկնում ենք, սրանք «բացասական կողմնորոշում» ունեցող տեսակներն էին, որոնք Է. Ֆրոմի դիտարկումներով՝ կազմում են հասարակության մոտ 70-75 %: Իհարկե, նշված տեսակները առաջին հերթին արտացոլում են հասարակության հատկապես սոցիալական վարքագծի պատկերը:
Այս վարքագծերը ազգային և պետական մտածողության ներկապնակի մեջ կարող են որոշակի պահերի ճակատագրական դեր խաղալ, ինչի ականատեսը եղանք վերջին տարիների իրադարձությունների ժամանակ: Եթե «շուկայական կամ խնամակալության կարոտ» տեսակին, օրինակ, ասես, որ քո պահվածքից դավաճանության հոտ է փչում, նա դա չի հասկանա, չի ընդունի: Նույնն է նաև մյուս երկու տեսակի դեպքում: Այս բոլոր վարքային կոնֆիգուրացիաները բազմապիսի նրբերանգներ ունեն և կարող են արտաքուստ հեռու թվալ ազգուրացությունից և պետական դավաճանությունից: Օրինակ՝ ինչպիսի՞ն է հայրենիքը լքող մարդու վարքագիծը: Վերջինս իր հեռանալը կամ փախուստը արդարացնելու համար սկսում է աջ ու ձախ փնովել ու ծաղրել պետությունն ու հայրենիքը, անգամ ամենասուրբ բաները, որպեսզի շրջապատի աչքին իբրև թե հասկանալի դարձնի իր հեռանալու պատճառները:
Նրա ընկալումներում շահամոլությունը, ծախվածությունը կամ մորթապաշտությունը մերժելի բաներ չեն, այլ հակառակը, ապրելու ճիշտ կերպ: Այդ իրեն հարգող, երկրի հարցում պատասխանատու մարդուն է թվում, թե դրանք վտանգավոր և նողկալի արարքներ են: Նման դեպքերում արարքի սոցիալական մոտիվացիան մի կողմ է հրում մարդու պետական և իրավական պատասխանատվության զգացումը և դառնում է գերիշխող: Մարդու ակնհայտ հակաիրավական արարքը կարող է դառնալ միագամայն ճիշտ և ընդունելի տարբերակ, իսկ շրջապատն էլ նեղություն չի տա իրեն՝ հասկանալու, որ դա հասարակական և պետական կյանքը քայքայելու ճանապարհ է: Այդպես էլ ծայրահեղ կոմֆորմիզմը, ընտրակեղծարարությունը, կաշառակերությունը և էլի շատ խայտառակ բաներ չեն գիտակցվում իբրև մերժելի արարքներ: Մեր «պետականազուրկ» պատմությունը այդպիսի օրինակներ շատ գիտի: Պատմում են, որ 16-րդ դարում մի ֆրանսիացի ճանապարհորդ մահմեդական Մերձավոր Արևելքում շրջելուց հետո եկել է Հայաստան:
Նրան հիացրել է մեր երկիրը: Իր հուշերում ճանապարհորդը հետագայում գովասանքի խոսքեր է գրել մարդասեր ու աշխատասեր մեր ժողովրդի, նրա առատ մառանների և էլի շատ լավ բաների մասին: Նրան նաև զարմացրել է հարգանքն ու պատկառանքը տան մեծերի, հատկապես՝ կանանց հանդեպ: Սակայն ճանապարհորդին տարակուսելի է թվացել մեկ ուրիշ բան. «Այն, ինչ արգահատելի ու մերժելի է ֆրանսիական իրականության մեջ, այստեղ շրջված է: Անօրեն, գող, ավազակ ու թալանչի մարդկանց այստեղ համարում են հնարամիտ, իրենց ընտանիքը լավ պահող շնորհքով մարդ և նրանց ակնածանքով են վերաբերվում…»,— գրել է նա: Ո՞վ կարող է ասել, թե սա դավաճանության տեսակ չէ: Անարդարություն սփռելով շուրջդ՝ ցավ ես պատճառում քո ազգակիցներին և պառակտում ազգային ու հասարակական համերաշխությունը, ինչը որ հավասարազոր է թշնամու ջրաղացին ջուր լցնելուն:
Պատահական չէ, որ 2018 թ. իշխանազավթումից հետո թրքահպատակ խամաճիկները կարողացան այդքան լավ խաղարկել հակակոռուպցիոն խաղաքարտը, որովհետև մեզանում սոցիալական և ազգուրացության կշեռքը, որպես կանոն, կշռում է հօգուտ սոցիալականի: Տարիներ առաջ նկարահանում էինք մեր տաղանդավոր պատմաբան, Խորհրդային Հայաստանի արտգործնախարար Ջոն Կիրակոսյանի մասին վավերագրական մի ֆիլմ, որտեղ իր հուշերն էր պատմելու Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ալեքսան Մատվեյիչ Կիրակոսյանը, որը Ջոնի մտերիմ ընկերն էր եղել: Նկարահանումը ավարտեցինք, անցանք մտերմիկ զրույցի:
Անչափ հետաքրքիր և բանիմաց մարդ էր, հիանալի զրուցակից, փայլուն գիտեր Հայաստանը: Խիստ դառնացած էր մեր բարձրաստիճան չինովնիկների ագահ ու անգրագետ վարքից: Սկսեց ցավով խոսել․ «Ի՞նչ է, մենք չգիտեի՞նք, որ Դիլիջանում շատ անտառներ կան, Սևանում՝ սիգ ու իշխան, ինչքան հարուստ ընդերք ունենք… Գիտեինք, էն էլ ո՜նց գիտեինք, բայց մենք մեր երկրի տերն էինք, նրա պահապանը: Իսկ տերը չի կարող իր տունը թալանել, եթե թալանեց, նա թշնամի է կամ դավաճան»: Այևս զարմանալու բան չի մնացել, որովհետև ականատեսն ենք շահամոլ ստրուկներով շրջապատված խամաճիկի խելագար արարքներին: Այսքան պիղծ ու դավաճանական քայլերից հետո զարմանալի է, որ «քաղպայմանագիր» անունով հոտը, այդուհանդերձ, ցաքուցրիվ չի լինում:
Հետաքրքիր է՝ ինչու: 80-ական թվականների կեսերին Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Զարյանը, հիրավի, մի խորագիտակ մտավորական, ինստիտուտի տարեժողովից հետո այլայլված՝ մտերիմների ներկայությամբ անկեղծացել է․ «Սուտ է, թե մարդիկ գաղափարներին ու սկզբունքներին են ծառայում, Հայաստանում մարդիկ մարդկանց են ծառայում..․․»:
Ու քանի որ խոսեցինք գիտնականների ու մտավորականների մասին, ինչպես կարող ենք շրջանցել օրը ցերեկով հայագիտությունը ոչնչացնելուն ուղղված ՀՀ կառավարության որոշումները և մտավորականության լռությունը: Տգետ ու սրիկա մարդկանց մի խումբ ձեռքը բարձրացրել է մեր մեծ արժեքներից մեկի՝ հայագիտության վրա: Հիմա ո՞վ կասի՝ դավաճանը միայն կեղտոտ որոշումներ կայացնողն է, թե՞ նաև նրանք են, ովքեր իրենց լռությամբ դարձել են այս այլանդակության անուղղակի մասնակիցները:
Հայոց երկրում աղետը չոքել է բոլորի դռանը, ազգի լինելիության հարց է լուծվում, իսկ մտավորականն ասում է․ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես գիտնական եմ, արվեստագետ..․․»: Սա նույնն է, եթե մեկի տունը հրդեհվում է, կրակի լեզուները մոլեգնած տուն են մտնում և ուր որ է կայրեն զավակներին, իսկ տան տերն ասում է․ «Ի՞նչ կարող եմ անել, սա հրշեջների գործն է…»: Սա նշանակում է, որ նա տան տերը չէ, հայտնի չէ՝ ո՞վ է, բայց տերը չէ: Սա նույն «քաղաքականությամբ չզբաղվողի» ճամարտակությունն է: Դպրոցի տնօրենը 7-րդ դասարանի պատմության դասագիրքը դնում է ուսուցչի թևի տակ ու նրան տառացիորեն «քշում» դասարան՝ աշակերտների հայեցի մտածողությունը խեղելու համար: Ուսուցիչը դասագիրքը չի շպրտում տվողի դեմքին ու ասում․ «Ես հայ կրթող ուսուցիչ եմ, այլ ոչ թե կեղծիքի և թուրքի սպասավոր…»: Ոստիկանը չի ասում․ «Ձեր կեղտոտ և հակաօրինական հրամանները ձեզ պահեք, ես իմ հասարակության կարգ ու կանոնի պատասխանատուն եմ»:
Ստանում է բարձր աշխատավարձը, հետո՝ ճոխ պարգևավճարը ու սկսում ընդդիմադիրներին և նորմալ մարդկանց հալածելու իր սև գործը: Համաձայնեք, սա միայն առաջին հայացքից է շահամոլություն: Իսկ հայ բարձրաստիճան զինվորականության այսօրվա վարքագիծը ուղղակի տարակուսանք է առաջացնում: Ո՜վ գիտի, ինչո՞ւ է այդքան «խորիմաստ» կերպով լռում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը: Քաղաքապետարանի, թաղապետարանների, մարզպետարանների ողորմելի չինովնիկներն այլևս հարցեր չեն տալիս՝ ինչ են անում և ինչու: Մի նեղացրեք նրանց, նրանք բոլորը «տուն են պահում», հետո ի՞նչ, որ այլևս քարտեզի վրա Արցախ չկա։ «Դե հիմա, այդպես ստացվեց», — ցինիկաբար զառանցում են նրանք: Իրենց «տուն պահողի» ճարպկությունը չէ՞ր նաև Արցախը կորցնելու պատճառներից մեկը: Ի՞նչ անուն տանք այս ամենին՝ վախկոտությո՞ւն, զգուշությո՞ւն, լոյալությո՞ւն, թե՞ մեկ այլ բան, դրանից իմաստը չի փոխվում: Բայց փաստ է, որ թրքահպատակ խամաճիկներն իրենց կեղտոտ գործերն առաջ են տանում և արդեն հասել են Հայոց ցեղասպանության ուրացմանը: Հիմա ո՞վ կարող է ասել, թե այդ վախկոտությունն ու լոյալությունը մաքուր դավաճանություն չեն:
Անցած դարի սկզբներին, երբ ՀՅ Դաշնակցության բյուրոն որոշում կայացրեց սկսել արևմտահայությանը արթնացնելու, լուսավորելու, կազմակերպելու և զինական պայքարի տանելու ծանր գործը, գործիչներից շատերը բախվեցին ազգի այս որակներին: Արամն ու Ռուբենը սրա մասին խոսել են բազմիցս: Ռուբեն Տեր-Մինասյանն իր հուշերում մոտավորապես այսպես է գրում. «Խոհեմությունը ու զգուշվորությունն, ասես, մի դիմակ լինեին, որի տակ գյուղացիները թաքցնում էին իրենց ողորմելիությունը ու վախկոտությունը և դրանով վարակում մյուսներին»: Պատկերացնո՞ւմ եք, թե ազգուրացության ի՞նչ ծավալներ կարող էին լինել Ռուսաստանում, եթե հենց մեր օրերում պետական իշխանությունը և հասարակությունը ըմբռնող, ներողամիտ և լոյալ գտնվեին այլախոհների, արտիստների և զանազան ուլտրա-լիբերալների հանդեպ: Ռուսաստանում լավ գիտեն, թե ինչի կարող են հանգեցնել այդ լոյալությունը և ներողամտությունը: Նրանք լավ են հիշում Ելցին-չուբայսական ամոթալի տարիները, երբ տնտեսապես և քաղաքականապես հզոր գերտերությունը դարձել էր լիակատար փալաս Արևմուտքի ոտքերի տակ: Ռուսները այևս մտադիր չեն կրկնել նույն սխալները: Ո՞րն է մեր հետևությունը:
Երբ աշխարհում այլևս չկան խաղի կանոններ, երբ ազգերն ու պետությունները միմյանց նայում են իբրև «ռեսուրս-կերակուրի», ինչպե՞ս կարելի է ներողամտության անվան տակ հանդուրժել ազգուրացներին ու բուծել տարատեսակ դավաճանների: Ինքնահարգանքը և արժանապատվության զգացումը լոկ բառեր չեն, դրանք ցանկացած ազգի ոտքերի տակի հողն են: Ինքնահարգանքն ու արժանապատվությունը հայրենիքի և պետության ողնաշարն են: Չկան այդ հողն ու ողնաշարը, չկա և ազգը: Եթե սա չգիտակցվի, ապա ազգովին համալրելու ենք տկարամիտ ցեղերի ցանկը: Եվ այդ հարցում առաջինը մեզ զարհուրելի ծառայություն կմատուցեն հատկապես ազգուրացների ու դավաճանների օրեցօր նոսրացող, բայց դեռ կենսունակ, հանրային խմբերը:
Մանվել Մկրտչյան