Ազգային շարժումը չի մարի, քանի դեռ ազգը չի մարել
28 Հունիս 2024
Հունիսի 27-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր Բանասիրական գիտությունների դոկտոր, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Անդրադարձ է կատարվել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած Տավուշը հանուն հայրենիքի շարժման առանձնահատկություններին ու նպատակներին, ցույց տրվել շարժման տեղը հետպատերազմյան շարժումների և դժգոհությունների մեջ:
Խոսելով բուն շարժման մասին՝ Հայկազուն Ալվրցյանը մասնավորապես ընդգծել է. «Այն դեռևս չի կողմնորոշվել: Նկատի չունեմ շարժման ղեկավարներին: Շարժումն ինքն իր մեջ դեռ չի կողմնորոշվել՝ քաղաքակա՞ն շարժում է, թե՞ ազգային-ազատագրական շարժում: Այդ երկու տարրերն էլ կան: Իր այս վերջին փուլում շարժումը կարծես դարձել է ավելի շատ ազգային-ազատագրական, ազգային ինքնության վերականգնման, մաքրման շարժում է դարձել»:
Ըստ Հայկազուն Ալվրցյանի՝ Տավուշի սահմաններից սկսվել է այս շարժման վերջին փուլը: «Իսկ բուն շարժումն իմ կարծիքով սկսվել է Նիկոլի իշխանության գալուց անմիջապես հետո՝ լուռ դժգոհություններով, մտավորականության մտահոգություններով, քաղաքական դեմքերի ամենախիստ հայտարարություններով, ընդդիմության դաշտում նոր վերադասավորումներով, իսկ ավելի ուշ, 44-օրյա պատերազմից հետո, նաև զանգվածների մասնակցությամբ: Այն ժամանակ սա ավելի շատ քաղաքական պայքար էր և շարժման տարբեր փուլերի անուններն էլ ավելի քաղաքական էին: Տավուշից սկսված փուլը նոր անվանում ունեցավ և նոր ընդգրկում: Տավուշը հանուն հայրենիքի շարժումը քաղաքական ընդդիմադիր շարժումից ավելի վեր է, դա հանուն հայրենիքի պայքար է: Իսկ Հանուն հայրենիքի պայքարը, մենք գիտենք, մղվում է ոչ թե քաղաքական ընդդիմախոսների, այլ հայրենիքի անվտանգությանն սպառնացող ուժերի դեմ»,- ասել է Հայկազուն Ալվրցյանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ իշխանություններն ու նրանց սպասարկող շրջանակներն ամեն առիթով ասում են, թե շարժումը մարել է, դադարել, տապալվել՝ Հայկազուն Ալվրցյանը նկատել է. «Այսպիսի շարժումները չեն կարող մարել կամ դադարել: Դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ այս շարժման գաղափարի կրողները ֆիզիկապես վերանան: Քանի դեռ մեզանում կլինի մարդկանց՝ ազգային գաղափարները դավանող տեսակը, նույնիսկ եթե այն մեկ տոկոս կազմի ողջ հասարակության մեջ, այսպիսի շարժումները չեն կարող մարել: Եվ որքան շուտ այս շարժումը հաղթանակի, մեր ժողովրդի կորուստներն ու տառապանքներն այնքան քիչ կլինեն»:
Մանրամասները՝ տեսանյութում