Չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է
07 Հուլիս 2024
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը անդրադարձել է Շարժման՝ Արագածոտնի մարզ կատարած այցին.
Սիրելի հայրենակիցներ,
ինչպես և տեղեկացրել էինք, մարզային այցերի շրջանակներում երեկ եղանք Արագածոտնի մարզում։
Օշականում Բագրատ Սրբազանին և շարժման մասնակիցներին ընդունեցին մեծ ջերմեռանդությամբ։ Այստեղ այցելեցինք Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ ստանալու Մեծ Սրբի օրհնությունը։
Այնուհետև Բագրատ Սրբազանը շրջայց կատարեց Օշականում՝ անմիջական զրույցի բռնվելով բնակիչների հետ։
Օշականից հետո այցելեցինք Բյուրական, որտեղ նահատակ հերոսների հուշահամալիրին ծաղիկներ խոնարհեցինք։
Այնուհետև հանդիպում-քննարկում ունեցանք Աշտարակից և այլ բնակավայրերից ժամանած մեր հայրենակիցների հետ։
Ամփոփելով ևս մեկ մարզային այցելություն՝ վստահաբար կարող եմ փաստել, որ չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է։
Սրբազան պայքարի շրջանակներում մենք կշարունակենք մեր շրջայցերը ՀՀ տարբեր մարզեր»- գրել է պատգամավորը։