Կարևոր է, որ նոր կառավարությունը պասիվ դիտորդից վերածվի ակտիվ գործ ձեռնարկողի
31 Դեկտեմբեր 2018
2018 թվականը սկսվեց ցուցանիշների բարձր տեմպերով, որը նաև նախորդ տարվա ընթացքում կատարված որոշակի քայլերի դրսևորում է, իսկ հետո ցուցանիշները գնալով նվազեցին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը՝ ամփոփելով 2018 թվականի տնտեսական տարին:
Նա նկատեց, որ պետք է արձանագրել, որ ժողովրդական շարժումը և դրա հետևանքով մի շարք ծրագրերի դադարեցումը, նաև հանքարդյունաբերության ոլորտում արձանագրված խնդիրներն իրենց հետևանքներն ունեցան, և հատկապես տնտեսական աճի ցուցանիշում էական նվազում արձանագրվեց:
«Հաջորդ կարևոր արձանագրումն այն է, որ տարվա գյուղատնտեսական շրջանը ավելի վաղ սկսվեց, և արդյունքում առաջին վեց ամիսների կտրվածքով ցուցաբերվեց գյուղատնտեսական մթերքների արտադրության, արտահանման բարձր ցուցանիշ, բայց նաև գյուղատնտեսական շրջանը շուտ ավարտվեց»,- ասաց նա:
Խոսելով ներդրումներից՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ քաղաքական մակարդակում փոփոխությունները բերեցին ներդրումներ կատարելու ցանկություն հայտնողների մեծ ծավալի, սակայն դրանք մեծ մասշտաբներով չարվեցին:
«Պետական հատվածի մի շարք գերատեսչություններում զրոյացվեցին կոռուպցիոն դրսևորումները, սակայն քանի որ դա համակարգային բնույթ չի կրել, և դեռևս լիարժեք ձևավորված չեն ներդրումների պաշտպանության համակարգերը, սրանով պայմանավորված նաև ներդրումների որոշակի բարձր հոսքի ակնկալիքները չարդարացվեցին: Եվ վերջապես պետք է դիտարկենք արտահանման ցուցանիշները, և չնայած արդյունաբերության մակարդակում շարունակում է արտահանման դրական դինամիկան, այնուամենայնիվ, արտահանման կառուցվածքում բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը փոքր մակարդակի է մնում, ինչը տնտեսական աճի հիմնական բաղադրիչը պետք է լիներ»,- ասաց նա:
Տնտեսական զարգացման նախկին նախարարը նշեց, որ տնտեսական ցուցանիշներում արձանագրում ենք նաև աշխատավարձի աճի նվազում, ինչը նշանակում է, որ բնակչության եկամուտները անհրաժեշտ մակարդակի չեն;
Ինչ վերաբերում է 2019 թվականի նախադրյալներին, Արծվիկ Մինասյանը նախ կարևորեց ներդրումային օրենսդրության լիարժեք ընդունումը և գործադրումը, ինչը նշանակում է մեկ տասնյակի հասնող օրենքների ընդունում:
Ներդրումների հարցում Մինասյանը առաջնահերթ գործոն համարեց նաև դատական համակարգում նախատեսվող փոփոխությունները, որոնք է՛լ ավելի պետք է բարձրացնեն վստահությունը դատական համակարգի նկատմամբ, ինչպես նաև բիզնես օմբուդսմենի կամ բիզնես-հաշտարարի օրենսդրությունը:
Արծվիկ Մինասյանը կարևորեց նաև արտահանման աշխարհագրության ընդլայնումը և նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ Կառավարության պարտավորությունների ամրագրումը օրենքում, ինչպես նաև մյուս կողմից տեղական ինքնակառավարման մարմինների օրենսդրության փոփոխությունը:
«Մեր տնտեսությունն իր մեջ կրում է իներցիոն մեծ պոտենցիալ․ դա նշանակում է, որ դեռևս երկար ժամանակ է պահանջվելու վերափոխման համար, սակայն կարևոր է, որ նոր կառավարությունը պասիվ դիտորդից վերածվի ակտիվ գործ ձեռնարկողի, ոչ թե միայն հետևի խաղի կանոնների պահպանմանը, ինքը պետք է դառնա ակտիվ խաղացող՝ նպաստելու համար միջավայրի բարելավմանը, գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծմանը, եկամտաբեր գործունեության մեջ հնարավորությունների ստեղծմանը: Հակառակ դեպքում մենք կունենանք շարունակ տեղում դոփող տնտեսություն, որը չի կարող ապահովել առաջանցիկ զարգացումներ»,- ասաց նա:
Լիանա Առաքելյան