Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը
03 Հոկտեմբեր 2024
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Արթուր Խաչատրյանը հանդես եկան մամուլի ասուլիսով։
Նրանք ամփոփեցին խորհրդարանական շաբաթն ու պատասխանեցին լրագրողների հարցերին:
Ակնհայտ է, որ այս իշխանությունները շարունակում են իրենց «ինչ ուզում ենք այն էլ բանակցում ենք» քաղաքականությունը, միայն թե լինի թղթի կտոր, վրան գրված՝ «խաղաղություն». հայտարարեց Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա՝ այդքանով հանդերձ գաղտնի են պահում ժողովրդից, թե ինչ է գրված այդ պայմանագրում։
«Իրենց ողջ բանակցային գործընթացը բերեց Արցախի շուրջ բանակցությունների վիժեցմանը, պատերազմի, հիմա էլ իրենք են խոստովանում, որ հնարավոր է՝ վաղն էլ սկսվի պատերազմը, COP20-ը հենց վերջանա՝ շատ ռեալ է այդ ամենը»,-ասաց նա։
Խաչատրյանը շեշտեց, որ Ադրբեջանը գնալով լկտիանում է, մինչդեռ այստեղ խոսում են այն մասին, թե լեգիտիմ հիմք են ստեղծում։
Հարցին՝ արդյո՞ք անհանգստություն ունեն, որ Բաքուն ռևանշիզմի բացառում և ադրբեջանցիների վերաբնակեցում հարցերը, որոնց մասին պարբերաբար բարձրաձայնում է Ադրբեջանը, դարձրել է խաղաղության պայմանագրում ձևակերպված պահանջ, Արթուր Խաչատրյանն ասաց. «Ադրբեջանը ծանր պահանջներ է դրել ու դրանք կարող են վերաբերել նաև ռևանշիզիմին։ Օրինակ, Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը Երևանի կենտրոնում ռևանշիզմի դրսևորում է։ Բացարձակապես չեմ բացառում։ Այդպես է, ինչքան զիջում ես, թշնամին այդքան առաջ է գալիս»։
Այս քառօրյան, որ վերածվեց մեկ օրյայի, ըստ էության, հերթական անգամ բացահայտեց ի լուր բոլորի, թե ինչպես է քաղաքական մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ալեն Սիմոնյանի և այլ առաջատար ՔՊ-ականների ակտիվ մասնակցությամբ ուրանում Արցախը, ուրանում Արցախի ժողովրդի իրավունքները. իր հերթին ասաց Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորը դիմեց արցախահայերին, որ անպայման ներգրավվեն այս աշխատանքների մեջ, ապա հրավիրեց Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմնի գործընկերներին այն հանդիպումներին, որոնք տեղի կունենան սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի մասով:
«Մենք կկարողանանք բոլոր այդ հարցերը բարձրաձայնել, ներկայացնել թե՛ օրենսդրական պահանջներ, թե՛ դատական հայցեր և թե՛ հարցապնդումներ: Այսնիքն, կփորձենք նպաստել, որ այս հարցերը լուծվի ի հեճուկս քաղաքական մեծամասնության՝ հակաարցախյան, հակահայկական, հակապետական վարքագծի»,- նշեց Մինասյանը:
Անդրադառնալով հարցին՝ տեղյա՞կ են արդյոք թե Բագրատ Սրբազանը հանդիպելով նախկին նախագահների հետ, ինչ է քննարկել և ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ասաց. «Որևէ այլ մոտեցում, ստվերային պայմանավորվածություն փնտրելը, կարծում եմ՝ ճիշտ չէ»:
Նա նշեց, որ նախկին նախագահներին հանդիպելը Բագրատ Սրբազանի նախաձեռնությունն է եղել, և կողմերը կարող են բարձրաձայնել այդ մասին։
«Սրբազանը երեկ ներկայացրեց իր մոտեցումները և իր ազատությունն այդ առումով։ Սրբազանն ասաց, որ հանդիպում է շատ շատերի հետ և որևէ արտառոց բան այստեղ չկա»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
«Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը 2020թ. սկսված պայքարի տրամաբանական շարունակությունն է եւ «Հայաստան» խմբակցությունն աջակցում է այս շարժմանը։ Մեր նպատակը գործող իշխանության հրաժարականն է»,- ասաց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում