Ավարտվեց ՀՅԴ 28-րդ Ընդհանուր Ժողովը
14 Փետրվար 2000
Երեւան, 14 Փետրվարի (Հ.Յ.Դ. Մամլո Դիվան).- Փետրվարի 13-ին Ծաղկաձորում իր աշխատանքն ավարտեց ՀՅԴաշնակցության 28-րդ Ընդհանուր Ժողովը, որն իր կարեւորությամբ եւ 81-ամյա արգելքից հետո Հայրենիքում կայանալու առումով ուներ պատմական մեծ նշանակություն։
Աշխարհի չորս ծագերից հավաքված Դաշնակցության մեծ ընտանիքի ներկայացուցիչները ի մի էին եկել քննարկելու հայությանն ու հայ ժողովրդին հուզող բազում հարցեր։
Ժողովը գոհունակությամբ արձանագրեց, որ ողջ կուսակցության երկարատեւ պայքարի, զրկանքների ու կամքի շնորհիվ այսօր Դաշնակցությունը հնարավորություն ունի իր կուսակցական բարձրագույն համաժողովը գումարելու Հայրենիքում։
Ընդհանուր Ժողովը քննության ենթարկելով կուսակցական կյանքն ու գործունեությունը, կատարեց մանրազննին ախտաճանաչում, վեր հանեց այն բոլոր բացթողումներն ու թերացումները, որոնք արձանագրվել էին անցնող քառամյակի ընթացքում, միաժամանակ արձանագրելով Հայ Դատի հետապնդման, տարբեր միջազգային քաղաքական շրջանակներում, Ընկերվար Միջազգայնականում (Սոցինտերն) եւ հայկական գաղթօջախներում ՀՅԴ ծավալած ակտիվ գործունեությունն ու արձանագրված հաջողությունները։
Քննարկելով կուսակցության գալիք քառամյակի ռազմավարության հարցը, Ընդհանուր Ժողովը ուղենշեց այն հիմնական թիրախները, որոնց շուրջ առավել վճռակամությամբ եւ կազմակերպվածությամբ շարունակվելու է ՀՅԴ քաղաքական ու կազմակերպական գործունեությունը։
Իբրեւ քաղաքական ռազմավարական առաջնահերթություններ արձանագրվեցին Հայ Դատի շրջագծում Արցաախյան պայքարի ձեռքբերումների պահպանումն ու Հայոց Անկախ պետականությունների ամրապնդումն ու հզորացումը, այս հարցերի շուրջ ամենալայն գործունեության ծավալման ռազմավարական հարցերի ճշտումով։
Ժողովը բանաձեւեց Հայրենիք¬Սփյուռք միասնության ամրապնդման կոնկրետ մարտավարությունը։
Խիստ մտահոգություն հայտնելով վտանգավոր չափերի հասնող արտագաղթի հիմնահարցով, ժողովը հանձնարարականներ տվեց նորընտիր Բյուրոյին։
Ձեւակերպումներ ստացավ արտաքին ճակատի վրա ՀՅԴ քաղաքականվարքագիծը։
Շուրջ երկու շաբաթ տեւած Ընդհանուր Ժողովի ընթացքում ՀՅԴ կառույցների ներկայացուցիչները քննության ենթարկեցին հայկական գաղութների վիճակը, լուսարձակի տակ պահելով հայոց ազգային կյանքի տարբեր ոլորտները՝ Հայ Առաքելական Եկեղեցուց ու հարանվանություններից սկսյալ մինչեւ կրթական ու մշակութային հարցեր։
Ժողովի ավարտին գրեթե միաձայնությամբ ընտրվեց ՀՅԴ Բյուրոն, հետեւյալ կազմով՝ Աճեմյան Ալբերտ, Արմենյան Կարո, Ենիգոմշյան Հակոբ, Հովհաննեսյան Վահան, Հովսեփյան Ա. Վիգեն, Հովսեփյան Ս. Վիգեն, Մարգարյան Հրանտ, Նալբանդյան Մարիո, Փամբուկյան Երվանդ։
Նորընտիր Բյուրոն իր առաջին նիստում Բիւրոյի ներկայացուցիչ ընտրեց Հրանտ Մարգարյանին, իսկ քաղաքական դիւանի ներկայացուցիչներ՝ Արմենյան Կարո, Հովհաննեսյան Վահան եւ Նալբանդյան Մարիո։