Զէնք՝ նաւթի դիմա՞ց, թէ՞ աւելին. Ազրպէյճան-Իսրայէլ կապերի ներկան ու ապագան
10 Հոկտեմբեր 2024
Կը ներկայացնենք մրցանքին Երրորդ կրթաթոշակի արժանացած ուսանող՝ Ժաննա Վարդանեանի (ՀՀ) հետազօտութեան ամփոփագիրը, նիւթ՝ «Ազրպէյճան եւ Իսրայէլ յարաբերութիւնները», խորհրդատու՝ Շահան Գանտահարեան, Պէյրութի Ազդակ օրաթերթի գլխաւոր խմբագիր, Լիբանան:
Ազրպէյճանն ու Իսրայէլը տարիներ շարունակ զարգացրել են փոխշահաւէտ համագործակցութիւն, որը պահող հիմնասիւներն են զէնքի ու նաւթի վաճառքը։
Հարեւանների հետ մշտապէս հակամարտող Իսրայէլի համար Ազրպէյճանը կարեւոր է երկու հիմնական պատճառով՝ նաւթ եւ տեղադիրք՝ Իրանի հետ հարեւանութիւն։ Կարեւորելով մուսուլմանական երկրների հետ յարաբերութիւնների զարգացումը՝ Իսրայէլն Ազրպէյճանի ուղղութեամբ ակտիւացել է ԽՍՀՄ փլուզումից անմիջապէս յետոյ։ 1993-ին Թել Աւիւն արդէն դեսպանութիւն ունէր Պաքւում։
Թէեւ այդ ժամանակ Ազրպէյճանը, իսլամական երկրների, այդ թւում՝ Իրանի արձագանքից զգուշանալով, փոխադարձաբար դեսպանութիւն չի բացել Թել Աւիւում, այդ հանգամանքը չի խանգարել այս երկու երկրներին տարբեր ոլորտներում համագործակցութեան զարգացման, բարձրաստիճան պատուիրակութիւնների փոխանակման համար։
Այս առումով երկու երկրների յարաբերութիւննների համար շրջադարձային էր 2022 թուականը, երբ Պաքուն որոշեց դեսպանատուն բացել Իսրայէլում, ինչն էլ իրականացուեց 2023-ի Մարտին: Այս հարցում նախկին զգուշաւորութեան կարիքը Պաքուն այլեւս չունէր, քանի որ դրան հակադրուող կողմերն այլեւս սպառնալիք չէին Ազրպէյճանի համար:
Իրանի հետ յարաբերութիւններն այսպէս թէ այնպէս սրուած էին։
Պաքուն իր քայլը պատճառաբանում էր նաեւ նրանով, որ Թեհրանը հիւպատոսութիւն էր բացել Հայաստանում՝ Կապանում, բայց սա, ի հարկէ, ընդամէնը պատրուակ էր։
Արաբական երկրներն էլ սկսել էին կապեր հաստատել Իսրայէլի հետ։ Միւս կողմից էլ, 2020 թուականի պատերազմից յետոյ Ազրպէյճանն արդէն այնքան էլ կարիք չունէր, որ հակամարտութեան հարցում արաբական երկրներն իրեն աջակցեին։
Դեսպանատան բացումից մէկ ամիս անց Պաքու է մեկնում Իսրայէլի արտգործնախարարը՝ երկրների միջեւ երբեւէ փոխանակուած ամենամեծ պատուիրակութեամբ։ Յաջորդ ամիս էլ Պաքու է այցելում Իսրայէլի նախագահը։
Տնտեսական համագործակցութիւն
Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութիւնը պտտւում է երկու գործօնի շուրջ։ Մի կողմից Ազրպէյճանը նաւթ եւ նաւթամթերք է արտահանում Իսրայէլ։ Միւս կողմից Իսրայէլը զէնք, զինամթերք եւ ռազմական տեխնիկա է մատակարարում Ազրպէյճանին։ Առեւտրի մասին տուեալներին յետադարձ հայեացք նետելով՝ նոյնիսկ կարելի է տեսնել, թէ երբ են երկու երկրները պատրաստուել մարտական գործողութիւնների կամ այլ ճգնաժամերի։
Այսպէս, Ազրպէյճանից Իսրայէլ արտահանումն իր փիքին հասել է 2008 թուականին՝ գերազանցելով 3,5 միլիառ տոլարը։ Առհասարակ, Ազրպէյճանից Իսրայէլ արտահանումը մշտապէս եւ գրեթէ ամբողջութեամբ կազմուած է եղել նաւթից եւ փոքր քանակութեամբ նաւթամթերքից։ Միւս ապրանքները չնչին տեղ ունեն արտահանման մէջ։
Այս փիքին յաջորդել է Իսրայէլից Ազրպէյճան արտահանման փիքը՝ աւելի քան 260 միլիոն տոլարի ապրանք է մատակարարուել Պաքուին։ Սրա մեծ մասն էլ կազմել են ռատդիօ եւ նաւիգացիոն սարքաւորումները, աւիացիոն սարքաւորումները, սպառազինութիւնը եւ զինամթերքը։ Այս փուլը համընկել է Իրանի շուրջ լարուածութեան աճին։
Երկու երկրների միջեւ առեւտրի յաջորդ փիքը եղել է 2016 թուականին՝ համընկելով Ապրիլեան պատերազմի, դրանից յետոյ Ազրպէյճանի սպառազինման հետ։ Այդ տարի Իսրայէլը եւս 260 միլիոն տոլարի ապրանքներ է ուղարկել Ազրպէյճան. մեծ մասը՝ նորից սպառազինութիւն, ռազմական տեխնիկա, զինամթերք, սարքաւորումներ։
Այս փուլում Ազրպէյճանից Իսրայէլ արտահանումը այնքան էլ մեծ չի եղել, նոյնիսկ աւելի փոքր է եղել, քան նախորդ տարիներին։
Միեւնոյն ժամանակ, այն, ինչ ցոյց են տալիս այս տուեալները, արդէն իսկ վտանգաւոր միտումներ է բացայայտուում։ 2022 թուականի տուեալներով՝ Իսրայէլը կրկին Ազրպէյճանին մատակարարել է հիմնականում ռազմական նշանակութեան ապրանքատեսակներ, այդ թւում նաեւ՝ ԱԹՍ-ներ։
Սպառազինութիւնների մատակարարումների դիմաց Ազրպէյճանը մշտապէս վարձահատոյց է եղել ոչ միայն նաւթով, այլեւ լրացուցիչ քաղաքական ու տնտեսական արտօնութիւններով։
Մասնաւորապէս, Իսրայէլն առաջին երկրներից էր, որ հնարաւորութիւն ստացաւ այսպէս կոչուած վերակառուցման աշխատանքներ իրականացնել 2020 թուականի Արցախեան պատերազմի հետեւանքով Ազրպէյճանի օկուպացիայի տակ յայտնուած արցախեան տարածքներում: Իսրայէլական ընկերութիւնները օկուպացուած Կովսականում «խելացի գիւղի» կառուցման նախագծին ներգրաւուեցին:
Դրանից բացի, իսրայէլական ընկերութիւնները յայտեր են ներկայացրել նաեւ «կանաչ էներգիայի», գիւղատնտեսութեան, հիւանդանոցների կառուցման ոլորտներում գործունէութեան համար: Ըստ Պաքւում Իսրայէլի դեսպանի՝ Արցախից գրաւուած տարածքներում շինարարական աշխատանքներին մասնակցելու համար յայտ է ներկայացրել մի քանի տասնեակ իսրայէլական ընկերութիւն։
Ռազմական համագործակցութիւն
2020 թուականի Արցախեան պատերազմում Ազրպէյճանի համար առանցքային դեր են ունեցել իսրայէլական ռազմական անօդաչուները։ Դրանց ձեռքբերումներն Ազրպէյճանը սկսել էր դեռ 2000-ականների վերջին։
Այս շրջանում Ազրպէյճանի ռազմական գնումները անհանգստացրել էին նաեւ Իրանին, քանի որ Իսրայէլից գնումների մի մասը նաեւ ծովային զինատեսակներ էին, բազաւորուելու էին Կասպից ծովում եւ ակնյայտօրէն նախատեսուած չէին Արցախեան մարտական գործողութիւնների համար։ Հէնց այդ ժամանակն էր, որ համընկնում է Իրանի շուրջ միջազգային լարուածութեանը, ինչին անդրադարձել ենք այլ յօդուածներում։
Իսկ հայ-ազրպէյճանական համատեքստում 2015 թուականի առանձին մարտական գործողութիւնների ժամանակ եւ յատկապէս 2016 թուականի Ապրիլեան պատերազմի ժամանակ Ազրպէյճանը կիրառեց այդ իսրայէլական ԱԹՍ-ները եւ՛ հետախուզական, եւ՛ հարուածային գործողութիւնների ընթացքում։
2016-ի Դեկտեմբերին Իլհամ Ալիեւը նոյնիսկ յայտարարեց, որ այդ պահի դրութեամբ Ազրպէյճանը եւ Իսրայէլը ստորագրել են ռազմական տեխնիկայի գնման 4,58 միլիառ ԱՄՆ տոլարի պայմանագիր:
Սակայն բաց աղբիւրներում առկայ տեղեկութիւններով այս թիւը չէր հաստատւում։
Միեւնոյն ժամանակ, Ազրպէյճանին սպառազինելու հարցում Իսրայէլի դերը շատ մեծ է։ Այս երկիրը երկրորդ տեղում է Ազրպէյճանին վաճառուած սպառազինութիւնների ծաւալով եւ այդ ցուցանիշով զիջում է միայն Ռուսաստանին։ Այդ սպառազինութիւնները յատկապէս մեծ կշիռ ունեն 2010-ականների կէսերի մատակարարումներում։
Այստեղ նոյնպէս պէտք է յիշատակել, որ տուեալները կարող են ամբողջական չլինել, քանի որ երկրները յակուած չեն զեկուցելու իրենց ռազմական գնումների մասին։ Այս ցուցանիշները վերցրել ենք SIPRI հետազօտական ինստիտուտի բազաներից, որոնք այս պահին առաւել հեղինակաւոր են համարւում։
Ռազմինֆօ կայքի տուեալներով՝ 2020 թուականի դրութեամբ ազրպէյճանական զինուած ուժերի սպառազինութեան մէջ եղել են հետեւեալ իսրայելական ԱԹՍ-ները.
– hետախուզական` Orbiter-2, Orbiter-3, Heron, Hermes-900, Hermes-450, Aerostar, Thunder-B, Skylark,
– հարուածային եւ մահապարտ՝ Orbiter-1K, Harop (Harpy-2), Sky Striker։
Սրանց զգալի մասը, ըստ SIPRI-ի տուեալների, Իսրայէլն Ազրպէյճանին վաճառել է 2010-ականների երկրորդ կէսին։ Աւելին, սրանցից առնուազն հետախուզական Orbiter-2 եւ Aerostar, ինչպէս նաեւ մահապարտ Orbiter-1K ԱԹՍ-ներն իսրայէլական արտօնագրով արտադրուել են հէնց Ազրպէյճանում՝ Իսրայէլից բերուած մասերով։
2020 թուականի պատերազմի ընթացքում Արցախի դէմ Ազրպէյճանը կիրառել է նաեւ Իսրայէլից գնած այլ սպառազինութիւն։ Մասնաւորապէս յայտնի է Lora հեռահար հրթիռային համալիրի կիրառման դէպքը. դրանով թիրախաւորուել էր Աղաւնոյի կամուրջը, որը կապում էր Հայաստանը եւ Արցախը։
Բացի սեփական արտադրութեան զինատեսակներն Ազրպէյճանին մատակարարելուց, Իսրայէլը յայտնի է նաեւ նրանով, որ ներգրաւուել է Չեխիայից եւ Սլովակիայից Ազրպէյճանին զինատեսակների ապօրինի մատակարարման գործարքում։ Մասնաւորապէս, Դանա Հաուբիցները եւ RM-70 Ռապիրա ՀԿՌՀ-ները Ազրպէյճան են հասցուել Իսրայէլի օդանաւակայեաններով՝ փոխադրման փաստը կոծկելու համար։ Սրանք նոյնպէս յետագայում կիրառուել են 2020 թուականի Արցախեան պատերազմում։
Իսրայէլից Ազրպէյճան ռազմական մատակարարումները շարունակւում են նաեւ այսօր։
Զէնքի մատակարարումներից զատ, Իսրայէլն Ազրպէյճանի հետ համագործակցում է նաեւ ռազմական կրթութեան, արդիւնաբերութեան ոլորտներում: Օրինակ, իսրայէլցի հրահանգիչները մասնակցել են Ազրպէյճանի Զու, ինչպէս նաեւ յատուկ նշանակութեան ուժերի վերապատրաստմանը: Իսրայէլը զբաղուել է նաեւ Ազրպէյճանի բանակի թանկերի ու այլ զրահատեխնիկայի արդիականացմամբ: Իսկ 2011թ. Ազրպէյճանում բացուել է համատեղ գործարան, որը զբաղւում է արդէն վերը յիշատակուած Aerostar, Orbiter տեսակի համատեղ ԱԹՍ-ների հաւաքմամբ:
Համագործակցութիւնն ակտիւ է նաեւ կիբէր ոլորտում: Օրինակ, 2022-ին Իսրայէլ է մեկնել Ազրպէյճանի թուային զարգացման եւ տրանսպորտի նախարարը, եւ այցի ընթացքում որոշուել է Ազրպէյճանում Իսրայէլի աջակցութեամբ ստեղծել կիբերանվտանգութեան կենտրոն, որտեղ իսրայէլական Technion համալսարանի փրոֆէսորադասախօսական կազմը 3 տարում պէտք է պատրաստի 1000 մասնագէտի:
Ամփոփում
Ազրպէյճան-Իսրայէլ յարաբերութիւնները զարգանում են դինամիկ։ Դրանց վրայ, մեծ հաշուով, չեն ազդում անգամ Իրանի ու Թուրքիայի գործօնները։
Թել Աւիւ-Պաքու կապերը միշտ անհագստացրել են Իրանին ու շատ յաճախ Ազրպէյճանի հետ յարաբերութիւնների սրման պատճառ դարձել։ Ու չնայած Իրանի տարատեսակ զգուշացումներին ու ուղերձներին՝ Ադրբեջանը շարունակել է Իսրայէլի հետ համագործակցութիւնը։
Թուրքիայի դէպքում, թէեւ այս երկիրը հռետորաբանութեան մակարդակում հակամարտութեան մէջ է Իսրայէլի հետ, սակայն գործնականում Թուրքիան եւս տնտեսական համագործակցութիւն ունի Թել Աւիւի հետ։ Դրա ցուցանիշներից է նաեւ այն, որ ազրպէյճանական նաւթն Իսրայէլ է հասնում Պաքու-Թբիլիսի-Ջէյհան խողովակաշարով ու անխափան՝ անգամ Գազայում պատերազմի պայմաններում։
Աւելին, Պաքուն երբեմն փորձում է միջնորդի դեր ստանձնել երկու գործընկերների միջեւ։
Ընդհանուր առմամբ, չնայած արտաքին, մասնաւորապէս՝ Իրանի որոշակի դիմադրութեանը՝ Իսրայէլի եւ Ազրպէյճան համագործակցութիւնը կայուն է, բազմաբովանդակ եւ երկկողմանի ձեռնտու։ Այս իմաստով երկու կողմերին էլ կարելի է նախանձախնդիր եւ նախաձեռնող համարել այս յարաբերութիւնների մէջ։
Իսրայէլի համար Ազրպէյճանը յարմար եւ հարուստ առեւտրային գործընկեր է, որին կարելի է սեփական ռազմական արտադրանքը վաճառել։ Այն նաեւ յարմար հարթակ է Իրանի դէմ փոքր մասշտաբի գործողութիւններ իրականացնելու եւ աւելի մեծ մասշտաբի նախագծեր մշակելու համար։ Այս պայմաններում Ազրպէյճանն էլ իր հերթին պատրաստ է եւ փորձում է միջնորդ դառնալ, երբ սրւում են իր դաշնակից Թուրքիայի եւ գործընկեր Իսրայէլի յարաբերութիւնները։ Միւս կողմից, Իրանի հետ սրումների փուլերում Ազրպէյճանի շահերը համընկնում են Իսրայէլի շահերի հետ։ Թուրքիայի պէս դաշնակից ունենալուց բացի, Իրանի հետ լարուած յարաբերութիւններում Պաքուն ունենում է նաեւ Իսրայէլի լուրջ աջակցութիւնը։
Ազրպէյճանի համար նոյնպէս Իսրայէլը լաւ գործընկեր է, եւ հարցը միայն նաւթի վաճառքը չէ։ Պաքուի համար առաւել կարեւոր է ի դէմս Իսրայէլի ունենալ զէնքի մատակարարի, որը կարող է յաղթահարել խոչընդոտներ՝ այդ զէնքը հասցնելու համար։
Ըստ էութեան, Պաքուի ու Թել Աւիւի յարաբերութիւնները կայուն են եւ դիմացկուն։ Եթէ նոր գործօններ չաւելանան, առայժմ այս յարաբերութիււններին ոչինչ չի կարող սպառնալ։
Ժաննա Վարդանեան