44-օրյա պատերազմի արյունոտ դասերը (Մաս 1)
10 Հոկտեմբեր 2024
2024 թվականի սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի դեմ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի 4-րդ տարին։ Այս ընթացքում, տարբեր հետազոտողների փորձել են պարզել. հնարավո՞ր էր արդյոք, որ հայկական կողմն այդ պատերազմում չկրեր նման ծանր պարտություն, ինչի հետևանքով, սկզբնական շրջանում, Արցախը բզկտվեց, կորցնելով իր տարածքների գերակշիռ մասը, այնուհետև, ենթարկվելով էթնիկական զտման՝ հայաթափվեց։ Տողերիս հեղինակը փորձել է վերլուծել քառամյա վաղեմության իրադարձությունների ընթացքը, և հասկանալ, թե ինչ պատճառով հայկական կողմը չկազմակերպեց համարժեք դիմադրություն, չնայած նրան, որ մինչ այդ հնչում էին մարտակոչեր, և մեզ վստահեցնում էին, որ հայոց բանակը տարածաշրջանում ուժեղագույնն է: Ինչպե՞ս պատահեց, որ պատերազմի առաջին տասնօրյակում 2-րդ բանակային կորպուսից մինչև Արցախի 9-րդ պաշտպանական շրջան, հայկական բանակն ամուր պահեց պաշտպանական գիծը, և, այնուամենայնիվ, 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքումը տեղի ունեցավ, որը, հետագայում չհաջողվեց կանգնեցնել։ Մինչև օրս անպատասխան են մնում բազմաթիվ հարցեր։ Օտարերկրյա անկախ մասնագետները, օգտագործելով տվյալ պահին իրենց ձեռքի տակ եղած գեոլոկացիոն պատկերները, վերլուծելով նյութը, փաստել են, որ ադրբեջանական ուժերը, պատերազմի 26-րդ օրը օկուպացրել էին Լեռնային Ղարաբաղի տարածքի ընդամենը 10 տոկոսը: Մեկ այլ վերլուծության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են հոկտեմբերի 14-ին, ադրբեջանական ուժերը գրավել էին Լեռնային Ղարաբաղի տարածքի ընդամենը 2,8 տոկոսը։
Սույն ուսումնասիրությունը կատարելու ժամանակ ունեցել եմ բազմաթիվ զրույցներ անկախ դիրքորոշում ունեցող ռուս ռազմական վերլուծաբանների հետ, որոնց եզրահանգումներին կանդրադառնանք հաջորդիվ։ Օգտագործվել են նյութեր «Փոթորիկ Կովկասում» (Буря на Кавказе) գրքից: Գիրքը 2020-ի արցախյան պատերազմի մասին ռուս, հայ, թուրք և միջազգային փորձագետների հոդվածների ժողովածու է, որը 2021-ին հրատարակել է Մոսկվայի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների կենտրոնը՝ Ռուսլան Պուխովի ղեկավարությամբ: Լուրջ աղբյուր է «Army Standard» առցանց հրատարակությունը (armystandard.ru): Կողմերի նյութական կորուստների վերաբերյալ տվյալներ կան` շնորհիվ բլոգերներ Ստեյն Միտցերի և Յակուբ Յանովսկու վերլուծությունների, ովքեր փաստագրել և դասակարգել են կողմերի տրանսպորտային միջոցների կորուստները՝ հիմնվելով երկու կողմերի հրապարակած տեսողական կադրերի վրա՝ խուսափելով նույն ոչնչացված տեխնիկան մեկից ավելի անգամ հաշվելուց: Ստեյն Միտցերը և Յակուբ Յանովսկին ներկայացնում են Oryx-ը կամ Oryxspioenkop-ը հոլանդական պաշտպանական վերլուծական և ռազմական հետազոտությունների կայքը, որը տեղեկատվություն է հավաքում բաց աղբյուրներից:
Լուրջ ռեսուրս է Bellingcat («Bellingcat», ոճավորված որպես bell¿ngcat) առցանց հրատարակությունը, որը հիմնադրվել է 2014 թվականի հուլիսին բրիտանացի լրագրող և բլոգեր Էլիոթ Հիգինսի կողմից և զբաղվում է պատերազմական գոտիների վերաբերյալ հետաքննող լրագրությամբ՝ օգտագործելով բաց կոդով տվյալների վերլուծություն: Ռազմավարական և միջազգային հետազոտությունների ամերիկյան կենտրոնը (CSIS)՝ պաշտպանության, անվտանգության քաղաքականության և միջազգային հարաբերությունների վերաբերյալ ամենահեղինակավոր հետազոտական կենտրոններից է: Կազմակերպությունը հիմնադրվել է 1962 թվականին Ջորջթաունի համալսարանում: Ռուսական փորձագիտական վերլուծական «think tank» (անգլերեն «ուղեղի վստահություն») կենտրոններից՝ լուրջ աշխատանք է կատարել Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Միջերկրական հետազոտությունների կենտրոնը, ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնը, «Ռազմաքաղաքական վերլուծություն» ինտերնետ կայքը, ամենամեծ ռազմական վերլուծական կայքերից՝ Los Tarmour-ը, որի հետազոտությունները հիմնականում նվիրված են 20-21-րդ դարերի տեղական հակամարտությունների ժամանակ ռազմական տեխնիկայի կորստին։ Լուրջ ռեսուրսներ են Միջազգային քաղաքականության կենտրոնի (CIP) «Security Assistance Monitor» վերլուծական կենտրոնը և Action on Armed Violence (AOAV) բրիտանական բարեգործական կազմակերպությունը: Նշենք, որ հեղինակիս հավաքած և մշակած մեծածավալ նյութը կարող է ներկայացվել ընթերցողի ուշադրությանը միայն հոդվածների շարքի ձևաչափով՝ պահպանելով ժամանակագրության սկզբունքը։
Այսպիսով՝ Ադրբեջանը և Արցախը ավելի քան երեք տասնամյակ ներքաշված են Արցախի շուրջ բուռն և կատաղի էթնիկական հակամարտության մեջ, որում ներգրավված է եղել և Հայաստանը:
Հակամարտությունը հանգեցրել է երկու լայնամասշտաբ պատերազմների՝ 1992-94 և 2020 թվականներին, և սահմանային բախումների, որոնցից ամենալուրջը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմն էր։ Սրա հետևանքով Ադրբեջանն ու Հայաստանը հայտնվեցին աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում։ Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի 2019 թվականի զեկույցում Հայաստանը և Ադրբեջանը դասվել են աշխարհի ամենառազմականացված երկրների ցանկում՝ համապատասխանաբար 3-րդ և 10-րդ տեղերում: Միևնույն ժամանակ, Արցախը աշխարհի ամենառազմականացված տարածքներից մեկն էր։ Շուրջ երեք տասնամյակ Հայաստանն ու Ադրբեջանը զինվել են՝ մեծ քանակությամբ զենք գնելով մի շարք երկրներից։
Խորհրդային ժառանգություն և նոր մատակարարներ
Երկու երկրներն էլ ԽՍՀՄ փլուզումից հետո ժառանգել են իրենց տարածքում առկա խորհրդային ռազմական ակտիվները։ Ադրբեջանը տեխնիկայի առումով ի սկզբանե առավելություն ուներ հայկական կողմի նկատմամբ։ Օրինակ՝ Ադրբեջանն ուներ 436 տանկ Հայաստանը՝ 77, հետևակի 558 մարտական մեքենա (IFV՝ հետագայում լատինատառ կօգտագործվեն զինատեսակների միջազգային դասակարգման հապավումները)՝ հայկական 150-ի դիմաց, 389 զրահափոխադրիչ (APC)՝ 39-ի դիմաց, 388 միավոր հրետանի՝ 160-ի դիմաց, 63 ռազմական ինքնաթիռ՝ երեքի դեմ: Հայաստանը գերակայություն ուներ միայն ուղղաթիռների քանակով՝ 13-ը Ադրբեջանի 8-ի դիմաց։
Հայաստանին և Ադրբեջանին սպառազինություն մատակարարողների ամբողջական ցանկը կարող է երբեք էլ հայտնի չլինել, սակայն տարբեր բաց աղբյուրներում առկա տվյալների հիման վրա կազմվել է երկու երկրների կողմից անկախությունից ի վեր ձեռք բերված զենքերի համապարփակ ցուցակը: Հիմնական աղբյուրը Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) առևտրային ռեգիստրն է, որն անկախ միջազգային ինստիտուտ է, որի նյութերը նվիրված են հակամարտությունների, սպառազինությունների, սպառազինությունների վերահսկման և զինաթափման հետազոտություններին:
Զենքի մատակարարումներ Ադրբեջանին
Ի տարբերություն Հայաստանի, որը լրջորեն կախման մեջ էր ռուսական զենքի մատակարարումներից և ռուսների «բարեհաճությունից», Ադրբեջանն ի սկզբանե ուներ սպառազինությունների առևտրի դիվերսիֆիկացված շուկա։ Նրա հիմնական մատակարարներն են եղել և մնում Ռուսաստանն ու Իսրայելը: Ադրբեջանը զգալի քանակությամբ զենք է գնել Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից և մի շարք այլ երկրներից։ Ռուսաստանը եղել է Ադրբեջանի զենքի առևտրի հիմնական գործընկերը մինչև 2013-2014 թվականները։ Ըստ SIPRI-ի՝ 2009-2013 թվականներին այն կազմել է Ադրբեջան զենքի ներմուծման 80%-ը և 2015-2019 թվականներին՝ 31%-ը: SIPRI տվյալների բազան ցույց է տալիս, որ Ադրբեջանը սկսել է զենք գնել Ռուսաստանից 2007 թվականից սկսած: 2007-2014 թվականներին Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է 62 Տ-72 տանկ և 70 ԲՏՌ – 80 հետևակի մարտական մեքենա (IFV), Ադրբեջանը ռուսներից ստացել է 100 «Կորնետ» հակատանկային հրթիռ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Ռուսաստանի հետ ռազմական և տեխնիկական համագործակցությունը գնահատվում է 4 միլիարդ դոլար»։ 2011 թվականին Ռուսաստանը 300 միլիոն դոլարով Ադրբեջանին վաճառել է երկու Ս-300 «Ֆավորիտ», զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ), որոնք ունակ են խոցելու գերցածրից մինչև գերբարձր բարձրություններում թռչող նշանակետեր: Ադրբեջանը նաև գնել է 360 միլիոն դոլար արժողությամբ 24 ՄԻ-24 մարտական ուղղաթիռ: Ադրբեջանը ՌԴ-ից ձեռք է բերել 18 «Մստա» ինքնագնաց հաուբից և 18 «Վենա» ինքնագնաց ականանետային համակարգեր։ Ռուսաստանը Ադրբեջանին նաև մատակարարել է մեծ քանակությամբ հակատանկային հրթիռներ, այդ թվում՝ 1000 «Բաստիոն» հրթիռ, և 800 հրթիռ «Խրիզանտեմա-Ս» տանկային կործանիչների համար: Ռուսաստանը նաև Ադրբեջանին մատակարարել է 100 միավոր Տ-90 տանկ, 118 ԲՄՊ-3, 18 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և 36 ՏՕՍ-1Ա (ռուս.՝ ТОС-1А), համազարկային կրակի՝ ծանր հրանետային համակարգ (ԾՀՀ): Ադրբեջանին մատակարարվել է երկու «Բուկ» համազորային թրթուրավոր ինքնագնաց համակարգ և 200 հրթիռ այդ համակարգերի համար, ինչպես նաև 200 «Իգլա-Ս»-ն փոքր հեռահարության դյուրակիր զենիթահրթիռային համալիր և 1000 հրթիռ դրանց համար։
Հիշեցնենք, որ շատ վստահելի SIPRI շվեդական վերլուծական կենտրոնը գործում է 1966-ից, մասնագիտացած է հակամարտությունների և խաղաղության հետազոտության մեջ, ուսումնասիրում է աշխարհում զենք ու զինամթերքի արտադրությունն ու տեղաշարժը և հրապարակում վիճակագրական տվյալներ տարբեր երկրների միջև զենքի առևտրի վերաբերյալ։ Կենտրոնը տվյալները վերցնում է բաց աղբյուրներից՝ պաշտոնական և ոչ պաշտոնական: SIPRI-ի հրապարակած տվյալները կարող են ամբողջությամբ ճշգրիտ չլինել, քանի որ զենքի վերաբերյալ գործարքները կարող են տեղի ունենալ նաև գաղտնի։
2000-ականների կեսերից, և հատկապես 2010-ականներից Իսրայելը դարձավ Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարը: 2016 թվականին Ալիևը պնդում էր, որ Ադրբեջանը Իսրայելից 4,85 միլիարդ դոլարի պաշտպանական տեխնիկա է գնել։ Ըստ մեկ այլ զեկույցի՝ Իսրայելը Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանին մատակարարել է դյուրակիր հակաօդային պաշտպանության Stinger համակարգեր: SIRPI-ի տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը 2013-ից 2017 թվականներին զենքի իր ներմուծման 30%-ը ստացել է Իսրայելից, իսկ 2015-2019 թվականներին այն հասել է 60%-ի: Այսպիսով՝ SIPRI տվյալներով 2005-ից մինչև 2020 թվականը Ադրբեջանն Իսրայելից գնել է 6 միավոր LYNX («Կոտեշ») համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որը մոտ 2019 թվականի օգոստոսին վերանվանվել է՝ PULS (ճշգրիտ և համընդհանուր գործարկման համակարգ), և 50 EXTRA հրթիռ, որը դասվում է «ցամաք-ցամաք» հրթիռների շարքին։ Այս զինատեսակների արտադրողն իսրայելական Israel Military Industries ընկերությունն է։ Պատվերի տարվա և քանակի վերաբերյալ ինստիտուտը նշում է, որ սա գուցե ճշգրիտ թիվ չէ։
2014-ին Ադրբեջանական AzTV հեռուստաընկերությունը ցուցադրել էր Ադրբեջանի ԶՈւ Lynx-ի գործարկման կադրերը։ Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է մի շարք անօդաչու թռչող սարքեր, որոնք սովորաբար կոչվում են թափառող զինամթերք («կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր): Իսրայելը Ադրբեջանին 14 Aerostar անօդաչու թռչող սարք է մատակարարել: Ադրբեջանը ստացել է տասը Hermes-450 ԱԹՍ: Քանակի վերաբերյալ կենտրոնը նշում է, որ տեղեկությունը գուցե և ճիշտ չէ։ Hermes-450-ի միայն ինքնաթիռը գնահատվում է շուրջ 2 մլն դոլար, իսկ այն սպասարկող վերգետնյա համակարգերը ներառյալ՝ մոտ 10 մլն դոլար: Առավելագույն արագությունը 176 կմ/ժ է, տևողությունը՝ մինչև 14 ժամ: Բացի սրանից, Իսրայելից Ադրբեջանը գնել է հինգական Heron և Searcher, տասը Orbiter-3, երկու Hermes-900, 80 Orbiter-1K, 50 Harops և 100 Skystrikers ԱԹՍ-ներ: Ադրբեջանը 2008 թվականին ստացել է հինգ իսրայելական 155 մմ ինքնագնաց հրետանային կայանք՝ հիմնված Tatra T815 VVN 6×6 թափքի վրա: 2010-2011 թվականներին Ադրբեջանը գնել է տասը CARDOM ինքնագնաց ականանետային համակարգեր և 2009-2010 թվականներին տասը Sufa զրահամեքենա: Ադրբեջանը 2018 թվականին ձեռք է բերել չորս LORA MRL և 50 LORA կառավարվող «երկիր-երկիր» հրթիռ:
2008-ին գնվել են նաև հինգ ATMOS-2000 ինքնագնաց հրետանային կայանք, տասը Sufa տեսակի զրահապատ մեքենա, 100 միավոր Spike-MR բազմաֆունկցիոնալ հակատանկային հրթիռային համակարգ (որը 2016 թ․ ավելացել է 250-ով ), տասը CARDOM SP ականանետային հրետանի։ Քանակի վերաբերյալ SIPRI-ն կրկին նշում է, որ տվյալները գուցե ճշգրիտ չեն։
Լուրջ ձեռքբերում է Barak MX հակաօդային պաշտպանության համակարգը, որի գնման մասին խոսվում էր նաև 2023 թվականին։ 40 միավոր Barak-LRAD զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ), որը առաքվել է միայն 2016-ին։ Կա նաև դրա փորձարկման տեսանյութը։ 2016-ին առաքվել է նաև 40 միավոր Barak-ER։ 2013-ին գնվել են վեցական Shaldag և OPV-62 արագ հարձակման նավեր, 100 միավոր LAHAT հակատանկային ղեկավարվող հրթիռներ, որոնց լուսանկարը հրապարակված է։ Նույն տարում Ադրբեջանը ձեռք է բերել նաև 250 Spike-NLOS տեսակի հրթիռ, որն առաքվել է 2018-ին։ 2015-ին գնվել է 100 SandCat զրահամեքենա, դրանցից մեկի խոցման մասին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր 2020-ի հոկտեմբերին։ Նույն տարում Ադրբեջանը գնել է նաև մեկ տասնյակ SandCat Spike-LR տեսակի ռազմական մեքենա։
2018 թվականին Ադրբեջանը ստացել է SPEAR տասը ականանետ, որոնք նույնպես տեղադրված են SandCats-ի վրա։ 2016 թվականին Իսրայելը մատակարարել է մեկ Barak-LR SAM համակարգ՝ 80 Barak-8 հրթիռներով և 100 LAHAT հակատանկային կառավարվող հրթիռներով։ 2016-ին գնվել է 100 միավոր Orbiter-1K «կամիկաձե» տեսակի ԱԹՍ, որն առաքվել է 2020-ին և տասը Orbiter-3 բազմակի օգտագործման, հետախուզական ԱԹՍ։ Երկուսն էլ Aeronautics Defense Systems ընկերության արտադրանքներն են։
2009-ին Wikileakes-ը հրապարակվել էր պաշտոնական Բաքվի և Թել Ավիվի գաղտնի նամակագրությունը, որտեղ խոսվում էր Իսրայելից ստացվող որակյալ սպառազինության մասին, որն Ադրբեջանը չի կարողանում ձեռք բերել ԱՄՆ-ից և Եվրոպայից։
2016-ի ապրիլին սկսած բախումների ժամանակ ադրբեջանական կողմը կիրառեց մարտական անօդաչու թռչող սարքեր։ Արցախի պաշտպանության բանակը հրապարակել էր իսրայելական արտադրության խոցված ThunderB ԱԹՍ-ի լուսանկար։ Այս սարքը կշռում է մոտ 28 կգ, կառավարման հեռահարությունը 150 կմ է, իսկ թռիչքի տևողությունը 24 ժամ, դրա կառավարման համար պահանջվում է 2-3 մարդ: Իսրայելը նաև սարքավորումներ է մատակարարել Ադրբեջանի ռազմածովային ուժերին, որոնք գործում են Կասպից ծովում։ 2014-2018 թվականներին Ադրբեջանը ստացել է վեց OPV-62 և Shaldag արագ հարձակման նավ (FAC) և 250 Spike-NLOS հրթիռներ ռազմանավերի համար։ 2014-2016 թվականներին Իսրայելը մատակարարել է երկու EL/M-2288 AD-STAR ռազմածովային ռադար։ 2020 թվականի հոկտեմբերին իսրայելական առաջատար «Հաարեց» թերթը հայտնել էր, որ Իսրայելը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին։ Ուկրաինան եղել է Ադրբեջանի զենքի առևտրի առաջին գործընկերներից մեկը։ 1993-1994 թվականներին, Առաջին Արցախյան պատերազմի վերջին փուլում, Ուկրաինան մատակարարել է 150 Տ-55 տանկ: Ուկրաինան մատակարարել է նաև ՄիԳ-21 կործանիչներ, ինչը բացահայտվել է հայերի կողմից գերեվարված ուկրաինացի վարձկան օդաչուի կողմից: SIPRI տվյալների բազան ցույց է տալիս, որ Ուկրաինան Ադրբեջանին մեծ քանակությամբ սպառազինություն է մատակարարել 2002-2013 թվականներին: Գրեթե բոլորը եղել են օգտագործված խորհրդային սարքավորումներ՝ 55 Դ-30 հաուբից, 45 Տ-72 տանկ, 12 «Սմերչ» և մեծ քանակությամբ հրթիռներ, ԲՄՊ-1, ԲՏՌ-3, 18 ԲՏՌ-80 և 150 ԲՏՌ-70 զրահամեքենա:
Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է 85 Մ-43 ականանետ, 54 2Ս1 «Գվոզդիկա», երեք 2Ս7 «Պիոն» և 16 2Ս3 «Ակացիա»:
Խորհրդային արտադրության զենքի մեծ զինանոց ունեցող հետխորհրդային մեկ այլ երկիր՝ Բելառուսը, որը նաև Հայաստանի պաշտոնական դաշնակիցն է՝ Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), 2006 թվականից զգալի քանակությամբ զենք է մատակարարել Ադրբեջանին 153 Տ-72 տանկ, 12 2Ս7 Պիոն ինքնագնաց հրացաններ, 30 միավոր Դ-30 և 26 Գիացինտ-Բ հաուբիցներ: Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել 11 Սու-25 ինքնաթիռ։ Բելառուսի կողմից Ադրբեջանին սպառազինության ամենանշանակալի վաճառքը «Պոլոնեզ» բելառուսական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքն էր։ Համակարգը նախատեսված է բաց և փակ կենդանի ուժի, ոչ զրահապատ և զրահապատ ռազմական տեխնիկայի և այլ օբյեկտների գերճշգրիտ ոչնչացման համար։ Կրակի հեռավորությունն ի սկզբանե կազմել է 200 կմ: Բելառուսը 2018-2019 թվականներին Ադրբեջանին մատակարարել է ևս տասը «Պոլոնեզ» համակարգ: Հայ ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի խոսքով, Բելառուսը «Պոլոնեզ» հրթիռներ է մատակարարել Ադրբեջանին 2020 թվականի հոկտեմբերին՝ Արցախյան երկրորդ պատերազմի ամենաթեժ պահին։
Չնայած Թուրքիան եղել է Ադրբեջանի ամենամոտ քաղաքական դաշնակիցը 1990-ականների սկզբից ի վեր, այն սպառազինությունների նշանակալից մատակարար չի դարձել միայն 2010-ականներին: Ղարաբաղյան Առաջին պատերազմի ժամանակ Թուրքիան միայն «գաղտնի ուղիներով սահմանափակ քանակությամբ ռազմական մատակարարումներ» էր տրամադրում,- գրում է թուրք վերլուծաբան Սաբրի Սայարը։ 2000 թվականին Թուրքիան կատարեց իր առաջին վաճառքը, որը գրանցված էր SIPRI տվյալների բազայում, երբ Ադրբեջանին մատակարարեց AB-25 պարեկային նավ։ 2010-2011 թվականներին Ադրբեջանը գնել է 72 զրահատեխնիկա (ԱՊՎ), այդ թվում՝ 35 «Կոբրա» և 37 «Շորլանդ»: Թուրքիան մատակարարել է 90 ինքնագնաց MRL, այդ թվում՝ 30 T-107, 40 T-122 Sakaryas և 20 TRG-300 Kasirgas հրթիռային կայանքներ: Ադրբեջանը ստացել է 108 կառավարվող հրթիռ Տ-122-ների և Տ-300-ների համար։ 2018-2019 թվականներին Թուրքիան «օդ-երկիր» տասը SOM-B1 հրթիռ է մատակարարել։ Ըստ կառավարամետ Daily Sabah թերթի սյունակագիր Մերվե Շեբնեմ Օրուչի, Թուրքիան նաև մինչև 2020 թվականի հուլիսը մատակարարել է Altay տանկեր և Տ129 ԱՏԱԿ ուղղաթիռներ, սակայն այս տեղեկությունը մնում է չհաստատված։ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը գործի է դրել Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր, որոնք հավանաբար շահագործվել են թուրքական անձնակազմի կողմից։ Անհասկանալի է մնում՝ Թուրքիան այդ անօդաչու թռչող սարքերը մատակարարե՞լ է Ադրբեջանին, թե՞ պարզապես «փոխառել» է դրանք պատերազմի ընթացքում։ Նույնը վերաբերում է թուրքական F-16 կործանիչներին, որոնք, ըստ 2020 թվականի հոկտեմբերին արված արբանյակային պատկերների, տեղակայվել են նախ՝ Գյանջայի օդանավակայանում, այնուհետև՝ Ադրբեջանի Գաբալայի ավիաբազայում։
Ադրբեջանը Հարավային Աֆրիկայից ձեռք է բերել զգալի թվով զրահափոխադրիչներ (ԱՊԿ)։ 2009-2015 թվականներին Հարավային Աֆրիկան մատակարարել է 60 Matador և 85 Marauder զրահամեքենաների, որոնք հավաքվել են Ադրբեջանում։ 2009-2010 թվականներին Հարավային Աֆրիկան Ուկրաինայից տասը աշտարակ է մատակարարել Մի-24 ուղղաթիռների (ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման՝ Hind – «Doe») խորհրդային/ռուսական հարվածային ուղղաթիռ է։ Ոչ պաշտոնական անվանումն է «Կոկորդիլոս») արդիականացման համար: Միացյալ Նահանգները 2009-2014 թվականներին մատակարարել է 140 դիզելային շարժիչ այս APC-ների համար:
2002 թվականին Ադրբեջանը Սլովակիայից գնել է մեկ T-72 տանկ: Ավելի զգալի մատակարարում է տեղի ունեցել 2017-2018 թվականներին, երբ Սլովակիան Ադրբեջանին վաճառեց 36 DANA հաուբից: Չեխիան 2017-2018 թվականներին վաճառել է 30 RM-70 (RM-70 (չեխ. raketomet vzor. 1970 – 1970 թվականի հրթիռային կայանքի մոդել) բազմակի արձակման հրթիռային համակարգ է (MLRS), որն արտադրվել է Չեխոսլովակիայում և Խորհրդային ԲՄ-21 «Գրադ»-ի չեխոսլովակյան տարբերակն է: ՆԱՏՕ-ի դասակարգման համաձայն՝ M1972 Ադրբեջան առաքվել են Սլովակիայի և Իսրայելի միջոցով: Հետաքննությունը պարզել է, որ 54 Tatra 815 բեռնատար նախ` ուղարկվել է Իսրայել, այնուհետև վերադարձվել` Սլովակիա, որտեղ դրանք վերածվել են ֆունկցիոնալ Dana հաուբիցների և RM-70 արձակման կայանների, այնուհետև Իսրայելով արտահանվել Ադրբեջան՝ շրջանցելու ԵԱՀԿ-ի կողմից Ադրբեջանի զենքի էմբարգոն։ Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը 2017 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Չեխիայի իշխանությունները չեն համաձայնել չեխական զենքի արտահանմանը Ադրբեջան։
Ադրբեջանը 2002 թվականին Բուլղարիայից գնել է խորհրդային արտադրության 36 օգտագործված Մ-46 քարշակային հրացան, իսկ 2019 թվականին Իսպանիայից՝ Lanza-LTR օդային որոնման ռադար: Բուլղարական ռազմական և պաշտպանական նորությունների հետազոտական և վերլուծական «Bulgarian Military» հարթակը՝ «Ադրբեջանի սև շուկա. որտե՞ղ են ավարտվում արևմտյան զենքերը» հոդվածով անդրադարձավ Ադրբեջանի կողմից սև շուկայում զենք վաճառելու փաստին՝ փորձելով հասկանալ, թե որքանով է նպատակահարմար արևմտյան երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելը և որտեղ և ինչ նպատակներով կարող է օգտագործվել։ Շատ վերլուծաբաններ հիմնավոր կասկածներ ունեն, որ Բաքուն զենք և զինամթերք է մատակարարել «Իսլամական պետության» զինյալներին Սիրիայի թեժ կետերում: Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան հրապարակել է մի հոդված, որը պարունակում է Anonymous Bulgaria հաքերային խմբի կողմից ձեռք բերված գաղտնի տեղեկատվություն, ըստ որի, ադրբեջանական Silk Way Airlines-ը զենք է տեղափոխել Սաուդյան Արաբիա, իսկ այս երկրից զենք է փոխանցվել Եմենի սաուդամետ ուժերին, սիրիացի ջիհադիստներին, Մալիին, Բուրկինա Ֆասո և Աֆղանստան։ Հատկանշական է, որ այս տեսակետը պաշտպանում են նաև ադրբեջանցի ընդդիմադիր վերլուծաբանները։ Timeturk-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ստեղծվել է «Մահմուտ» զինյալ խմբավորում, որը մասնակցում է Սիրիայում Բաշար ալ Ասադի դեմ ուղղված ռազմական գործողություններին։ Այդպիսի խմբավորումների կողմից Ադրբեջանից ձեռք բերված զենքի մեծ մասը, ոչ առանց թուրքական կողմի աջակցության, ընկնում է «Իսլամական պետության» ձեռքը և այդպիսով տարածվում է աշխարհով մեկ։
Հարց է ծագում՝ արդյո՞ք Միացյալ Նահանգներին անհրաժեշտ են օրենքներ, որոնք օրինականացնում են ավտորիտար ռեժիմներին զենքի մատակարարումը։ Ամերիկացի պատմաբան, հակապատերազմական վերլուծական կենտրոնի խմբագիր Դենիել Լարիսոնը համոզված է, որ ԱՄՆ-ին դա պետք չէ։ Նա կոչ է արել Վաշինգտոնին իրավական մեխանիզմներ մշակել՝ արգելելու ՆԱՏՕ-ի զենքի մատակարարումն Ադրբեջանին, քանի որ Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունն իրական վտանգ է ներկայացնում Կովկասի իրավիճակի համար։ Այսինքն, եթե Միացյալ Նահանգները և եվրոպական երկրներն իսկապես ցանկանում են արդարացնել արտաքին քաղաքականության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մարդու իրավունքների պաշտպանության իրենց հանձնառությունը, նրանք պետք է սկսեն բարեփոխել իրենց օրենսդրական համակարգերը, մասնավորապես, դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին։
Պլատֆորմի նյութում նշվում է նաև այն փաստը, որ 2020 թվականին արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիայի աջակցած սիրիական զինյալ խմբավորման անդամները կռվել են Ադրբեջանի կողմից։ Օգտագործելով սիրիացի մարտիկներին, որոնք սերտորեն կապված են Արցախում «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների հետ, Ադրբեջանը ձգտում էր նվազագույնի հասցնել իր կորուստները,- ասում է Վաշինգտոնի CNA վերլուծական կենտրոնի ռազմական փորձագետ Մայքլ Քոֆմանը: Վաշինգտոնի Գլոբալ քաղաքականության կենտրոնի փորձագետ Էլիզաբեթ Ցուրկովան, ով հարցազրույց է անցկացրել հակամարտության մեջ ներգրավված տասնյակ սիրիացիների հետ, ասում է՝ նրանց օգտագործել են որպես «թնդանոթի միս» Արցախում վերջին պատերազմի ժամանակ, հատկապես հարավում գործողությունների ժամանակ։ Կասկածից վեր է, որ թուրքական իշխանությունները՝ Ադրբեջանի հետ միասին, բացահայտ օգտագործելով ջիհադիստներին, մարտահրավեր են նետել միջազգային հանրությանը։ Բաքուն դժվար թե կարողանա իր վարկը մաքրել ահաբեկիչների հետ համագործակցության ստվերից, համագործակցության՝ Լեռնային Ղարաբաղը գրավելու համար։ Իսկ Հյուսիսատլանտյան դաշինքում Թուրքիայի գործընկերները, իրենց հերթին, պետք է հաշվի առնեն Անկարայի հետ հետագա ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունը, հատկապես հունիսին ռազմական համագործակցության մասին ադրբեջանա-թուրքական համաձայնագրի ստորագրման լույսի ներքո, որն ընդլայնում է Բաքվի մուտքը դեպի ՆԱՏՕ-ի ժամանակակից զենքեր: Ո՞վ գիտի, թե ում դեմ այն կարող է օգտագործվել վաղը:
Ադրբեջանն ավելի քիչ քանակությամբ զինտեխնիկա է ձեռք բերել այլ երկրներից։ 2002 թվականին Վրաստանը 6 Սու-25 ինքնաթիռ է մատակարարել Ադրբեջանին: Թեև Պակիստանը միշտ էլ Ադրբեջանի հավատարիմ աջակիցն է եղել, սակայն Ադրբեջանի դիվանագիտության բերումով ադրբեջանա-պակիստանյան զենքի առևտուրը սահմանափակ է: Պակիստանը 2018 թվականին մատակարարել է տասը MFI-17 Super Mushshak ուսումնական ինքնաթիռ։ Ըստ SIPRI տվյալների բազայի՝ Ադրբեջանին անհայտ մատակարարից մատակարարվել է երկու օգտագործված Bell 412 ուղղաթիռ։ Թեև SIPRI-ի տվյալների բազան չի նշում Սերբիայից Ադրբեջան զենքի տեղափոխման մասին, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը 2020 թվականի օգոստոսին հայտարարեց, որ իր երկիրը «տասն անգամ ավելի շատ զենք է վաճառել Ադրբեջանին», քան Հայաստանին։ Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից հրապարակված զենքի փոխանցման պաշտոնական տվյալները վկայում են զենքի վաճառքի մասին թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։
Միացյալ Նահանգներ
ԱՄՆ պաշտպանության նախարարության Պաշտպանության անվտանգության համագործակցության գործակալության (DSCA) կողմից հրապարակված 2020 թվականի պատմական վաճառքի գրքում հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ը գրեթե հավասար քանակությամբ զինտեխնիկա է վաճառել Հայաստանին և Ադրբեջանին։ Տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանը ստացել է 51,1 մլն դոլարի ռազմական միջոցներ, իսկ Ադրբեջանը՝ 56,2 մլն դոլարի։ Այս վաճառքները ԱՄՆ կառավարության արտաքին ռազմական վաճառքի (FMS) ծրագրի շրջանակում են, որը լիազորված է Զենքի արտահանման վերահսկման ակտով (AECA) և իրականացվում է ԱՄՆ կառավարության և լիազորված ստացող կառավարությունների միջև պաշտոնական պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա: FMS ծրագիրը «ներառում է կառավարությունից կառավարություն պաշտպանական ապրանքների կամ ծառայությունների վաճառքը պաշտպանության նախարարության (DOD) ներկայիս բաժնետոմսերից կամ DOD-ի կառավարվող պայմանագրերից»: Միջազգային քաղաքականության կենտրոնի (CIP) վերլուծական կենտրոնի «Security Assistance Monitor»-ի տվյալներով՝ 2000 թվականից ի վեր ԱՄՆ-ն անվտանգության ոլորտի համար զգալի օգնություն (ռազմական օգնություն) է տրամադրել երկու երկրներին։ Հայաստանը ստացել է 210 միլիոն դոլարի, իսկ Ադրբեջանը՝ ավելի քան երկու անգամ շատ՝ ավելի քան 418 միլիոն դոլարի: Համեմատության համար նշենք, որ այս երկու երկրների հարևան Վրաստանը ստացել է գրեթե 1,4 միլիարդ դոլարի։
Եվրոպական Միություն
ԵՄ-ն գործարկել է իր անդամ երկրներից զենքի արտահանման առցանց տվյալների բազան 2020 թվականի հոկտեմբերին: Այն ներառում է 2013-ից 2019 թվականները:
Ըստ տվյալների բազայի՝ ԵՄ անդամ երկրները Հայաստան են արտահանել 30,6 մլն եվրոյի սպառազինություն։ 2013-2019 թվականներին Բուլղարիայից զենքի ներմուծումը (29,5 մլն եվրո) կազմում է ԵՄ ընդհանուր ծավալի ավելի քան 96%-ը։ Լեհաստանն արտահանել է 0,9 միլիոն եվրո կամ ընդհանուրի 3%-ը, մինչդեռ այլ երկրներ արտահանել են շատ ավելի քիչ՝ Ֆինլանդիան՝ 25,000 եվրո, իսկ Ֆրանսիան՝ ընդամենը 4,150 եվրո: Բուլղարիայի արտահանման ավելի քան 90%-ը (26,8 մլն եվրո) կազմել են «զինամթերք և ապահովիչներ միացնող սարքեր և հատուկ նախագծված բաղադրիչներ», մինչդեռ մնացածը՝ «ռումբեր, տորպեդներ, հրթիռներ, այլ պայթուցիկ սարքեր և լիցքեր ու հարակից սարքավորումներ և պարագաներ» ( 2,2 միլիոն եվրո) և «20 մմ-ից պակաս տրամաչափով հարթափող զենքեր» (0,5 միլիոն եվրո): Լեհաստանի արտահանման կեսը (460,000 եվրո) եղել են «զրահապատ կամ պաշտպանիչ սարքավորումներ, կոնստրուկցիաներ և բաղադրիչներ»:
ԵՄ անդամ երկրները 2013-ից 2019 թվականներին տասն անգամ ավելի շատ արտահանել են Ադրբեջան՝ մոտ 340 միլիոն եվրոյի: Նույն ժամանակահատվածում ԵՄ անդամ երկրները 4,7 միլիարդ եվրո արժողությամբ արտահանման լիցենզիաներ են տրամադրել: Ադրբեջան զենքի արտահանման գրեթե 90%-ը կատարվել է ընդամենը երկու երկրից՝ Բուլղարիայից (151 մլն եվրո) և Ֆրանսիայից (148 մլն եվրո): Մնացածը եկել է Իսպանիայից (19,5 մլն եվրո), Չեխիայից (7,2 մլն եվրո), Ռումինիայից (5,3 մլն եվրո), Իտալիայից (2,6 մլն եվրո), Խորվաթիայից (2,6 մլն եվրո), Ավստրիայից (1 մլն եվրո) և Էստոնիայից ( 0,8 միլիոն եվրո): Ինչպես Հայաստանի դեպքում, Բուլղարիան հիմնականում արտահանել է «զինամթերք և ապահովիչներ տեղադրող սարքեր» Ադրբեջան՝ կազմելով երկու երկրների միջև զենքի վաճառքի գրեթե 94%-ը։
Տվյալների բազան չի նշում Ֆրանսիայի կողմից Ադրբեջան զենքի արտահանումը, սակայն կարելի է ենթադրել, որ գրեթե 150 միլիոն եվրո արժեցել է Spot 7 Earth դիտորդական արբանյակը, որը Ադրբեջանը գնել է Airbus Defense and Space-ից 2014 թվականի դեկտեմբերին: Արբանյակը վերանվանվել է Azersky և կառավարվում է պետական «Ազերկոսմոս» գործակալության կողմից: Իսպանիայից 19,5 միլիոն եվրոյի զենքի արտահանումը տեղի է ունեցել 2019 թվականին, երբ նա Ադրբեջանին վաճառեց «պատկերազարդման կամ հակազդեցության սարքավորումներ, որոնք հատուկ նախագծված են ռազմական օգտագործման համար և հատուկ նախագծված բաղադրիչներ»: Սա հավանաբար SIPRI տվյալների բազայում հայտնաբերված Lanza-LTR օդային որոնման ռադարի արժեքն է: Չեխիայից Ադրբեջանը հիմնականում ներմուծել է «օդային մեքենաներից ավելի թեթև ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, օդանավերի շարժիչներ և սարքավորումներ, հարակից սարքավորումներ և բաղադրիչներ», որոնք կազմում են ընդհանուրի ավելի քան 70%-ը։ Ռումինիան վաճառել է ինքնաթիռներ (33%), կրակի կառավարման և դրա հետ կապված ազդարարման և նախազգուշացման սարքավորումներ (30%), 20 մմ կամ պակաս տրամաչափով հարթափող զենքեր (15%) և «իրերի մշակման, արտադրության կամ օգտագործման տեխնոլոգիա. վերահսկվում է ԵՄ Միասնական ռազմական ցուցակում» (15%):
Միացյալ թագավորություն
2020 թվականի հոկտեմբերին Action on Armed Violence (AOAV) բրիտանական բարեգործական կազմակերպությունը հրապարակեց Միացյալ Թագավորության կառավարության տվյալները վերջին տասնամյակում Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ։ 2010 թվականից Միացյալ Թագավորության միջազգային առևտրի դեպարտամենտը հավանություն է տվել «անվտանգության արտահանման» վաճառքին` 86 միլիոն ֆունտ ստերլինգով Ադրբեջան և ընդամենը 4,2 միլիոն ֆունտ ստերլինգով Հայաստան: Մեծ Բրիտանիան Ադրբեջան է արտահանել «օդային թիրախային սարքավորումներ, գրոհային հրացաններ, գնդացիրներ, ատրճանակներ, փոքր զինամթերք և թիրախային սարքավորումներ», իսկ Հայաստան՝ «ռազմական մեքենաներ, խլացուցիչներ և փոքր զինամթերք»:
Եզրակացություն
Հայաստանի ռազմական տեխնիկայի ճնշող մեծամասնությունը 1990-ականների սկզբից մատակարարվել է Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանը նաև զգալի քանակությամբ սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին։ Հայաստանը փոքր քանակությամբ զենք է գնել Չինաստանից և Հնդկաստանից. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում քիչ մասնաբաժին ունեցող մի շարք երկրներ վաճառել են երկու կողմերին ֆինանսական շահի համար: Դրանք ներառում են Ուկրաինան, Բելառուսը, Բուլղարիան, Սերբիան և Սլովակիան, ինչը հիմնականում վերաբերում է խորհրդային ժամանակաշրջանի օգտագործված սարքավորումներին: Ադրբեջանի գլխավոր մատակարարները, բացի Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից, հատկապես 2010-ականներից ի վեր եղել են Իսրայելը և Թուրքիան։
Հայաստան զենքի մատակարարումները
Վերանկախացումից ի վեր Ռուսաստանը մատակարարել է Հայաստանի սպառազինության ճնշող մեծամասնությունը։ Հայաստանը սպառազինություն է ձեռք բերել միայն մի քանի այլ երկրներից, որոնցից շատերը մատակարարել են օգտագործված խորհրդային/ռուսական արտադրության զենքեր: Ըստ SIPRI-ի, դեռևս 2015-2019 թվականներին Հայաստանի զենքի ներմուծման մոտ 94%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Ռուսաստանը Հայաստանին զենք սկսել է մատակարարել 1993-94 թվականներին՝ Առաջին Արցախյան պատերազմի երկրորդ փուլում։ Ռուսական առաջին մատակարարումները ներառում էին 2Կ11 «Կռուգ» «երկիր-օդ» հրթիռային համակարգեր՝ 349 հրթիռներով և «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգ, որը նախատեսված է անշարժ և շարժական զրահապատ նպատակակետերի, ինչպես նաև թեթև դաշտային կառույցների ու կրակակետերի խոցման համար՝ 945 հակատանկային հրթիռներով: Վերջիններս մատակարարվել են մինչև 1996 թվականը։ Հայաստանը ստացել է նաև 9Մ33 40 հրթիռ 9Կ33 «Օսա» ՀՕՊ համակարգերի համար։ Ռուսաստանը 1994-1996 թվականներին Հայաստանին մատակարարել է 84 T-72 տանկ: Ռուսաստանը Հայաստանին զգալի քանակությամբ սպառազինություն է տրամադրել առաջին պատերազմից հետո երկու տարում (1995-96 թթ.): Դրանք ներառել են 18 Դ-1, 18 Դ-20 և 36 Դ-30 հաուբիցներ, 18 ԲՄ -21 Գրադ բազմակի հրթիռային կայաններ, ութ 9Կ72 Էլբրուս՝ 24 հրթիռներով ( խորհրդային 9Կ72 Էլբրուս բալիստիկ հրթիռն ավելի հայտնի է Արևմուտքում որպես «Սկադ» («Սկադ» համակարգերը նախատեսված են թշնամու կարևոր ռազմավարական օբյեկտները, ինչպիսիք են օդանավերի թռիչքադաշտերը, զորքերը մեծ կուտակումները խոցելու համար), 40 «Իգլա ՍԱՄ» արձակման կայան՝ 200 հրթիռներով, չորս ԲՐԴՄ-2 տանկային կործանիչներ և 50 «ԲՄՊ-2» հետևակի մարտական մեքենաներ: 1996 թվականին պաշտոնյաների և մերձավոր դաշնակիցների նեղ շրջանակում ունեցած ելույթում Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարել էր, որ մինչև 1996 թվականը Հայաստանը երեք անգամ ավելի շատ զենք ուներ, քան ժառանգել էր Խորհրդային բանակից 1992 թվականին: Նա դա բացատրել է այն փաստով, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համոզել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովին Հայաստանում թողնել ռուսական բանակի երկու գնդերը, որոնց զինանոցում եղել են 905 երկաթուղային վագոն զենք և զինամթերք՝ Վրաստանի Խաշուրիում գտնվող նախկին խորհրդային բազայից: Սարգսյանի խոսքով, 1992-1996 թվականներին հայոց բանակի տանկերի թիվը 120-ից հասել է 300-ի: Ընդհանուր առմամբ, 1992-1996 թվականներին Ռուսաստանը Հայաստան է փոխանցել 1 միլիարդ դոլարի տեխնիկա:
Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Հայաստանը 2004 թվականին Ռուսաստանից ստացավ ընդամենը երկու «Իլյուշին Իլ-76» տրանսպորտային ինքնաթիռ: Ռուսաստանը կրկին սկսեց մեծ քանակությամբ զենք մատակարարել Հայաստանին 2009 թվականից՝ Սերժ Սարգսյանի նախագահի պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց: 2009-2010 թվականներին Հայաստանը ձեռք է բերել երկու Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ)՝ 144 հրթիռով: Սրանք ունակ են խոցելու գերցածրից մինչև գերբարձր բարձրություններում թռչող նշանակետեր։ Նշանակետերի խոցման հեռավորությունը կազմում է 150-ից 300 կմ կախված համակարգում կիրառվող տարրերի, մասնավորապես կիրառվող հրթիռների տեսակից։ 2013 թվականին Ռուսաստանը մատակարարել է 200 «Իգլա» «երկիր-օդ» հրթիռ և ևս 200 հրթիռ՝ 2016 թվականին։ 2016 թվականին Հայաստանը ձեռք է բերել «Իսկանդեր» չորս բալիստիկ հրթիռային համակարգեր՝ 25 հրթիռներով, որոնք Հայաստանի ամենահզոր հրթիռներն են մինչ օրս։ 2014 թվականին Հայաստանը ռուսական տանկային մրցույթում շահել է Տ-90S տանկ, որը ստացել է 2016 թվականին։ 2016-17 թվականներին Հայաստանը ձեռք է բերել նաև վեց «Սմերչ» բազմակի հրթիռային կայան, 200 «Վերբա» «երկիր-օդ» հրթիռ և 100 «Կորնետ» հակատանկային հրթիռ։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանը ձեռք բերեց ավելի ժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ երկու ՏՕՌ ՀՕՊ համակարգեր՝ 50 հրթիռներով և չորս Սու-30 կործանիչներ, որոնք մատակարարվել էին մինչև 2019 թվականը: 2018 թվականի հունիսին Փաշինյանը սելֆի էր հրապարակել Սու-30-ով, որն արդեն Երևանում էր։ Երկուսն էլ հրապարակայնորեն ցուցադրվել են 2019 թվականի դեկտեմբերին։ Սամվել Բաբայանը՝ Արցախի զինված ուժերի նախկին հրամանատարը և 2020 թվականի պատերազմի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը, պնդում էր, որ հայկական կողմն ուներ վեց ՏՕՌ համակարգ, թեև այս պնդումը ենթակա չէ օբյեկտիվ ստուգման: 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանը հավանաբար օգտագործել է ռուսական արտադրության Օրլան-10 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
Այնուամենայնիվ, պարզ չէ, թե ով է շահագործել այս անօդաչու սարքերը: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, պատերազմի տարիներին ՊՆ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը պնդում է, որ Ռուսաստանի մատակարարած «Պոլե-2» էլեկտրոնային պատերազմի համակարգերը չորս օր շարունակ խափանել են Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի աշխատանքը։ Կար նաև ենթադրություն, որ Ռուսաստանը մատակարարել է «Կրասուխա-4» EW համակարգեր, սակայն դա ևս մնում է չհաստատված։ Չնայած հայտարարություններին, որ 2020-ի նոյեմբերից հետո Ռուսաստանը Հայաստանին զենք չի մատակարարել, 2022-ի հունվարին պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զինված ուժերը համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։
Դրանք ռուսական արտադրության Ми-8МТВ-5 ուղղաթիռներ են, որոնք Ми-8 ուղղաթիռների ռազմական գործածության համար արդիականացված տարբերակներից են։ Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI)-ի տվյալների՝ Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել այդպիսի չորս ուղղաթիռ։ Միաժամանակ, դրանց վաճառքի տարի է նշվում 2020-ը, չնայած փաստացի առաքվել են 2022-ի սկզբին։
1999 թվականին Չինաստանը Հայաստանին վաճառեց չորս WM-80 բազմակի հրթիռային կայան, ինչը դարձավ Հայաստանի առաջին ոչ խորհրդային/ռուսական սպառազինության գնումը: Սա նաև Չինաստանի կողմից զենքի առաջին վաճառքն էր Հարավային Կովկասի երկրի: 2013 թվականին հայկական ռազմական աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել AR1A բազմակի հրթիռային կայաններ: Դրանք ռուսական «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի չինական մոդիֆիկացիան են։ Ռուսական վերլուծական կենտրոնի զեկույցի համաձայն՝ Չինաստանը 2011 թվականին Հայաստանին մատակարարել է վեց AR1A MRL:
2004 թվականին Հայաստանը Սլովակիայից գնել է տասն օգտագործված Սու-25 ինքնաթիռ՝ 8 միլիոն դոլարով։ Հայաստանը 2004 թվականին Ուկրաինայից ձեռք է բերել երկու L-39C «Albatros» ուսումնական ինքնաթիռ, և ևս չորս ինքնաթիռ՝ 2010-2011 թվականներին։ Բելառուսը 2007 թվականին Հայաստանին մատակարարել է տասը Դ-30 քարշակային հաուբից: 2010 թվականին Հայաստանը Չեռնոգորիայից գնել է 16 Դ-30 հաուբից: 2011 թվականին Մոլդովայի կառավարությունը հաստատեց, որ Հայաստանին վաճառել է ռազմական տեխնիկա, որը, ըստ տեղեկությունների, ներառում էր խորհրդային արտադրության հակատանկային հրթիռներ, զինամթերք և տասնյակ ԲՄ-27 Ուրագան խորհրդային արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: 2012 թվականին Երևանում կայացած ռազմական ցուցահանդեսում նկատվել են MILAN հակատանկային հրթիռներ, որոնք Գերմանիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրության են: Ռուսական աղբյուրը, հայտնում է, որ Հայաստանը հակատանկային հրթիռները գնել է նաև Հունաստանից 2012 թվականին, որոնք մատակարարվել են 2013 թվականին: Ադրբեջանական բանակի անանուն աղբյուրները 2013 թվականին պնդում էին, որ Հայաստանը ոչ միայն 20 MILAN հրթիռ է գնել Հունաստանից, այլ նաև գնդացիրներ և նռնականետեր, ինչպես Հունաստանից, այնպես էլ Կիպրոսից: Բաքվում Հունաստանի դեսպանատունը հերքել է այդ լուրերը։
SIPRI տվյալների բազայի համաձայն՝ Հայաստանը 2019 թվականին ստացել է չորս օգտագործված Օսա-ԱԿ ՀՕՊ համակարգ՝ անհայտ մատակարարից (հնարավոր է Ռուսաստանից) և 120 հրթիռ դրանց համար։ Համակարգերը Փաշինյանին ցուցադրվել են 2019 թվականի դեկտեմբերին։ Jane’s Defence Weekly-ն (Jane’s Defense Weekly-ն (JDW) շաբաթական ամսագիր է, որը խմբագրվում է Փիթեր Ֆելստեդի կողմից, և լուսաբանում է ռազմական և առևտրային հարցերը։ Jane’s Information Group-ի ստորաբաժանումն է, որը ներկայումս պատկանում է IHS-ին), վկայակոչելով իր աղբյուրները, պնդում է, որ դրանք ձեռք են բերվել Հորդանանից։ Այս լուրը հաստատել են Հայաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները։ Այնուամենայնիվ, Հորդանանը հերքել է հաղորդագրությունները, և ենթադրել, որ վաճառքը «հնարավոր է, որ իրականացվել է մասնավոր ընկերությունների կողմից, որոնք զենք են գնել Հորդանանի պաշտպանական արդյունաբերությունից»:
2020-ի պատերազմից հետո Հայաստանը մեծացրել է իր ռազմական ծախսերը։ Հայաստանը պաշտպանությանը հատկացրել է 785 մլն դոլար։ 2021-ին այս ծախսերը կազմել են 663 մլն դոլար։ 2024-ին Հայաստանը նախատեսում է այդ նպատակով հատկացնել 1,4 մլրդ դոլար։
Ադրբեջանը նույնպես զգալիորեն ավելացրել է իր ռազմական բյուջեն։ 2020-ին Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կազմել են 2,2 մլրդ դոլար, իսկ 2021-ին՝ 2,7 մլրդ դոլար։ 2024-ին Ադրբեջանն ավելի մեծացրեց իր ռազմական բյուջեն՝ հասցնելով այն 3,7 մլրդ դոլարի։ 2023-ի հոկտեմբերի 23-ին ստորագրված երկկողմ համաձայնագրով Ֆրանսիան Հայաստանին տրամադրել է և կտրամադրի պաշտպանական տեխնիկա, մասնավորապես՝ երեք Ground Master 200 (GM 200) ռադար և գիշերային տեսանելիության սարքեր: GM 200-ը ռադար է, որը հայտնաբերում, նույնականացնում և հետևում է թիրախին բոլոր տեսակի միջավայրերում և տեղեկություն է փոխանցում ցամաքային ՀՕՊ-ին՝ թիրախին հարվածելու համար: Դրա կիրառումը Հայաստանում կարող է ծառայել փոքր ԱԹՍ-ների դեմ պայքարին, որոնք, ինչպես ցույց տվեց 2020-ի պատերազմը, հայկական բանակի ամենախոցելի կետերից են։ Հայաստանի զինված ուժերը կստանան, ընդհանուր առմամբ, մոտ 50 Bastion զրահամեքենա։
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայտարարել է Mistral տեսակի հրթիռների վաճառքի մասին։ Այս հրթիռն օգտագործվում է սպառազինության համակարգերի լայն տեսականիում՝ նախատեսված՝ ցածր և շատ ցածր բարձրություններում հակաօդային պաշտպանության համար: Հայաստանը նաև պաշտպանական և հարձակողական զենքեր է գնել Հնդկաստանից։ Swathi ռադարը նախատեսված է հակառակորդի կողմից արձակված հրետանային արկերը և հրթիռները հայտնաբերելու և դրանց հետևելու, ինչպես նաև դրանց արձակման վայրը տեղորոշելու համար։ Հայաստանը գնել է նաև Pinaka հրթիռային կայանքներ, հակատանկային զենքեր և այլ զինամթերք, MArG 155 ինքնագնաց հաուբիցներ, վեց հատ ATAGS 155 մմ հաուբիցներ, որոնց ընդհանուր թիվն այս պահին 90 է, Հնդկական Zen հակաօդային պաշտպանության համակարգ, Akash զենիթահրթիռային համակարգեր։ Հնդկական սպառազինությունը հիմնականում կազմված է հրետանային տեխնիկայից։ Եվ դա նաև շատ տեղին ընտրություն է, քանի որ կարող ենք հստակ տեսնել, որ կան կիրառման տարբեր շրջանակներ: Հայաստանն ունի մի քանի հրթիռային համակարգեր, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 120 կմ-ի, ինչը որոշ չափով համարժեք է խորհրդային «Սմերչ» համակարգին, որն օգտագործում էր Ադրբեջանը։ Հայաստանը նաև ունի հնդկական համակարգ, որը ֆրանսիական Caesar-ի համարժեքն է և օգտագործվում է նաև Ուկրաինայում։ Խոսքը MArG 155 ինքնագնաց հաուբիցի մասին է, որն ավելի փոքր է, իսկ հեռահարությունը՝ մի փոքր ավելի քիչ։ Սակայն այն չափազանց շարժունակ է նեղ ճանապարհներով և լեռնային տարածքում տեղաշարժելու համար:
Բացի այդ, կան քարշակվող զինատեսակներ, որոնց կրակի հեռահարությունը բավական մեծ է և ունեն, մասնավորապես, արկերի շատ հետաքրքիր տեսականի, նկատի ունեմ խելացի, ժամանակակից տեխնոլոգիաների արդյունք արկեր: Այնպես որ, քննարկված հրետանային տարբեր համակարգերը միասին ապահովում են գործառույթների և կարողությունների համապարփակ շրջանակ, որոնք բավարարում են օպերատիվ տարբեր կարիքներ տարբեր սցենարների դեպքում: 2020 թվականի մարտին The Times of India-ը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները, հայտնել էր, որ Հայաստանը 40 միլիոն դոլարով Հնդկաստանից չորս Swathi ռադար է գնել։ Հաղորդվում է, որ դրանց մատակարարումը սկսվել է 2021 թվականի հունվարին: 2020 թվականի հուլիսին Տավուշում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ Ադրբեջանը մեղադրել է Սերբիային Հայաստանին զենք մատակարարելու մեջ: Սերբիայի պաշտոնյաները, ի վերջո, հաստատեցին, որ երկիրը 2020 թվականի մայիսին և հունիսին Հայաստանին մատակարարել է մեկ միլիոն եվրոյից պակաս թեթև սպառազինություն (հրացաններ և ատրճանակներ): 2020 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանը պնդում էր, որ իրաքյան արտադրության ականանետեր է գրավել հայերից, որոնք հավանաբար, արտադրվել են Բոսնիայում և առաքվել սերբական պետական ընկերության կողմից:
Պատերազմական կորուստների քրոնիկոն
Ռազմական գործողությունների սկզբից ադրբեջանական կողմը կրել է և՛ մարդկային, և՛ նյութական լուրջ կորուստներ։ Հայկական ուժերը, օգտագործելով հիմնականում հակատանկային կառավարվող հրթիռներ, հրետանի և հրթիռային նռնականետեր, կարողացել են ոչնչացնել և գրավել.
20 Տ-72Ա հիմնական մարտական տանկ,
2 Տ-90 Ս հիմնական մարտական տանկ,
ԲՄՊ-1, ԲՄՊ-2 և ԲՄՊ-3 հետևակի մարտական 17 մեքենա,
ԲՏՐԱ-82Ա 5 զրահափոխադրիչ:
Այս թվերն արձանագրելիս պետք է հիշել մի քանի կարևոր բան:
Նախ, քանի որ հայկական ուժերն իրենց տրամադրության տակ չունեին մարտական անօդաչու թռչող սարքեր, շատ ավելի քիչ են տեսագրել և ավելի քիչ նկարել հակառակորդի ոչնչացված մեքենաները։ Երկրորդ, քանի որ Baytaktar անօդաչու թռչող սարքը կրակում է փոքր MAM-S և MAM-L արկեր, որոնք կշռում են համապատասխանաբար 20 և 50 ֆունտ (9 – 22 կիլոգրամ) (համեմատենք ամերիկյան Hellfire հակատանկային հրթիռների հետ, որոնք կշռում են 105-110 ֆունտ (47 – 50 կիլոգրամ)), տանկերի վրա հարձակումները միշտ չէ, որ հանգեցնում են այդ մեքենաների ոչնչացմանը կամ զգալի վնասների։
Այսինքն՝ վնասված մեքենաների մի մասը կարող էր արագ վերադարձվել ծառայության, իհարկե, եթե դրանք չգրավվեին հակառակորդի ուժերի առաջխաղացման միջոցով: Այսպիսով, արդարացի կլինի ասել, որ բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունը մեզ հստակ պատկերացում չի տալիս ադրբեջանական կողմի կորուստների մասին։ Սակայն դա թույլ է տալիս եզրակացնել, որ օդային հարձակումների հետևանքով Հայաստանը կորցրել է մեծ քանակությամբ հրետանի և մեքենաներ։ Ռազմական գործողությունների առաջին օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են հիմնականում փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի վրա Լեռնային Ղարաբաղում։ Այս խորհրդային համակարգերը, որոնք թողարկվել են 1970-ական և 1980-ական թվականներին, հիմնականում օգտագործվում էին ինքնաթիռների դեմ, չունեին անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելու և ոչնչացնելու հնարավորություն մեծ բարձրության և մեծ հեռավորության վրա: Հետագայում հարձակումներ են իրականացվել ավելի հզոր Ս-300, և ինքնագնաց «Կուբ» (GRAU ինդեքսը՝ 2Կ12, ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման՝ SA-6 Gainful, ռուս. «շահավետ»)՝ խորհրդային զենիթահրթիռային հակաօդային պաշտպանության ՀՕՊ համակարգերի ինչպես նաև ՀՕՊ համակարգերի ռադարների վրա, որի հետևանքով վնասվել, կամ ոչնչացվել են.14 միավոր 9Կ33Մ3 «Օսա» զենիթահրթիռային և 9 միավոր Կ35 «Ստրելա-10» զենիթահրթիռային համակարգեր: 4Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգ և մեկ 2Կ12 զենիթահրթիռային համակարգ: ՀՕՊ 8 ռադար:
Ստորև ներկայացված է հայկական մեքենաների մասնակի ցանկը, որոնք վնասվել, ոչնչացվել կամ էլ ավարառվել են։ Ընդհանուր առմամբ, մեքենաների այս թիվը համապատասխանում է մոտավորապես հինգ տանկային կամ մոտոհրաձգային գումարտակների մեքենաների թվին.
144 հիմնական մարտական տանկ Տ-72 և Տ-72Б, 35 հետևակի մարտական մեքենաներ ԲՄՊ-1 եւ ԲՄՊ-2, 19 բազմաֆունկցիոնալ փոխադրող տրակտոր, որոնցից մի քանիսը հագեցած էին ծանր զինատեսակներով, 310 բեռնատար, ջիփ և ոչ զրահապատ մեքենաներ: Հայկական կողմի կորուստները հրետանու առումով.
49 միավոր 122 մմ և 152 մմ տրամաչափի քարշակային հաուբիցներ և դաշտային հրացաններ, 12 ինքնագնաց հաուբից 2Ս1 և 2Ս3 52 միավոր 122 մմ տրամաչափի ԲՄ-21 «Գրադ» բազմակի արձակման հրթիռային համակարգեր.
3 բազմակի արձակման հրթիռային համակարգեր BM-30 և WM-8:
Ռուսական «Լենտա.ռու» կայքի տվյալներով. «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության սկզբից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) բանակները կորցրել են 112 տանկ և 26 հետևակի մարտական մեքենա, իսկ ադրբեջանական զինուժը կորցրել է 23 տանկ և 20 հետևակի մարտական մեքենա: Երկու երկրների կորուստները համեմատվել են Oryx-ն իր կայքում, ըստ որի Հայաստանի և ԼՂՀ բանակները կորցրել են, կամ լքել են զինտեխնիկայից և արկերից՝ 19 զրահամեքենա, 1 մարտական վերականգնողական մեքենա, 2 ինքնագնաց հակատանկային հրթիռային համալիր, 41 քարշակ հրետանի, 12 ինքնագնաց հրետանային կայանք, 52 բազմակի արձակման հրթիռային համակարգ, 1 բալիստիկ հրթիռ, ինքնագնաց զենիթահրթիռ, 20 զենիթահրթիռային համակարգ, 8 ռադար, 1 ինքնաթիռ, 2 անօդաչու թռչող սարք, 273 բեռնատար և այլ մեքենա, 40 հակատանկային կառավարվող հրթիռ։ Ադրբեջանն իր հերթին, ըստ Oryx-ի հաշվարկների, կորցրել է 8 ինքնաթիռ և ուղղաթիռ, 17 անօդաչու թռչող սարք, 13 բեռնատար և այլ մեքենաներ, ինչպես նաև ինժեներական տեխնիկա։ Հայկական կողմը պնդում է ադրբեջանական բանակի հետևյալ կորուստները.
Մարդուժ՝ 7630 զոհ, զինտեխնիկա. 4 ՏՕՍ-1 (ռուս.՝ ТОС-1), համազարկային կրակի՝ ծանր հրանետային համակարգ (ԾՀՀ) (ռուս.՝ тяжёлая огнемётная система, ТОС), 580 միավոր զրահատեխնիկա, 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 ԱԹՍ: Ադրբեջանի մարդկային կորուստների առումով կան հետաքրքիր այլ տվյալներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում զոհվել է 2,89 հազար մարդ, ևս 19-ը համարվում են անհետ կորած։ Սակայն, 2020 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին Ադրբեջանում մահացության անսպասելի բարձր ցուցանիշներ են գրանցվել։ Հոկտեմբերին այն գերազանցել է ամսական միջինը 29%-ով, նոյեմբերին՝ 83%-ով, դեկտեմբերին՝ 203%-ով, իսկ հունվարին՝ 51%-ով։ Այս տվյալները ներկայացնում է բրիտանական The Economist հրատարակությունը։ Այն հետևում է «ուռճացված» մահերին՝ ըստ երկրների, ամբողջ աշխարհում: Նախորդ տարիների ամսական միջին ցուցանիշները համեմատվում են 2020 և 2021 թվականների պաշտոնական տվյալների հետ՝ գնահատելու համար, թե որքան կարող է լինել նոր կորոնավիրուսից մահացության իրական թիվը, քան պնդում են համաշխարհային իշխանությունները: The Economist-ը նշում է, որ տեղեկատվությունը վերցված է Human Mortality Database-ից (զոհերի տվյալների բազան է (HMD), զարգացած երկրներում մահացության վերաբերյալ աշխարհի առաջատար գիտական տվյալների ռեսուրսը): HMD-ն տրամադրում է մահացության և բնակչության ներդաշնակեցված մանրամասն գնահատականներ հետազոտողներին, և World Mortality Dataset-ից, որը համաշխարհային մահացության տվյալների հավաքածուն է և պարունակում է շաբաթական, ամսական կամ եռամսյակային բոլոր պատճառներով մահացության տվյալներ 103 երկրներից և տարածքներից: Այն պարունակում է 2015-2021 թվականներին բոլոր պատճառներով մահացության վերաբերյալ երկրի մակարդակով տվյալներ՝ հավաքագրված տարբեր աղբյուրներից: Դատելով բրիտանական հրապարակման տվյալներից՝ բացի Ադրբեջանից, մահացության նման աննորմալ բռնկումներ գրանցվել են միայն Հարավային Ամերիկայի մի քանի երկրներում՝ Բոլիվիայում, Էկվադորում և Պերուում։
Ադրբեջանում 2020 թվականի վերջին և 2021 թվականի սկզբին մահացությունների աճը համընկել է երկրում կորոնավիրուսի առաջին լուրջ բռնկման հետ։ Coronavirus Monitor-ի տվյալներով՝ Covid-19-ի դեպքերի թիվը հասել է օրական 4,45 հազարի՝ 30 անգամ ավելի, քան նախկինում գրանցվածը։ Կորոնավիրուսից մահացության պաշտոնական մակարդակը, օրինակ, դեկտեմբերին կազմել է 1249 մարդ։ Միաժամանակ միջին ամսական աճը գերազանցել է 9,6 հազար մարդը՝ 4,7 հազարից հասնելով 14,5 հազարի։
Նման տվյալները կարող են վկայել, որ մահացության աճի ուղղակի և անուղղակի պատճառը կարող է լինել ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որը տևել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։ Մի կողմից՝ բանակը, բնականաբար, լուրջ կորուստներ ունեցավ, մյուս կողմից՝ բանակում մարդկանց կենտրոնացումը և զինվորականների զանգվածային վերադարձը տուն չէին կարող չհանգեցնել նոր կորոնավիրուսով հիվանդացության աճի և, համապատասխանաբար, մահացության աճի։ Միևնույն ժամանակ, հոկտեմբեր-հունվար ամիսներին երկրում մահացությունների թիվը գերազանցում է մահացության միջին ցուցանիշը՝ զուգորդված կորոնավիրուսից պաշտոնապես մահացածների թվի հետ գրեթե 15 հազար մարդով։
Այսինքն՝ պատերազմից իրական կորուստների թիվը կարող է լինել չորսից հինգ անգամ ավելի, քան նշում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Սարգիս Սարգսյան