Տեղի ունեցավ Կարո Արմենյանի «Մարմին և Արիւն բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը
08 Նոյեմբեր 2024
Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 7-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ ամերիկաբնակ գրող, հասարակական գործիչ Կարո Արմենյանի բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։
«Մարմին և Արիւն» ժողովածուն ընթերցողին է ներկայացնում հեղինակի վերջին շրջանի ստեղծագործությունները։ Գրքի խմբագիրն է գրող, հասարակական գործիչ Հարություն Պերպերյանը։
Շնորհանդեսը բացվեց Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանի ողջույնի խոսքով։ Նա կարևորեց Կարո Արմենյան գրողի, գաղափարակից ընկերոջ, մտավորականի, հասարակական գործչի դերն ու գործունեությունը ոչ միայն գրականության, այլև` հայ հասարակական֊ քաղաքական կյանքում։
Գրողի ստեղծագործական գործունեության և նորընծա ժողովածուի մասին խոսք ասացին Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, գրականագետներ Դավիթ Գասպարյանը, Սամվել Մուրադյանը, Սուրեն Դանիելյանը, Աբգար Ափինյանը, գրող Ռոլանդ Շառոյանը, մտերիմ ընկեր Վահան Զանոյանը, հրապարակախոս Վաչե Բրուտյանը, պատմաբան Աշոտ Մելքոնյանը։
Կարո Արմենյանի բանաստեղծություններից ընթերցեց Գայանե Սամվելյանը։
Շնորհանդեսին ներկա էին հասարակական, քաղաքական գործիչներ, մտավորականներ, գաղափարակից ընկերներ, ուսանողներ և այլք։
Հայրենիքի ճակատագրով մտահոգ, խոսքը գործի վերածող գրողը միշտ եղել է հայկական պահանջատիրության, հայկական ինքնության պահպանման առաջնագծում։ Այս կարևոր առաքելության կողքին նա իր հաստատուն քայլերն է արել նաև գրականության ասպարեզում` ընթերցողին ներկայացնելով խորը փիլիսոփայությամբ, պատկերավորման առանձնահատկություններով և ինքնատիպ դրսևորումներով հարուստ ստեղծագործություններ։
Շնորհանդեսի վերջում ներկաները հնարավորություն ունեցան որպես նվեր ձեռք բերելու հեղինակի ժողովածուն, որից հետո միջոցառումն ամփոփվեց հյուրասիրությամբ։