«Դրօշակ»-ի Առաջնորդող. Չհաշտվել կործանարար ընթացքի հետ
02 Դեկտեմբեր 2024
2024 թ․ նոյեմբերի 3-ին Մոլդովայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո վերընտրված նախագահին հղված Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է․«Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է»։ Ինչո՞վ է պայմանավորված այս առաջնահերթությունը։ Եթե անդրադառնանք անկախացումից հետո հայ-մոլդովական հարաբերությունների պատմությանը կտեսնենք միայն, որ Մոլդովան մաս է կազմել ՎՈւՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպությանը, որը միշտ ունեցել է հակահայկական ուղղվածություն։ Ուրեմն ինչո՞վ է պայմանավորված այս քաղաքական առաջնահերթությունը, եթե Հայաստանի այսօրվա իշխանության համար քաղաքական առաջնահերթություն չէ (եթե չասենք օրակարգից հանված է) հայոց ցեղասպանության հարցը, այդ օրակարգում գոյություն չունի Արցախի հարցը։ Պատասխանը շատ ակնհայտ է՝ Մոլդովան, Հայաստանի պես, գործիք է ծառայում Ռուսաստանի շուրջ հակառուսական ճակատ ձևավորելու Արևմուտքի փորձին։ Ինչպես գիտենք այդ փորձի մեջ փորձարարական կենդանու դեր ստաձնելով Վրաստանի նախկին իշխանությունը կորցրեց Օսեթիան ու Աբխազիան, իսկ հարևան երկրի այսօրվա իշխանությունը, դիմակայելով Արևմուտքի կոշտ ճնշումներին հրաժարվում է կրկին խաղալու նույն դերը։ Ուկրաինայի արևմտամետները նույնպես որդեգրեցին այդ խաղը և նրանց համար դեռ շարունակվում է տարածքային ու մարդկային հսկայական կորուստների ընթացքը։ Ամենայն հավանականությամբ տարածքային կորուստների առումով հաջորդը կլինի Մոլդովան, եթե Հայաստանի իշխանությունը, շարունակելով իր այս հակազգային քաղաքականությունը, Արցախից հետո տարածքային և ինքնիշխանության կորստի առջև չկանգնեցնի նաև Հայաստանը։
Հայաստանի իշխանությունն ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի դեմ սանձազերծել նոր պատերազմ։ Սրանով հանդերձ իշխանությունն ու իր պարագլուխը փորձում են համոզել ժողովրդին, որ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան համարող թշնամի երկրի հետ ոչ միայն կայուն խաղաղության պայմանագիր կարելի է կնքել, այլև հայտարարում է թե վերջինիս ղեկավարին առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործարք կնքել։ Հայաստանի ղեկավարությունը նույն կերպ վարդագույն է ներկայացնում հայ-թուրքական հարաբերությունների ներկան ու ապագան շրջանցելով Թուրքիայի դերակատարությունը Արցախյան պատերազմում և Պանթուրանական ծրագիրն իրագործելու համար Զանգեզուրի միջանցքին տիրանալու Թուրքիայի ռազմավարական ձգտումը։
Իսկ Նիկոլ Փաշինյանն անձամբ է 2020 թվականի հոկտեմբերի սկզբին կանադական The Globe and Mail պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել․ «Անցել է հարյուր տարի և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը»։
Այսօր, նույն այս իշխանությունը, հեռացրել է Ադրբեջանի հետ սահմանից ռուսական ուժերին, Իրանի հետ սահմանակետից նույնպես դուրս է բերում ռուսական ուժերին և դաշնակցային հարաբերությունների շրջանակում տասնամյակներով Թուրքիայի հետ սահմանը պահպանած այս երկրի զինված ուժերի քանակը կիսով չափ նվազեցրել է։ Այս ուղղությամբ շարունակվող գործընթացը հստակորեն տանում է ռազմական դաշինքի խզման։
Փոխարենը Հայաստանի սահմանների վրա Եվրոմիության խաղաղապահների անվան տակ հայտնվել են ըստ էության ՆԱՏՕ-ական առայժմ սահմանափակ ուժերը։
2024 թ․ նոյեմբերի 7-ին yerkir.am կայքեջի vpoanalytics.com-ի աղբյուրից թարգմանաբար ներկայացրած Սերգեյ Անդրեևի հոդվածում ասվում է․ «Փաշինյանի ռեժիմը շարունակում է թե բաց, թե կուլիսային դրեյֆը դեպի արևմուտք և ՆԱՏՕ։ Հոկտեմբերի կեսերին Հայաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականները հավաքվել էին Վաշինգտոնում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ կողմերը՝ ի դեմս Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Չարլզ Բրաունի, «քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»: Ընդ որում՝ հայկական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվում է՝ «Ամերիկյան կողմը նշել է՝ շարունակելու է իր աջակցությունը Հայաստանի զինված ուժերի վերափոխման և բարեփոխումների գործընթացին»: Նման հաղորդագրությունների ֆոնին ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են ակտիվորեն նյութեր տարածել սեպտեմբերի 30-ին Բրյուսելում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչների հանդիպման հնարավոր մանրամասների մասին: Լրագրողների տեղեկություններով Գրիգորյանը հայտնել է Երևանի պատրաստակամությունը՝ դառնալու «ՆԱՏՕ-ի նոր հարավային թեւը» և նպաստելու ավիաբազաների կառուցմանն ու Այլանսի ՀՕՊ զորամասերի տեղակայմանը:
Կողմերը կարող էին նաև պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի հարավում լեռնահրաձգային զորքերի համար կենտրոն կառուցելու վերաբերյալ, որտեղ ՌԴ սահմանապահների դուրսբերումից հետո ներկա կլինեն ՆԱՏՕ-ի զինվորականները: Թե՛ ռուս, թե՛ ադրբեջանցի ռազմական փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ակտիվորեն ամրագրում են իրենց ռազմական ներկայությունը Հայաստանում, իսկ այնտեղ, ՊՆ-ում, արդեն հայտնվել է Վաշինգտոնից խորհրդական։ Հայաստանի հարավն այս դասավորություններում պատահական չէ, քանի որ Սյունիքի մարզում ամրագրումը կապված է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման ու վերահսկողության հետ։ Այնտեղով է անցնում նաև Իրանի հետ սահմանը, որին մոտենալը կարևոր է Արևմուտքի համար։ Արդեն տեղեկություններ են հրապարակվել այնտեղ ամերիկյան հետախուզական մանևրային խմբերի համար դիրքերի կահավորման մասին, որոնք հետևում են Թեհրանի գործունեությանը և Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակմանը: Այդ իսկ պատճառով Երևանը շտապ լուծում էր ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները այստեղից դուրս բերելու հարցը։ Այս գործընթացներին զուգահեռ Հայաստանի ուժային կառույցներն ավելի ակտիվորեն են մաքրում կադրերը, որոնք այս կամ այն պատճառով ձեռնտու չեն Արևմուտքին։ Այդ իսկ պատճառով Գրիգորյանի վերոհիշյալ հանդիպման ժամանակ Արևմտյան կուրատորների հետ բարձրաձայնվել է «Հայաստանի անվտանգութայն կառույցներում մեծ թվով ռուսամետ կադրերի խնդիրը»։ Ինքը՝ Գրիգորյանը, որին բացահայտ անվանում են ԱՄՆ ԿՀՎ դրածո, միշտ ներկա է ամերիկացիների հետ բանակցություններին և պատասխանատու է հենց ռուսամետ ուժերից մաքրելու համար։
Հաշվի առնելով նաև ամերիկացիների ակտիվ աշխատանքը հայ ուժայիններին կաշառելու ուղղությամբ՝ զարմանալի չէ, որ Գրիգորյանը, հանդիպման ընթացքում հերթական անգամ հաճոյանալով, հավաստիացրեց ՆԱՏՕ-ի իր վերադասներին, որ հայկական ուժային գերատեսչությունները նրանցից մաքրելու աշխատանքներն արդեն ընթանում են (և ձեռքի հետ էլ Արևմտյան հատուկ ծառայությունների փորձագիտական և այլ աջակցությունն է խնդրել)»։ «Մի շարք բնակավայրերից (Գորիս, Սիսիան, Երասխ) ռուսական ստորաբաժանումները դուրս են բերվել վաղուց։ Նաև ռուսական ռադիոլոկացիոն խմբերը լքել են իրենց սովորական դիրքերը Մարտունու շրջանում՝ Սևանա լճի մոտ։ Հենց նրանք էին ապահովում Հայաստանի օդային տարածքի վերահսկողությունը և տվյալները փոխանցում հայկական կողմին»։
Իսկ ինչ հարաբերության մեջ են Ռուսաստանին փոխարինելու եկող Արևմուտքն ու Թուրքիան վկայում են հետևյալ փաստերը․ ԱՄՆ նախագահի անվտանգության նախկին քարտուղար Ջոն Բոլթոնն ասել է․«Թուրքիան ԱՄՆ-ի ամենահետևողական դաշնակիցն է տարածաշրջանում»։ Ըստ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի «Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության հաստատման համար՝ որպես տարածաշրջանի առաջատար երկիր»։ Ակնհայտ է, որ Արևմուտքը Թուրքիայի դեմքով է տեսնում Հարավային Կովկասի խնդիրների լուծումը։ Եւ սա այլ բան չի նշանակում քան ՆԱՏՕ-ի միջոցով Անդրկովկասում Ռուսաստանի փոխարինումը Արևմուտքով՝ նախ և առաջ ի դեմս Թուրքիայի։ Հայաստանի իշխանությունը հասկանու՞մ է ինչ է անում, երբ իր աչքի առջև է կործանվող Ուկրաինայի կենդանի օրինակը։ Կամ չի հասկանում կամ հասկանալով անում է այն ինչի համար բերվել է իշխանության։ Արցախի հանձնումը, Հայաստանին որպես Արևմտյան Ադրբեջան դիտարկող թշնամի հարևանի այդ հավակնության լեգիտիմացումը հաստատում է տվյալ ենթադրությունը։
Վերջին շրջանում Ռուսաստանը, արդեն պաշտոնյաների մակարդակով, հասկացրել է, որ իրեն շրջանցելով հայ-ադրբեջանական տարածաշրջանային խնդիրներ չեն կարող լուծվել։ Վերջին շրջանում նորություն էր նաև Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տարածած հաղորդագրությունները Հայաստանում ամերիկացիների կողմից Արևմուտքի ազդեցությունը կրող ուժերի հետ աշխատանքի ակտիվացման, իշխանության և գալիք համապետական ընտրությունների նկատմամբ վերահսկողության ծրագրերի ու միջոցառումների մասին։ Ինչո՞ւ այս անգամ Ռուսաստանի համապատասխան ուժերը այս տեղեկությունները հրապարակ չեն նետում լրատվական միջոցների, վերլուծաբանների, երկրորդ ու երրորդ մակարդակի պաշտոնյաների միջոցով։ Ակնհայտ է, որ սա զգուշացում է այն մասին, որ իրենք տիրապետում են զարգացումներին և ուշադրությամբ հետևում են տեղի ունեցողին։ Պարբերաբար, արդեն բարձր պաշտոնյաների կողմից արվող հայտարարություններն ըստ էության այն մասին, որ ռուսները հենց այնպես այստեղից գնացողը չեն, արդյոք չի՞ հուշում լավ հիշել թե Վրաստանի, թե Ուկրաինայի թե հենց սեփական դասերը։
Պետք չէ լինել պրո-ռուս կամ հակաարևմտյան, բայց որևէ մեկի դեմ կազմակերպված հակա շարժումներին մաս կազմելը շռայլություն է ճակատագրի ալիքների վրա երերացող Հայաստանի համար։ Այս մասին այլևս ավելորդ է թերևս զգուշացնելը քաղաքականապես հակազգային, բարոյապես սպառված իշխանություններին, բայց պարտադիր է բոլոր նրանց համար ովքեր չեն կարող հաշտվել այս կործանարար ընթացքի հետ։