Ամեն գնով փորձելու են փոքր ու միջին բիզնեսից հարկ քերթել
05 Դեկտեմբեր 2024
«Հրապարակ»-ի հարցազրույցը ՀՅԴ Հայասատանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հետ։
– 2025-ին իշխանությունը փոփոխություններ է ձեռնարկել Հարկային օրենսգրքում` հունվարի 1-ից շրջանառության հարկը 5 տոկոսից կդառնա 10 տոկոս, ամռանը կբարձրանան փաստաբանական եւ այլ ծառայությունների հարկերը, որոնք շրջանառության հարկի դաշտից կանցնեն ընդհանուր հարկման դաշտ։ Ի՞նչ հետեւանքներ կունենան այս փոփոխությունները մանր եւ միջին բիզնեսի վրա եւ ինչպե՞ս կանդրադառնան հասարակ քաղաքացիների վրա։
– Մեր քաղաքացիները դա կզգան գնաճի ձեւով։ Բազմահազար քաղաքացիներ զբաղված են հենց փոքր եւ միջին բիզնեսով` եւ՛ որպես վարձու աշխատող, եւ՛ որպես ինքնազբաղված։ Այդ մարդկանց ծախսերը կավելանան, իսկ շատ դեպքերում այդ բաձրացումները կարող են հանգեցնել սնանկացման։ Մի շարք տնտեսվարող սուբյեկտներ, որոնք մի կերպ են կարողանում շուկայում դիմանալ եւ սեփական քրտինքով ընտանիքը պահել՝ հարկադրված են լինելու ուղղակի դուրս գալ շուկայից, փակել իրենց փոքր բիզնեսը։
– ՀՀ պետական բյուջեի գումարները որքա՞ն են ավելանալու շրջանառության հարկի այս բարձրացումով, այդ գումարով պետությունն ի՞նչ գլոբալ խնդիր է լուծելու, որ որոշել է հարվածի տակ դնել ՓՄՁ ոլորտը։
– Շատ չնչին գումարի մասին է խոսքը։ Բացի այդ 10 տոկոսը, իրենք նաեւ նախատեսում են հունվարի 1-ից փաստաբանական եւ նոտարական ծառայություններն անցնեն շ շրջանառության հարկից ընդհանուր հարկման համակարգ՝ վճարելով ավելացված արժեքի հարկ եւ շահութահարկ։ Այս մարդկանց հարկային բեռը մոտավորապես 5-6 անգամ կավելանա։ Նախագիծ ունեն, որ հունիսի 1-ից էլ մի շարք այլ տնտեսվարողներ, որոնք այսօր գործում են շրջանառության հարկի տիրույթում, մասնագիտական ծառայություններ են մատուցում, նույնպես անցնեն ընդհանուր հարկման դաշտ։ Այս ամբողջի հարկային արժեքը, բյուջե լրացուցիչ հարկային մուտքերը կազմելու է մոտ 13 միլիարդ դրամ։ Սա չնչին լրացուցիչ մուտք է։ Սրանով խնդիր չեն լուծում, ասում են՝ արդարության սկզբունքը թող գործի` հավասար հարկման դաշտում լինեն բոլորը, այդ թվում փոքր եւ մեծ բիզնեսները։ Իսկ ես շատ հստակ արձանագրում եմ, որ այս պարագայում հավասարությունը արդարությունը չէ, այսինքն՝ միշտ չէ, որ հավասար պայմանը արդար պայմանն է, այս պարագայում` մասնավորապես։
– Արդյո՞ք հարկերի բարձրացումը կհանգեցնի ստվերային բիզնեսի ծաղկման։
– Հարկային բեռի կրկնապատկումից հետո փոքր բիզնեսը հակված կլինի ստվերի։ Այսօր էլ կա այդ ստվերը, եւ հարկային բեռի ավելացումով այն ոչ թե կպակասի, այլ կավելանա։ Մարդկանց կոնկրետ ասում են՝ կամ գնացեք ստվեր, եւ մի՛ վճարեք հարկերը, կամ էլ փակեք ձեր բիզնեսը։ Հաջորդ տարի մեզ սպասվում են լրջագույն տնտեսական դժվարություններ։ Արտաքին գործոն այլեւս չկա, տնտեսական ակտիվություն չի լինելու, հարկային մուտքերը նվազելու են, իսկ այս պոպուլիստական իշխանություններն անվերջ խոստումներ են տալիս, ինչ-որ ծախսեր են նկարել, հիմա պիտի հարկ քերթեն, բնական է` ոչ իրենց շրջապատի օլիգարխներից, որովհետեւ նրանց համար հակառակը` պայման են ստեղծում գերշահույթներ ստանալու, թռիչքաձեւ հարստանալու համար։ Ամեն գնով փորձելու են փոքր ու միջին բիզնեսից հարկ քերթել։ Թե սա ինչի կբերի, այս իշխանությանը հետաքրքիր էլ չի։ Երկարաժամկետ կտրվածքով մեր տնտեսական կառուցվածքը կվատանա, եկամուտների արդար բաշխման մեխանիզմը եւս կվատանա, բայց իշխանությունը կկարողանա մի քանի միլիարդ հարկ հավաքել։ Իրենք չեն էլ թաքցնում, որ այս նպատակն ունեն, այդպես էլ ասում են՝ հետեւողականորեն վերացնելու են փոքր, միջին բիզնեսի հարկային արտոնությունները։
– Համահարթ հարկման մեխանիզմի են անցնելու, արդյոք ճի՞շտ է հավասարության նշան դնել եւ հավասարապես հարկել մի փոքրիկ կրպակի տիրոջը եւ օլիգարխ Սամվել Ալեքսանյանին։
– Փողոցով եկած իշխանության ներկայացուցիչները, որ դուխ անեն իջնեն փողոց եւ խոսեն խանութպանների հետ, կհասկանան՝ օբյեկտի՞վ է այս իրավիճակը, թե ոչ։ Առանց այն էլ բազմաթիվ խնդիրներ ունեն փոքր տնտեսվարողները, սկսած մատակարարումներից։ Տարբերակված մոտեցում է ցուցաբերվում նրանց նկատմամաբ, օրինակ, 1 շիշ ջուրը փոքր խանութին տալիս են ավելի թանկ, քան վաճառում է խոշոր սուպերմարկերտը։ Կուզես` ուզի, չէ` չէ։ Սրան գումարած 6 անգամ ավելանում է խանութպանի հարկային բեռը։ Պետության մեսիջը հետեւյալն է՝ փոքրը վերանա, խոշորը թող մնա: Կառավարելի կլինի ընտրությունների ժամանակ բնականաբար ավելի հեշտ կլինի այդ օլիգարխների քաղաքական կապիտալը վերահսկելն ու ծառայեցնելը։