44-օրյա պատերազմի արյունոտ դասերը (Մաս 3)
05 Դեկտեմբեր 2024
Սույն հոդվածի առաջին մասը (տես՝ Դրօշակ»ի 2024 թ., իններորդ համարը, սեպտեմբեր, 2024 թ., Սարգիս Սարգսյան 44-օրյա պատերազմի արյունոտ դասերը (Մաս 1) (էջ 20-31), հիմնականում նվիրված էր 2005-2020 թվականների միջև ընկած ժամանակահատվածում աշխարհի տարբեր երկրների հետ Հայաստանի և Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությանը։ Հոդվածի երկրորդ մասը (տես՝ Դրօշակ»ի 2024 թ., տասներորդ համարը, հոկտեմբեր 2024 թ., Սարգիս Սարգսյան 44-օրյա պատերազմի արյունոտ դասերը (Մաս 2) (էջ 10-22), նվիրված էր մարտական գործողությունների ընթացքին, կողմերի զինված ուժերի քանակին, մարտավարությանը, տեղադրությանը, ինչպես նաև պատերազմում Թուրքիայի ուղղակի ներգրավվածությանը: Հոդվածի այս մասում ներկայացնելու ենք այլազգի, հիմնականում արևմտյան ռազմական, անգլիալեզու մասնագետների տեսակետները:
Նշենք, որ 44-օրյա պատերազմի թեմային անդրադարձել են լուրջ հետազոտական, ֆուտուրոլոգիական կենտրոններ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհի առաջատար երկրներում, որոնց շարքում են՝ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը (CSIS) ( https://missilethreat.csis.org/the-air-and-missile-war-in-nagorno-karabakh-lessons-for-the-future-of-strike-and-defense/, ԱՄՆ բանակի ռազմական քոլեջը (USAWC), որը հրատարակել է գնդապետ Ջոն Անթալի «7 վայրկյան մահանալու համար. Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմի ռազմական վերլուծություն և պատերազմների ապագան» (Ֆիլադելֆիա, ՊԱ: Casemate Publishers 2022, գլ. 1.) աշխատությունը: Թեմային բազմիցս անդրադարձել է բրիտանական «Գարդիան» (The Guardian) ամենօրյա ձախ-լիբերալ թերթը: «War on the Rocks»( «Պատերազմ ժայռերի վրա»), ռազմավարության, պաշտպանության և արտաքին գործերի վերաբերյալ վերլուծությունների և բանավեճի հարթակը տպագրել է Մայքլ Ռ. Ռեյնոլդսի աշխատությունը, որն անվանել է՝ «Վստահություն և աղետ. Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմը», 11 հունվարի, 2021 թ.: Թեմային անդրադարձել է «The National Interest»-ը («Ազգային շահ»), որն առցանց հրատարակություն է, և կենտրոնանում է պաշտպանության խնդիրների, ազգային անվտանգության, ռազմական գործերի և տեխնիկայի, արտաքին քաղաքականության ոլորտում ԱՄՆ քաղաքականության վրա, և որի թղթակից Սեբաստյան Ռոբլենը շատ ակտիվ էր արցախյան պատերազմը մեկնաբանելու առումով: Հետաքրքրություն է ներկայացնում ռազմավարական գործողությունների վերլուծաբան, Ֆիլիպ Էնդրյուսի «Դասեր Լեռնային Ղարաբաղի 2020-ի հակամարտությունից» հոդվածը:
«Հայաստանի սխալները և Ադրբեջանի հաջողությունները» վերտառությամբ հոդված է տպագրել թուրքական «Շաբաթաթերթ» հանդեսը («Journal of Turkish Weekly» Թուրքիա): «The Defense Post»-ը («Պաշտպանական դիրք») անվտանգության և պաշտպանության հարցերին նվիրված առաջատար լրատվական անկախ հրատարակություն է, որը ներկայացնում է պաշտպանական խնդիրներին վերաբերող նորություններ, զեկույցներ Միացյալ Նահանգներից և ամբողջ աշխարհից: «The Defense Post»-ը զգալի միջազգային լսարան ունի, մասնավորապես Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Հարավային Ասիայում https:(//thedefensepost.com/about/): Յուրահատուկ մոտեցում կա նաև տեղեկատվական պատերազմում Հայաստանի պարտության առումով: Այն մասին, թե ինչպես են տեղեկատվական անհամաչափությունները կանխում հակամարտությունների խաղաղ լուծումները, տես՝ Ջեյմս Դ. Ֆեարոն, «Ռացիոնալիստական բացատրություններ պատերազմի համար», Միջազգային կազմակերպություն, 49-ը թիվ: Թեմային բազմիցս անդրադարձել է Ալ-Ջազիրա (արաբ․՝ الجزيرة) հեռուստատեսային ցանցը, որի գրասենյակը գտնվում է Դոհայում: «Կենտրոնական Ասիա-Կովկաս ինստիտուտը» և « Մետաքսի ճանապարհի ուսումնասիրության» ծրագիրը միավորված են, որպես համատեղ անդրատլանտյան հետազոտությունների և քաղաքականության կենտրոն:
Արևելյան ուսումնասիրությունների կենտրոնը (OSW) ստեղծվել է 1990 թվականին Վարշավայում՝ որպես հասարակական հաստատություն։ Այն ստեղծվել է Խորհրդային Միությունում, իսկ ավելի ուշ՝ դրա փլուզումից հետո առաջացած գործընթացների վերաբերյալ դեմոկրատական Լեհաստանի վերլուծական հետազոտության պահանջը բավարարելու համար: Ներկայումս OSW-ի պորտֆելը ներառում է Ռուսաստանը, Արևելյան և Կենտրոնական Եվրոպան, Կովկասը և Կենտրոնական Ասիան, Բալկանները, Գերմանիան, Բալթյան և Հյուսիսային երկրները, Չինաստանը, Թուրքիան և Իսրայելը.
(https://www.diploweb.com/Geopolitique-de-la-Seconde-Guerre-du-Haut-Karabakh-27-septembre-9-novembre-2020.html): «Ժամանակակից պատերազմի ինստիտուտը» (MWI), որը կից է ԱՄՆ –ի West Point- ռազմական ակադեմիային, ուսումնասիրում է վերջին և շարունակվող հակամարտությունները (https://mwi.westpoint.edu/about-3/):
Մեզ համար լուրջ հետաքրքրություն է ներկայացնում «Missile Threat»(անգլ. թարգմանաբար՝ «Հրթիռային սպառնալիք») կայքը, որը համախմբում է բաց կոդով հեղինակավոր և արդի տեղեկատվություն և վերլուծություն ամբողջ աշխարհում՝ բալիստիկ և թևավոր հրթիռների և դրանցից պաշտպանվելու համար նախատեսված համակարգերի մասին
https://missilethreat.csis.org/about/: Որոշ մեջբերումներ պետք է արվեն այս կայքից մի շատ պարզ պատճառով: Եթե բացառենք ռուսական աղբյուրները, որոնց կանդրադառնանք հոդվածի չորրորդ մասում, ապա Արցախյան երկրորդ պատերազմի ամենալուրջ և հայկական կողմի համար ուսանելի հետազոտությունը և վերլուծությունը, մեր կարծիքով, իրականացրել են այս կայքի մասնագետները: Մեզ համար կարևոր է ուսումնասիրել տարբեր աղբյուրներ, քանզի, հաճախ մեկը հերքում է մյուսին: Նույն «Missile Threat» կայքը կասկածի տակ է առնում «Oryxspioenkop» հայտնի բլոգի հեղինակավոր մասնագետ Սթայն Միտցերի որոշ տեղեկատվությունը, նշելով, որ վերջինս դյուրահավատորեն արձանագրել է հայկական, և՛ տեխնիկայի, և՛ բնակավայրերի կորուստներ, շատ հաճախ հաշվի առնելով ադրբեջանցիների քարոզչական ապատեղեկատվությունը:
«Missile Threat» կայքի հեղինակը սեպտեմբերի 27-ին Հորադիզ գյուղի մոտ ադրբեջանական գրոհը որակում է, որպես անհաջող, չնայած «Oryxspioenkop»-ը՝ հետևելով ադրբեջանական լրատվությանը, այն համարել էր հաջողված: Այդ օրն ադրբեջանցիները կարողացել են գրավել որոշ դիրքեր Հորադիզ գյուղից հյուսիս, սակայն չեն կարողացել ճեղքել ճակատը և իրագործել գյուղի գրավման խնդիրը։ Այդ մասին են վկայում և՛ որոշ բլոգերների տեսանյութերը, որոնք նկարահանվել են Հորադիզ գյուղից հյուսիս մոտակա թիկունքում մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում, և՛ սեպտեմբերի 30-ի պատկերով երևում է հայկական որևէ նոր դիրքի գրավման բացակայությունը։
Ըստ կայքի, հոկտեմբերի 6-ին կամ 7-ին, երբ ադրբեջանցիները ճեղքեցին Ջեբրայիլի ուղղությամբ, հայերը որոշեցին անցնել հակահարձակման։ Ծրագիրը, ըստ երևույթին, շատ հավակնոտ էր՝ «կտրել» և շրջապատել թշնամու զորախումբը, որը հարված էր հասցրել հայկական ուժերի թևին և թիկունքին՝ Հորադիզ գյուղից մինչև Արաքս գետն ընկած տարածքի ամենացածր կետում: Հայերը տանկերով, հետևակի մարտական մեքենաներով և, չգիտես ինչու, բեռնատարներով հարձակվել են Հորադիզ գյուղից Հորադիզ քաղաք տանող ճանապարհի երկայնքով։ Հակառակ Փաշինյանի պարծենկոտ հայտարարության՝ հարձակումն հայերի համար ավարտվել է աղետով:
Հայերը կարողացել են հասնել միայն առաջին ադրբեջանական հենակետին և այնտեղ պարտվել։ Ոչնչացվել է մինչև 5 տանկ, ևս 5-ը լավ վիճակում բաժին են հասել հակառակորդին, նաև կորել են հետևակի 2 մարտական մեքենա և մինչև մեկ տասնյակ բեռնատար։ Այս ճակատամարտի հետևանքները ցուցադրվել են հոկտեմբերի 8-ի և հոկտեմբերի 11-ի AzMO-ի տեսանյութերում (որում հայկական տեխնիկան դեռ ծխում էր): Սակայն, այս տեսանյութերը վերջնականապես թաղեցին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Հորադիզ գյուղի գրավման վարկածը. պարզ է, որ եթե ադրբեջանցիները տիրեին գյուղին, ապա հայերը չէին կարողանա ճեղքել այն առանց կորուստների: Գյուղում (հոկտեմբերի 11-ի տեսանյութների համաձայն) այրված տեխնիկա բացարձակապես չկա։ Իրականում Հորադիզը վերցվեց միայն հոկտեմբերի 7-ին կամ 8-ին, և դրանում ակնհայտորեն էական դեր խաղաց հայկական հակահարձակման ձախողումը։ Կայքի հեղինակը հատուկ անդրադարձել է Արաքսի հովտում ընթացած մարտական գործողություններին:
Արաքս գետի հովիտը 4-5 կմ լայնությամբ հարթ հարթավայր է, որը ձգվում է գետի հետ հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք և հարավ-արևելքից սահմանափակվում է բուն գետով և նրա երկայնքով անցնող Իրանի սահմանով, իսկ հյուսիս-արևմուտքից ցածրադիր լեռնաշղթայով՝ հովտից բարձրանալով 50-70 մետրով։ Ի տարբերություն ճակատի մյուս հատվածների, հարթավայրը հատվում է ջրանցքների ցանցով՝ բավականին խիտ բուսականությամբ ծածկված և շատ խիտ կառուցված գյուղերով (ավելի ճիշտ՝ դրանց ավերակներով)։ Այս ամենը հեշտացնում է պաշտպանության գործը։ Միևնույն ժամանակ, լեռների վրա դիրքերը թույլ են տալիս դիտել նեղ հարթավայրը զգալի խորության վրա և, հետևաբար, առանձնահատուկ նշանակություն ունեն այս տարածքում: Տարօրինակ կերպով չկա մի տեսանյութ այս տարածքից, որի մարտերը վճռորոշ եղան վերջին պատերազմի համար, և ինչը վստահորեն կարելի է վերագրել սեպտեմբերի 27-ին։ Ուստի այնտեղ տեղի ունեցած իրադարձությունների մասին պետք է դատել հաջորդ օրերին հայտնված քիչ թվով տեսանյութերով։ Սեպտեմբերի 27-ին ժամը 14.00-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ, ի թիվս այլոց, գրավվել են Արաքսի հովտում գտնվող Բոյուկ-Մարջանլի՝ առաջնագծի ետևում 3-4 կմ հեռավորության վրա գտնվող մեծ գյուղը և Նյուուզգեր փոքր գյուղը, որը գտնվում է դեպի հյուսիս՝ ձորում։ Սակայն տեսագրությունները խիստ կասկածի տակ են դնում այս տեղեկատվությունը։ Այս հատվածի մարտական գործողությունների առաջին տեսանյութերը հայտնվեցին Արաքսի մյուս կողմից՝ իրանցիներից, ովքեր հանկարծ հնարավորություն ունեցան դիտել պատերազմը առաջին գծից՝ առանց մեծ ռիսկի դիմելու։ Սեպտեմբերի 29-ին հրապարակված տեսանյութում (վայրը՝ www.google.com/maps/place/39.343355,47.278895) երևում է, թե ինչպես է համազարկային կրակի հրթիռային համակարգը (ՀԿՀՀ) ծածկում դաշտը Իրանի սահմանի անմիջական հարևանությամբ:
Այնտեղից մինչև Բոյուկ-Մարջանլի դեռևս 1,5 կմ է։ Դատելով բռնկման տևողությունից, զուգակցված հարվածներից և լավ ճշգրտությունից՝ սա ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկի» աշխատանքն է, որն այս հակամարտությունում հուսալիորեն և առավել ևս շատ ակտիվ օգտագործվեց միայն Ադրբեջանի կողմից։ Եթե նույնիսկ կան հայկական ՏՕՍ-եր, ապա կարելի է վստահորեն ենթադրել, որ պատերազմի առաջին օրերին նման դասակարգված զենքեր հայերը չեն օգտագործել։ Հետևաբար, գնդակոծության վայրը վերահսկվում էր հայերի կողմից, և եթե նույնիսկ ադրբեջանցիները առաջ շարժվեին, այն շատ ավելի հեռու չէր հայկական առաջին գծից և հնարավոր չէր Բոյուկ-Մարջանլի մտնել այս ուղղությամբ։
Սեպտեմբերի 29-ին համացանցում տեղադրվեց մի քանի կիլոմետր դեպի հյուսիս-արևելք տեղի ունեցող իրադարձությունների վերաբերվող տեսանյութերի շարք: Առաջին տեսանյութում (նկարահանման վայրը www.google.com/maps/place/39.377582,47.332929) կարող ենք տեսնել, թե ինչպես է տեղատարափ կրակ տեղում ադրբեջանական Ղազախլար գյուղի մոտ գտնվող դիրքից մոտ 5,5 կմ հեռավորության վրա գտնվող սարի վրա։ Բոլոր ցուցումներով սա նույնպես ՏՕՍ-1Ա-ի աշխատանքն է։ Սա նշանակում է, որ լեռներում Ադրբեջանի առաջխաղացումը շատ փոքր է եղել, եթե ընդհանրապես եղել է։ Եվ վերջապես, երրորդ տեսանյութը, որը նկարահանվել է գրեթե նույն տեղում, ինչ երկրորդը (www.google.com/maps/place/39.387956,47.334417, տեսանելի է նույն շենքը), ցույց է տալիս հայկական արձագանքը, ըստ երևույթին, հայկական «Գրադը» մոտակա դաշտում է աշխատել:
Նույն աղբյուրը հետևյալ հետևություններն է անում.
Ա1. Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ներդրումներ են կատարել իրենց բանակների արդիականացման համար, այդ թվում՝ ավելի առաջադեմ օդային և հրթիռային համակարգեր ձեռք բերելու համար: Ադրբեջանը համարվում է առավել բազմազան և որակապես գերազանցող զինական ուժ ունեցող կողմ։ Հայաստանի հրթիռային զինանոցն ամբողջությամբ կազմված էր ռուսական հրթիռներից: Հայաստանը Խորհրդային Միության փլուզումից հետո ժառանգել է «Տոչկա-Ու» և «Սկադ» հրթիռները, իսկ 2016 թվականին Ռուսաստանից գնել է «Իսկանդեր» (Արևմուտքում հայտնի է որպես SS-26 Stone) կարճ հեռահարության գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգ և հրթիռներ: Հայաստանի հրթիռային հրետանին նույնպես հիմնականում ռուսական է, բացի չինական WM-80 բազմակի արձակման հրթիռային համակարգից (ԲԱՀՀ): Հայաստանի անօդաչու թռչող սարքերի նավատորմը բաղկացած է ավելի փոքր, տեղական արտադրության համակարգերից, որոնք կենտրոնացած են հետախուզական գործունեության վրա։ Ընդհանուր առմամբ, նրանք ճանաչվում են որպես ավելի քիչ պիտանի, քան Ադրբեջանի ձեռք բերած արտասահմանյան անօդաչու թռչող սարքերի պարկը: Այնուամենայնիվ, չնայած անօդաչու սարքերը մեծ դեր են խաղացել այս հակամարտությունում, նրանց հնարավորությունները չպետք է չափազանցնել, դրանք խիստ խոցելի են նորմալ հակաօդային պաշտպանություն ունենալու պարագայում:
Պարզապես Հայաստանը չուներ դրանց հակազդելու լուրջ հնարավորություն՝ հատկապես քանակի առումով: Հայաստանի հակաօդային պաշտպանության հիմնական մասը բաղկացած էր խորհրդային ժամանակաշրջանի հնացած համակարգերից, ինչպիսիք են 2Կ11 «Կրուգ», 9Կ33 «Օսա», 2Կ12 «Կուբ» և 9Կ35 «Ստրելա-10» ՀՕՊ համակարգերը: «Բայրաքթարները» չափազանց բարձր էին թռչում, որպեսզի այս համակարգերը դրանց խոցեն, նույնիսկ եթե հնարավոր լինի հայտնաբերել այդ, համեմատաբար փոքր, անօդաչուները: Ռուսաստանից մատակարարված «Պոլյե- 21» էլեկտրոնային պատերազմի համակարգերը խափանել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի գործողությունները, բայց միայն չորս օր։ Հասկանալի չէ, թե ինչու այս համակարգի կիրառումը դադարեցվեց: Ֆորմալ առումով համալիրը միայն ապակողմնորոշում է, բայց իրականում հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և օդային ռումբերը, որոնք զրկված են կապից և կառավարումից, չեն կարողանում լուծել առաջադրված խնդիրները։ Նրանք չեն հասնում իրենց թիրախներին և ընկնում են։ Արբանյակային և ռադիոնավիգացիոն համակարգերին միանալու սարքավորումների շահագործումը կաթվածահար է լինում «Պոլյե-21» – ում ընդգրկված ռադիոմիջամտության սյուների պատճառով: Ընդհանուր առմամբ դրանք կարող են լինել մինչև հարյուրավոր: Ռադիոմիջամտության մոդուլի կողմից ընդունիչների ճնշման միջակայքը 25 կիլոմետր է: Նման պոստերի օգնությամբ մեկ համալիրը տեղադրում է էլեկտրոնային «հովանոց» մինչև 150 կիլոմետր շառավղով։ Նույնիսկ ՀՕՊ պատնեշը հաջողությամբ անցնելուց հետո հրթիռը, անօդաչու թռչող սարքը կամ կառավարվող օդային ռումբը չեն կարողանում հաղթահարել էլեկտրոնային պատերազմի պատնեշը։ Հայաստանի «Բուկ» և «Տոր-Մ2ԿՄ» հակաօդային պաշտպանության համակարգերը, հավանաբար խոցել են մի քանի անօդաչու թռչող սարք, սակայն դրանք տեղակայվել են հակամարտության վերջում, քանակով սահմանափակ են եղել և խոցելի են որպես թիրախ:
Հայաստանի հակաօդային պաշտպանության ավելի մեծ համակարգերը, ինչպիսիք են Ս-300-ը, նախատեսված չեն անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար և հակամարտության սկզբում թիրախավորվել են ադրբեջանցիների կողմից՝ իսրայելական արտադրության զինամթերքի օգնությամբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով, ադրբեջանական զինուժը ոչնչացրել է թվով 7 Ս-300 փոխադրիչ, ուղղորդման երկու կայան և մեկ ռադիոտեղորոշիչ: Այս հարվածներն է՛լ ավելի ակնհայտ են դարձրել հակաօդային պաշտպանության համակարգերի խոցելիությունը, նույնիսկ եթե այդ թվերը չափազանցված են կամ համակարգերն ամբողջությամբ չեն ոչնչացվել։ (https://missilethreat.csis.org/the-air-and-missile-war-in-nagorno-karabakh-lessons-for-the-future-of-strike-and-defense/):
Ա2. Չնայած մտավախություններին, որ հակամարտող կողմերը կարող էին մեծ ծավալներով թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես երևում է, Հայաստանը և Ադրբեջանը սահմանափակել են ավելի մեծ հեռահարության հրթիռների օգտագործումը: Հակամարտության ընթացքում միայն մի քանի անգամ է արձանագրվել բալիստիկ հրթիռների արձակում: Հայտնի է, որ առնվազն մեկ անգամ Հայաստանը կիրառել է «Տոչկա-ՈՒ» և «Սկադ» հրթիռներ՝ Ադրբեջանի բնակչության թվով երկրորդ քաղաքի՝ Գյանջայի դեմ հարձակումների ժամանակ: Ադրբեջանը հոկտեմբերի 2-ին կիրառեց իսրայելական արտադրության «LORA» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռը՝ թիրախավորելով Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող կամուրջը։ Այս սահմանափակ օգտագործման հնարավոր բացատրություններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի հրթիռների փոքր պաշարներն են: Ի տարբերություն, ասենք, Եմենի հութի ապստամբների, որոնք ապավինում են իրանական աջակցության կայուն հոսքին Սաուդյան Արաբիայի դեմ երկար բալիստիկ հրթիռային պատերազմը շարունակելու համար, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, թվում էր, ցանկանում էին ռազմական գործողությունների սկզբում պահպանել իրենց սահմանափակ զինամթերքի պաշարները: Երկու երկրներն էլ Խորհրդային Միությունից ժառանգել են բալիստիկ հրթիռների փոքր պաշարներ, և յուրաքանչյուրն այդ զինանոցը համալրել է ավելի ժամանակակից հրթիռներով: Հայաստանը Ռուսաստանից գնել է «Իսկանդեր» հրթիռներ, իսկ Ադրբեջանը՝ Իսրայելից՝ LORA: Այս գնումները չեն ներառում հրթիռների զգալի քանակություն, որոնք անհրաժեշտ են ընդլայնված հրթիռային պատերազմի համար:
Չնայած հայկական մշտական սպառնալիքներին՝ օգտագործելու իր ավելի առաջադեմ «Իսկանդեր» հրթիռները, Գյանջայի վրա օգտագործվել է ավելի հին խորհրդային արտադրության հրթիռ՝ («Սկադ», խորհրդային 9K72 «Էլբրուս» բալիստիկ հրթիռը ավելի հայտնի է Արևմուտքում, որպես «Սկադ»։ Այն նախատեսված է թշնամու կարևոր ռազմավարական օբյեկտները, ինչպիսիք են օդանավերի թռիչքադաշտերը, ոչնչացնելու համար): Միայն նոյեմբերի 9-ին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից անմիջապես առաջ, հայտնվեցին հայկական «Իսկանդերի» արձակման կադրերը Շուշիի ուղղությամբ։ Թվում է, որ այս փոքր զինանոցները ստիպել են կողմերից յուրաքանչյուրին խնայողաբար օգտագործել բալիստիկ հրթիռները՝ նկատի ունենալով, որ հակամարտությունը կարող է ավելի երկար տևել: Հակամարտությունը շատ չծավալելու ցանկությամբ կարելի է բացատրել նաև ավելի մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ օգտագործելուց խուսափելը: Երկու կողմերն էլ կարող էին որոշել, որ քաղաքների կամ կենսական ենթակառուցվածքների վրա հարձակումները կարող են էսկալացիայի պատճառ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից դուրս: Ավելին, Հայաստանն ու Ադրբեջանն ի վիճակի էին խոցելու տարածաշրջանի թիրախների մեծ մասը՝ հեռահար հրթիռային հրետանու միջոցով, այդպիսով սահմանափակելով ավելի թանկ և սահմանափակ բալիստիկ հրթիռների օգտագործման արժեքը։ Հայկական բալիստիկ հրթիռների հարվածները Գյանջայում, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս, այս առումով, սակայն, կարծես թե արտառոց է, չնայած ադրբեջանական կողմը իր հերթին հարվածներ էր հասցնում հայկական բնակավայրերին, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտին:
Բաքուն հատուկ օգտագործեց LORA-ն Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող կամուրջին հարվածելու համար՝ փորձելով դադարեցնել հայկական ուժերի տեղաշարժն ու մատակարարումները: Հարվածից հետո, ստացված պատկերների համաձայն, հրթիռի հարվածը չփլուզեց կամուրջը, ինչը փաստում է նույնիսկ ամենաճշգրիտ բալիստիկ հրթիռների թերությունները: Հաշվի առնելով բալիստիկ հրթիռով նպատակին հասնելու ակնհայտ ձախողումը, նրա սահմանափակ զինանոցը և ավելի էժան հրթիռների և անօդաչու սարքերի այլընտրանքը, զարմանալի չէ, որ Ադրբեջանը նախընտրեց սահմանափակել բալիստիկ հրթիռների օգտագործումը հակամարտության ողջ ընթացքում:
Ա3. Ադրբեջանական անօդաչու սարքերն այս պատերազմում ուշադրության կենտրոնում էին: Թեև Հայաստանն օգտագործեց սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերից մի քանիսը, և հետագայի կադրերը ցույց են տալիս, որ հայերն օգտագործել են նաև ռուսական արտադրության ավելի բարդ «Օրլան-10» անօդաչու թռչող սարքը, սակայն Ադրբեջանն էր, որ պատերազմի ամբողջ ընթացքում վերահսկում էր երկինքը: Ինչպես պնդում են բազմաթիվ միջազգային մասնագետներն իրենց զեկույցներում, անօդաչուները ժամանակակից պատերազմներում արմատապես փոխում են խաղի կանոնները: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը զգալի առավելություններ են ապահովել, հատկապես հեռահար հարվածների դեպքում: Դրանք ադրբեջանական ուժերին հնարավորություն են տվել գտնելու, ֆիքսելու, հետևելու և խոցելու թիրախները առաջնագծից հեռու գտնվող տարածքներում՝ ճշգրիտ հարվածներով: Անօդաչու թռչող սարքերն օպերատիվ կերպով ինտեգրված էին կառավարվող ինքնաթիռների և ցամաքային հրետանու կրակի հետ: Սակայն հաճախ ինքնուրույն էին ոչնչացնում տարբեր բարձրարժեք ռազմական ակտիվներ: Բաց կոդով հաղորդագրությունները փաստում են, որ անօդաչու թռչող սարքերը նպաստել են հսկայական քանակությամբ հայկական տանկերի, մարտական մեքենաների, հրետանային ստորաբաժանումների և հակաօդային պաշտպանության միջոցների խափանմանը: Նրանց ներթափանցումը Լեռնային Ղարաբաղի խորը թիկունք թուլացրեց նաև հայկական մատակարարման գծերը և նյութատեխնիկական ապահովումը, ինչը նպաստեց Ադրբեջանի հետագա մարտական հաջողություններին: Հատկապես թուրքական արտադրության Bayraktar TB2-ը դրսևորեց անօդաչու թռչող սարքերի պլատֆորմների բազմակողմանիությունը: Թուրքիան նախկինում այդ անօդաչու սարքերը մեծ հաջողությամբ կիրառել է Սիրիայում և Լիբիայում: Լեռնային Ղարաբաղում TB2-ը նույնպես լավ է գործել հայկական պաշտպանությունը թիրախավորելու և ոչնչացնելու հարցում: Ի լրումն նույնականացման և թիրախավորման տվյալների տրամադրման, TB2-ները նաև կրում էին խելացի, միկրո կառավարվող զինամթերք՝ թիրախները ինքնուրույն խոցելու համար: Ադրբեջանը նաև օգտագործել է բարձրորակ տեսախցիկներ, որոնք ունեն TB2-ները, բազմաթիվ քարոզչական տեսանյութեր պատրաստելու համար: Հայկական տեխնիկայի վրա հարձակումներ ցուցադրող տեսանյութերը տեղադրվել են առցանց և հեռարձակվել Բաքվի թվային գովազդային վահանակների վրա:
Ա4. Լեռնային Ղարաբաղի շուրջ օդային պատերազմի առաջնային դասը՝ ամբողջական սպեկտրի հակաօդային պաշտպանության կարևորությունն է: Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության (SHORAD) զինանոցները չափերով և որակով սահմանափակ էին։ Ադրբեջանը կարողացավ օգտագործել այս բացը իր բարդ անօդաչու թռչող սարքերի մեծ նավատորմի շնորհիվ: Մի փոքր շեղվելով «Missile Threat» կայքի վերլուծությունից, նշենք, որ վերջին մի քանի տասնամյակում թռչող սարքերի (ԹՍ) կիրառության մեջ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դերն անընդհատ մեծանում է: Ժամանակակից ԱԹՍ-ներն ունեն տարատեսակ կառուցվածք, դրանցից ամենահզորներն ընդունակ են օդում, մոտ 20 կմ բարձրության վրա, մնալ ավելի քան 40 ժամ: ԱԹՍ-ները հեռակառավարմամբ և ծրագրով ինքնուրույն կատարում են բազմազան մարտական խնդիրներ: Համաշխարհային շուկայում նման սարքերի պահանջարկը 2004 թ. կազմել է $6,87 մլրդ, այն դեպքում, երբ վեց տարի առաջ այն հազիվ էր անցնում $2 մլրդի սահմանը: Միայն ՆԱՏՕ-ի երկրներում կիրառվում է մոտ 60 հազար ԱԹՍ, ինչը կազմում է վերջին 15 տարում աշխարհում արտադրված նման սարքերի մոտ 80%-ը: Ներկայումս զարգացած պետությունների ԶՈւ կազմում Ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) ավելի զգայուն են արդի գիտատեխնիկական զարգացումների նկատմամբ:
Օրինակ՝ 1982 թ., Բեքաայի հովտում իսրայելցիները գործում էին ավելի կազմակերպված: Նրանք ԱԹՍ-ներով նախ հայտնաբերում էին սիրիական զորքերի տեղակայումները, մեկ այլ տեսակի ԱԹՍ-ները, լինելով կեղծ թիրախներ, ստիպում էին միացնել սիրիական ռադիոլոկացիոն կայանները (ՌԼԿ)`մատնելով դրանց դիրքերը: Հանգամանք, որն օգտագործում էին իսրայելական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները և հարվածային ինքնաթիռները: Առանց ժամանակ կորցնելու դրանք խլացնում կամ ոչնչացնում էին ՌԼԿ-ները: Հակառադիոլոկացիոն հրթիռների հիմնական աղբյուրի` ՌԼԿ անջատման դեպքում նորից ԱԹՍ-ները լազերային լույսով ուղղորդում էին ինքնաթիռներից արձակված այլ տեսակի հակառադիոլոկացիոն հրթիռներ: Օդային իրադրության ամբողջ տեղեկատվությունը ստանում և հստակ վերահսկում էին ամերիկյան հեռակա հայտնաբերման և ղեկավարման «Ե-2Ց Հոկայ» ինքնաթիռները: Մինչ օրս մասնագետների կողմից դեռ հստակ հաստատված չեն ԱԹՍ-ների դասակարգումը և նրանց ներկայացվող պահանջները: Ըստ քաշի, թռիչքի բարձրության, հեռավորության և ժամանակի`ընդունված է ԱԹՍ-ները բաժանել. «Միկրո» (մինչև 10 կգ ընդհանուր քաշ, 1 կմ թռիչքի բարձրություն, 1-ժամյա թռիչք) «Մինի» (մինչև 50 կգ ընդհանուր քաշ, 3-5 կմ թռիչքի բարձրություն, միքանիժամյա թռիչք) «Միդի» (մինչև 1000 կգ ընդհանուր քաշ, 9-10 կմ թռիչքի բարձրություն, 10-12-ժամյա թռիչք) «Ծանր» (մինչև 20 կմ թռիչքի բարձրություն, մինչև 24-ժամյա թռիչք):
Ներկայումս ԱԹՍ-ների կողմից լուծվող տարատեսակ մարտական ու ոչ մարտական խնդիրները կարելի է բաժանել երեք խմբի: Առաջին և հիմնական խնդիրն ամենաբազմազան հետախուզությունն է, երկրորդը`մարտական հարվածների լայն ոլորտը (մեծ հեռանկար ունի այս երկու խնդիրների մեկտեղումը) և վերջապես երրորդ խումբը` ամենատարբեր խնդիրների լուծման ապահովումը: Մինչ օրս ԱԹՍ-ների լայն կիրառությունը հիմնականում հարուստ է հետախուզական կենսագրությամբ: Համակարգային կիրառության դեպքում ԱԹՍ-ն հետախուզական թռիչքը կատարում է միաժամանակ մի քանի օղակների համար, կամ նրա տված տեղեկատվությունը միաժամանակ ստանում են տարբեր համակարգեր ու գերատեսչություններ: Տեղեկատվության ստացման միջոցները կարող են ունենալ տարբեր նպատակներ և խնդիրներ, կարող են լինել առանձին սարքեր` հանդիսանալով մեկ համակարգի բաղկացուցիչ մասնիկներ: Դրանք կարող են համագործակցել, և այդ համագործակցությունը կարող է մեծապես կախված լինել ԱԹՍ-ների հաղորդած տեղեկություններից: Օրինակ` ԱԹՍ-ները, հետախուզելով տեղանքը, տվյալները միանգամից հաղորդում են և՛ կենտրոնակայան,և՛ հարվածային ԹՍ-ներին: ԱԹՍ-ների համակարգային կիրառության համար ներգրավվում են ավելի մեծ քանակությամբ համալիրներ`իրենց ԹՍ-ներով և կառավարման ավելի բարդ տեխնոլոգիաներով:
Համակարգային կիրառման ժամանակ խնդիրն արդեն միայն հետախուզումը չէ, նույնիսկ հետախուզված տեղեկությունները մշակելը և հասցեատիրոջը հասցնելը բավարար չէ: Հայտնաբերված նշանակետերին հարվածելու համար կոորդինատների մշտական ապահովումը, արդյունքների ստուգումը բարդ համակարգ է, սակայն անվիճելիորեն ավելի հուսալի և արդյունավետ: Նման համակարգային կիրառումը, թվարկված բարդություններով հանդերձ, հրամանատարությանը թույլ է տալիս լուծել համակարգային խոշոր խնդիրներ: Նմանատիպ խնդիրների լուծման ժամանակ առանցքային դեր են խաղում ԱԹՍ-ները: 44-օրյա պատերազմի հետևանքներից ելնելով միանշանակ է, որ ՀՀ ԶՈւ-ին անհապաղ հարկավոր են ԱԹՍ-ներ, և ոչ մեկ-երկուսը: Մեր տարածաշրջանի համար առանձնահատուկ կարևորություն ունեն ԱԹՍ-ների որոշակի բնութագրեր: Օրինակ`հարկավոր է, որ ԱԹՍ-ն ունենա ոչ պակաս, քան 6 կմ թռիչքային բարձրություն, լինի կատապուլտային արձակմամբ, անկարգելով կամ հատուկ հարմարանքով վայրէջք կատարող: Սովորական թռիչքուղուց թռչող և նույն տեղում վայրէջք կատարող ԱԹՍ-ները մեզ մեծ ծառայություններ չեն կարող մատուցել: ՀՀ ԶՈՒ համար շատ կարևոր է զարգացնել նաև այլ տեսակի ԱԹՍ-ները, մասնավորապես`օդապարիկներ: Օդային սահմանի վերահսկողության, օդուժի կիրառման և անգամ խաղաղ թռիչքների կազմակերպման գործում այս սարքերի դերը շատ կարևոր է: Առանձնահատուկ նրբություններ շատ կան:
Թեման, առհասարակ, պետք է լինի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ուշադրության կենտրոնում, հատկապես, երբ մեր հարևան երկրներն ակտիվորեն զարգացնում են այս տեխնոլոգիաները: Այսինքն` այստեղ կա նաև մրցակցության խնդիր: Ժամանակակից ՕՀՄ-ների զանգվածային կիրառմամբ հենց մարտական գործողությունների սկզբից հնարավոր է առավելության հասնել: Ադրբեջանի ԶՈՒ կողմից դրանց զանգվածային կիրառման երևույթն աննախադեպ էր: Ի՞նչ կատարվեց: Առաջին էշելոնի հայկական ուժերն այնքան արագ շարքից դուրս եկան, որ երկրորդ էշելոնը, կամ ռեզերվը չհասցրեց միջամտել:
Խրամատային ամուր, կրավորական պաշտպանությունը, որը խորհրդային բանակի կարծրատիպ է, արդեն չապահովեց հուսալի պաշտպանություն: Հարձակողական տրամաբանությունը հակամարտության ժամանակ դառնում է գերակայող: Զրահատեխնիկան և այլ ծանր ցամաքային ստորաբաժանումները, ամենայն հավանականությամբ, խոցելի կմնան այնքան ժամանակ, մինչև շարժական SHORAD համակարգերը բարելավվեն: Հակամարտությունը ևս մեկ հիշեցում է կրավորական պաշտպանության կարևորության մասին։ Խիստ տարածված սենսորների և հրաձիգների դարաշրջանում զինվորականները պետք է մտածեն իրենց ուժերը քողարկելու և թաքցնելու նոր ձևեր: Ցամաքային զորքերի քողարկման մարտավարությունը պետք է թարմացվի: Համացանցում հասանելի տեսանյութերն ու պատկերները հուշում են, որ ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական ուժերը չեն ունեցել համապատասխան ռեսուրսներ, կամ կրավորական պաշտպանության վերաբերյալ լիարժեք պատկերացում:
Մենք դա տեսնում ենք կրկին ու կրկին, երբ երկու կողմերն էլ գործում են բաց, ստատիկ, խիստ դանդաղ, վատ քողարկված: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նաև ցույց տվեց, որ թեև առանձին սպառազինության համակարգերը չեն փոխի պատերազմի բնույթը, նոր զենքերի կիրառումը ժամանակակից մարտադաշտն ավելի մահացու է դարձնում: Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի և հրետանու համակցումը արդյունավետորեն կիրառվեց Հայաստանի բարձրարժեք ռազմական ակտիվների, հատկապես T-72 տանկերի և Ս-300 ՀՕՊ համակարգերի վրա հարձակումների ժամանակ: Մասնավորապես, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին հասցված հարվածները սահմանափակեցին Բաքվի անօդաչու թռչող սարքերին հակազդելու Հայաստանի հնարավորությունը՝ ուժեղացնելով դրանց արդյունավետությունը: Այստեղ դասերը նոր չեն։ ԱՄՆ-ի ԶՈՒ համար ամբողջ սպեկտրի հակաօդային պաշտպանության և թե կրավորական պաշտպանության կարևորությունը դրսևորվել է Մերձավոր Արևելքի մարտերում, և Ռուսաստանի ու Չինաստանի հետ հնարավոր հակամարտությունների պլանավորման ժամանակ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը փոքր, բայց կարևոր դրվագ է ժամանակակից օդային և հրթիռային պատերազմի բնույթն ուսումնասիրելու առումով: ԱՄՆ բանակի ռազմական քոլեջը (USAWC), հրատարակել է գնդապետ Ջոն Անթալի «7 վայրկյան մահանալու համար. Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ռազմական վերլուծություն և պատերազմների ապագան» (Ֆիլադելֆիա, ՊԱ: Casemate Publishers 2022), գլ. 1. աշխատությունը: Հեղինակը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը պատմության մեջ առաջին պատերազմն էր, որը շահել են հիմնականում անօդաչու համակարգերը: Այս 44-օրյա պատերազմը հանգեցրեց Ադրբեջանի վճռական ռազմական հաղթանակին։ Հայաստանը պայքարում էր թվաքանակով գերակշիռ ուժերի դեմ: Անթալը նշում է, որ թեև հայերը վերահսկում էին լեռնային շրջանի բարձրադիր գոտին, որը նպաստում էր ավանդական պաշտպանությանը, սակայն Թուրքիայի հետ Ադրբեջանի դաշինքը, և Իսրայելի սերտ տեխնոլոգիական աջակցությունը՝ ռազմավարական առումով մեկուսացրին Հայաստանը։ Բացի այդ, ըստ Անթալի, Թուրքիայի կեցվածքն ազդեց, որպեսզի ռուսները չմիջամտեն՝ Հայաստանին աջակցելու համար։
Այն, որ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա համաճարակի ժամանակ, լրացուցիչ գործոն էր: Այն, որ Ադրբեջանը հաղթեց պատերազմում, արտառոց չէ՝ հաշվի առնելով Հայաստանի դեմ հավաքված ուժերի հարաբերակցությունը։ Բացառիկն այն է, որ սա առաջին ժամանակակից պատերազմն էր, որի ելքը հիմնականում որոշվեց անօդաչու զենքի միջոցով:
Այս պատերազմում թուրքական արտադրության «BAYRAKTAR TB2» անօդաչու օդային մարտական մեքենան (UCAV) և իսրայելական արտադրության HAROP Loitering զինամթերքը (LM) գերակշռում էին մարտերում և Ադրբեջանին տրամադրում պատերազմական առավելություն: Պակաս հետաքրքրություն չեն ներկայացնում Վարշավայի Արևելյան ուսումնասիրությունների կենտրոնի (OSW) մասնագետ Վոյցեխ Գորեցկու «Կովկասն ապակարգավորվեց. տարածաշրջանը՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի տարեդարձին» հոդվածում տեղ գտած տեսակետները: Հեղինակը գտնում է, որ Ղարաբաղյան վերջին պատերազմը նաև էականորեն փոխեց Հարավային Կովկասի համատեքստը: Տարածաշրջանային անվտանգության խնդիրները կարգավորող հիմնական մեխանիզմները կասկածի տակ են դրվել. փոխվել են և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի, և՛ Իրանի դերերը: Մինչև 2020 թվականը Ռուսաստանի գերիշխանությունը տարածաշրջանային անվտանգության առումով անվիճարկելի էր։ Նույնիսկ, եթե Մոսկվան չէր կարողանում ուղղակիորեն պարտադրել իր կամքը տարածաշրջանում, նա դեռ պատրաստ էր և կարող էր արգելափակել իր շահերի դեմ ձեռնարկվող ցանկացած գործողություն (օրինակ՝ 2008 թվականին Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու Վրաստանի փորձը):
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը. մինչև 2020 թվականի սեպտեմբեր այս գերիշխանությունն ամրապնդված էր հետևյալ գործոններով. Ռուսաստանի ռազմական դաշինքը Հայաստանի հետ, նրա ռազմական ներկայությունն այս երկրում, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության վրա ազդելու նրա կարողությունը՝ երկու երկրներին էլ զենք մատակարարելու ճանապարհով, և, վերջապես, արդյունավետ գործիքները, որոնք Ռուսաստանը կարող էր օգտագործել տեղական էլիտաների և հասարակությունների վրա ճնշում գործադրելու համար (ներառյալ Ռուսաստանում ապրող նրանց սփյուռքի և փափուկ ուժի ներուժի միջոցով): Ավելին, Ռուսաստանն այս վեճում հանդես եկավ որպես ֆորմալ միջնորդ (որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, բայց նաև եռակողմ ձևաչափով)։ Արևմուտքը, որը տարբեր ձևաչափերով ներկա էր առանձին երկրներում, նույնպես կարևոր տարր մնաց տարածաշրջանային հավասարակշռության պահպանման գործում, արդյունավետ կերպով վերաձևելով ողջ տարածաշրջանը, և մեղմացնելով ռազմական լարվածությունը, ինչպես նաև ներգրավված էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում (ներառյալ՝ Մինսկի խմբի կազմում):
Միևնույն ժամանակ, պատերազմը, որը երկար ընթացավ ռուսական պասիվության պայմաններում, ապացուցեց, որ Ադրբեջանը ցանկանում էր և ի վիճակի էր ռազմական ճանապարհով փոխել ուժերի հավասարակշռությունը՝ անտեսելով նախկինում որդեգրված մեխանիզմները: Դա լուրջ հարված էր Մոսկվայի՝ որպես կայունության «երաշխավորի» և Հայաստանի դաշնակցի հեղինակությանը։ Ուժերի հավասարակշռության փոփոխության հիմնական գործոնը, սակայն, թվում է, թե Թուրքիայի ռազմավարական դիրքի և տարածաշրջանային հավակնությունների բացահայտումն էր։ Թուրքիան 30 տարվա ընթացքում շատ սերտ կապերի ցանց է մշակել Ադրբեջանի հետ, և հենց դրանք՝ հատկապես Անկարայի անմիջական քաղաքական և ռազմական աջակցությունը (գոնե տեխնիկայի և խորհրդատուների մակարդակով), Բաքվին թույլ տվեց ռիսկի դիմել՝ համեմատաբար երկարատև ռազմական արշավը սկսելու և հասնելու իր հաղթանակին։ Այսպիսով, և՛ 2020 թվականի պատերազմը, և՛ դրա ավարտից անցած տարիները մեծապես արտացոլում են ղարաբաղյան հակամարտության և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի պատմության նոր փուլը, որտեղ այժմ առանցքային է դառնում ռուս-թուրքական մրցակցությունը։ Մայքլ Ռ. Ռեյնոլդսն իր աշխատությունն անվանել է «Վստահություն և աղետ. Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը» (https://warontherocks.com/2021/01/confidence-and-catastrophe-armenia-and-the-second-nagorno-karabakh-war/?fbclid=IwAR3XjJovllfoSMWe8p51EwJ9JbIyzOKQ83dPnyZDeTqXfcu8LghyYMXDwk)1:
Հեղինակը գտնում է, որ Ղարաբաղում կրած պարտությունը ապշեցրել է Հայաստանին: Հայկական զենքի, ժողովրդավարական Արևմուտքի բարի կամքի և Ռուսաստանի խնամակալության երաշխիքները և ակնկալիքները փշրվել են։ Ադրբեջանն ուներ Թուրքիայի նման դաշնակից, իսկ հայերի դաշնակից Ֆրանսիայի Ազգային ժողովում ընդունված խորհրդանշական բանաձևերը, հօգուտ Արցախի Հանրապետության ճանաչման, ոչ դաշինք կհանդիսանան, ոչ էլ կվերադարձնեն Հայաստանի մարտադաշտում կրած կորուստները։ 2020 թվականի նոյեմբերի 9-ը ևս մեկ դառը օր է դարձել հայերի համար։
Քաղաքագետը զգուշացնում է, որ քանի դեռ հայերը չեն օգտագործի պարտության այս պահը սթափ կերպով վերագնահատելու իրենց ուժեղ և թույլ կողմերը, այն վերջինը չի լինի։ Այնուամենայնիվ, «Հայկական հարցի» ջատագովների այն համոզմունքը, որ հայկական ինքնիշխանության վերականգնումը պատմական Հայաստանի ողջ տարածքում և՛ արդարացի է, և՛ իրագործելի և շարունակում է գերիշխել հանրային քննարկումներում։ Հայերն «ստեղծել են իրականության պատկեր, որն արտացոլում է ոչ թե իրականությունը, այլ իրենց ցանկություններն ու նախապաշարմունքները»։ Այն, որ պետությունները ձգտում են առավելագույնի հասցնել իրենց իշխանությունը՝ ի շահ ինքնապահպանման, ռեալիզմի տեսության կենտրոնական դրույթն է: Հայաստանի օրինակը, հավանաբար, հուշում է, որ պատմական տրավման՝ զուգորդված ինքնիշխանության սահմանափակ փորձի հետ, կարող է պետություններին կամավոր կերպով մղել դեպի ինքնակործանարար քաղաքականություն։ Հայաստանի ապագան, ինչպես ցանկացած այլ երկրի, գտնվում է նաև իր հարևանների ձեռքերում։ Ադրբեջանի զինված ուժերը Բաքվի համար ավելի շատ տարբերակներ են շահել արտաքին քաղաքականության համար, քան նա երբևէ ունեցել է։ Հայաստանն այլևս գոյություն չունի նույնիսկ Ռուսաստանի ստվերում:
Թուրքական օգնությունն ադրբեջանական բանակին պատրաստելու և զինելու հարցում վճռորոշ նշանակություն ունեցավ Ադրբեջանի հաղթանակի համար, սակայն, պարադոքսալ կերպով, Ադրբեջանն, իր նպատակների մեծ մասին հասնելով Ղարաբաղում, այլևս Թուրքիայի կարիքը չունի, ինչպես որ ուներ։ Թե ինչպես կձգտի Բաքուն օգտագործել իր նոր անկախությունը, մնում է սպասել: Ավելին, Ալիևի՝ Երևանի, Զանգեզուրի և Գյոյչայի (Սևան) շարունակական բնութագրումները որպես «մեր պատմական հողեր», Հայաստանում միայն զզվանք կառաջացնեն, իսկ դրանից դուրս՝ անկայունություն և ռևանշի ցանկություն հայերի մոտ։ Ավելի խոստումնալից կլինի Ալիևի կողմից ապագայում խաղաղության, համագործակցության և զարգացման հնարավորությունների ճանաչումը։ Ինչպես Ղարաբաղյան առաջին պատերազմը, այնպես էլ երկրորդն ավարտվել է հրադադարով, ոչ թե խաղաղության պայմանագրով, ընդ որում՝ տարրական զինադադարով։ Գերմանացի ռազմական տեսաբան, պատմաբան, պրուսական գեներալ-մայոր Կարլ Կլաուզևիցի հորդորն այն մասին, որ պատերազմում «արդյունքը երբեք վերջնական չէ»՝ 2020 թվականին Ադրբեջանի համար նույնքան կարևոր է, որքան 1994 թվականին Հայաստանի համար էր, և ինչը հայերի կողմից չգիտակցվեց։
Ալ-Ջազիրա հեռուստատեսային ցանցն արձանագրում է, որ «Թուրքիան խրախուսում էր Ադրբեջանին ավելի ինքնավստահ լինել», Թուրքիան խոստացել էր «անվերապահ» աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին: Ադրբեջանն ու Թուրքիան 2020-ի հուլիս-օգոստոս ամիսներին համատեղ զորավարժություններ են անցկացրել, իսկ Թուրքիան իր F-16 կործանիչներից երկուսը թողել է ադրբեջանական Գյանջա քաղաքում։ Մինչդեռ Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն այս տարի աճել է վեց անգամ։ Վաճառքները ներառել են թուրքական արտադրության Bayraktar TB2 բարդ անօդաչու թռչող սարքեր: Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին դուրս է եղբայրական սիրուց. Ադրբեջանը վճռորոշ նշանակություն ունի Թուրքիայի էներգետիկ անվտանգության համար և հիմնական ներդրող է թուրքական հիվանդ տնտեսության համար: Անկարայի գազի ներկրումն Ադրբեջանից 2020 թվականի առաջին կիսամյակում աճել է 23 տոկոսով: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, դարձել է Թուրքիայում ամենամեծ օտարերկրյա ներդրողը: Թուրքիան նաև նպատակ ունի դառնալու ազդեցիկ տարածաշրջանային տերություն և ցանկանում է, որ ավելի շատ մասնակցություն ունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ապագա քաղաքական կարգավորման գործում:
Անկարան ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խումբը համարում էր անարդյունավետ: Թուրքիան Կովկասում իր ազդեցությունը մեծացնում է Ռուսաստանի վրա ազդեցություն ձեռք բերելու համար, Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի նկատմամբ ձեռք բերել լծակներ, որոնք նա կարող է օգտագործել Սիրիայում կամ Լիբիայում: Թագավորական ռազմաօդային ուժերի լեյտենանտ Քրենուել քոլեջի օդային և տիեզերական պատերազմի դպրոցի հրահանգիչ Քրիս Ուելանը, իր «Օդային և տիեզերական հզորության վերանայում» հոդվածում (https://www.raf.mod.uk/what-we-do/centre-for-air-and-space-power-studies/aspr/aspr-vol25-iss2-3-pdf/) գրում է, որ հիմնականում իսրայելական և թուրքական հետախուզական և գրոհային տեխնիկայի միջոցով թիրախավորելով հայկական հակաօդային պաշտպանությունը, ադրբեջանցիները կիրառեցին նոր մոտեցումներ, օրինակ՝ խորհրդային ժամանակաշրջանի Antonov AN-2 գյուղատնտեսական ինքնաթիռները վերափոխվել էին որպես անօդաչու համակարգեր, որոնք թռչում էին, որպես մեծ, դանդաղ շարժվող խաբեբաներ՝ գայթակղելու համար հայկական հակաօդային պաշտպանությանը, ու ակտիվացնելու և բացահայտելու հայկական դիրքերը:
Գործողությունը ադրբեջանցիներն անվանել են «Վայրի աքիս»: Հայկական ՀՕՊ համակարգերը ոչնչացվում էին օդից: Տանկերը և այլ զրահամեքենաները ամրացված ծածկոցներում եղել են հեշտ թիրախներ, և տասնյակներով ոչնչացվել են մինչև հակամարտության ավարտը։ Լեռնային տեղանքը, որը հսկայական առավելություն էր տվել հայ պաշտպաններին Լեռնային Ղարաբաղի նախկին հակամարտություններում, սկսեց աշխատել նրանց դեմ: Մի քանի ոլորուն լեռներով անցնող ճանապարհները Հայաստանին մանևրելու սահմանափակ հնարավորություններ էին տալիս: Հակահարձակման նպատակով զորքերի զանգվածային տեղափոխության հայկական փորձերը խափանում էին օդից կամ օդից ուղղորդված հրետանու միջոցով: Եվ վերջապես անդրադառնանք West Point- ռազմական ակադեմիային «Ժամանակակից պատերազմի ինստիտուտի» (MWI) մասնագետներ Ջոն Սփենսերի և Հարշանա Գուրհուի «Շուշի քաղաքի մարտերը և 2020 թ. Լեռնային Ղարաբաղյան պատերազմի բացած դասերը» (https://mwi.westpoint.edu/the-battle-of-shusha-city-and-the-missed-lessons-of-the-2020-nagorno-karabakh-war/) աշխատությանը, որը վերաբերվում է պատերազմի ամենածանր արարին՝ Շուշիի անկմանը:
Ջոն Սփենսերը ժամանակակից պատերազմի ինստիտուտի քաղաքային պատերազմի ուսումնասիրությունների ղեկավարն է, MWI-ի Urban Warfare Project-ի համատնօրենը և Urban Warfare Project Podcast-ի հաղորդավարը: Նախկինում նա ծառայել է որպես բանակի ռազմավարական հետազոտությունների խմբի շտաբի պետ: Նա քսանհինգ տարի ծառայել է որպես հետևակային զինծառայող, որը ներառում է երկու մարտական գործողություն Իրաքում: Հարշանա Գուրհուն միջազգային հարաբերությունների ոլորտում գիտական բակալավրի կոչում է ստացել Սեթոն Հոլ համալսարանի դիվանագիտության և միջազգային հարաբերությունների դպրոցում: Հարշանան ժամանակակից պատերազմի ինստիտուտում հետազոտող պրակտիկանտ է և ներկայումս հետազոտություն է անցկացնում, որը գնահատում է, թե ինչպես է AI (արհեստական բանականություն) համակարգերի նկատմամբ վստահության մակարդակն ազդում մարտադաշտում մարտավարական պատրաստվածության վրա: Բարեխիղճ հեղինակները ներկայացնում են Շուշիի անկման ժամանակագրությունը, հոկտեմբերի 28-ից սկսած:
Նրանք արձանագրում են, որ «հոկտեմբերի 28-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները գործողություններ են իրականացրել Շուշին մեկուսացնելու և քաղաքի պաշտպանությունը խափանելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ադրբեջանական այս ուժերից չորս հարյուրը հինգ օր շարունակ քայլել են անտառներով ու ձորերով՝ հատկապես զգույշ լինելով և խուսափելով խիստ հսկվող Լաչինի միջանցքից և շրջակա գյուղերից։ Նրանք բաժանվել են հարյուր հոգուց բաղկացած խմբերի, ըստ տեղեկությունների, որպեսզի կարողանան քաղաքին մոտենալ բազմաթիվ կողմերից և տարբեր նպատակներով:
Հատուկջոկատայիններից շատերը, առանց կրակային աջակցության, բարձրացել են անպաշտպան մնացած զառիթափ ժայռերի վրա: Հայերին թվում էր, կամ թե համոզված էին, որ ադրբեջանական ուժերը հիմնականում հարձակվելու են գլխավոր ճանապարհների ուղղությամբ: Մթության ծածկը, Լաչինի շարունակվող գրոհը և պաշտպանների անփութությունը թույլ տվեցին ադրբեջանական հատուկ գործողությունների ջոկատներին իրենց վճռական քայլը կատարել՝ անանցանելի թվացող անտառներով և լեռնային տեղանքով գաղտնի խոցել Շուշիի պաշտպանությունը:
Հոկտեմբերի 30-ին ռազմական բախումներ են գրանցվել Շուշիից ընդամենը հինգ կիլոմետր դեպի արևելք: Սակայն, հեղինակները գտնում են, որ կռվի այս փուլում պաշտպանվող հայկական ուժերը դեռևս պահպանում էին մարտավարական առավելությունը, քանի որ վերահսկում էին Շուշին շրջապատող լեռները։ Ադրբեջանական ուժերը դարանակալվել և մեծ կորուստներ են կրել քաղաք տանող ձորերում, և երբ փորձել են ճանապարհով մոտենալ քաղաքին, հաճախակի ենթարկվել են հրետանու, հրթիռների և հեռավոր դարանակալումների:
Նոյեմբերի 4-ի ուշ երեկոյան տեղեկություններ ստացվեցին, որ ադրբեջանական թեթև հետևակները կռվում են Շուշիի հարավային ժայռերի ստորին հատվածում գտնվող Դաշալթի գյուղի մոտ գտնվող ճանապարհի համար: Այդ օրն ադրբեջանական ուժերը գրավեցին նաև Շուշիից հարավ գտնվող լեռնաշղթան և Շուշին Լաչին քաղաքին կապող միջանցքի առանցքային հատվածները: Ադրբեջանական զինուժը նաև ականանետերով ուժեղացրել է քաղաքը շրջապատող հայկական պաշտպանական դիրքերի գնդակոծությունը։
Նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների մի մասը հասել էր գլխավոր ճանապարհ և կարողացել էր արգելափակել Շուշիի պաշտպանությանը օգնելու փորձ կատարող ուժերին։ Սա, զուգակցված Հաքարի գետի վրա գտնվող առանցքային կամրջի կործանման հետ, նշանակում էր, որ Շուշիին քիչ օգնություն կհասցվի, քանի որ քաղաքն ակնհայտորեն շրջապատված էր առնվազն երեք հիմնական ուղղություններից:
Նոյեմբերի 6-ին ադրբեջանական զորքերը հասել են քաղաքի ծայրամասեր։ Վաղ առավոտյան տեղեկություններ հայտնվեցին, որ Հայաստանի ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանը, ով նշանակվել էր Շուշիի պաշտպանության կազմակերպման համար պատասխանատու զինվորական հրամանատար, լքել է քաղաքը։ Քյարամյանի հեռանալու մասին լուրերը տարածվելուց շատ չանցած՝ ադրբեջանական ուժերը ներթափանցեցին Շուշի։ Երբ ադրբեջանական ուժերը սկսեցին մուտք գործել քաղաք, նրանք մոտ տարածությունից ներքաշեցին պաշտպանվող հայերին փողոցային ծանր մարտերի մեջ: Հաղորդվում էր, որ քաղաքի ներսում հայկական ուժերը բաղկացած են ավելի քան երկու հազար զորքից՝ զրահատեխնիկայի և ծանր հրետանու հետ միասին։ Ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային նռնակների և շարժական հակատանկային կառավարվող հրթիռների միջոցով ոչնչացրել է մի քանի տանկ և հետևակի մարտական մեքենաներ։ Ըստ տեղեկությունների, օգտագործվել են ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսի տրամադրած «Պոլոնեզ» բազմակի հրթիռային համակարգերը և հրետանին, որոնք այս պահին տեղափոխվել են քաղաքի սահմաններին ավելի մոտ:
Նոյեմբերի 7-ին տարածքը պատել է մառախլապատ եղանակը։ Սա զգալիորեն սահմանափակեց ադրբեջանական ուժերի կողմից օդային դիտորդական և հարվածային միջոցների օգտագործումը, ինչը նրանց նման առավելություն էր տվել պատերազմի ողջ ընթացքում: Անբարենպաստ եղանակը խոչընդոտեց TB2 Bayraktar անօդաչու թռչող սարքերի կիրառմանը, ինչը հնարավորություն տվեց հայկական ուժերին առավելագույնս օգտագործել իրենց զրահատեխնիկան՝ T-72 տանկերը և հետևակի մարտական մեքենաները, հակահարձակման համար քաղաքի ներսում: Չնայած հայերի հակահարձակմանը, ադրբեջանական ուժերը պահպանել են իրենց դիրքերը։ Նրանք պաշտպանական գիծ կազմեցին Շուշիի անտառներում և հետ մղելով հայկական երեք հակագրոհները, վերադարձան հարձակման՝ գրավելով Շուշիի գործադիր իշխանության շենքը և սկսեցին դուրս մղել հայկական ուժերին, դիտավորյալ մաքրելով քաղաքի շենքերն ու ավելի մեծ տարածքները։ Շուշիի համար մղվող ճակատամարտը ի վերջո հանգեցրեց շենք-շենք մերձամարտի:
Նոյեմբերի 8-ի առավոտյան Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ամբողջ գիշեր շարունակվում են ինտենսիվ մարտեր Շուշին շրջապատող առաջնագծի երկարությամբ։ Հայաստանը նաև պնդում էր, որ իր ուժերը խոցել են ադրբեջանական երեք անօդաչու TB2 Bayraktar թռչող սարքեր և օրվա ընթացքում ոչնչացրել քսան զրահամեքենա և չորս տանկ։
Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Շուշիի նկատմամբ լիակատար հաղթանակի և վերահսկողության մասին, ինչն, ի սկզբանե հերքվեց Հայաստանի կողմից։ Ամբողջովին կիսում ենք հեղինակների հետևյալ տեսակետը. «Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմի դասերը դեռ պետք է ամբողջությամբ բացահայտվեն: Այս վերլուծությունը պահանջում էր բազմաթիվ արտասահմանյան զեկույցների և լուրերի թարգմանություն, սոցիալական մեդիայի հայտարարությունների և տեսագրությունների վավերացում, և ճակատային գծերի մասնակի և երբեմն հակասական զեկույցների ճշգրիտ պատկերի հավաքում: Ռազմական վերլուծաբանները, միջազգային հարաբերությունների մասնագետները և այլ խմբեր սկսել են ընդգծել պատերազմի եզակի կողմերը՝ սկսած արդիականացված ադրբեջանական զինուժի գերակայությունից, որը հագեցած է նորագույն տեսակի անօդաչու թռչող սարքերով և կրակային աջակցության հարթակներով, մինչև այս պատերազմի՝ Ռուսաստանի և Թուրքիայի իրականացված աշխարհաքաղաքական պրակտիկան: Այս պատերազմը նաև ընդգծեց քաղաքային պատերազմի հիմնական դասերը, որոնք արժանի են ուշադրության: Այս դասերը ներառում են հետևյալը. քաղաքները պատերազմի ժամանակ ունենում են գործառնական, ռազմավարական և օպերատիվ նպատակներ: Նրանք ազգերի քաղաքական և տնտեսական ուժի կենտրոններն են։ Քաղաքային որոշիչ տեղանքը գրավելու և պահելու համար անհրաժեշտ է ժամանակակից, համատեղ ուժային կարողությունների ամբողջական փաթեթ: Օդային գերազանցությունը, ռմբակոծությունները, հեռահար ճշգրիտ հարվածները և անօդաչու ինքնաթիռների համակարգերը բոլորն էլ հնարավորություն են ընձեռում մարտական գործողությունների ճիշտ կազմակերպմանը: Միայն հարձակողական անօդաչու սարքերը չէին, որ հաղթեցին Լեռնային Ղարաբաղի պատերազմում: Քաղաքային պատերազմը նաև միայն հետևակային կռիվ չէ:
Պատերազմի վճռական գործողությունը՝ Շուշիի ֆիզիկական գրավումը, պահանջում էր սպառազինության համակցված հնարավորություններ, որոնք կիրառում էին հատուկ գործողության ուժերը, կրակի, զրահատեխնիկայի, և համազորային հետևակի օգնությամբ: Շուշիի համար երկու մարտերն էլ ցույց են տալիս, որ քաղաքային տեղանքը պաշտպանելիս պաշտպանը պետք է ունենա շերտավոր պաշտպանական պլաններ, որոնք ներառում են ռազմական երևակայություն և պատերազմական խաղեր:
Ե՛վ ադրբեջանական (1992 թ.), և՛ հայկական (2020 թ.) ուժերը քաղաքը շրջապատող ժայռերը թողել են անպաշտպան՝ ենթադրելով, որ դրանք անանցանելի են։ Մինչ վերլուծաբաններն ու հետազոտողներն ուսումնասիրում են 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը, նրանք կշարունակեն արժեքավոր և լայնածավալ դասեր բացահայտել ապագայի պատերազների համար: Արդյո՞ք կարճատև հակամարտությունը ազդարարում է պատերազմի բնույթի փոփոխություն, գուցե դեռ պարզ չէ: Բայց մի բան, անշուշտ, պարզ է, որ զինվորականները պետք է պատրաստ լինեն կռվելու, և առաջին հերթին կռվելու քաղաքների համար: Աշխարհի գերհզոր տերությունների «ուղեղային կենտրոնները» հետևություններ են անում մեր պարտությունից: Մնում է, մենք կարողանանք հետևություններ անել: Հաջորդիվ, հավանաբար շարքի վերջին հոդվածում, կներկայացնենք ռուս ռազմական վերլուծաբանների տեսակետները և մոտեցումներն Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ, որոնց մի մասը նրանց հետ հեղինակի անձնական զրույցների հանրագումարն է:
Սարգիս Սարգսյան