Կառավարության շենքում նստած է ոչ թե վարչապետ, այլ անմահ Օտյանի Փանջունին
06 Դեկտեմբեր 2024
Դեկտեմբերի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր մամուլի գործիչ, հրապարակախոս Վաչե Բրուտյանը: Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ի մասնավորի՝ Սիրիայի և այդ երկրի հայահոծ շրջանի՝ Հալեպի կացությանը,՝ կապված վերջին օրերին ահագնացած ռազմական գործողությունների հետ: Վաչե Բրուտյանը սիրիական նոր տագնապը, ուկրաինական պատերազմը և Հարավային Կովկասում ստեղծված կացությունը դիտարկել է նաև ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների համապատկերի վրա, չբաղառելով, որ ԱՄՆ հեռացող վարչակազմը այս ամենը որպես «ժառանգություն» թողեց նոր նախագահի կառավարությանը:
«Տվյալները ցույց են տալիս, որ ամերիկյան գործող վարչակազմը միտված է համաշխարային թատերաբեմում այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք, կարծես, նպատակ ունեն կատարված իրողության առջև կանգնեցնել Թրամփի վարչակազմին: Նույն միտումն է թե Ուկրաինայի պարագայում, թե Հարավային Կովկասի պարագայում և թե նաև Սիրիայի պարագայում»,- նշել է Վաչե Բրուտյանը:
Շարունակելով սիրիական խնդրի արծարծումը՝ Վաչե Բրուտյանը նաև հարցադրում է կատարել, թե ինչպես պատահեց, որ Սիրիայում ամեն տեսակ ներկայություն ունեցող Ռուսաստանը (ցամաքային, ծովային և օդա-տիեզերական) «հանկարծակիի» եկավ ահաբեկչական խմբավորումների նոր գրոհից: «Ինձ համար տրամաբանական չէ, որ ռուսական կողմը անտեղյակ էր սպասվող հարձակմանը: Ես ավելի հակված եմ մտածելու, որ այնտեղ ռուս-թուրքական քաղաքական առևտրի նոր առիթ գոյացավ, այն իմաստով, որ Ռուսաստանը Թուրքիայի թույլ տվեց առանց իր կարմիր գծերը հատելու «որոշ բաներ» վերցնել Սիրիայում, բայց փոխարենը մեզ ուրիշ տեղ պետք է «որոշ բաներ» տաք: Կդժվարանամ ասել, թե որն է այդ «ուրիշ տեղը», բայց, ամենայն հավանականությամբ դա Հարավային Կովկասն է»,- ասել է Վաչե Բրուտյանը:
Նա խոսել է նաև Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական խնդիրների, անվտանգային համակարգի անմխիթար վիճակի, երկրի պաշտպանության և անվտանգության ողնասյունը հանդիսացող բանակի հանդեպ ՀՀ իշխանությունների ցուցաբերած անտարբերության մասին:
Մանրամասները՝ տեսանյութում