Հարկային բեռը ծանրացավ. ինչու՞ և ինչպե՞ս
15 Հունվար 2019
Ֆինանսների նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանի ռեստորանների և սրճարանների հարկման նոր համակարգի վերաբերյալ։ Հանրային սննդի բոլոր կետերը աշխատում են հարկման նոր համակարգով: 2019 թվականի հունվարի 1-ից հարկը բարձրացել է մինչև 8%, իսկ 2020 թվականից կբարձրանա մինչև 10%:
Սա համընդհանուր դժգոհության առիթ է դարձել: Մասնավորապես, կարող է հանգեցնել սպասարկման գների բարձրացման:
Թեմայի վերաբերյալ VNews.am-ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, ով ստեղծված իրավիճակում ելք և տարբերակներ տեսնում է:
«Նախկինում արտոնագրային վճարով էին հարկվում: Կառավարությունը 2018 թվականի հուլիսի 1-ից անցում կատարեց դեպի շրջանառության հարկի դաշտ: Այսինքն ըստ շրջանառության կվճարեն համպատասխան հարկերը:
Այս դեպքում ավելի խիստ մոտեցում է ՀԴՄ կանոների դեպքերի խախտման մասով: Եթե հանրային սննդի օբյեկտը ՀԴՄ կտրոն չտրամադրի, ապա ՊԵԿ-ը կտուգանի 600 հազար դրամ: Իսկ, օրինակ, եթե խանութը ՀԴՄ կտրոն չի տրամադրում, տուգանքը կազմում է 150 հազար դրամ: Սա համաչափ մոտեցում չէ հանրային սննդի համար և պետք է վերանայվի: Կառավարությունը և նոր ԱԺ-ն պետք է զբաղվեն այս հարցով»,-նշեց նա:
Նշենք, որ սրճարանատերերը և ռեստորանատերերը գրեթե մեկ ամիս է բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք սրճարանների մուտքերի վրա փակցրել են «Ո՛Չ թանկացմանը, տուրիզմի անկմանն ու հարկման նոր համակարգին» գրությամբ պաստառներ:
Մասնագետը նկատեց նաև, որ առկա է մի իրավիճակ, երբ մեծ թվով փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ դեռևս չեն տեղադրել նոր սերնդի ՀԴՄ սարքը:
«Տարիներ շարունակ ՀԴՄ-ների տեղադրման ժամկետը երկարաձգվում էր: Բացի այդ, դրանց ձեռքբերումը բավականին թանկ արժե: Դրան գումարած նաև այն, որ 2018թ.-ն փոքր և միջին բիզնեսի համար, հատկապես մանրածախ առևտրի դեպքում, արդյունավետ տարի չի եղել: Զգալիորեն նվազել է նաև շրջանառության ծավալները: Այդ ամենով հանդերձ որոշում է կայացվել, որ հունվարի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ները պետք է տեղադրվեն: Սա դարձյալ լրացուցիչ ֆինանսական բեռ է փոքր և միջին բիզնեսի համար»,- հավելեց փորձագետը:
Մասնագետը գտնում է, որ այս խնդրի վրա ևս պետք բևեռվի իշխանության ուշադրությունը: