Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ երկիրը սրընթաց գնում է դեպի կործանում
20 Դեկտեմբեր 2024
Դեկտեմբերի 19-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա խոսել է Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակների և դրանց պատճառների մասին, անդրադարձել ՀՀ իշխանության վարած ներքին և արտաքին քաղաքականության խնդրահարույց հետևանքներին, ընդգծել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների «կարգավորման» անպտուղ փորձերի արդյունքում Հայաստանի համար նոր ու առավել վտանգավոր իրավիճակների առաջացման հեռանկարը:
Ներկայացնելով վերջերս խորհրդարանի կողմից ընդունված 2025թ. պետական բյուջեի մասին փաստաթուղթը՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ իշխանություններն էլ գիտակցեցին, որ ընդդիմությանը պարտվեցին բյուջետային քննարկումներում: «Առաջին և երկրորդ բանավեճերի ընթացքում, երբ մենք ասում էինք, որ այն կանխատեսումները, որ դուք դրել եք, այն գնահատականները, որ դուք տալիս եք, իրատեսական չեն, և իրենք Ալեքսանդր Մոտրոսովի պես փորձում էին լռեցնել մեր քննադատությունը, մի քանի օր հետո հասկացան, որ սխալ են գնահատել և 10 տոկոսով կրճատեցին աճի իրենց կանխատեսումները 2025 թվականի համար»,- ասել է պատգամավորը:
2025 թվականի բյուջեն Արթուր Խաչատրյանն անվանել է պարտքով գոյատևելու բյուջե: Նրա խոսքով՝ գալիք տարում իշխանություններն ակնկալում են 2 միլիարդ դոլարով ավելացնել պետական պարտքը, ինչը նշանակում է, որ միայն այդ պարտքի տոկոսների սպասարկման վրա ավելի շատ գումար է ծախսվելու, քան առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարարություններին և բոլոր մարզպետարաններին կատարվող պետական հատկացումներն են՝ միասին վերցված:
Արթուր Խաչատրյանը հանգամանալից անդրադարձել է նաև Ադրբեջանից հնչող նորանոր պահանջներին և դրանց համատեքստում Հայաստանի հետ այսպես կոչված բանակցություններում Թուրքիայի որդեգրած դիրքորոշումներին: Հայաստանն իր ներկա տնտեսական քաղաքական կացությամբ ուղղակի պատրաստ չէ Թուրքիայի հետ որևէ իրավահավասար հարաբերությունների՝ նշել է Արթուր Խաչատրյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է հաղթահարել ամեն կողմից Հայաստանին պատուհասած դժվարությունները, որոնք նաև արտաքին միջամտությունների և ճնշումների հետևանք են, Արթուր Խաչատրյանը մասնավորապես նշել է. «Լավ բան չէ, երբ հույսը կապում են արտաքին իրավիճակների փոփոխության և դրանց արդյունքում այս իշխանությունների հեռացման հետ: Կարևոր է, որ մեր ժողովուրդը հասկանա՝ սրանք երկիրը տանում են դեպի կործանում: Եվ ոչ միայն հասկանա այդ ճշմարտությունը, այլև պատասխանատվություն զգա և պատրաստ լինի քայլ անել սրանց հեռացնելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում