Արթնանալու ժամանակն է. Վահան Հովհաննիսյան
28 Դեկտեմբեր 2024
Դեկտեմբերի 28-ը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, մտավորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրն է:
2014թ հոկտեմբերին Գերմանիայում Վահան Հովհաննիսյանը աշխարհի ամենամեծ և կարևորագույն գրքի ցուցահանդեսում` «Ֆրանկֆուրտեր Բյուխմեսսե»-ում ներկայացրել է իր «Մանդիլիոն» վեպի անգլերեն, ռուսերեն և հայերեն տարբերակները:
Ստորեւ ներկայացնում ենք Վահան Հովհաննիսյանի խոսքն ամբողջությամբ.
Սիրելի՛ ընթերցող, եթե ընդամենը 3 տարի առաջ ինչ-որ մեկն ինձ ասեր, որ ինձ վիճակված է մոտ ապագայում ծավալուն գիրք գրել, ընդ որում` գեղարվեստական ստեղծագործություն, ես ոչ մի կերպ չէի հավատա: Սակայն հանգամանքների բերումով ես զգացի, որ դա անհրաժեշտ է: Ի՞նչը դրան նպաստեց` ներքին պահանջը, անձնական բնույթի հարցերը կամ ընկերների խորհուրդները, արդեն կարևոր չէ: Գիրքը գրված է և հրատարակված, այնպես որ` արդեն միայն ինձ չի պատկանում: Այժմ ամեն ոք կարող է դատել գրքի և այն մասին, թե ինչ եմ աշխատել դրանում ամփոփել: Հնարավոր է` Դուք համաձայնեք իմ մտքերին, հնարավոր է` ժխտեք դրանք, սակայն անտարբեր չեք մնա, ես անկեղծորեն հույս եմ տածում: Փորձեմ բացատրել` ինչու: Վեց հարյուրամյակ առաջ իմ ժողովրդի պատմությունը «կանգ առավ»: Հայաստանը` որպես համաշխարհային զարգացման ինքնուրույն սուբյեկտ, դադարեց գոյություն ունենալ: Ոչ, իհարկե, հայ ժողովրդի կյանքը Հայկական բարձրավանդակում և դրանից դուրս շարունակվում էր, սակայն այլ ժողովուրդների հետ մեր ուղղակի մասնակցությունը մարդկային քաղաքակրթության զարգացմանը դադարեց:
Անշուշտ, մեր բազմաթիվ հայրենակիցների հոգիներում փոթորկվող անհագ էներգիան և հույսը (հիմա, կարծես, սկսում են սպառվել), պահանջելով ելք և իրացում` մասնավոր հաջողության պարագայում, շարունակում էին սնել հայոց կյանքը` տալով աշխարհին հիասքանչ ճարտարապետներ, արդյունաբերողներ, երաժիշտներ, նկարիչներ, գրողներ, զինվորականներ և քաղաքական գործիչներ, սակայն նրանք համալրում էին համաշխարհային քաղաքականության, տնտեսության և նույնիսկ մշակույթի գործիչների շարքերը այլ, հաճախ օտար քաղաքակրթական միջավայրի միջոցով: Որովհետև սեփականը չկար: Եվրոպական հարազատ մշակույթների զանգվածից հայ ժողովրդին կտրել էին պատմական ճակատագրի հարուցած անհաղթահարելի պատնեշները:
Այդ մասին ես ժամանակին հոդված եմ գրել, որը հրապարակվել է մեզ մոտ և Գերմանիայում: Սակայն նույնիսկ այն ժառանգությունը, որ իմ ժողովուրդը թողել էր մարդկությանը մինչ այն պահը, երբ Մութը պատեց մեր երկիրը, որը մինչ օրս չենք կարողացել ամբողջությամբ թոթափել, բավարար է քաղաքակրթություն` մեր վերադարձի կամուրջը լինելու համար: Իհարկե, ճշմարտությունն այն է, որ ներկայումս էլ, երբ թվում է, թե հայ ժողովրդին նոր հնարավորություն է ընձեռվել ազգ դառնալու և կիսամոռացված անցյալից արժանապատիվ ապագային անցնելու կամուրջները վերականգնելու, հին պատնեշները հեշտ չէ հաղթահարել: Ի դեպ, քաղաքակրթական շրջանը, որից Հայաստանը դուրս մնաց, բռնի ներառվելով օտար միջավայրում, մեզանից ոչ պակաս կորցրեց մեր բացակայության պատճառով: Լռելու, շրջանցելու, հայ ժողովրդի օրինական պատմական ժառանգությունը և տեղը քրիստոնեական արժեքների հիման վրա ձևավորված եվրոպական քաղաքակրթության տարրերի ստեղծման գործում աղավաղելու կամ մոռացության մատնելու արհեստական փորձերն աղքատացնում են ոչ միայն մեր պատմությունը, այլ նաև այսօրվա եվրոպացիների հոգևոր աշխարհը, այդ թվում` ռուսների:
Սակայն ամենակարևորը` Հայաստանը և հայերը` որպես եվրոպական քաղաքակրթության` օրգանապես անքակտելի մաս, դրա իմունիտետի կարևոր տարրն են, իմունիտետ, որն այսօր թուլացել է մինչև այդ քաղաքակրթության համար վտանգավոր սահմանը: Մինչև անդարձելիության կետը: Արթնանալու ժամանակն է: Եվ ես գրեցի «Մանդիլիոն»-ը: Կօգնի՞ այն արթնանալուն, թե` ոչ, թողնում եմ Ձեր դատին: