Մհեր Սահակյանը մշտապես եղել է առաջնագծում, մշտապես տարել սկզբունքային պայքար
15 Հունվար 2025
Հայրենապաշտության, հայրենանվիրման, արժանապատվության և որ ամենակարևորն է՝ հայ ընտանիքի այն դրական լուսավոր կերպարը, որը չորս զավակ է պարգևել մեր ազգին, և ցավալի է, որ նա չի տեսնելու իր զավակների մեծանալը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ ավտովթարից մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին:
«Որպես քաղաքական թիմի անդամ Մհեր Սահակյանը մշտապես եղել է առաջնագծում, մշտապես կարողացել է թե՛ գաղափարական, և թե նաև իրական քաղաքական պայքարում տանել սկզբունքային պայքարը։ Որպես հայի կերպար, հայ տղամարդու կերպար, նա մշտապես հասանելի է եղել մեր հայրենակիցներին։
Այս օրերին, երբ այս ողբերգության լուրը տարածվել էր, հարյուրավոր, հազարավոր զանգեր, այդ թվում նաև ինձ համար, մեր ընկերների համար, անծանոթ մարդիկ զանգում են և մեր հետ սգալով հիշատակում են Մեհերի արած գործերը։
Ասենք, մարդը զանգում է, ասում է՝ ամենանեղ վիճակում, քրեակատարողական հիմնարկում, Մհերն այցելել է ինձ, գոտեպնդել է և ես կարողացել եմ այդ գոտեպնդման շնորհիվ ավելի հեշտ տանել այդ դժվարությունները։ Կամ զանգում է քաղաքացի, ասում է՝ Մհեր Սահակյանը պատահաբար հանդիպեց ինձ փողոցում, ես ունեի նյութական խնդիր, նա անմիջապես կարգավորեց։ Մեկը զանգել է, ասում է՝ հույսս կտրած, գիշերվա չգիտեմ որ ժամին մեքենա չկա, պետք է կնոջս հասցնեմ հիվանդանոց, շտապ օգնություն չեմ կարողանում միանալ, պատահաբար Մհերը կանգնում է և առաջարկում է իր օգնությունը և դրա շնորհիվ փրկվում է իր կնոջ կյանքը: Ու այսպես բազմաթիվ բաներ եմ պատմում, որ ուղղակի ապշում ես, որ այդ մարդը քո կողքին եղել է, ու շատերը չեն նկատել»,-ասաց նա:
Արծվիկ Մինասյանի խոսքով, իր առաքինություններից մեկն էլ այն էր, որ երբեք չէր բարձրաձայնում իր արածների մասին. « Հիմա արդեն, երբ չորս կողմից ամեն մեկը իր հերթին ներկայացնում է, արդեն պարզ է դառնում։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ՝ սա բոլորիս կորուստն է: Մեզ մնում է որպեսզի Մհերի վառ հիշատակը պահելով հանդերձ նրա օրինակելի վարքագիծը իբրև արժանապատիվ հայ մարդու, կարողանանք նաև տարածել, ներկայացնել և ապագա սերունդը նաև ապրի մի քիչ մհերավարի, մհերավայել»:
Նշենք, որ երկու օր առաջ ավտովթարի հետևանքով մահացել է պատգամավոր Մհեր Սահակյանը: Նա եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունվարի 15֊ին՝ ժամը 17։30֊ից, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում։
Հուղարկավորությունը՝ հունվարի 16֊ին` ժամը 13։00֊ին, նույն վայրից։
Ի հիշատակ Մհեր Սահակյանի՝ հունվարի 15-ին՝ ժամը 11։00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց բացվել է սգո հուշամատյան: