Շնորհակալ եմ Դաշնակցությանը, որ 130 տարի համառորեն ազգային մեր դրոշը փորձել է բարձր պահել
16 Հունվար 2019
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովին իր օրհնանքի խոսքը փոխանցեց Հայ Առաքելական եկեղեցու` Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
«Մեծարգո Ազգային Ժողովի նախագահ,
Սիրելի պետական այրեր, պատգամավորներ,
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի ներկայացուցիչներ,
Թույլ տվեք ողջունել բոլորիդ, շնորհավորել Ամանորյա և սուրբծննդյան տոների առիթով, և այս օրհնության լույսի ներքո Ձեզ մաղթել բարեհաջող ընթացք:
Սրտանց ողջունում եմ Ձեզ Արցախ աշխարհում, և ողջունում եմ Ձեր որոշումը` Ընդհանուր Ժողովն Արցախում անցկացնելու: Ավետարանը մի լավ խոսք է ասում այս առումով` «Ով ականջ ունի, թող լսի»: Սրա մեջ մեծ խորհուրդ կա…
Որոշ զուգահեռներ անցկացնեմ. ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովն է: Մեր Ազգային Ժողովի անդամների թիվն էլ է 33, Քրիստոս 33 տարի ապրեց, երեկ չէ, առաջի օրն էլ Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան օրն էր, ով 33 տարեկանում նահատակվեց: Ահա Ձեզ 33 թվի հետ կապված զուգահեռներ: Սա էլ, երևի, պատահական չէ, և սա լավ նշան է:
Շնորհակալ եմ Դաշնակցությանը, որ 130 տարի մեր ազգային գործը միշտ առաջ է տարել, նահատակնել է տվել, կորուստներ է տվել, բայց համառորեն ազգային մեր դրոշը փորձել է բարձր պահել: Շատ շնորհակալ եմ, որ Սփյուռքի ծանր պայմաններում կարողացել եք հայապահպանման գործը բարձր մակարդակի վրա պահել: Հայոց դպրոցը, հայոց հավատքը, հայոց ազգային նիստ ու կացը, Հայ Դատի հարցերը միշտ ջանացել եք առաջ ու առաջ տանել: Ունեք ձեր յուրահատուկ մասնակցությունը Հայրենիքի պաշտպանության և պետականաշինության գործում, քաղաքական ասպարեզում, նաև ներդրումների ոլորտում:
130 տարի է` ինչ դուք գործում եք, և այսօր դուք Արցախում եք: 30 տարի է, ինչ հայոց ճակատագիրը վճռվում է այս հողի վրա և բոլորս պատասխանատվություն ունենք այս ճակատագրի համար: Ամեն օր լրջանալու պահն է մեզ համար: Եվ այսօր էլ մենք ձեզ հետ միասին ունենք մեծագույն մարտահրավերներ: Բոլորս էլ օիտի իրատես լինենք: Եվ այն որոշումները, որ դուք կայացնեք, վստահ եմ` իրենց մեծ ազդեցությունը պիտի ունենան կյանքից ներս:
Այս առումով ես ձեզ` սիրելիներս, մաղթում եմ ամենայն հաջողություն: Թող բարի պտուղներով ավարտվի 8-օրյա ձեր համագումարը:
Մի զուգադիպություն ևս: Մենք երբեք մեր հումորը չպիտի մոռանանք, որը մեզ պատերազմի ժամանակ միշտ օգնել է `թեթևացնելու լարված պահերը: 30 տարի է, ինչ Դաշնակցությունը վերադարձել է Արցախ: Այս տարի էլ 30 տարի է, ինչ Արցախի պատմական թեմը նորից վերադարձավ Արցախ: Սա էլ հինգերորդ զուգադիպությունը, որի մեջ ես նորից լավ նշաններ եմ տեսնում:
Ես հայցում եմ Աստծու օգնականությունը Ձեզ` սիրելի ընտրյալներ: Լավ աշխատեք, լավագույն որոշոմները անցկացրեք կյանքի, ջանք չթափեք, եռանդ չթափեք, որովհետև նա է հասնում իր նպատակին, ով քրտնաջան աշխատում է առավոտ և ցերեկ: Ով դա անում է, նա բարի պտուղներ, միևնույն է, քաղում է: Քրտինքն է, որ պտուղ է տալիս:
Ես ուրախ եմ դահլիճում տեսնելու բազում հին բարեկամ, հարազատ դեմքեր, որոնց 30 կամ ավել տարիներ ճանաչում եմ: Կրկին ողջունում եմ և ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեզ և դրանով էլ մեզ` բոլորիս:
Շնորհակալություն»: