Փաշինյանն անձամբ է աշխատել Արցախի լուծարման թղթի վրա
21 Հունվար 2025
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ոչ ոք չի ստիպել հրաժարական տալ, նա իմացել է, որ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել է Իլհամ Ալիևի ու Էրդողանի հետ Արցախի հարցում ու Ադրբեջանի հարձակումից տաս օր առաջ հրաժարական է տվել։ Այս մասին 24TV-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ կար 2020-ի դեկտեմբերին, քանի որ նա չէր կարող պարտությունից հետո այլևս ղեկավարել, սակայն Նիկոլ Փաշինյանը իմպերատիվ արգելել է նրան՝ խոստանալով դրանից հետո կտրել Արցախի ֆինանսավորումն ու ինքը սկսել «բլոկադա»։ Բացի այդ, ըստ Սաղաթելյանի, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտնի հրամանագիրը մինչև հրապարակումը խմբագրվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։
Խոսելով անցած շաբաթ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի Հայաստանի իշխանություններին Իրանի օգնության նոր առաջարկի մասին՝ Իշխան Սաղթելյանը նշել է, որ այն կրկին մերժվել է այս իշխանությունների կողմից։
Ըստ Սաղաթելյանի, այս տեղեկատվությունը ստացվել է ներքին խողովակներով, նա նաև հռետորական հարց է բարձրացնում՝ ուղղված իշխանությանը՝ կարո՞ղ եք, հերքեք։
Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է նաեւ ընդդիմության անելիքներին. «Դաշնակցության համար թիրախը այս իշանությունն է, օրակարգը՝ սրանց հեռացնելը, երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելը»:
Ստորև ներկայացնում ենք Իշխան Սաղաթելյանի դիտարկումներից մեջբերումներ
-Արայիկ Հարությունյանին որևէ մեկը չի պարտադրել հրաժարական տալ: Նա, տեղեկանալով առ այն, թե ինչ է պայմանավորվել Փաշինյան-Ալիև-Էրդողան եռյակը, և ինչ է սպասվում Արցախին, աղետից մեկ շաբաթ առաջ լքել է պաշտոնը և հեռացել: Արայիկ Հարությունյանն ինքնակամ հեռանալուց առաջ նաև այդ մասին շատ պարզ ասել է՝ իմ մնալն այլևս անիմաստ է, քանի որ այլևս ոչ մի լուծում չեմ տեսնում: Այս մասին լավ գիտի թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք չեն խոսում այդ մասին:
-Զավեշտ է, որ ասում են՝ Դաշնակցությունը Արցախում հեղաշրջում իրականացրեց և հանձնեց երկիրը: ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին ԱԺ նախագահի պաշտոն տալու առաջարկն արել է հենց Արայիկ Հարությունյանը՝ աղետից մի քանի շաբաթ առաջ: Արայիկ Հարությունյանը շատ երկար խնդրել է, հետո այդ խնդրանքին միացել են Արցախի այլ բարձրաստիճան գործիչներ: Արցախի 33 պատգամավորի շարքում ՀՅ Դաշնակցությունն ունի 3 պատգամավոր, և ամենամեծ ցանկության դեպքում չէր կարող հեղաշրջում անել և Դավիթ Իշխանյանին ընտրել ԱԺ նախագահ: Ավելին, այդ օրերին Արայիկ Հարությունյանին բազմիցս հորդորվել է չտալ հրաժարական, քանի որ դա կարող էր ունենալ անդառնալի հետևանքներ:
-Արայիկ Հարությունյանի հեռանալուց հետո ստեղծված անիշխանության պայմաններում կարգավիճակ չունեցող որոշ անձինք, ինչպիսիք են Սամվել Բաբայանն ու ուրիշներ, օգտվելով ստեղծված ծանր իրավիճակից, հայտնվել էին ասպարեզում, վարում էին սեպարատ բանակցություններ թշնամու հետ:
-ՀՅ Դաշնակցությունը լավագույնս գիտակցելով բոլոր ռիսկերը և վտանգները, հասկանալով, որ այս ամենը կարող է և լինել ծուղակ, այնուամենայնիվ, ստանձնել է ԱԺ նախագահի պաշտոնը՝ աղետի նախօրեին Արցախին օգտակար լինելու առաքելությունն ավելի բարձր դասելով քաղաքական դիվիդենտներից:
-Արցախի նախագահի ընտրություններից առաջ Ադրբեջանն ուժեղացրել է սպառնալիքները, տեղի է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի նիստ, ստեղծված իրավիճակի մասին պարբերաբար զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին, ով ամեն ինչից տեղյակ է եղել: Ստեղծված իրավիճակում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ, եթե Ադրբեջանը որոշել է հարձակվել, այսպես թե այնպես հարձակվելու է, և որոշվել է ընտրել նախագահ՝ պետության կյանքը կազմակերպելու և, ամենակարևորը, դիմադրություն ցույց տալու համար: Արդյունքում՝ ստեղծված անիշխանությունը վերացնելու և Արցախին սպառնացող վտանգները կանխելու համար Արցախի ԱԺ-ն անկուսակցական Սամվել Շահրամանյանին ընտրել է նախագահ: Վերջինս, գիտակցելով պահի լրջությունը, մտել է այդ պատասխանատվության տակ:
-Աղետի օրերին Ադրբեջանը պահանջել է, որ Արցախի Հանրապետության լուծարման մասին փաստաթուղթն ընդունի Արցախի Ազգային ժողովը, որը չի ընդունվել Արցախի ղեկավարության կողմից:
-Նիկոլ Փաշինյանն աղետի օրերին Էրդողանի և Ալիևի հետ պայմանավորվածության համաձայն հայտարարել էր, որ ինքը որևէ կերպ չի խառնվելու Արցախում տեղի ունեցող ցեղասպանությանը և միայն զբաղված էր Գորիսում գաղթականներին վերահսկելով, որ վերջիններս իր դեմ դուրս չգան:
-Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեղյակ է եղել Արցախի պետության լուծարման փաստաթղթի գոյության մասին, այլև աշխատել է դրա վրա՝ ներկայացնելով առաջարկներ: Ավելին, փաստաթուղթը մի քանի անգամ ուղարկվել է Երևան և հետ է ուղարկվել Ստեփանակերտ, և այս մասին գիտի թե՛ Արցախի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը, թե՛ առանձին տարբեր պաշտոնյաներ, որոնք, ցավոք, չեն խոսում այդ մասին:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։