Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորել իրենց ջանքերն այս օրակարգի շուրջ
21 Հունվար 2025
Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների խորապատկերի վրա Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային սպառնալիքները օրեցօր դառնում են առավել անմիջական և խիստ վտանգավոր։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Ադրբեջանի ղեկավարության հայատյաց ռազմաշունչ և ծավալապաշտական հայտարարություններն ու քայլերը ավելի ու ավելի սանձարձակ բովանդակություն են ստանում և վերածվում վերջնագրերի։ Հայաստանի իշխանություններն իրենց հերթին ահաբեկելով սեփական ժողովրդին վերահաս պատերազմի հնարավորությամբ և այդ պատերազմում անխուսափելի պարտությամբ, լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի անվերջանալի պահանջները հիմնավորելու և բավարարելու ազգակործան գործին։
Հայ ժողովրդի և նրա ազգային ուժերի պատմական առաքելությունն է ազատվել «կապիտուլյացիա, թե պատերազմ» այս կործանարար երկընտրանքից և հաստատել իրական, անշրջելի և արդար խաղաղություն։
Հետագա անդառնալի կորուստներից խուսափելու և Հայաստանի դիմագրավված գոյութնական մարտահրավերները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է բեկում մտցնել ստեղծված իրավիճակի մեջ, ձևավորելով նոր որակի իշխանություն և հաստատելով երկրի զարգացման ազգային պետական ուղեգիծ:
Հրատապ անհրաժեշտություն է ամրապնդել և արմատապես փոխել կառավարության քաղաքականությունը հետևյալ երեք առաջնահերթ ուղղություններով.
Հայկական ինքնության և հայոց պետականության պահպանման օրակարգի շուրջ համահայկական ազատորդաշարժի իրականացում.
Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողականությանը նպաստելը, Արցախի ժողովրդի էթնիկ զտումները և հայրենազրկումը անհետևանք թողնելը գոյութենական սպառնալիք է հայկական ինքնությանը, Հայաստանի ինքնիշխանությանը և վավերացնում է ուժի դիրքերից հարցեր լուծելու նախադեպը։
Պաշտպանության գործում համաժողովրդական մասնակցություն ապահովելու տրամաբանությամբ համահայկական առաջնահերթ օրակարգ դարձնել բանակի և պաշտպանության անվտանգության համակարգերի հրատապ վերակառուցումը առկա մարտահրավերների հաշվառմամբ։
Որդեգրել անվտանգային նոր ճարտարապետության ձևավորմանը և դիվանագիտական դիրքերի վերականգնմանը միտված որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականություն, ինչը ենթադրում է ռազմավարական հարաբերությունների հաստատում ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող երկրների ու դաշինքների հետ, որոնց անմիջական շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը։
Այս մոտեցումը ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք, զարգացնել տարածաշրջանից դուրս այլ ուժային կենտրոնների և Արևմուտքի հետ փոխլրացնող հարաբերություններ։
Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորել իրենց ջանքերն այս օրակարգի շուրջ։ Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, որոնք կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»: