Փաշինյանը պատվեր է կատարում՝ Ցեղասպանության պատասխանատվությունը մեր ժողովրդի վրա դնելով
27 Հունվար 2025
Եթե Նիկոլ Փաշինյանը չգիտի թե ինչու է կամ ինչպես է տեղի ունեցել Հայոց Ցեղասպանությունը, ապա պետք է պարզապես կարդա, այստեղ որևէ հարց չկա ապացուցելու, Հայոց Ցեղասպանությունը իրողություն է ու դա ապացուցող բազմաթիվ փաստեր կան։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանայանն՝ անդրադառնալով շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, թե պետք է վերադառնանք Հայոց Ցեղասպանությանը, հասկանանք, ինչ է տեղի ունեցել, ինչպես է տեղի ունեցել ու ում միջացով ենք դա ընկալել։
Պատմաբանն ընդգծեց, որ այս իրողությունն ապացուցող փաստերից մեկն էլ հենց թուրքական դատարանի 1915 թ-ին Հայոց Ցեղապանության կազմակերպիչների և իրագործողների նկատմամբ հեռակա կարգով կայացրած դատավճիռն էր։ «Սրանք փաստեր են, որոնց պարտավոր էր տիրապետել ցեղապանություն վերապրած ժողովրդի պետությունը ներկայացնող ղեկավարը, քաղաքական գործիչը։
Իսկ եթե նա այլ նպատակ է հետապնդում ու արհեստականորեն օրակարգ է ուզում բերել ինչ-ինչ հարցեր, ապա սա արդեն շատ ավելի վտանգավոր է։ Ինձ համար զարմանալի է, որ նա նման միտք արտահայտել է ցեղասպանությունը վերապրած մարդկանց ժառանգների մոտ ու նրանք դրան չեն արձագանել»,-ասաց նա։
Հարցին, թե ինչ խնդիր է լուծում Փաշինյանը՝ փորձելով զոհի վրա պատասխանատվություն դնել՝ նա պատասխանեց, որ ոչ այնքան Փաշինյանն է փորձում խնդիր լուծել, որքան նրա պատվիրատուները։ «Փաշինյանը պարվեր է կատարում՝ Ցեղասպանության պատասխանատվությունը մեր ժողովրդի վրա դնելով, թե իբր՝ ցեղասպան թուրքը մեղավոր չի, այլ ցեղասպանված հայն է մեղավոր, որ իրեն ցեղասպանել են։
Ինչ մնում է նրան, թե ինչու է և ով որոշեց Հայոց Ցեղասպանության հարցն օրակարգ բերել, այստեղ էլ կարծում եմ, որոշակի տգիտության հարց կա, քանի որ հայկական սփյուռքում հարցը միշտ էլ օրակարգում է եղել։ «Ինչ մնում է Խորհրդային Միության տարածքում հարցի բարձրացմանը, ապա Խորհրդային Հայաստանում այն պարզ պատճառով տարիներ ի վեր չէր արծարծվում այդ հարցը, քանի որ Խորհրդային Հայաստանում բռնաճնշումների տարիներին այդ հարցը հնարավոր չէր բարձրաձայնել ու բացահայտ խոսելը, իսկ հետո խոսել են, որովհետև որոշակի մեղմացում է եղել «խրուշչովյան ձնհալը» նկատի ունեմ։ Մեր ժողովուրդն այդ առիթն օգտագործել է նախևառաջ ցեղասպանության հարցը բարձրացնելու համար։ Ընդ որում, Ցեղասպանության ու Արևմտյան Հայաստանի հողերի հարցը բարձրացվել է նաև մեր խորհրդային իշխանությունների կողմից 1948 թ-ին՝ պատերազմի ավարտից հետո։ Եթե հարցն այն է, որ ռուսներն են իրենց շահերից ելնելով հարցն օրակարգ բերել, ապա հետո ի՞նչ, դուք էլ այդ հարցն օգտագործեք ձեր շահերից ելնելով»։
Դիտարկմանը, թե Փաշինյանը վստահ է, որ այդ հարցերը բարձրացնելով, Արարատի մասին խոսելով մենք մեզ հարվածի տակ ենք դնում, թիրախ ենք դառնում, ավելին, ոչ ոք մեզ զենք չի տա այդ դեպքում՝ պատմաբանը հակադարձեց, «Բա մինչև հիմա ոնց էին տալիս։ Այդպես չէ, որ երբ դուք հրաժարվում եք պահանջատիրությունից՝ քեզ չեն ցեղասպանում, ասորիների, օրինակը դրա վկայությունն է։ Ասորիներն ի՞նչ էին պահանջում, որ նրանց թուրքերը ցեղասպանեցին, ոչինչ։ Հետևապես այս պնդումը ևս սխալ է ու որևէ քննադատության չի դիմանում։ Փաշինյանը պարզապես զբաղված է թուրքական օրակարգ սպասարկելով։ Որևէ այլ դիսկուրս այստեղ չկա»։