ՀՅԴ ԳՄ և ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները Բանակի օրվա առթիվ այցելել են Եռաբլուր
28 Հունվար 2025
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա առթիվ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ և ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ զետեղել հերոսների շիրիմներին:
«Մեր բանակը փառավոր ճանապարհ է անցել, այն ձևավորվել է հայ ժողովրդի համար շատ բարդ, օրհասական, դժվարագույն պահին, երբ մենք կերտում էինք Հայաստանի անկախությունը և Արցախի ինքնորոշումը շրջափակման, մեզ պարտադրված պատերազմի, երկրաշարժի պայմաններում, բայց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ մենք կարողացանք կերտել այդ բանակը, ունենալ հաղթանակներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա ընդգծեց, որ Հայոց բանակը տարիներ ի վեր պատվով կատարել է իր առջև դրված խնիրը։
«Այսօր էլ Հայաստանի տարբեր սահմանային հատվածներում բանակը պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը»,- ասաց նա։
Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ եթե ժողովուրդը ոտքի կանգնի, կվերականգնվի բանակի երբեմնի փառքը, բանակը դեռ իր հուժկու հարվածը կտա մեր հայրենիքի պաշտպանության համար։
«Այսօր հասել ենք այնտեղ, որ Լեմկինի անվան Ցեղասպանության ինստիտուտն է ասում, որ ՀՀ իշխանությունները մերժողական, ժխտողական քաղաքականություն են վարում Ցեղասպանության վերաբերյալ»,- Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Սա աբսուրդ է, մենք ստիպված ենք մեր երկրում պայքարել մեր ինքնությունը, հայկականությունը պահելու համար։ Ոչ թե պայքարել թուրքերի կամ ադրբեջանցիների դեմ, այլ պայքարել մեր երկրում հայ մնալու համար», – ասաց նա:
https://youtu.be/N96DAgm9mCc